Քվինսի (անգլ.՝ Quincy. /ˈkwɪnzi/KWIN-zee), նավահանգստային քաղաք ԱՄՆ-ում՝ Մասաչուսեթս նահանգի Նորֆոլկի շրջանում, Ատլանտյան օվկիանոսի Քվինսի ծովածոցի ափին։ Նահանգի մայրաքաղաքի՝ Բոստոնի հարավային արվարձանն է։ Զբաղեցնում է 69,69 քառակուսի կիլոմետր տարածք[2], որի 38.41%-ը՝ ջրային։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 101.636. այդ ցուցանիշով Քվինսին առաջին տեղն է զբաղեցնում Նորֆոլկի շրջանում և յոթերորդ տեղը՝ Մասաչուսեթս նահանգում[3]։ Քվինսին հայտնի է «Նախագահների քաղաք» և «Ամերիկյան երազանքի հայրենիք» մականուններով[4] (բանն այն է, որ այստեղ են ծնվել ԱՄՆ-ի նախագահներից երկուսը՝ Ջոն Ադամսը և նրա որդին՝ Ջոն Քվինսի Ադամսը)։
Հիմնադրվել է 1625 թվականին, կարճ ժամանակով Դորչեսթերի, ապա՝ Բրեյնթրիի մաս կազմել։ 1792 թվականին առանձնացվել է և որպես մի նոր բնակավայր՝ կոչվել գնդապետ Ջոն Քվինսիի անունով (վերջինս հետագայում ԱՄՆ-ի նախագահ ընտրված Ջոն Քվինսի Ադամսի մոր՝ Էբիգեյլ Ադամսի պապն էր և հենց նրա պատվին էին Ջոն Քվինսի անունը տվել թոռին)[5]։ 1888 թվականին բնակավայրը քաղաքի կարգավիճակ է ստացել։
Մեկ դարից ավելի քաղաքը համբավվել է որպես գրանիտի արտադրության կենտրոն և ամերիկյան առաջին առևտրային երկաթուղու՝ «Գրանիտային երկաթգծի» բնօրրան։ Քվինսիի տնտեսության կարևոր ճյուղերից է եղել և շարունակում է մնալ նավաշինությունը։ 20-րդ դարում այստեղ հիմնադրվել և իրենց գործունեությունն են ծավալել հյուրանոցային Howard Johnson's և հրուշակեղենի արտադրության Dunkin' Donuts ընկերությունները։
Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".