Jump to content

Պունիկյան պատերազմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարածքային փոփոխությունները Պունիկյան պատերազմների ընթացքում։ Օքրայագույնով պատկերված են Կարթագենի տիրույթները, կանաչով՝ Հռոմեական հանրապետության։
Պունիկյան պատերազմների ռազմաբեմը․ * կապույտով, երկնագույնով, մանուշակագույնով ցույց են տրված Կարթագենի տիրույթները մ․թ․ա․ 265 թվականին՝ Պունիկյան պատերազմների սկզբին, * կապույտով ցույց են տրված Կարթագենի տարածքային կորուստները մ․թ․ա․ 238 թվականին, * կանաչով ցույց են տրված Կարթագենի նվաճումները Երկրորդ Պունիկյան պատերազմի սկզբին՝ մ․թ․ա․ 218 թվականին, * մանուշակագույնով ցույց է տրված Կարթագենի տարածքը մ․թ․ա․ 201 թվականին՝ Երկրորդ Պունիկյան պատերազմի վերջին։

Պունիկյան պատերազմները, մ․թ․ա․ 264–146 թվականներին տեղի ունեցած պատերազմներ Արևմտյան Միջերկրական ծովում միմյանց դեմ պայքարող երկու հզորագույն ստրկատիրական տերությունների՝ գյուղատնտեսական–արհեստավորական Հռոմեական հանրապետության և առևտրական–ծովագնացային Կարթագենի հանրապետության միջև՝ Արևմտյան Միջերկրականում տիրապետություն հաստատելու համար[1]։

Պունիկյան տերմինը գալիս է լատին․՝ Punicus կամ Poenicus բառից, որը նշանակում է «պունիկյան», «փյունիկյան», «կարթագենյան», նկատի ունենալով կարթագենացիների՝ փյունիկացի նախնիներից ծագած լինելը[2]։ Մինչ Պունիկյան պատերազմները, կարթագենացիները տիրապետող էին Արևմտյան Միջերկրածովում, նրանց էր պատկանում Սիկիլիայի (Սիցիլիա) մեծ մասը, արևմտյան միջերկրածովյան առևտրի հեգեմոնիան[1]։

Պունիկյան պատերազմները երեք պատերազմից կազմված պատերազմների մի շարք էր[3]։ Դրանք այդ ժամանակաշրջանի ամենամեծ պատերազմներն էին[4]։

Պունիկյան պատերազմների գլխավոր պատճառը շահերի բախումն էր գոյություն ունեցող Կարթագենյան ծովային տերության և ընդլայնվող Հռոմեական հանրապետության միջև։ Հռոմեացիները սկզբնապես շահագրգռված էին ընդլայնվելու ի հաշիվ Սիկիլիայի (որը իր ժամանակի մշակութային խառնարանն էր), այնինչ այդ հարուստ ու զարգացած կղզու մի մասը գտնվում էր Կարթագենի հսկողության ներքո։

Պունիկյան պատերազմներից առաջինի սկզբում Կարթագենը Արևմտյան Միջերկրական ծովի գերիշխող տերությունն էր, որը լայնարձակ ծովային ու առափնյա տիրույթներ ուներ։ Նրա հակառակորդը՝ Հռոմը, արագ բարձրացող տերություն էր Իտալիայում, սակայն նա զուրկ էր Կարթագենի ունեցած ռազմածովային հզորությունից։ Երրորդ կամ վերջին պունիկյան պատերազմի ավարտին, ավելի քան հարյուրամյա պայքարից հետո, մարտադաշտերում կորցնելով մի քանի հարյուր հազարավոր զինվորներ, Հռոմը նվաճեց Կարթագենի ամբողջ տիրույթները, լիովին ոչնչացրեց հակառակորդ տերության փառահեղ մայրաքաղաքը և վերածվեց Արևմտյան Միջերկրածովի ամենահզոր տերության։

Մակեդոնական պատերազմների ավարտին, որոնք մղվում էին Պունիկյան պատերազմների հետ գրեթե միաժամանակ, ինչպես նաև Սելևկյան տերության արքա Անտիոքոս III Մեծի պարտությամբ, որը տեղի ունեցավ Հռոմեա–Սելևկյան պատերազմի արդյունքում և ամրակայվեց Ապամեայի պայմանագրով, մ․թ․ա․ 188 թվականին, Հռոմը վերածվեց Միջերկրական ծովի ամբողջ ավազանում՝ թե՛ Արևմուտքում, թե՛ Արևելքում գերիշխող տերության, դառնալով դասական հնադարի կամ կլասիկ անտիկ ժամանակաշրջանի հզորագույն քաղաք–պետությունը։

Հենց Կարթագենի դեմ Պունիկյան երեք պատերազմներում տարած հաղթանակներն էին, որ Հռոմին տվեցին այն կարկառուն կարգավիճակը, որը նա պետք է պահպաներ մինչև մ․թ․ 5–րդ դարը։

I Պունիկյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

I Պունիկյան պատերազմը (մ․ թ․ ա․ 264-241 թվական) մղվել է Սիկիլիային տիրելու համար և հիմնականում ընթացել է այդ բարեբեր ու հարուստ կղզու ափերի մոտ։ Հռոմեացիները Սյուլեի (մ․ թ․ ա․ 260 թվական), էկնոմոսի (մ․ թ․ ա․ 256 թվական), Պանորմումի (մ․ թ․ ա․ 251 թվական), էգատյան կղզիների (մ․ թ․ ա․ 241 թվական) մոտ պարտության են մատնել Կարթագենի նավատորմին։ Կնքվել է հաշտության պայմանագիր, որով Հռոմը ստացել է Սիկիլիան (բացի Սիրակուսեից՝ իր շրջակայքով), Իտալիայի և Սիկիլիայի միջև ընկած կղզիները։ Բացի այդ՝ Կարթագենը պարտավորվել է 10 տարվա ընթացքում վճարել 3200 տաղանդ ռազմատուգանք՝ կոնտրիբուցիա։ Մ․ թ․ ա․ 238 թվականին հռոմեացիները զավթել են Սարդինիան և Կորսիկան[5]։

