Ջոն Չիվեր
Ջոն Չիվեր անգլ.՝ John Cheever | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ John William Cheever |
Ծնվել է | մայիսի 27, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 18, 1982[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Ossining, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, օրագրի հեղինակ և սցենարիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թայերի ակադեմիա և Quincy High School? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Յուտայի համալսարան, Բոստոնի համալսարան և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Զավակներ | Բենջամին Չիվեր և Susan Cheever? |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
John Cheever Վիքիպահեստում |
Ջոն Ուիլյամ Չիվեր (անգլ.՝ John William Cheever, մայիսի 27, 1912[1][2][3][…], Քուինսի, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունիսի 18, 1982[1][2][3][…], Ossining, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի արձակագիր, որը հռչակվել է հատկապես իր պատմվածքներով (որոշ քննադատներ, գրականագետներ նրան անվանում են «արվարձանների Չեխով[9][10]»): Իր պատմվածքներում նա կարողացել է ամերիկյան քաղքենու առօրյա կյանքի խորաթափանց վերլուծությունը համադրել խորհրդանիշային պատկերավորության և «մոգական ռեալիզմի» տարրերի հետ։ Ափդայքի հերոսների պես՝ Չիվերի հերոսները ևս միջին դասի սպիտակամորթ տղամարդիկ են, որ ձգտում են ամեն գնով հասնել հաջողության, բայց, որպես կանոն, կրախի են ենթարկվում։ Չիվերը The New Yorker ամսագրի մշտական հեղինակներից էր։ 1979 թվականին «The Stories of John Cheever» ժողովածուի համար նրան շնորհվել է Պուլիտցերյան, երկու տարի անց՝ գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ։ Հեղինակել է նաև մի շարք վեպեր («Ուոփշոթ ընտանիքի քրոնիկները», «Սկանդալ Ուոփշոթ ընտանիքում», «Բուլեթ պարկ», «Ֆալկոներ»), «Օ՛, ի՛նչ դրախտ է թվում սա» վիպակը։ 1982 թվականի ապրիլին՝ մահից վեց շաբաթ առաջ Չիվերն արժանացավ արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ազգային մեդալի։ Նրա երկերն ընդգրկվել են «Ամերիկայի գրադարան»-ում։
1985 թվականին հայերեն լույս է տեսել Ջոն Չիվերի «Բուլեթ պարկ» ժողովածուն, որտեղ ներառված են նրա նույնանուն վեպը և մի փունջ պատմվածքներ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Ուիլյամ Չիվերը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Քուինսի քաղաքում։ Ապագա գրողի հայրը՝ Ֆրեդերիկ Լինքոլն Չիվերը, կոշիկի վաճառքով զբաղվող մի մեծ ընկերության սեփականատերն էր, սակայն 1930-ական թվականների կեսերին Մեծ ճգնաժամի պատճառով կորցրեց իր կապիտալի մեծ մասը, դրա հետ էլ՝ բիզնեսը և հուսահատությունից իրեն տվեց հարբեցողության։ Ընտանիքի հոգսերը հոգալու համար կինը՝ Մերին ստիպված էր գործերն իր ձեռքն առնել, հիմնել հուշանվերների մի ոչ մեծ խանութ, բայց, չնայած նրա գործադրած ջանքերին, ընտանիքի նյութական վիճակը չբարելավվեց, և փողի պակասի պատճառով Ջոնն ստիպված էր թողնել ուսումը մասնավոր դպրոցում։ Boston Herald թերթի կազմակերպած կարճ պատմվածքների մրցույթում նրա տարած հաղթանակը նկատի առնելով՝ նրան այդ դպրոց հրավիրեցին՝ շարունակելու ուսումը հատուկ պայմաններով, բայց նա այդպես էլ չհաշտվեց իր այդ «արտոնյալ» վիճակի հետ և 18 տարեկան հասակում հեռացավ դպրոցից։ Այդ իրադարձություններն ու իր ապրումները նա հետագայում դաժան հեգնանքով արտացոլեց «Հեռացվածը» պատմվածքում, որը 1930 թվականին լույս տեսավ The New Republic ամսագրում՝ դառնալով նրա առաջին տպագիր գործը։
1938 թվականին Չիվերն արդեն Վաշինգտոնում էր, աշխատում էր որպես խմբագիր, և պետք է ասել, որ խոր հիասթափություն ապրեց այդ աշխատանքից ու թողեց այն։ Մի քանի ամիս անց նա ծանոթացավ իր ապագա կնոջ՝ Մերի Վիթերնիցի հետ (զույգը ամուսնացավ 1941 թվականին)։
