Ապամեայի պայմանագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փոքր Ասիայի քարտեզը Ապամեյի պայմանագրի կնքումից հետո, Պերգամոնի թագավորություն (բաց կապույտ) և Հռոդոսի (բաց կանաչ) տարածքային աճ

Ապամեայի պայմանգիր, մ․թ․ա․ 188 թվականին Հռոմեական հանրապետության և Անտիոքոս III-ի՝ Սելևկյան տերության տիրակալի միջև կնքված հաշտության պայմանագիր։ Այն կնքվել է Թերմոպիլեի (մ․թ․ա․ 191 թվական), Մագնեսիայի (մ․թ․ա․ 190 թվական) ճակատամարտերում տարած հաղթանակներից հետո, ինչպես նաև այն ժամանակ, երբ հռոմեական ու հռոդոսյան նավատորմը հաղթանակի է հասել սելևկյան նավատորմի նկատմամբ։

Ըստ Ապպիանոսի՝ պայմանագիրը Անտիոքոս III-ին պարտավորեցրել է հրաժարվել եվրոպական տիրույթներից, ինչպես նաև Տավորսի լեռներից արևմուտք ընկած տարածքներից։ Նա նաև պետք է հանձներ իր ունեցած բոլոր մարտական փղերը, ունենար սահմանափակ թվով՝ ընդամենը 12 ռազմանավ, որպեսզի իր հպատակներին պահեր հսկողության տակ, սակայն նրան թույլատրված էր ավելի շատ ռազմանավեր կառուցել, եթե հարձակում իրականացվեր։ Անտիոքոսին արգելվել է նաև հռոմեական տիրապետության տակ գտնվող տարածքներից վարձկաններ հավաքագրել։ Անտիոքոսը պարտավոր էր տալ 20 գերիներ, որոնց պետք է ընտրեին հռոմեական կոնսուլները։ Այդ գերիները պետք է փոփոխվեին յուրաքանչյուր 3 տարին մեկ, բացի Անտիոքոսի որդին։ Ապագայում նա չպետք է ունենար փղեր և պատերազմի համար պետք է վճարեր ռազմատուգանք՝ 500 էվբեական տաղանդ, իսկ երբ հռոմեական սենատը վավերացներ պայմանագիրը, ևս 2500 տաղանդ։ Բացի այդ՝ 12 տարիների ընթացքում Սելևկյան տերույթունը պետք է վճարեր ևս 12 հազար տաղանդ․ յուրաքանչյուր տարեկան վճարը պետք է առաքվեր Հռոմ։ Նա ստիպված էր հանձնել նաև իր թշնամիներից խլված գերիներին և թշնամու դասալիքներին, ինչպես նաև Եվմենոս II-ին՝ Պերգամոնի արքային, պետք է վերադարձվեր այն ամենը, ինչ մնացել է այն ունեցվածքից, որը Անտիոքոսը ձեռք էր բերել Ատտալոս I-ի՝ Եվմենոս II-ի հոր, հետ համաձայնությունից։

Հռոմեացիները Փոքր Ասիայի մեծ մասի վերահսկողությունը հանձնում է Եվմենոս II-ին։ Անտիոքոսը պահպանել է Կիլիկիան, իսկ Լիկիայի ու Կարիայի մեծ մասը դարձել է Հռոդոսի իշխանության տիրույթներ։ Հելլենական արքաները հիմնականում իրենց կյանքի ընթացքում պահպանում էին իրենց ընդունած պայմանագրերի կետերը, քանի որ դա պատվի խնդիր էր։ Այնուամենայնիվ, նրանց ժառանգները իրենց պարտավորված չէին զգում պահպանել իրենց նախնիների ընդունած պայմանագրերի պայմանները։ Այս պայմանագրի ռազմածովային ուժերի մասին կետը չի պահպանվել, սակայն մնացած կետերը պահպանվել են։

Պայմանագիրը կնքվել է Ապամեայում (Փռյուգիա)։ Այն թույլ է տվել հռոմեացիներին ընդարձակել իրենց քաղաքական ազդեցության հեգեմոնիան դեպի Միջերկրական ծովի արևելյան ավազան։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]