Jump to content

Մախիկո Գոնսալես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մախիկո Գոնսալես
Գոնսալեսը և Մարադոնան Սալվադորի և Արգենտինայի հավաքականների նախկին ֆուտբոլիստների շոուբոլային խաղում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խորխե Ալբերտո Գոնսալես Բարիլյաս
Ազգությունը Սալվադոր Սալվադոր
Քաղաքացիությունը Սալվադոր Սալվադոր
Մականուն Կախարդ, Կախարդանք
Ծննդյան ամսաթիվ մարտի 13, 1958(1958-03-13)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Սան Սալվադոր, Սալվադոր
Հասակ 174 սմ
Քաշ 68 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ կարիերան ավարտել է
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1975-1976 Սալվադոր ԱՆՏԵԼ ? (?)
1976-1977 Սալվադոր Ինդեպենդենտե (Սան Վիսենտե) ? (?)
1977-1982 Սալվադոր ՖԱՍ ? (?)
1982-1984 Իսպանիա Կադիս 74 (30)
1985 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 9 (2)
1986-1991 Իսպանիա Կադիս 120 (28)
1991-2000 Սալվադոր ՖԱՍ ? (73)
Ազգային հավաքական
1976-1998 Սալվադոր Սալվադոր 62 (21)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խորխե Ալբերտո Գոնսալես Բարիլյաս (իսպ.՝ Jorge Alberto González Barillas), ավելի հայտնի որպես՝ Մախիկո Գոնսալես (իսպ.՝ Mágico González, մարտի 13, 1958(1958-03-13)[1], Սան Սալվադոր, Սալվադոր), պրոֆեսիոնալ սալվադորցի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել սալվադորական և իսպանական ֆուտբոլային ակումբներում։ Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ IFFHS-ի վարկածով համարվում է Սալվադորի պատմության լավագույն ֆուտբոլիստը[2][3]։ Իր բնավորության և կարգապահության հետ ունեցած խնդիրների պատճառով Մախիկոն այդպես էլ ավելի անվանի ակումբներ չի տեղափոխվել։ Սալվադորցի հարձակվողը ավարտել է իր կարիերան 42 տարեկան հասակում հայրենի ՖԱՍ ֆուտբոլային ակումբում։ 2013 թվականի նոյեմբերի 12-ին Գոնսալեսն ընդգրկվել է Պաչուկայի մեքսիկական ֆուտբոլի փառքի սրահում[4][5]։

Խորխեն ծնվել է Սան Սալվադոր ագլոմերացիայի ոչ այնքան հարուստ ընտանիքներից մեկում։ Նրա ծնողներն են Օսկար Էրնեստո Գոնսալեսը և Վիկտորյա Բարիլյասը։ Իրենց ընտանիքում նա եղել է ութ երեխաներից ամենակրտսերը (Մախիկոն ունի վեց եղբայր և մեկ քույր)։ Մախիկոյի մեծ ընտանիքում իրենից բացի պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվել է նաև նրա մեծ եղբայր Մաուրիսիո Գոնսալեսը, որը Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1968 թվականի Օլիմպիական խաղերին[6]։

Ֆուտբոլիստի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորխե Գոնսալեսն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1975 թվականին ԱՆՏԵԼ ֆուտբոլային ակումբում (ավելի վաղ գոյություն ունեցող Սալվադորի կապի և հեռուստահաղորդակցության Ազգային ադմինիստրացիայի ակումբի հետ կապ չունեցող), որի կազմում հանդես է եկել երկու մրցաշրջանի չափով և մասնակցել Սալվադորի առաջնության բարձրագույն լիգային։ Այս ակումբում խաղալիս էլ Գոնսալեսն ստացել է իր մականունը։ ԱՆՏԵԼ-ի և «Ագիլայի» միջև տեղի ունեցած և 3-1 հօգուտ Գոնսալեսի թիմի ավարտված խաղից հետո սպորտային մեկնաբան Ռոսալիո Էռնանդես Կոլորադոն Գոնսալեսին տալիս է կախարդ մականունը (Էլ Մագո)[7]։ Ավելի ուշ հեռուստահաղորդակցական ընկերությունը հրաժարվում է այլևս հովանավորել Գոնսալեսի ակումբին, և Գոնսալեսը տեղափոխվում է բարձրագույն դիվիզիոնի ուրիշ ակումբ։ Ֆուտբոլիստի հանգրվանն է դառնում Սան Վիսենտե քաղաքի «Ինդեպենդենտե» ֆուտբոլային ակումբը։ Նոր թիմում Գոնսալեսը նշում է իր նորամուտը «Օնսե Մունիսիպալ» ակումբի դեմ խաղում։ Ավելի ուշ Գոնսալեսով սկսում է հետաքրքրվել մեքսիկական «Լեոնես Նեգրոսը», որի գործակալները հետևել էին հարձակվողին մեկուկես շաբաթ, սակայն արդյունքում ակումբի տնօրինությունը հրաժարվում է գնել ֆուտբոլիստին[8]։

