Սանդրա Դեյ Օ’Քոննոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Դեյ Օ’Քոննոր
 
Կրթություն՝ Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոց, Սթենֆորդի համալսարան (1950), Սթենֆորդի համալսարան և Austin High School?
Գիտական աստիճան՝ Բակալավր
Մասնագիտություն՝ դատավոր, փաստաբան, քաղաքական գործիչ և իրավաբան
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր մարտի 26, 1930(1930-03-26)[1][2][3][…]
Ծննդավայր Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[4]
Վախճանի օր դեկտեմբերի 1, 2023(2023-12-01)[5][4] (93 տարեկան)
Վախճանի վայր Ֆինիքս, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ամուսին John Jay O'Connor?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Սանդրա Դեյ Օ’Քոննոր (անգլ.՝ Sandra Day O'Connor, մարտի 26, 1930(1930-03-26)[1][2][3][…], Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 1, 2023(2023-12-01)[5][4], Ֆինիքս, ԱՄՆ[5]), ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ, առաջին կինը, որը նշանակվել է այս պաշտոնում[10][11][12]։

Մինչ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելը, որպես դատավոր աշխատել է ընտրական պետական պաշտոններում։ Դարձել է Արիզոնայի Սենատի հանրապետական մեծամասնության առաջին կին առաջնորդը[13]։ Որպես Գերագույն դատարանի անդամ՝ իր գործունեության ընթացքում հանդես է եկել դատարանի անկախության օգտին, այդ թվում՝ նախագահի իշխանությունից. նրան է պատկանում «Սահմանադրությունը նախագահին քարտ-բլանշ չի տալիս» արտահայտությունը[14]։

Նրա ձայնը վճռական է եղել աբորտների օրինականացման գործում[15]։ Դատավորության ողջ ընթացքում, կարևոր գործերի մեծ մասում, Սանդրա Օ’Քոննորի ձայնը վճռորոշ է դարձել, ինչի համար նրան անվանում էին «ամերիկյան արդարադատության Թեմիսի մարմնացում»[16]։

Ըստ «Ֆորբս» ամսագրի` 2004 թվականից եղել է աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը[17]։ 2006 թվականին Սանդրա Օ’Քոննորը իր անձնական դիմումի համաձայն զրկվել է Գերագույն դատարանի դատավորի լիազորություններից, որի պատճառը եղել է ամուսնու ծանր հիվանդությունը։ Նրա տեղը դատարանում զբաղեցրել է Սեմուել Ալիտոն։

2005-2012 թվականներին ղեկավարել է Ամերիկայի առաջատար պետական իրավաբանական բուհերից մեկը՝ Վիլհելմի և Մարիի (Վիրջինիա, ԱՄՆ) քոլեջը։ Ներկայումս Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիա) Ազգային Սահմանադրական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամն է։ Պարգևատրվել է Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքացիական մրցանակով՝ Ազատության նախագահական մեդալով[18][19]։

Դեյվիդ Սաուտերի հետ միասին Գերագույն դատարանի երկու պաշտոնաթող անդամներից մեկն էր։ Ընդգրկված էր Իրաքի գծով հետազոտական խմբում։

Ինչպես պաշտոնաթող բոլոր դաշնային դատավորները, Սանդրա Դեյ Օ’Քոննորը ևս ցմահ աշխատավարձ է ստացել, որը հավասար էր դատարանի գործող անդամների աշխատավարձին։ Գերագույն դատարանի դատավորների համար ներկայումս այն կազմում է տարեկան առնվազն 214 000 դոլար։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրան ծնվել է 1930 թվականի մարտի 26-ին Տեխասի Էլ Պասո քաղաքում՝ Հարի Ալֆրեդ Դեյի և Ադա Մա Ուիլկիի ընտանիքում[20]։ Իր և եղբոր՝ Գ. Ալանի մանկության մասին նրանք հետագայում գրել են «Ծույլ Բի։ Մանկություն, որն անցել է ամերիկյան արևմուտքի ագարակում» (Lazy B: Growing up on a Cattle Ranch in the American West): Էլ Պասոյում սովորելու տարիներին մնացել է մորական տատիկի մոտ, որտեղ սովորել է պետական դպրոցներում, իսկ այնուհետև Ռեդֆորդում՝ աղջիկների մասնավոր դպրոցում։ Էլ Պասոյում 1946 թվականին ավարտել է Օսթինի միջնակարգ դպրոցը (Austin High School): Դպրոցն ավարտելուց հետո Սանդրան ընդունվել է երկրի ամենահեղինակավոր համալսարաններից մեկը՝ Սթենֆորդի համալսարանը[21]։ 1950 թվականին տնտեսագիտության բակալավրի աստիճան ստանալով՝ ուսումը շարունակել է համալսարանի իրավաբանական դպրոցում։ Ուսման ընթացքում Սանդրան աշխատել է «Stanford Law Review» ուսանողական իրավաբանական ամսագրում։  Սթենֆորդի համալսարանի իրավաբանական դպրոցում Սանդրան ծանոթացել է Ջոն Ջեյ Օ'Քոննոր III-ի հետ, որի հետ ամուսնացել է 1952 թվականի դեկտեմբերի 20-ին համալսարանն ավարտելուց մի քանի ամիս անց։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Սթենֆորդի համալսարանում ստացած կրթությանն ու ուսման հաջողություններին՝ համալսարանն ավարտելուց հետո Սանդրայի համար աշխատանք գտնելու առաջին փորձերը անհաջող են եղել, իրավաբանական և փաստաբանական գրասենյակները խուսափել են նրան հարցազրույցի հրավիրել այն պատճառով, որ նա կին էր, որոնց աշխատանքի ոլորտն իրավագիտությունում այդ ժամանակ շատ սահմանափակ էր[22]։ Դրանից հետո Սանդրան ստիպված է եղել հասարակական հիմունքներով աշխատել Կալիֆոռնիայի Սան Մատեո շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում։

