Սպանդար Սպանդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպանդար Սպանդարյան
Ծնվել է1849
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1922
Մահվան վայրՎիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր և հրատարակիչ
ԵրեխաներՍուրեն Սպանդարյան

Սպանդար Ամիրջանի Սպանդարյան (1849, Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն - 1922, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի ազատ պետություն, Վայմարյան Հանրապետություն), հայ հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր-հրատարակիչ։

Սուրեն Սպանդարյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանդար Սպանդարյանը ծնվել է 1849 թվականին, Շուշիում։ Սովորել է տեղի Խալիպյան միջնակարգ դպրոցում, որի վերջին դասարանից վտարվել է կրոնի ուսուցիչ Խ․ Գալֆայանի հետ ընդհարվելու պատճառով։ Այնունհետև սովորել է Լայպցիգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում և դոկտորի աստիճան ստանալուց հետո վերադարձել Թիֆլիս։ 1870-ական թվականներին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակ» («Դոկտոր Սպանդարյան» և «Յունիուս» ծածկանուններով), «Մեղու Հայաստանի» պարբերականներին, որի շնորհիվ թերթը ձեռք է բերել ուրույն դիմագիծ հայ հասարակական կյանքում և վերածվել ծանրակշիռ օրաթերթի։ 1882 թվականին հիմնել է «Նոր դար» թերթը, եղել նրա խմբագիրը[1]։ 1903 թվականի վերջին հայ եկեղեցապատական կալվածքների և դպրոցական գույքի բռնագրավման կապակցությամբ Սպանդարյանը Թիֆլիսսում հրապարակային ելույթով հանդես է եկել ցարական կառավարության ազգային քաղաքականուքյան դեմ, այդ պատճառով ձերբակալվել և վտարվել է Կովկասից։

1910 թվականին Սպանդարյանը մեկնել է Փարիզ։ 1912 թվականի ապրիլի 12-ին, Սուրեն Սպանդարյանի ձերբակալությունից հետո, Վլադիմիր Լենինը և Նադեժդա Կրուպսկայան Փարիզում այցելել են Սպանդարյանին և դրամական աջակցություն ցուցաբերել։ Այնուհետև Լենինը նամակով խնդրել է Սպանդարյանների ընտանիքի բարեկամ Ո․ Տեր-Հովհաննիսյանին (Մուրացանի կնոջը) հոգ տանել Սպանդարյանի և Ս․ Սպանդարյանի մասին։ Ծանր հիվանդությունը Սպանդարյանին խանգարել է վերադառնալ հայրենիք։

Որպես ազգային-պահպանողական հոսանքի տեսաբան՝ Սպանդարյանը հայ ժողովրդի փրկության և հուսալի ապագայի երաշխիքների թվում կարևոր տեղ է հատկացրել եկեղեցուն և կրոնին, ազգային եկեղեցին համարել «նեցուկ հայ ազգի գոյությանը»։ Այս առումով էլ բանավիճել է «Մշակ»-ի իշխանությունից անջատելու, ազգության ներսում դավանաբանական տարբերությունները հանդուրժելու Գրիգոր Արծրունու տեսակետերը։

Հրապարակախոսական գործունեության ընթացքում Սպանդարյանը հետևողականորեն անդրադարձել է հայ հասարակական կյանքի առաջընթացի այնպիսի խնդիրների, ինչպիսիք են երկսեռ կրթությունը, կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, տպագրական գործի զարգացումը, մամուլի հեղինակության բարձրացումը։ Նա մեծապես նպաստել է հայ նոր և թարգմանական գրականության զարգացմանը։ Հասարակության առաջընթացի զորեզ միջոցներից է համարել թատրոնը, կոչ արել հայ գործիչներին օգնել թատերական գործի բարելավմանը։

Սպանդարյանն անդրադարձել է նաև չքավորության խնդրին, մասնավորապես բանվորության տնտ․ ծանր կացությանը, սակայն աշխարհայացքի սահմանափակության պատճառով հասարակության սոցիալ․ զարգացման ուղիներում ունեցել է սխալ կողմնորոշում։ Խրախուսելով կովկասյան ժողովուրդների բարեկամությունը՝ նա քննադատության է ենթարկել ցարական մամուլը՝ երկրամասում բնակվող ազգերի հարաբերություններում գժտության սերմանալու համար։ Սպանդարյանի հրապարակախոսության մեջ որոշակի տեղ են գրավել ազգային-ազատագր․ պայքարի հարցերը։ Արևմտահայության խոստումների կեղծությունը, հանգել է այն եզրակացության, որ ազատագրության իրավունք չեն ստանում, այլ ձեռք են բերում։ Այս առումով հատկանշական է Սպանդարյանի գնահատականը Գարիբալդիին, որպես ազատագրական պայքարի ղեկավարի[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՆՈՐ ԴԱՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  2. «AV Production - Սպանդար Սպանդարյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.
  3. «Սպանդարյան Սպանդար | armeniansgenocide.am». www.armeniansgenocide.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 50
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։