Շոտլանդիայի անկախության պատերազմներ
Շոտլանդիայի անկախության պատերազմներ, երկու ռազմական հակամարտություններ, որոնք տեղի են ունեցել անկախ Շոտլանդիայի Թագավորության և Անգլիայի Թագավորության միջև՝ 13-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի կեսերը։
Առաջին պատերազմը (1296-1328) սկսվել է 1296 թվականին անգլիական ներխուժմամբ Շոտլանդիա և ավարտվել 1328 թվականին Նորթհեմփթոնի պայմանագրի ստորագրմամբ։ Երկրորդ պատերազմը (1332-1357)՝ շոտլանդական գահի հավակնորդ Էդուարդ Բալլիոլի և նրա «ժառանգությունից զրկված» կուսակցության՝ անգլիացիների աջակցությամբ ներխուժումն էր 1332 թվականին, ավարտվել է 1357 թվականին՝ Բերվիկի հաշտության պայմանագրի ստորագրմամբ։
Պատերազմները Շոտլանդիայում ազգային մեծ ճգնաժամի մի մասն էին, և դրանց ժամանակաշրջանը դարձել է երկրի պատմության որոշիչ պահերից մեկը։ Երկու պատերազմների արդյունքում Շոտլանդիան պահպանեց անկախ պետության իր կարգավիճակը։ Ռազմական առումով, մասնավորապես, հենց դրանցից հետո անգլիական երկար աղեղը դարձավ միջնադարյան պատերազմների հիմնական զենքը։
Առաջին պատերազմը անկախության համար (1296-1328 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1286 թվականին մահացավ Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր III-ը՝ որպես գահի ժառանգորդ թողնելով էր իր 3-ամյա թոռնուհուն՝ Մարգարետին, որին «Նորվեգական կույս» էին անվանում։ 1290 թվականին «Շոտլանդիայի պահապանները» ստորագրեցին Բիրգամյան պայմանագիրը՝ համաձայնություն տալով Մարգարետի և Էդուարդ Կարնարվոնի՝ Անգլիայի թագավոր Էդուարդ I-ի, ով Մարգարետի ազգական պապն էր, որդու ամուսնությանը։ Այդ ամուսնությունը միություն չստեղծեց Անգլիայի և Շոտլանդիայի միջև, քանի որ շոտլանդացիները պնդում էին, որ պայմանագիրն ապացուցում է, որ Շոտլանդիան առանձին երկիր է, անկախ է Անգլիայից և, որ նրա իրավունքները, օրենքները, ազատությունները և սովորույթները բոլոր ժամանակների համար կայացած և անխախտ են։
Որոշ ժամանակ անց, 1290 թվականի սեպտեմբերի 26-ին Մարգարետը, իր նոր թագավորություն ճամփորդելու ժամանակ, Օրկնեյան կղզիներ ժամանելուց անմիջապետ հետո, մահացավ։ Նրա մահից հետո ի հայտ եկան գահի տասներեք հավակնորդներ։ Շոտլանդիայի թագի համար պայքարի երկու հիմնական մրցակիցներն էին Ռոբերտ Բրյուսը, ապագա թագավոր Ռոբերտ I Բրյուսի պապը և Ջոն Բալլիոլը՝ լորդ Գալոուեյը։ Վախենալով Բրյուսի և Բալլիոլի ընտանիքների և կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմից՝ «Շոտլանդիայի պահապանները» նամակ գրեցին Անգլիայի թագավոր Էդուարդ I-ին, որում խնդրում էին նրան գալ հյուսիս և միջնորդ դատավոր լինել հավակնորդների միջև վեճի ժամանակ՝ պատերազմից խույս տալու համար։
1291 թվականին Էդուարդ I-ը համաձայնեց Նորեմում հանդիպել «Պահապանների» հետ։ Դատավարությունից առաջ Անգլիայի թագավորը պնդեց, որ իրեն ճանաչեն Շոտլանդիայի լորդ-պարամաունտ։ Հանդիպման ընթացքում Էդուարդ I-ի բանակը լիակատար մարտական պատրաստվածությամբ կանգնած էր սահմանին, ինչը շոտլանդացիներին ստիպեց ընդունել նրա պայմանները։ Նա գահի թեկնածուներին երեք շաբաթ ժամանակ տվեց՝ ընդունելու իր պայմանները։ Թագավորի բացակայությունը, անպատրաստ բանակը և հաշվի առնելով անգլիացիների ներխուժման պատրաստակամությունը՝ շոտլանդացիներին այլընտրանք չթողեցին։ Թագի հավակնորդները Էդուարդին ճանաչեցին իրենց լորդ-պարամաունտ և նրան ընդունեցին որպես միջնորդ դատավոր՝ արբիտր։ Նրանց որոշումը մասամբ կախված էր այն բանից, որ նրանցից շատերը մեծ կալվածքներ ունեին Անգլիայում և, հետևաբար, կկորցնեին դրանք, եթե մարտահրավեր նետեին անգլիական թագավորին։ Այնուամենայնիվ, հավակնորդների թվում կային նաև եկեղեցականներ, ինչպիսին եպիսկոպոս Ուիշարտն էր, որոնց համար նման զիջումը չէր կարող ընունելի լինել։
