Jump to content

Մարիա Մոնտեսսորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիա Մոնտեսսորի
իտալ.՝ Maria Montessori
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 31, 1870(1870-08-31)[1][2][3][…]
ԾննդավայրԿիարվալլե, Իտալիայի թագավորություն[4]
Մահացել էմայիսի 6, 1952(1952-05-06)[3][4][1][…] (81 տարեկան)
Մահվան վայրՆորդվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԳերեզմանՆորդվեյկ
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունՀռոմի Սապիենզա համալսարան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր
Մասնագիտությունբժիշկ, մանկավարժ և ակնարկագիր
ԱշխատավայրՀռոմի Սապիենզա համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Officer of the order Orange-Nassau
ԱնդամությունAssociazione per la donna?
ԵրեխաներՄարիո Մոնտեսսորի
 Maria Montessori Վիքիպահեստում

Մարիա Մոնտեսսորի (իտալ.՝ Maria Montessori, օգոստոսի 31, 1870(1870-08-31)[1][2][3][…], Կիարվալլե, Իտալիայի թագավորություն[4] - մայիսի 6, 1952(1952-05-06)[3][4][1][…], Նորդվեյկ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), իտալացի բժիշկ, մանկավարժ, փիլիսոփա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ալեսսանդրո և Ռեյնիլդե Մոնտեսսորիների միակ զավակը։ Ծնվել է 1870 թվականի օգոստոսի 31-ին, Իտալիայում։ Հայրը բարձրաշխարհիկ պաշտոնյա էր, իսկ մայրը հնագույն իտալական Ստոպանի տոհմից էր, որում գերակշռում էին գիտնականները։ Մարիայի մանկությունից շատ բան հայտնի չէ, միայն այն, որ ծնողներն ամեն բան արել են, որպեսզի իրենց զավակը բարձրորակ կրթություն ստանա և հասնի մարդկային կատարելության, սակայն կաթոլիկ Իտալիայում դա կնոջ ավանդական դիրքը չէր և գրեթե անհնար էր։ Դեռ տարրական դպրոցում Մարիան նկատեց, որ ուսումնառությունն ու քննություններն իրեն հեշտ են տրվում, հատկապես նա ձիրք ուներ դեպի մաթեմատիկան։ Նրա դասընկերուհիների հիշողություններից իմանում ենք, որ նույնիսկ թատրոն գնալիս Մարիան տանում էր դասագիրքը և թատրոնի կիսախավարում նստած լուծում էր մաթեմատիկական խնդիրներ։

12 տարեկանում նա երազում էր գիմնազիա ընդունվելու մասին, որտեղ, սակայն, կանանց արգելված էր սովորել։ Եվ այդ ժամանակ Մարիան որոշեց, որ կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի չոտնահարվեն սովորողի իրավունքները։

Նա ավելի ու ավելի էր տարվում բնագիտական առարկաներով և վերջապես կատարեց իր մասնագիտական ընտրությունը՝ մանկաբույժ։ Բայց այն ժամանակ Իտալիայում բժշկությունը տղամարդկանց մենաշնորհն էր, սակայն այստեղ ևս Մարիայի ջանքերը տվեցին իրենց արդյունքը, և նա դարձավ առաջին կին-բժիշկը Իտալիայում։ Աշխատելով համալսարանական հիվանդանոցում նա ծանոթացավ մտավոր թույլ կարողություններով երեխաների հետ։ Ոչ ոք և ոչինչ չէր նպաստում այս երեխաների մտավոր զարգացմանը և առաջխաղացմանը, նրանք կարծես անուշադրության մատնված լինեին բոլորի կողմից։ Հետևալով այս ամենին, Մարիան հասկացավ, որ թե' առողջ, թե' հիվանդ երեխաների նորմալ զարգացման համար հարկավոր են հատուկ պայմաններ։ Խորապես ուսումնասիրելով ոլորտի գիգանտերի աշխատությունները և մեթոդիկան, Մարիան եկան այն եզրահանգման, որ մտավոր հետամնացությունը ավելի շատ մանկավարժական, քան բժշկական խնդիր է։ Այն պետք է լուծվի մանկապարտեզներում և դպրոցներում, այլ ոչ թե հիվանդանոցներում։

Մոնտեսսորին սկսում է ուսումնասիրել մանկավարժություն և մեթոդիկա, սակայն առավել նրան գրավում է մարդաբանությունը, և հատկապես՝ մարդու էվոլյուցիոն զարգացման խնդիրները, բնական գործոնները, որոնք ազդում են երեխայի մտավոր զարգացման վրա։ 1904 թվականին նա ստանում է Հռոմի համալսարանի մարդաբանության ամբիոնը և անցկացնում է մարդաբանական բազմաբնույթ փորձեր մանկավարժության ոլորտում։ Այդ ժամանակ է, որ նրան սկսում է ակտիվ հետաքրքրել առողջ երեխաների հետ աշխատելու մեթոդիկան։ Նա սկսում է ուսումնասիրել առողջ երեխայի հոգեբանությունը։ 1898 թվականին Մարիան որդի ունեցավ։ Նրա հարաբերությունները երեխայի հոր հետ չհանգեցին ամուսնության, և նա հանձնեց որդուն տուն-ինտերնատ, զգալով, որ իր առաքելությունն այս կյանքում՝ մյուսների երեխաներին նվիրվելն է։

1907 թվականի հունվարի 6-ին բացվեց առաջին «Մանկան տունը», որտեղ աշխատում էին Մարիա Մոնտեսսորիի սկզբունքներով։ Նա մանկապարտեզի կառավարիչն էր և խստորեն հետևում էր, որպեսզի ամեն բան արվի ինչպես հարկն է։ Նա պատվիրել էր սենսոմոտորային համակարգ, որի օգնությամբ հետևում էր, թե ինչպես էին երեխաները մեծագույն հաճույքով և հետաքրքրությամբ խաղում իրար հետ։ 1909 թվականից Մոնտեսսորիի մեթոդը արագորեն տարածվում է։ Նրա մոտ կուրսերի են գալիս մանկավարժներ Լոնդոնից, Բարսելոնայից, Փարիզից։ 1929 թվականին, որդու հետ միասին, Մոնտեսսորին հիմնում է Միջազգային Մոնտեսսորի Ասոցիացիան (AMI), որը գործում է մինչ օրս։ Երբ սկսվեց 2-րդ աշխարհամարտը, Մոնտեսսորին որդու հետ գտնվում էր Հնդկաստանում։ Ապրելով այնտեղ 7 տարի, նա իր մեթոդիկան սովորեցրեց ավելի քան 1000 ուսուցիչների։

Մարիա Մոնտեսսորին մահացել է 1952 թվականի մայիսի 6-ին՝ 82-ամյակից մի քանի ամիս առաջ։ Թաղված է Նորդվիգ փոքրիկ քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Монтессори Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մոնտեսսորի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 16