Շուտով Սանդրայի ամուսնուն զորակոչել են զինվորական ծառայության և ուղարկել Գերմանիա։ Սանդրան նրա հետ մեկնել է Գերմանիա, որտեղ երեք տարի աշխատել է որպես Ֆրանկֆուրտի զորամասի քաղաքացիական դատախազ։ 1957 թվականին ընտանիքը վերադարձել է Միացյալ Նահանգներ, բայց 5 տարի անց՝ 1960 թվականին, երեք որդիների (Սքոթ, Բրայն և Ջեյ) ծնվելուց հետո Սանդրան վերսկսել է իր գործունեությունը դատախազությունում։ 1969 թվականին ընտրվել է Արիզոնա նահանգի Սենատ, իսկ 1973 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով՝ արդեն լինելով հանրապետական մեծամասնության առաջնորդ։

1975 թվականին Սանդրա Օ'Քոննորն ընտրվել է Մարիկոպ շրջանի Գերագույն դատարանի դատավոր, իսկ 1979 թվականին՝ Արիզոնա նահանգի վերաքննիչ դատարանի դատավոր[23]։

Գործունեությունը որպես Գերագույն դատարանի դատավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր և նոր ֆեդերալիզմի քաղաքական և իրավաբանական շարժման կողմնակից (վերջինիս հիմնական գաղափարն է նահանգներին վերադարձնել որոշ լիազորություններ, որոնք այժմ իրականացնում է կենտրոնական կառավարությունը)` Սանդրա Օ’Քոննորը գործերը քննելիս ուշադրություն է դարձրել յուրաքանչյուր մանրուքի` խուսափելով իրավունքի և ընդհանրացումների նորմերի տարածուն մեկնաբանումներից։

1981 թվականի հուլիսի 7-ին Ռոնալդ Ռեյգանը, որը խոստացել էր դեռևս իր նախագահական նախընտրական քարոզարշավի ժամանակ, որ ԱՄՆ Գերագույն դատարանի անդամ կնշանակի կնոջ, հայտնի դատավոր Փոթեր Ստյուարտի պաշտոնանկությունից հետո հայտարարել է Սանդրա Դեյ Օ’Քոննորին ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակելու մասին[23]։

Սանդրա(չաշխատող հղում) Դեյ Օ’Քոննորը Ռիչարդ Ռեյգանի հետ ԱՄՆ Գերագույն դատարանի դատավոր նշանակվելուց հետո. 1981 թվական

Ես վստահ եմ, որ նախագահը միշտ փորձում է նշանակել դաշնային դատավորի պաշտոնում նրանց, ում հայացքները համընկնում են իր տեսակետների հետ։ Բայց նախագահը պաշտոնավարում է չորս տարի, իսկ դատավորը` ողջ կյանքում[24]։