Հունիսի 11-ին, հանդես գալով Շոտլանդիայի լորդ-պարամաունտի դերում, Էդուարդ I-ը հրամայեց, որ իր ուժերը ժամանակավորապես օկուպացնեն շոտլանդական ամեն մի թագավորական ամրոց և որպեսզի Շոտլանդիայի բոլոր պետական անձինք հրաժարական տան՝ հետո իր իսկ կողմից վերանշանակվելու համար։ Երկու օր անց, Ապսելինգթոնում, «Շոտլանդիայի պահապանները» և Շոտլանդիայի ամենահայտնի ազնվականները հավաքվեցին հավատարմության երդում տալու Էդուարդ I-ին՝ որպես լորդ-պարամաունտ։ Բոլոր շոտլանդացիները 1291 թվականի հուլիսի 27-ից հետո պարտավոր էին Էդուարդ I-ին տուրք վճարել անձամբ կամ հատուկ կենտրոնների միջոցով։
1291 թվականի մայիսից Բերվիկում տասներեք հանդիպում տեղի ունեցավ, որտեղ թագի հավակնորդները խնդրում էին Էդուարդ I-ին լուծել իրենց տարաձայնությունները. այդ ժամանակահատվածը հայտնի է «Մեծ վեճ» անվանումով։ Հավակնորդների մեծ մասի պահանջները մերժվեցին, ինչի արդյունքում նրանցից մնացին միայն Բրյուսը, Բալլիոլը, Ֆլորիս V-ը և Ջոն դե Հաստինգսը՝ Աբերգավեննիից (2-րդ բարոն Հաստինգսը), քանի որ նրանք միակ մարդիկ էին, ովքեր կարողացան ապացուցել իրենց ուղղակի ծագումը Դավիթ I-ից։
Օգոստոսի 3-ին Էդուարդ I-ը Բրյուսին և Բալլիոլին խնդրեց, որ յուրաքանչյուրն ընտրի քառասուն արբիտրներ, այն դեպքում, երբ նա՝ ինքը, ընտրեց քսանչորսին՝ վեճը լուծել համար։ Օգոստոսի 12-ին Անգլիայի թագավորը հրամանագիր ստորագրեց, որով պահանջվում էր հավաքել բոլոր փաստաթղթերը, որոնք կարող էին վերաբերել Շոտլանդիայի գահի հավակնորդների իրավունքներին կամ իր՝ երկրին տիրելու սեփական իրավունքի. հրամանը կատարվեց։ 1292 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ վերջնականապես՝ նոյեմբերի 30-ին, արբիտրների մեծամասնության կողմից Ջոն Բալլիոլը հռչակվեց թագավոր և պսակադրվեց Սկոնի աբբայությունում։ Դեկտեմբերի 26-ին Նյուքասլ-ապոն-Թայն քաղաքում արքա Ջոն I-ը, ինչպես այժմ անվանում էին Բալլիոլին, երդվեց, որ Շոտլանդիան Էդուարդ I-ին տուրք կվճարի։ Էդուարդ I-ը շուտով հասկացրեց, որ Շոտլանդիան համարում է վասալ թագավորություն։ Բալլիոլը, որին աջակցում էին Բրյուսի խմբակցության անդամները, ամեն կերպ փորձեց դիմադրել դրան, իսկ շոտլանդացիներին վրդովվում էին անգլիացի թագավորի պահանջները։ 1294 թվականին Էդուարդ I-ը Ջոնին կանչեց իր մոտ՝ կանգնելու իր առաջ, և հրամայեց, որ նա մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը Ֆրանսիա ներխուժելու համար իրեն ապահովի շոտլանդական զորքերով և պաշարներով։
Շոտլանդիա վերադառնալով՝ Ջոնը հանդիպում ունեցավ իր Խորհրդի հետ, և մի քանի օր տևած թեժ բանավեճերից հետո Էդուարդ I-ի հրամանին մարտահրավեր նետելու ծրագիր ընդունվեց։ Մի քանի շաբաթ անց շտապ գումարվեց Շոտլանդիայի խորհրդարանը, և Ջոն I արքայի խորհրդականներ դառնալու համար ընտրվեցին ռազմական խորհրդի տասներկու անդամներ (չորսական էրլ, բարոն և եպիսկոպոս)։
Այնուհետև անմիջապես դեսպաններ ուղարկվեցին Ֆրանսիա՝ թագավոր Ֆիլիպ IV-ին անգլիացիների ծրագրերի մասին տեղեկացնելու։ Նրանք նաև պայմանագիր կնքեցին, որի համաձայն շոտլանդացիները պետք է ներխուժեին Անգլիա այն դեպքում, եթե անգլիացիները ներխուժեն Ֆրանսիա, ի պատասխան՝ ֆրանսիացիները կաջակցեին շոտլանդացիներին։ Պայմանագիրը ամրապնդվեց Ջոն I-ի որդի Էդուարդ Բալլիոլի և Ֆիլիպ IV-ի եղբոր աղջկա՝ Ժաննա դե Վալուայի ամուսնության խոստումով։ Մեկ այլ պայմանագիր էլ կնքվեց Նորվեգիայի թագավոր Էրիկ II-ի հետ, որով վերջինս պետք է տարեկան 50 000 գրոուտով 100 նավ հատկացներ չորս ամսվա ընթացքում, քանի դեռ Ֆրանսիայի և Անգլիայի միջև ռազմական գործողությունները կշարունակվեին։ Նորվեգիան երբեք ակտիվ չի եղել այս ուղղությամբ, իսկ Ֆրանս-շոտլանդական միությունը, որն ավելի ուշ ստացել է Հին միություն անվանումը, հաճախակի երկարաձգվել է մինչև 1560 թվականը։
Մինչ 1295 թվականը Էդուարդ I-ին հայտնի դարձավ ֆրանս-շոտլանդական գաղտնի բանակցությունների մասին։ Հոկտեմբերի սկզբին նա սկսեց ամրապնդել իր հյուսիսային սահմանը՝ հնարավոր ներխուժումից պաշտպանվելու համար։ Հենց այդ ժամանակ Ռոբերտ Բրյուսը՝ Աննանդեյլի 6-րդ լորդը, ապագա արքա Ռոբերտ I Բրյուսի հայրը, Անգլիայի թագավորի կողմից նշանակվեց Կարլայլ դղյակի կառավարիչ։ Էդուարդ I-ը Ջոն I-ին հրամայեց նրան տալ նաև Բերվիկի, Ջեդբուրգի և Ռոքսբուրգի ամրոցների և դղյակների վերահսկողությունը։ Դեկտեմբերին Նյուքասլում Էդուարդ I-ի կողմից ավելի քան 200 վարձկաններ կանչվեցին որպես աշխարհազորայիններ, և 1296 թվականի փետրվար-մարտ ամիսներին ուղարկվեցին հյուսիս՝ նրա ցամաքային զորքերի հետ միավորվելու համար։