1942 թվականի մայիսին Չիվերն անցնում է զինվորական ժառայության, կարճ ժամանակ անց հրատարակում իր պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ինչպես են ապրում որոշ մարդիկ» խորագրով։ Հետագայում, չափազանց դժգոհ մնալով իր առաջին գրքից, նա ձեռքն ընկած բոլոր օրինակները ոչնչացնում էր։ Քննադատներն էլ սառնությամբ արձագանքեցին, բայց գիրքին արժանացավ հոլիվուդյան պրոդյուսեր և սցենարիստ Լեոնարդ Սփինգելգասի ուշադրությանը։ Վերջինիս գործադրած ջանքերի շնորհիվ Չիվերը հետ կանչվեց զորամասից և աշխատանքի նշանակվեց կինոյի բնագավառում (ի դեպ, այդ ստորաբաժանումը Ֆրանսիայում դաշնակիցների զորքերի ափհանման ժամանակ ամբողջությամբ ոչնչացվեց)։
Հետպատերազմյան տարիներին Չիվերն իրեն լիովին նվիրեց ստեղծագործական աշխատանքի։ 1953 թվականին լույս ընծայեց պատմվածքների երկրորդ ժողովածուն՝ «Հսկայական ռադիոն», որը վատ չընդունվեց քննադատության կողմից։ 1956 թվականի ամռանը գրողն ավարտեց «Ուոփշոթ ընտանիքի քրոնիկները» վեպը, 1964 թ. տպագրվեց դրա շարունակությունը՝ «Սկանդալ Ուոփշոթ ընտանիքում» վեպը, որն արժանացավ քննադատության բարձր գնահատականին։ Այդ նույն տարում The New Yorker ամսագիրը հրատարակեց նրա «Լողորդը» պատմվածքը, որի հիման վրա 1968 թվականին նկարահանվեց նույնանուն ֆիլմը (գլխավոր դերում նկարահանվել է Բերթ Լանքասթերը)։ Հենց այս ժամանակաշրջանում էլ ալկոհոլիզմի հետ կապված խնդիրներ ի հայտ եկան Ջոն Չիվերի մոտ, և այդ խնդիրների խորացմանը զուգընթաց վատացան հարաբերությունները կնոջ հետ։ Գնալով՝ այդ խնդիրներն ավելի ու ավելի խորացան, այն աստիճան, որ նա ստիպված դիմեց հոգեբույժների օգնությանը, մեկ ամիս բուժվեց հիվանդանոցում, դուրս գրվելուց հետո երդվեց այլևս երբեք չխմել, բայց, ցավոք, չկարողացավ պահել երդումը։ Վախճանվեց 1982 թվականի հունիսի 18-ին, քաղցկեղից։
Գրականագետ Էդվարդա Կուզմինան, ուսումնասիրելով Ջոն Չիվերի ստեղծագործությունները, եզրահանգում է. «Ջոն Չիվերը ձգտում է «բռնել» այն գրեթե անորսալի հոսքերն ու ազդեցությունները, որոնք հոգեկան անկայունություն ու խռովք են ծնում ամերիկյան ստանդարտ դրախտի բնակչի մեջ։ Չիվերի հերոսները թունավորված են քաղաք-ռոբոտի, բիզնեսի անհոգի թագավորության կողմից, բայցևայնպես՝ թախծող, կարոտող հոգին տաղտկալի, վհատեցնող առօրեականության մեջ ագահաբար որսում է գեղեցիկի ցոլքերը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1958/
- ↑ https://www.nationalbook.org/awards-prizes/national-book-awards-1981/
- ↑ https://www.pulitzer.org/winners/john-cheever
- ↑ Andrew Johnston, "Mad Men Արխիվացված 2009-03-19 Wayback Machine" (review), Time Out New York, Issue 616: Jul 18–25, 2007
- ↑ Foderaro, Lisa W. (2014 թ․ հուլիսի 21). «Home of Cheever, Chekhov of the Suburbs, Is for Sale». The New York Times. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Chilton, Martin (2015 թ․ հոկտեմբերի 15). «John Cheever: 'the Chekhov of the suburbs'». The Daily Telegraph. UK. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կայքէջ՝ նվիրված գրողի ստեղծագործությանը Արխիվացված 2011-05-23 Wayback Machine(ռուս.)
- Ջոն Չիվերի կենսագրությունը livelib.ru-ում
- Ջոն Չիվերն ու նրա նորավեպը pergam-club.ru-ում Արխիվացված 2019-07-10 Wayback Machine
- IMDB կայքէջում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Չիվեր» հոդվածին։ |
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 1982 մահեր
- Նյու Յորք նահանգում մահացածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- ԼԳԲՏ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