II (երկրորդ) Պունիկյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի պատկեր Երկրորդ պունիկյան պատերազմից․ Հաննիբալ Բարկայի զորքերի անցումը Ալպերով՝ Իտալիա ներխուժելու համար։

II (երկրորդ) Պունիկյան պատերազմը մղվել է մ․ թ․ ա․ 218–201 թվականներին։

237–219-ի ընթացքում Կարթագենին հաջողվել է ո՛չ միայն վերականգնել իր տնտեսական և ռազմական պոտենցիալը՝ ներուժը, այլև՝ ընդլայնել իր տիրույթներն Իսպանիայում։

II (երկրորդ) Պունիկյան պատերազմի առիթն էր մ․ թ․ ա․ 219 թվականին Հաննիբալի հարձակումը Հռոմի դաշնակից իսպանական Սագունտում քաղաքի վրա։ Մինչ հռոմեացիները նախատեսում էին ռազմագործողությունները վարել Աֆրիկայում և Իսպանիայում, Հաննիբալը, կանխելով նրանց, աննախադեպ անցում է կատարել Ալպյան լեռներով (Ալպեր) և ներխուժել Իտալիա։ 218 թվականին Տիկինոս (Տիչինա) և Տրեբիա գետերի, 217 թվականին Տրազիմենուս լճի, 216 թվականին Կաննեի մոտ Հաննիբալը պարտության է մատնել հռոմեացիներին, բայց մ․ թ․ ա․ 212 թվականից նախաձեռնությունն անցել է հռոմեացիներին։ Մ․ թ․ ա․ 212–211 թվականներին նրանք գրավել են Սիրակուսեն Սիկիլիայում (այդ ժամանակ էլ սպանվել է Արքիմեդը), Կապուան՝ Իտալիայում։ Իսպանիայում գործող հռոմեական բանակը Պուբլիոս Կոռնելիոս Սկիպիոն Աֆրիկացի Ավագի (տե՛ս Սկիպիոններ) գլխավորությամբ գրավել է Կարթագենի գլխավոր ամրությունը՝ Նոր Կարթագենը (մ․ թ․ ա․ 209 թվական)։ Մ․ թ․ ա․ 207 թվականին Իտալիայի հյուսիսում, հռոմեական զորքը պարտության է մատնել Հաննիբալին օգնության եկած կարթագենական զորքին, մ․ թ․ ա․ 204 թվականին Սկիպիոնի գլխավորությամբ ափ է իջել Աֆրիկա՝ Կարթագեն քաղաքի մոտ։ Մ․ թ․ ա․ 203 թվականին Հաննիբալը ետ է կանչվել Աֆրիկա և մ․ թ․ ա․ 202 թվականին Զամայի ճակատամարտում պարտվել։ Մ․ թ․ ա․ 201 թվականին կնքվել է հաշտություն, Կարթագենը հրաժարվել է Իսպանիայից, զրկվել Աֆրիկայում պատերազմ վարելու իրավունքից, ոչնչացրել իր նավատորմը, վճարել մեծ ռազմատուգանք[6]։

III Պունիկյան պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

III Պունիկյան պատերազմը տեղի է ունեցել մ․ թ․ ա․ 149–146 թվականներին։

Հռոմն, օգտվելով Նումիդիայի (Նումիդիայի թագավորություն)դեմ պատերազմում Կարթագենի պարտությունից, մ․թ․ա․ 149 թվականին պաշարել է Կարթագեն քաղաքը։ Երեք տարի քաղաքի բնակչությունը պաշտպանվել է։ Միայն մ․թ․ա․ 146 թվականի գարնանը հռոմեացիները գրավել են այն, հիմնովին ավերել և բնակիչներին վաճառել ստրկության։ Կարթագենի պետության տարածքի մի մասը տրվել է Նումիդիային (որը կռվում էր Կարթագենի դեմ), մյուս մասը վերածվել է հռոմեական պրովինցիայի՝ պրովինցիա Աֆրիկա անունով։ Պունիկյան պատերազմներում հաղթանակի հետևանքով Հռոմը պոլիսից վերածվել է միջերկրածովյան խոշոր պետության, իր տիրապետությունը հաստատել Միջերկրականի արևմտյան մասում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 460, էլեկտրոնային տարբերակը՝ համացանցում, https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/460
  2. Sidwell, Keith C; Jones, Peter V. (1997). The world of Rome: an introduction to Roman culture. Cambridge University Press. էջ 16. ISBN 0521386004.
  3. Chris Scarre, "The Wars with Carthage," The Penguin Historical Atlas of Ancient Rome (London: Penguin Books, 1995), 24–25.
  4. Goldsworthy, The Punic Wars, p. 13
  5. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 460, էլեկտրոնային տարբերակը՝ համացանցում, https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/460
  6. 6,0 6,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 461, էլեկտրոնային տարբերակը՝ համացանցում, https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/461

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Машкин Н․ С․, Последний век Пунического Карфагена, «Вестник древней истории», 1949, № 2․
  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9, էջ 460–461։