Անգլո-շոտլանդական սահմանի երկայնքով անգլիական զորքերի զորավարժություններն աննկատ չմնացին։ Ի պատասխան՝ Ջոն I թագավորը կոչ արեց բոլոր շոտլանդացիներին, ովքեր կարող էին զենք կրել, մարտի 11-ին հավաքվել Կադդոնլում։ Շոտլանդական ազնվականության մի մասը նախընտրեց անտեսել այդ ուղերձը, նրանց թվում՝ Ռոբերտ Բրյուսը, ում կալվածքները Կառիկեում գրավել էր Ջոն I-ը և հանձնել էր Ջոն Կոմին «Կարմիրին»։
Պատերազմի սկզբնական փուլը՝ 1296-1306 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկախության համար առաջին շոտլանդական պատերազմը պայմանականորեն կարելի է բաժանել չորս փուլի. առաջին անգլիական ներխուժումը և 1296 թվականի հաջողությունները, արշավանքներ Ուիլյամ Ուոլեսի, Էնդրյու Մորեյի և շոտլանդական այլ «Պահապանների» ղեկավարությամբ 1297 թվականից մինչև 1304 թվականի փետրվարին Ջոն Կոմինի՝ համաշոտլանդական կարգավորման շուրջ բանակցությունները, նոր արշավանք՝ Ռոբերտ Բրյուսի գլխավորությամբ, 1306 թվականին վերջինիս կողմից Դամֆրիսում Ջոն Կոմինի սպանությունից հետ, և Բեննոկբերնի ճակատամարտը 1314 թվականին, Շոտլանդիայում, Իռլանդիայում և Հյուսիսային Անգլիայում շոտլանդական դիվանագիտական նախաձեռնությունների և ռազմական արշավանքների եզրափակիչ փուլը 1314 թվականից մինչև 1328 թվականին Էդինբուրգ-Նորթհեմփթոնյան պայմանագրի կնքումը։
Պատերազմն իրականում սկսվեց Բերվիկի վրա Էդուարդ I-ի հարձակումից հետո, որից հետո, ապրիլի 27-ին Դանբարի ճակատամարտում շոտլանդացիները պարտվեցին։ Թագավոր Ջոն I Բալլիոլը հուլիսին հրաժարվեց գահից։ Օգոստոսի ներխուժման ընթացքում անգլիացիները գրավեցին երկրի մեծ մասը, և այն բանից հետո, երբ Սկոնի քարը դուրս բերվեց Սկոնի աբբայությունից և տեղափոխվեց Վեսթմինսթերյան աբբայություն, Էդուարդ I-ը Բերվիկում խորհրդարան հրավիրեց, որտեղ շոտլանդական ազնվականությունը նրան հոմմաժ մատուցեց որպես Անգլիայի թագավոր։ Շոտլանդիան մնաց միասնական, բայց նվաճվեց։
1297 թվականի սկզբին Ուիլյամ Ուոլեսի, Էնդրյու դե Մորեյի և շոտլանդական այլ ազնվականների ղեկավարությամբ սկսված ապստամբությունը ստիպեց Էդուարդ I-ին լրացուցիչ ուժեր ուղարկել Շոտլանդիա, և թեև նրանք կարողացան կապիտուլացնել Իրվինի ազնվականությանը, Ուոլեսը և դե Մորեյը շարունակեցին ապստամբությունը, որը, ի վերջո, հանգեցրեց Սթերլինգյան կամրջի ճակատամարտում շոտլանդական առաջին առանցքային հաղթանակին։ Էնդրյու դե Մորեյը մահացու վիրավորվեց Սթերլինգի մարտում և մահացավ մարտից անմիջապես հետո։ Դրան հաջորդեցին շոտլանդական մարտարշավները դեպի Հյուսիսային Անգլիա և 1298 թվականի մարտին Ուոլեսի նշանակումը որպես «Շոտլանդիայի պահապան»։ Սակայն հուլիսին Էդուարդ I-ը իր բանակի հետ կրկին ներխուժեց Շոտլանդիա՝ մտադիր լինելով ջախջախել Ուոլեսին ու նրա հետևորդներին և շոտլանդացիներին պարտության մատնեց Ֆոլկերկի ճակատամարտում։ Բայց Էդուարդ I-ը չկարողացավ Շոտլանդիան նվաճել ամբողջությամբ՝ նախքան Անգլիա վերադառնալը։
Դրանից հետո, սակայն, ճշգրիտ տվյալներ Ուոլեսի և այն մասին, թե նա ինչ է արել Ֆոլկերկի ճակատամարտից հետո, չկան. առկա են միայն մի քանի վարկածներ։ Ըստ որոշ աղբյուրների, Ուոլեսը մեկնել է Ֆրանսիա՝ շարունակվող պատերազմում ընդդեմ անգլիացիների պայքարելու հանուն Ֆրանսիայի թագավորի, միևնույն ժամանակ Սեն-Էնդրյուսի եպիսկոպոս Վիլյամ դե Լամբերտը, ով մեծ աջակցություն էր ցուցաբերել Շոտլանդիայի վեճի ժամանակ, գնաց Հռոմ՝ Պապի մոտ։
