Jump to content

Ռոքսբուրգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ռոքսբուրգ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքՍքոթիշ Բորդերս
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01573
Փոստային դասիչTD5
Ռոքսբուրգ (Միացյալ Թագավորություն)##
Ռոքսբուրգ (Միացյալ Թագավորություն)

Ռոքսբուրգ (/ˈrɒksbərə/), նաև հայտնի որպես Ռոսբրոք, ծխական համայնք ու ավերված թագավորական քաղաք, որը գտնվում է Սքոթիշ Բորդերս տարածաշրջանի Ռոքսբուրգշայր պատմական կոմսության տարածքում։ Եղել է կարևոր առևտրական քաղաք բարձր միջնադարյան ու վաղ ժամանակակից Շոտլանդիայում։ Միջին դարերում ունեցել է այնքան կարևորություն, որքան Էդինբուրգը, Սթիրլինգը, Փերթը կամ Բերվիք-ըփոն-Թվիդը, որոշ ժամանակ հանդիսանալով դե ֆակտո մայրաքաղաք (որպես Դավիդ I-ի թագավորական նստավայր)։

Ամրոցի կարևորությունը պայմանավորված էր իր դիրքով․ այն գտնվում էր շոտլանդական ցածրավանդակի կենտրոնական մասի գյուղատնտեսորեն բերրի տարածքներում, նաև Թվիդ գետի վրա, որը թույլ էր տալիս տեղափոխել ապրանքներ Բերվիք-ըփոն-Թվիդի գլխավոր նավահանգստից։ Ամրոցի դիրքը նաև խոչընդոտում էր անգլիական ներխուժումներին։

Քաղաքը գտնվում էր Թվիդ և Թեվիոթ գետերի միջև պաշտպանելի մի թերակղզու վրա, որի նեղ պարանոցն էլ հսկում էր Ռոքսբուրգ ամրոցը։ Քաղաքից ոչինչ չի մնացել, բացի ամրոցի բերդապատնեշների մի քանի ավերված հատվածներից։ Տեղանքը գտնվում է ժամանակակից Քեսլոյից ու Ֆլորզ ամրոցից դեպի հարավ, որոնք գտնվում են Թվիդի մյուս կողմում։ Տարածքը պատկանում է Ռոքսբուրգի դքսին։

Անգլիական ու շոտլանդական բանակները բազմիցս անգամ նվաճել ու վերանվաճել են քաղաքը շոտլանդական անկախության պատերազմների ժամանակ, հատկապես 1314 թվականին Բաննոքբրնին նախորդող ժամանակահատվածում։ 1460 թվականի նրա վերջնական գրավումից հետո քաղաքն ու ամրոցն ավերվել են։ Այդ ժամանակից ի վեր քաղաքն այլևս չի վերստացել իր կարևորությունը, որովհետև 1482 թվականին Բերվիք-ըփոն-Թվիդի վերջնական անգլիական նվաճումն ամրոցի համար գոյատևելու քիչ պայման էր թողել՝ այսուհետ նավահանգստի բացակայության հետևանքով։

Որպես նախկին Ռոքսբուրգշայրի կոմսության գյուղաքաղաք Ռոքսբուրգին փոխարինել է Ջեդբուրգը[1]։

Ուրիշ շատ քիչ բան է հայտնի այս մեծապես կարևոր վայրի մասին, քանի որ Ռոքսբուրգի դուքսը՝ հողասեփականատերը, հրաժարվում է թույլատրել հնագետներին կատարել պեղումներ այնտեղ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոքսբուրգը հավանաբար առաջացել է հին անգլերենի *hrōcas burh, "սերմնագռավի քաղաք" արտահայտությունից[2]։

Ռոքսբուրգի շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ (1975–1996), "Ռոքսբուրգը" վերաբերել է տեղական կառավարման մի շրջանի Շոտլանդիայի Բորդերս տարածաշրջանում։ Դրա սահմանները հիմնականում նման էին Ռոքսբուրգշայր պատմական կոմսության սահմաններին։ 1996 թվականին Ռոքսբուրգի շրջանը դարձել է Սքոթիշ Բորդերս միասնական տարածքի մաս։ (Տես նաև՝ Subdivisions of Scotland.)

Ռոքսբուրգ գյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր Ռոքսբուրգ անունով կոչվում է մի փոքրիկ գյուղ պատմական Ռոքսբուրգից մոտավորապես 2 մղոն (3 կիլոմետր) դեպի հարավ-հարավարևմուտք։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • John Sadler (2005). Border Fury: England and Scotland at War, 1296–1568. Harlow, England: Pearson/Longman. 9780582772939.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքսբուրգ» հոդվածին։