Սանդրա Օ’Քոննորի պաշտոնը ստանձնելու ժամանակ Գերագույն դատարանը արդեն մի քանի տարի էր, ինչ բաժանված էր երկու հակառակ ճամբարների՝ պահպանողականների (որի ղեկավարը դատարանի նախագահ Ուիլյամ Ռենկվիստն էր) և լիբերալիստների (որի ղեկավարը դատավոր Ջոն Սթիվենսոնն էր)։ Իր՝ որպես դատավոր, գործունեության առաջին տարիներում Սանդրան ապացուցել է, որ պատկանում է պահպանողականների շարքերին և աջակցել է Ռոնալդ Ռեյգանին ու Գերագույն դատարանի դատավոր Ուիլյամ Ռենկվիստին (որի հետ ավարտել է Ստենֆորդի համալսարանը)․ խստորեն քննադատել է Գերագույն դատարանի վճիռը, որն ամրագրել է աբորտների սահմանադրական իրավունքը, թերհավատորեն է վերաբերվել անապահով փոքրամասնություններին հասարակական աշխատանքների վարձման ժամանակ կառավարական աջակցման ծրագրին[25]։ Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, իր գործունեության առաջին երեք տարում Գերագույն դատարանում գործերի 87%-ում նա քվեարկել է՝ աջակցելով պահպանողականների ղեկավար Ռենկվիստի տեսակետը[26]։

Այնուամենայնիվ, 1988 թվականից հետո, երբ դատարանի կազմը դարձել է ավելի պահպանողական (դատավորի պաշտոնները զբաղեցրել են այնպիսի պահպանողականներ, ինչպիսիք են Էնթոնի Քենեդին և Քլարենս Թոմասը), Օ’Քոննորն սկսել է քվեարկել պահպանողականների և լիբերալների կարծիքներից անկախ՝ կախված քննվող գործից սատարելով թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Անկախության և չեզոքության այս քաղաքականությունը նախկինում իրականացրել է նրան այս պաշտոնում նախորդած Փոթեր Ստյուարտը[27]։ Գործերը քննելիս Օ’Քոննորը միշտ փորձել է օբյեկտիվորեն և անկողմնակալ դիտարկել ծագած վեճը[28], շատ դեպքերում նրա ձայնը, չնայած շատ հարցերի շուրջ նրա չափավոր դիրքորոշմանը, որոշիչ է եղել Գերագույն դատարանի որոշումների կայացման հարցում։

  • ՄաքՔոնելն ընդդեմ Դաշնային ընտրական հանձնաժողովի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Գերագույն դատարանը հաստատել է «Դաշնային երկկուսակցական քարոզչության բարեփոխումների մասին» օրենքի սահմանադրականությունը, որը կարգավորում է թեկնածուների ընտրարշավների ֆինանսավորումը, այդ թվում՝ փափուկ փողերի (խոշոր կորպորացիաների, արհմիությունների և հարուստ անհատ ձեռներեցների կողմից նախընտրական արշավի նպատակների համար քաղաքական կուսակցություններին տրամադրվող գումարները) օգնությամբ։
  • Զելմանն ընդդեմ Սայմոնս-Հարրիսի (McConnell v. FEC, 540 US 93 (2003)), Դատարանը եկել է այն մտքին, որ կրոնական դպրոցների համար զեղչի կտրոնների օգտագործումը չի հանդիսանում առաջին սահմանադրական բարեփոխումների (որով արգելվում է Կոնգրեսին ընդունել պետական կրոնը հաստատող օրենք) խախտում։
  • Ամերիկայի տղա սկաուտներն ընդդեմ Դեյլի (Boy Scouts of America v. Dale, 530 U.S. 640 (2000)), Օ’Քոննորն աջակցել է դատավորների մեծամասնությանը, որով Նյու Ջերսի նահանգը սահմանափակում է սկաուտների սահմանադրական իրավունքը միավորվելու ազատության վրա՝ արգելելով նրանց սեռական կողմնորոշման հիման վրա ջոկատի ղեկավար ընտրել։
  • Բուշն ընդդեմ Գոռի (Bush v. Gore, 531 U.S. 98 (2000)), այս դեպքում Օ’Քոննորի քվեարկությունը դարձել է որոշիչ, և Գերագույն դատարանը որոշել է դադարեցնել ձեռքով վերահաշվարկը Ֆլորիդայում՝ ճանաչելով վերջին հաշվարկի արդյունքները հօգուտ Ջորջ Ու. Բուշի[29][30]։

2005 թվականի փետրվարին դատարանի նախագահի (Ուիլյամ Ռենկվիստ) և նրա տեղակալի (Ջոն Սթիվենսի) բացակայության պատճառով Սանդրա Օ’Քոննորը նախագահել է Կելոն ընդդեմ Նոր Լոնդոնի բանավոր լսումը։ Այսպիսով, դարձել է դատավարության ընթացքում առաջին կինը, որը նախագահել է Գերագույն դատարանում գործի քննության ժամանակ[31]։