Ուոլեսի գործի շարունակողները դարձան Ռոբերտ Բրյուսը և Ջոն Կոմինը՝ որպես միավորված «Պահապաններ», նրանց հետ էր նաև Վիլյամ դե Լամբերտը՝ Սեն- Էնդրյուսի եպիսկոպոսը, ով 1299 թվականին նշանակվել էր որպես երրորդ՝ չեզոք կողմ, փորձելու ապահովել կարգուկանոնը նրանց միջև։ Այդ տարվա ընթացքում Ֆրանսիայի և Հռոմի կողմից դիվանագիտական ճնշումները համոզեցին Էդուարդ I-ին, Պապի կարգադրությամբ, բանտարկությունից ազատել Ջոն I թագավորին, և Ուոլեսը ուղարկվեց Ֆրանսիա՝ հայցելու Ֆիլիպ IV-ի օգնությունը. հնարավոր է, որ նա նաև Հռոմ է մեկնել։
Էդուարդ I-ի հետագա արշավանքները 1300 և 1301 թվականներին հանգեցրեցին 1302 թվականին շոտլանդացիների և անգլիացիների միջև հրադադարի հաստատմանը։ 1303-1304 թվականների հերթական արշավանքից հետո Սթերլինգը՝ շոտլանդալան վերջին խոշոր ամրոցը, վերցվեց անգլիացիների կողմից, և 1304 թվականի փետրվարին բանակցությունները հանգեցրեցին նրան, որ շոտլանդացի ազնվականների մեծ մասը Էդուարդին հոմմաժ մատուցեցին, և Շոտլանդիան մնաց միասնական, բայց կապիտուլացված։ Այդ ժամանակ Ռոբերտ Բրյուսն ու Վիլյամ դե Լամբերտը, հնարավոր է, դաշինք են կնքել, որի նպատակն այն էր, որ Բրյուսը զբաղեցնի շոտլանդական գահը և շարունակի պայքարը։ Այդուամենայնիվ, դե Լամբերտը սերում էր Բալլիոլ-Կոմին խմբակցության հետ կապված ընտանիքից, ուստի նրա իրական հակումները անհայտ են։
1305 թվականին Ուոլեսի ձերբակալությունից և մահապատժից հետո Շոտլանդիան, թվում էր, վերջնականապես նվաճված է, և ապստամբությունները որոշ ժամանակով դադարեցվեցին։
Պատերազմի ժամանակաշրջանը Ռոբերտ I Բրյուս արքայի օրոք՝ 1306-1328 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1306 թվականի փետրվարի 10-ին շոտլանդական գահի երկու առկա հավակնորդներ Ռոբերտ Բրյուսի և Ջոն Կոմինի միջև կայացած հանդիպման ժամանակ Բրյուսը վիճեց Կոմինի հետ և սպանեց նրան Դամֆրիսում՝ Գրեյֆրայերզ Կիրկում։ Այդ պահից շոտլանդական ապստամբությունը կրկին բռնկվեց։
Կոմինը, կարծես, խախտել էր նրանց միջև եղած համաձայնագիրը և թագավոր Էդուարդ I-ին հայտնել էր Շոտլանդիայի թագավոր դառնալու՝ Բրյուսի պլանների մասին։ Համաձայնագրի բովանդակությունն այն էր, որ երկու հավակնորդներից մեկը պետք է հրաժարվեր Շոտլանդիայի գահի հանդեպ իր հավակնություններից, բայց փոխարենը մյուսից ստանար այլ հողեր և ամեն տեսակի աջակցություն։ Կոմինը, հավանաբար, մտածել էր, թե ինչպես ձեռք բերի և՛ հողերը, և՛ գահը, իսկ Բրյուսին մատնի անգլիացիներին։ Կոմինից Էդուարդ I-ին ուղարկված նամակն առգրավվեց Բրյուսի և նրա կողմնակիցների կողմից, և Կոմինի ներգրավվածությունը այս ամենին ակնհայտ է դարձավ։ Բրյուսն այնուհետև իր շուրջը համախմբեց շոտլանդացի պրելատներին ու ազնվականներին և 1306 թվականի մարտի 25-ին, Դամֆրիսի սպանությունից յոթ շաբաթ անց, Սկոնում թագադրվեց Շոտլանդիայի թագավոր։ Այնուհետև Ռոբերտ I-ը նոր արշավանք սկսեց՝ իր թագավորությունը ազատագրելու համար։
Սակայն շուտով Ռոբերտ I-ը պարտություն կրեց անգլիացիներից Մեթվենի և Դերլայի մարտերում և որպես հանցագործ վտարվեց Շոտլանդիայի հիմնական մասից։ Հետագայում, Ռոբերտ I Բրյուսը ընդհատակից դուրս եկավ 1307 թվականին։ Շոտլանդացիները համախմբվեցին նրա շուրջը, և նա կարողացավ մի շարք մարտերում հաղթել անգլիացիներին։ Նրա զորքերը շարունակում էին աճել և հաղթանակներ տարել, այդ թվում՝ կապված 1307 թվականին հուլիսին Էդուարդ I-ի մահվան հանգամանքիով։ 1314 թվականին Բեննոկբերնի ճակատամարտը շոտլանդական հաղթանակների մեջ ամենակարևորը դարձավ։
1320 թվականին Արբրոտի հռչակագիրը շոտլանդացի ազնվականների կողմից ուղարկվեց Պապին. այստեղ ճանաչվում էր Շոտլանդիայի անկախությունը Անգլիայից։ Նույնաբովանդակ երկու հռչակագրեր ուղարկվեցին նաև հոգևորականությանը և Ռոբերտ I-ին։ 1327 թվականին Անգլիայի թագավոր Էդուարդ II-ը գահընկեց արվեց և սպանվեց։ Ռոբերտ I Բրյուսի ներխուժումը Հյուսիսային Անգլիա ստիպեց նոր թագավոր Էդուարդ III-ին 1328 թվականի մայիսի 1-ին ստորագրել Նորթհեմփթոնի պայմանագիրը, որով ճանաչում էր Շոտլանդիայի անկախությունը՝ ի դեմս թագավոր Ռոբերտ Բրյուսի։ Խաղաղության հետագա ամրապնդման համար Ռոբերտ I-ի որդին և ժառանգը՝ Դավիթը ամուսնացավ Էդուարդ III-ի քրոջ՝ Ջոաննայի հետ։
Երկրորդ պատերազմը անկախության համար՝ 1332-1357 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոբերտ Բրյուսի մահից հետո շոտլանդական թագավոր Դավիթ II-ը դեռ շատ երիտասարդ էր իշխելու համար, ուստի ռեգենտությունը ստանձնեց Թոմաս Ռենդոլֆը՝ կոմս Մորեյը։ Սակայն Էդուարդ III-ը, չնայած նրան, որ իր անունը սերտորեն կապված էր Նորթհեմփթոնի պայմանագրի հետ, վճռական էր վրեժխնդիր լինել շոտլանդացիների կողմից պատճառված նվաստացումների համար, և այդ հարցում նա կարող էր օգնություն ակնկալել Էդուարդ Բալլիոլից՝ Ջոն Բալլիոլի որդու և շոտլանդական գահի հավակնորդի կողմից։
Էդուարդ III-ը աջակցություն ուներ նաև շոտլանդացի ազնվականության կողմից՝ Բալլիոլի և Հենրի Բոմոնտի գլխավորությամբ, ովքեր հայտնի էին որպես «ընչազուրկներ»։ Ազնվականների այդ խումբը հօգուտ անգլիացիների հանդես էր եկել անկախության համար Առաջին պատերազմում, իսկ Բաննոկբերնից հետո Ռոբերտ Բրյուսը նրանց մեկ տարի ժամանակ էր տվել հայրենի երկիր վերադառնալու համար։ Երբ նրանք հրաժարվեցին, նա զրկեց վերջիններիս իրենց տիտղոսներից ու հողերից՝ դրանք բաժանելով իր դաշնակիցներին։ Երբ խաղաղություն կնքվեց, նրանք ռազմական ռեպարացիաներ չստացան։ Այդ «ընչազուրկներ» փափագում էին վերադարձնել իրենց հին հողերը և ցանկանում էին, որ խաղաղությունը խաթարվի։
Կոմս Մորեյը մահացավ 1332 թվականի հուլիսի 20-ին։ Շոտլանդական ազնվականությունը հավաքվեց Պերտում, որտեղ նրանք նոր «Պահապան» ընտրեցին Դումնալ II-ին՝ Մարի կոմսին։ Այդ ժամանակ Բալլիոլի գլխավորությամբ մի փոքր խումբ նավերով մոտեցավ Համբերին։ Բաղկացած լինելով «ընչազուրկ» ազնվականներից ու վարձկաններից՝ այդ խմբի ուժերը, հավանաբար, ավելին չէին, քան մի քանի հարյուր մարդը։
Էդուարդ III-ն այդ պահին պաշտոնապես դեռ հաշտ էր Դավիթ II-ի հետ, ուստի Բալլիոլի հետ նրանց հարաբերությունները միտումնավոր թաքցվում էին։ Նա, իհարկե, հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում, և Բալլիոլը, հավանաբար, մինչև մեկնելը նրան գաղտնի հոմմաժ էր մատուցել, բայց Բալլիոլի հուսահատ սխեման, պարզվեց, դատապարտված էր ձախողման։ Էդուարդն այդ պատճառով էլ թույլ չտվեց Բալլիոլին ներխուժել Շոտլանդիա Թվիդ գետից. դա խաղաղության պայմանագրի չափազանց ակնհայտ խախտում կլիներ։ Նա համաձայնեց միայն փակել իր աչքերը ծովից ներխուժման վրա, սակայն հասկացրեց, որ հետևելու է նրանց և կզավթի նրանց բոլոր անգլիական հողերը, եթե Բալլիոլը և նրա ընկերները անհաջողության մատնվեն։
«Ընչազուրկները» ափ դուրս եկան Քինգհորնում, Ֆայֆի մարզում, օգոստոսի 6-ին։ Նրանց ներխուժման մասին լուրերն իրենցիցի շուտ էին հասել, և երբ նրանք շարժվում էին դեպի Պերտ, նրանց ճանապարհը փակեց շոտլանդական մեծ բանակը, որը բաղկացած է հիմնականում հետևակային բանակից՝ նոր «Պահապանի» ղեկավարությամբ։
Դապլին-Մուրի ճակատամարտում Բալլիոլի բանակը՝ Հենրի Բոմոնտի հրամանատարությամբ, հաղթեց նրանց թվով գերազանցող շոտլանդացիներին։ Բոմոնտը օգտագործել էր այն նույն մարտավարությունը, որով անգլիացիները դեռ պետք է աչքի ընկնեին Հարյուրամյա պատերազմի ժամանակ՝ դեպի կենտրոն շտապող ասպետներով և ֆալանգներում տեղաբաշխված աղեղնավորներով։ Աղեղների մահաբեր անձրևի տակ հայտնվելով՝ շոտլանդացիների մեծ մասը չկարողացավ անգամ հասնել հակառակորդի գծին։ Երբ կոտորածը վերջապես ավարտվեց, էրլ Մարը՝ Ռոբերտ Բրյուսը (Ռոբերտ Բրյուս թագավորի ապօրինի որդին), շատ ազնվականներ և մոտ 2000 շոտլանդացիներ սպանված էին։ Էդուարդ Բալլիոլը թագադրվեց Շոտլանդիայի թագավորի կողմից սկզբում Պերտում, իսկ հետո՝ կրկին, արդեն սեպտեմբերին՝ Սկոնի աբբայությունում։ Բալլիոլի հաջողությունը զարմացրեց Էդուարդ III-ին, և վախենալով, որ Բալլիոլի ներխուժումը, ի վերջո, ձախողվելու է, որը կհանգեցնի շոտլանդացիների ներխուժմանը Անգլիա, նա իր բանակի հետ շարժվեց դեպի հյուսիս։