Չորրորդ փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Դեյ Օ՛Քոննորը Ջորջթաունի համալսարանում իր ելույթի ժամանակ (2006 թվականի մարտ) նշել է, որ «կանոնադրությունները և սահմանադրությունները չեն պաշտպանում դատարանի անկախությունը, դա անում են մարդիկ»[32]։

Փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին գրել է դատավորների մեծամասնության կարծիքը՝ հաստատելով գործողությունների դրական ծրագիր, որը սևամորթ դիմորդներին առաջնահերթություն է տալիս Միչիգանի պետական համալսարանի առաջատար հանրային իրավաբանության բաժիններից մեկը ընդունվելու համար[23]։

Հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հուլիսի 1-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս և իր պարտականությունները կկատարի միայն մինչև իրավահաջորդի նշանակումը։ Նրա փոխարեն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նշանակել է վերաքննիչ դատարանի դատավոր Ջոն Ռոբերթսին. սեպտեմբերին, սակայն, նա նշանակվել է Գերագույն դատարանի նախագահ (Ուիլյամ Ռենկվիստի անսպասելի մահից հետո)։ 2005 թվականի հոկտեմբերի 3-ին նախագահն այդ պաշտոնում առաջարկել է իր գործընկեր Հարիեթ Մայերսին, սակայն վերջինս ամերիկյան քաղաքական բեմի պահպանողական կողմի բողոքի ազդեցության տակ հոկտեմբերի 27-ին խնդրել է հանել իր թեկնածությունը։ Հոկտեմբերի 31-ին ընտրվել է մեկ այլ թեկնածու՝ վերաքննիչ դատարանի դատավոր Սամուել Ալիտոն, նա ստացել է Սենատի հավանությունը 2006 թվականի հունվարի 31-ին, և նույն օրը Օ’Քոննորը պաշտոնաթող Է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sandra Day O’Connor, lawyer who became the first woman to sit on the US Supreme Court – obituary / C. EvansLondon, Thailand: 2023. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.infobae.com/america/agencias/2023/12/01/fallece-sandra-day-oconnor-la-primera-mujer-jueza-del-tribunal-supremo-de-eeuu/
  6. Sandra Day O'ConnorNational Women's Hall of Fame.
  7. https://www.americanbar.org/groups/diversity/women/margaret-brent-awards/pasthonorees/
  8. https://www.48women.org/past-honorees/
  9. https://www.usatoday.com/storytelling/grid/women-of-the-year-2023/
  10. КM.RU Первая в США женщина-член Верховного суда подала в отставку
  11. «ПОЛИТ.РУ Верховный суд США потерял первую женщину-судью». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. Lenta.ru
  13. «O'Connor, Sandra Day». Federal Judicial Center. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 21-ին.
  14. Радио Свобода. Зачем нужен Верховный Суд
  15. Дело «Организация „Запланированное материнство“ против Кейси» — Planned Parenthood of Southeastern Pa. v. Casey 505 U.S. 833 (1992)
  16. Коммерсант.ru Судьбоносная судья
  17. «The World's Most Powerful Women». Forbes. 2004 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 4-ին.
  18. Голос Америки. Президентская медаль свободы 2009 года>(չաշխատող հղում)
  19. «16 Президентских медалей Свободы нашли героев». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. «Manchesterinklink.com Constitution Day in NH = Sandra Day O'Connor Day». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.
  21. Washington Valdez, Diana (2005 թ․ հուլիսի 2). «Звезды родного города - Сандра Дэй О'Коннор». Эль Пасо Таймс. {{cite news}}: Unknown parameter |November= ignored (օգնություն)
  22. «'Out Of Order' At The Court: O'Connor On Being The First Female Justice». Fresh Air. 2013 թ․ մարտի 5. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
  23. 23,0 23,1 23,2 «Верховный суд США: равное правосудие по закону» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  24. «ZN.UA Судья Верховного суда США Сандра Дей О'Коннор: «Меня нельзя было уволить или лишить льгот…»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  25. «Верховный суд США: равное правосудие по закону» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  26. Greenburg, ibid., p. 68.
  27. Oyez: cases/1960-1969/1960/1960
  28. Смит, Барбара В отставке но не забыта: юристы штата Орегон вспоминают о судье Сандре Дэй О'Коннор(ռուս.) // Бюллетень ассоциации юристов штата Орегон : журнал.
  29. «Верховный суд остановил пересчет голосов во Флориде: Чёрный день для американской демократии». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  30. США: под вопросом система власти
  31. Kelo v. City of New London — Oral Argument | The Oyez Project
  32. March 9, 2006 Speech by Sandra Day O’Connor at Georgetown University, Washington
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրա Դեյ Օ’Քոննոր» հոդվածին։