Հոկտեմբերին սըր Արչիբալդ Դուգլասը, այժմ՝ «Շոտլանդիայի պահապանը», հրադադար կնքեց Բալլիոլի հետ իբրև, որպեսզի Շոտլանդիայի խորհրդարանին թույլ տա հավաքվելու և որոշելու, թե ով է իրենց իսկական թագավորը։ Հրադադարի հիման վրա Բալլիոլը ազատ արձակեց իր անգլիական զորքերի մեծ մասը և տեղափոխվեց Աննան՝ Սոլուեյ-Ֆերտի հյուսիսային ափ։ Նա երկու հրապարակային նամակ հրապարակեց՝ ասելով, որ Անգլիայի օգնությամբ նա վերադարձրեց իր թագավորությունը, և խոստովանում Էր, որ Շոտլանդիան միշտ էլ Անգլիայի ավատն է եղել։ Նա Էդուարդ III-ին հողեր խոստացավ սահմանի վրա, այդ թվում՝ Բերվիկ-ապ-Թվիդը, ինչպես նաև խոստացավ մինչև իր կյանքի վերջը ծառայել նրան։ Սակայն դեկտեմբերին Դուգլասը հարձակվեց Բալլիոլի վրա Աննանում, առավոտվա առաջին ժամերին։ Բալլիոլի մարդկանց մեծ մասը սպանվեց, թեև ինքը կարողացավ փախչել պատի անցքից և մերկ վիճակով, նժույգով ճողոպրեց դեպի Կառլայլ։
1333 թվականի ապրիլին Էդուարդ III-ը և Բալլիոլը անգլիական մեծ բանակով պաշարեցին Բերվիկը։ Արչիբալդ Դուգլասը հուլիսին փորձեց քաղաքը դուրս բերել պաշարումից, սակայն պարտություն կրեց և սպանվեց Հալիդոն Հիլլի ճակատամարտում։ Դավիթ II-ը և թագուհին տեղափոխվեցին ավելի անվտանգ Դամբարթոն ամրոց, Բերվիկը հանձնվեց Էդուարդին։ Այդ ժամանակ Շոտլանդիայի մեծ մասը գտնվում էր անգլիական օկուպացիայի տակ, ընդ որում՝ Միջինշոտլանդական դաշտավայրի ութ շրջանները հանձնվեցին Անգլիային Էդուարդ Բալլիոլի կողմից։
1334 թվականի սկզբին Ֆիլիպ VI Ֆրանսիացին առաջարկեց Ֆրանսիա տեղափոխել Դավիթ II-ին և նրա արքունիքը, որպեսզի նրանք այստեղ ապաստանեն, մայիսին նրանք տեղափոխվեցին Ֆրանսիա, Նորմանդիայի Շատո-Հայար ամրոց՝ դառնալով, այսպես կոչված, «արտաքսված կառավարություն»։ Ֆիլիպը նաև որոշեց խափանել ընթացքի մեջ գտնվող անգլո-ֆրանսիական բանակցությունները (այն ժամանակ Անգլիան և Ֆրանսիան վեճերի մեջ էին, որոնք շուտով հանգեցնելու են Հարյուրամյա պատերազմին)՝ Էդուարդ III-ին հայտարարելով, որ Ֆրանսիայի և Անգլիայի միջև ցանկացած պայմանագիր պետք է ներառի շոտլանդական արտաքսված թագավորի ճակատագրի մասին կետ։
Դավիթի բացակայությամբ շատ «Պահապաններ» շարունակեցին պայքարը։ Նոյեմբերին Էդուարդ III-ը կրկին ներխուժեց Շոտլանդիա, բայց նա շատ քիչ բանի հասավ և 1335 թվականի փետրվարին նահանջեց. դա հիմնականում պայմանավորված էր այն հանգամանքով, որ նա չկարողացավ տեղի շոտլանդացիներին ընդգրկել մարտերում։ Նա և Էդուարդ Բալլիոլը հուլիսին 13000-անոց բանակով կրկին վերադարձան և հարձակումը սկսեցին Շոտլանդիայից՝ սկզբում Գլազգոյի վրա, ապա Պերտի, որտեղ գտնվում էր Էդուարդ III-ը. նրա բանակը ոչնչացնում և թալանում էր շրջակա գյուղերը։ Այդ ժամանակ շոտլանդացիները հետևում էին «մարտերից խույս տալու» ծրագրին՝ սահմանափակվելով միայն ծանր հեծելազորի փոքր հարձակումներով, որն այն ժամանակվա համար սովորական պրակտիկա էր։ Շոտլանդական որոշ առաջնորդներ, այդ թվում՝ էրլ Ատոլլը, ով Էդուարդ Բալլիոլի հետ վերադարձել էր և 1332-1333 թվականներին Շոտլանդիայում էր, միացան Բրյուսի խմբակցությանը։
Էդուարդի՝ Անգլիա վերադառնալուց հետո շոտլանդական դիմադրության մյուս առաջնորդները «Պահապան» ընտրեցին սըր Էնդրյու Մյուրեյին։ Շուտով նա հաշտություն կնքեց Էդուարդի հետ մինչև 1336 թվականի ապրիլը, որի ընթացքում տարբեր ֆրանսիական և պապական էմիսարներ փորձում էին երկու կողմերի միջև խաղաղության շուրջ համաձայնության գալ։ Հունվարին շոտլանդացիները պայմանագրի նախագիծ կազմեցին՝ համաձայնելով թագավոր ճանաչել տարեց և անժառանգ Էդուարդ Բալլիոլին, Դավիթ II-ը կլինի նրա ժառանգորդը և կկարողանա լքել Ֆրանսիան Անգլիայում ապրելու համար։ Այդուամենայնիվ, Դավիթ II-ը մերժեց խաղաղության և հետագա հաշտության առաջարկը։ Մայիսին Շոտլանդիա ներխուժեց անգլիական բանակը՝ Հենրի Գրոսմոնտ Լանկասթերի հրամանատարությամբ, իսկ դրանից հետո՝ հուլիսին, մեկ այլ բանակ՝ Էդուարդ թագավորի հրամանատարությամբ։ Նրանք միասին ամայացրին հյուսիս-արևելքի մեծ մասը, հարձակվեցին Էլգինի և Աբերդինի վրա, իսկ երրորդ բանակը ավերեց հարավ-արևմուտքը և Կլայդի հովիտը։ Այս ներխուժման կապակցությամբ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հայտարարեց, որ իր պարտքն է համարում իր ենթակայության տակ գտնվող բոլոր ուժերով օգնություն ցուցաբերել Շոտլանդիային, որ նա մեծ նավատորմ ունի և իր բանակը պատրաստվում է ներխուժել Անգլիա։ Էդուարդը շտապ վերադարձավ Անգլիա, իսկ Մյուրեյի հրամանատարությամբ շոտլանդացիները գրավեցին և ավերեցին անգլիական մի շարք ամրոցներ, ավերեցին շրջակայքը՝ դրանք անգլիացիների համար դարձնելով այլևս ոչ պիտանի։
Չնայած Էդուարդ III-ը կրկին ներխուժեց, բայց նրան ավելի շատ անհանգստացնում էր ֆրանսիական հնարավոր ներխուժումը, և 1336 թվականի վերջին շոտլանդացիները կարողացան իրենց վերահսկողության տակ առնել գրեթե ամբողջ Շոտլանդիան, և 1338 թվականին իրավիճակը փոխվեց։ Չնայած «Սև Ագնեսսը»՝ Դանբարի և Մարչի կոմսուհի-կոնսորտը շարունակում էր դիմադրել պաշարված անգլիական Դանբար դղյակում՝ ձանձրացնող կոչեր և վիրավորանքներ «տեղալով» դղյակի պատերից, Շոտլանդիան որոշակի դադար ստացավ, երբ Էդուարդ III-ը իրեն հայտարարեց Ֆրանսիայի թագավոր և իր բանակը տարավ Ֆլանդրիա՝ սկսելով Հարյուրամյա պատերազմը Ֆրանսիայի հետ։
1335 թվականի աշնան վերջին Ստրատբոգին, «ընչազուրկ» էրլ Ատոլլը և Էդուարդ III-ը մտադրվեցին ոչնչացնել շոտլանդական դիմադրությունը՝ շոտլանդացի ազատ գյուղացիներին զրկելով հողերից և սպանելով նրանց։ Դրանից հետո Ստրատբոգին պաշարեց Կիլդամմի ամրոցը, որը պահպանում էր լեդի Քրիստիան Բրյուսը՝ հանգուցյալ Ռոբերտ Բրյուսի քույրը և «պահապան» Էնդրյու դե Մորեյի կինը։ Նրա ամուսինը բանակը տեղափոխեց դեպի իր ամրոցը և արագ հանեց պաշարումը, թեև նրա զինվորների թիվը հակառակորդին զիջում էր հինգ անգամ։ Ճիշտ է, Ստրատբոգի զինվորներից շատերը տպավորված էին շոտլանդացիներից և հավատարիմ չգտնվեցին անգլիացիներին ու ուզուրպատոր Բալլիոլին։ Բլուրից իջնելու ժամանակ թնդանոթների հարձակումներից Ստրատբոգիի բանակը կոտրվեց, իսկ ինքը ՝ Ստրատբոգին հրաժարվեց հանձնվել և սպանվեց։ Կուլբլինի ճակատամարտը Շոտլանդիայի թագավորին տապալելու Բալլիոլի փորձերի վերջնակետն էր։
Այսպիսով, ընդամենը ինը տարվա ընթացքում Ռոբերտ Բրյուսի կողմից այդքան դժվարությամբ պաշտպանված թագավորությունը ոչնչացվեց և կրկին վերածնվեց։ Նրա փորձառու ազնվականներից շատերը մեռած էին, և տնտեսությունը, որը հազիվ էր վերականգնվել նախորդ պատերազմներից, կրկին հայտնվեց ավերակների մեջ։ Երկիրը աղքատ էր և խաղաղության ու լավ կառավարության կարիք ուներ, Դավիթ II-ը վերջապես 1341 թվականի կեսերին վերադարձավ Շոտլանդիա։
Երբ Դավիթը վերադարձավ, նա լի էր վճռականությամբ՝ ապրելու իր ականավոր հոր հիշատակով։ Նա անտեսեց Անգլիայի հետ հաշտությունը, և Հարյուրամյա պատերազմի առաջին տարիներին ցանկանում էր լինել Ֆիլիպ VI-ի դաշնակիցը։ 1341 թվականին նա գլխավորեց Անգլիայի դեմ արշավանքը՝ Էդուարդ III-ին ստիպելով բանակը տանել հյուսիս՝ սահմաններն ամրապնդելու համար։ 1346 թվականին շոտլանդական նոր արշավանքներից հետո Ֆիլիպ VI-ը նրան առաջարկեց ներխուժել Անգլիա՝ ֆրանսիացիների համար հեշտացնելու անգլիական Կալեի զավթումը։ Դավիթը ուրախությամբ ընդունեց այդ առաջարկը և անձամբ գլխավորեց շոտլանդական բանակը, որը շարժվում էր հարավ՝ Դարհեմը գրավելու նպատակով։ Ի պատասխան սրա՝ անգլիական բանակը շարժվեց Յորքշիրից հյուսիս՝ շոտլանդացիներին դիմակայելու համար։ Հոկտեմբերի 14-ին Նևիլս-Կրոսսի ճակատամարտում շոտլանդացիները պարտություն կրեցին։ Նրանք ծանր կորուստներ ունեցան, և Դավիթը, մինչ գերի ընկնելը, դեմքից երկու աղեղով վիրավորվեց։ Նա, դրանով հանդերձ, բավականաչափ ուժեղ է եղել՝ կոտրելով իրեն գերեվարողի երկու ատամները։ Առողջության վերականգնման ժամանակահատվածում նա բանտարկված է եղել Թաուերում, ուր գերության մեջ անցկացրել է տասնմեկ տարի, մինչև Շոտլանդիայում իշխանության եկավ իր եղբորորդին՝ Ռոբերտ Ստյուարտը։ Էդուարդ Բալլիոլը դրանից կարճ ժամանակ անց վերադարձավ Շոտլանդիա՝ այստեղ իր իշխանությունը վերականգնելու վերջին փորձն անելու։ Նա միայն հասցրեց վերահսկողություն հաստատել Գալոուեյի որոշ շրջանների նկատմամբ, որտեղ նրա կրճատված ռազմական ուժերը գտնվեցին մինչև 1355 թվականը։ Ի վերջո, նա հրաժարվեց շոտլանդական գահի հավակնություններից 1356 թվականին և մահացավ 1361թվականին։
Վերջապես, 1356 թվականի հոկտեմբերի 3-ին Դավիթը ազատ արձակվեց բանտից Բերվիկյան պայմանագրի համաձայն, ըստ որի շոտլանդացիները համաձայնել էին նրա համար հսկայական փրկագին՝ 100 հազար մերկ վճարել (1 մերկը այն ժամանակ հավասար էր անգլիական ֆունտի 2/3-ին), որը ենթակա էր վճարման 10 տարվա ընթացքում։ Ծանր հարկեր անհրաժեշտ եղան ապառիկ վճարվող փրկագնի մարման նպատակով միջոցներ ունենալու համար, դա հանգեցրեց Դավիթի օտարացմանը իր հպատակներից, քանի որ նա օգտագործում էր վերջիններիս գումարները իր սեփական նպատակների համար։ Երկիրը գտնվում էր անմխիթար վիճակում. այն ավերվել էր պատերազմից և Սև մահից։ Փրկագնի առաջին մասը վճարվեց ժամանակին, երկրորդն արդեն՝ զգալիորեն ավելի ուշ, իսկ դրանից հետո արդեն վճարելու միջոց այլևս չկար։
1363 թվականին Դավիթը մեկնեց Լոնդոն և համաձայնեց, որ եթե ինքը անժառանգ մահանա, ապա Շոտլանդիայի գահը կփոխանցվի Էդուարդին (իր աներորդուն) կամ վերջինիս որդիներից որևէ մեկին, իսկ Սկուտյան քարը կվերադարձվի Շոտլանդիա՝ նրանց, որպես թագավորներ թագադրելու համար։ Սակայն դա, կարծես թե, փրկագնման կրկնակի բանակցությունների բավականին անազնիվ փորձ էր, քանի որ Դավիթը հիանալի գիտեր, որ խորհրդարանը մերժելու է այդ առաջարկը։ Շոտլանդացիները հրաժարվեցին այդ առաջարկից և շարունակեցին վճարել փրկագինը (մինչ այդ պահը ավելացել էր մինչև 100 հազար ֆունտ)։ 25-ամյա հաշտությունը կնքվեց 1369 թվականին, 1365 թվականի պայմանագիրը չեղյալ հայտարարվեց, փոխարենը կնքվեց նորը՝ հօգուտ շոտլանդացիների՝ հաշվի առնելով Ֆրանսիայի վրա պատերազմի ազդեցությունը։ Նոր պայմանագիրը հաշվի էր առնում արդեն վճարված 44 000 մերկը, որոնք նվազեցվել էին նախնական 100 000-ից, և մնացորդը պետք է վճարվեր 4000-ական մասերով՝ հաջորդող 14 տարիների ընթացքում։
Երբ Էդուարդը 1377 թվականին մահացավ, ևս 24 000 մերկի պարտք կար, որը չէր վճարվել։ Դավիթը կորցրեց իր ժողովրդականությունը և հարգանքը ազնվականների մոտ, երբ իր անգլիացի կնոջ մահից հետո ամուսնացավ աննշան լերդի այրու հետ։ Նա՝ ինքը, մահացավ 1371 թվականի փետրվարին։
Պատերազմաշրջանի ավարտին Շոտլանդիան անկախ էր և այդպիսին մնաց մինչև 1603 թվականին անգլիական և շոտլանդական թագերի միավորումը, երբ Անգլիայի թագավորությունը, արդեն Իռլանդիայի Թագավորության հետ անձնական ունիայով, ժառանգվեց շոտլանդական թագավոր Ջեյմս VI-ին, ապագա Հակոբ I-ին։ Անգլիայի Թագավորության և Շոտլանդիայի Թագավորության ֆորմալ միավորումը, որով ստեղծեց Մեծ Բրիտանիայի միասնական թագավորությունը, ավարտվեց 1707 թվականի Միավորման մասին պայմանագրով։
Կարևոր ճակատամարտեր և իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բերիկի նվաճումը (1296),
- Դանբարի ճակատամարտ (1296)
- Ճակատամարտ Սթերլինգյան կամրջի վրա, 1297
- Ֆոլկերկի ճակատամարտ (1298),
- Ռոսլինի ճակատամարտ, 1303
- Հեպպրյուի ճակատամարտ, 1304
- Սթերլինգ դղյակի անկումը, 1304
- Մևինի ճակատամարտ, 1306
- Դելրայի ճակատամարտ, 1306
- Գլեն-Տրուլի ճակատամարտ, 1307
- Լուդինյան բլրի ճակատամարտ, 1307
- Սլիխի ճակատամարտ, 1307
- Ինվերուրի ճակատամարտ, 1308
- Բրանդերի լեռնանցքի ճակատամարտ, 1308
- Բեննոկբերնի ճակատամարտ, 1314
- Կոննորի ճակատամարտ, 1315
- Սքամիրի ճակատամարտ, 1316
- Սքերրիսի ճակատամարտ, 1316
- Ֆոգհարտյանբլուրների ճակատամարտ, 1318
- Բերիկի առումը (1318), 1318
- Մայտոնի ճակատամարտ, 1319
- Արբրոտյան հռչակագիր, 1320
- Բորուգբրիջի ճակատամարտ, 1322
- Հին Բայլենդի ճակատամարտ, 1322
- Կորբեյան պայմանագիր (1326), 1326
- Սթենհոուպյան այգու ճակատամարտ, 1327
- Նորթհեմփթոնյան պայմանագիր, 1328
- Դուպլինմուերի ճակատամարտ, 1332
- Հալիդոն Հիլլի ճակատամարտ, 1333
- Դորնոկի ճակատամարտ, 1333
- Բորոմիրի ճակատամարտ, 1335
- Կուլբլինի ճակատամարտ, 1335
- Նևիլլս-Կրոսսի ճակատամարտ, 1346
- Բերիկյան պայմանագիր (1357), 1357