1977 թվականին Գոնսալեսը տեղափոխվում է իր երկրի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող ՖԱՍ ֆուտբոլային ակումբ։ Գոնսալեսի տեղափոխության գործարքը ահագին մեծ գումար էր կազմում այն ժամանակ՝ 60 հազար կոլոն։ Իր նոր ակումբի հետ հենց իր առաջին մրցաշրջանում Գոնսալեսը դառնում է Սալվադորի չեմպիոն, իսկ հաջորդ մրցաշրջանում ակումբի հետ պաշտպանում է մրցանակը։ 1979 թվականին ՖԱՍ-ին հաջողվում է հասնել մինչև ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ չեմպիոնի կոչման համար պետք է պայքարեր Անտիլյան կղզիները ներկայացնող «Իյոնգ Կոլումբիա» ֆուտբոլային ակումբի դեմ[9]։ Հյուրընկալվելիս Գոնսալեսը իր ակումբի հետ ավարտում է խաղը 1-1 հաշվով, իսկ տնային հանդիպման ժամանակ ՖԱՍ-ը ուղղակի ջախջախում է մրցակցին 7-1 հաշվով, իսկ Գոնսալեսը դառնում է դուբլի հեղինակ։ Վստահ հաղթանակներից հետո, այնուամենայնիվ ՖԱՍ-ը Միջամերիկյան գավաթի խաղարկության շրջանակներում զիջում է Լիբերտադորեսի գավաթի գործող չեմպիոնը հանդիսացող պարագվայական «Օլիմպիային» (8-3 ընդհանուր հաշվով)[10]։ 1981 թվականից Սալավոդրի առաջնությունը կրկին սկսում են անցկանցել մեկ օրացույցային տարվա ընթացքում և այդ մրցաշրջանում Գոնսալեսը ՖԱՍ-ի հետ արդեն երրորդ անգամ է դառնում երկրի չեմպիոն[11]։

Իսպանիայում ընթացած 1982 թվականի աշխարհի առաջնությունից հետո (տես Ազգային հավաքական բաժինը) Գոնսալեսով սկսել էին հետաքրքրվել արտասահմանյան ակումբներ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին պերուական «Ունիվերսիտարիոն», գվատեմալական «Ավրորան» և «Կոմունիկասոնեսը», իսպանական «Ատլետիկո Մադրիդն» ու «Կադիսը» և ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը»[12]։ Ֆրանսիական ակումբը շատ մոտ էր Գոնսալեսի տրանսֆերի ձեռքբերմանը, ամեն ինչ պատրաստ էր պայմանագիր կնքելու համար, սակայն Խորխեն հրաժարվեց գործակալների հետ հանդիպում ունենալուց[13]։ Արդյունքում Գոնսալեսը տեղափոխվում է իսպանական «Կադիս»։ Սալվադորցու տեղափոխությունը ապահովել էր ակումբի տեխնիկական քարտուղար Կամիլո Լիսը։ Գործարքի պայմաններով «Կադիսը» պետք է ՖԱՍ-ին տեղափոխության առաջին տարում վճարեր 7 մլն պեսետ, իսկ երկրորդ տարում՝ 12 մլն։ Ընդհանուր հաշվարկով ՖԱՍ-ը ֆուտբոլիստի վաճառքից ստացավ 130 հազար դոլար, իսկ ինքը՝ Գոնսալեսը՝ 6 հազար[14][15]։

Գոնսալեսն իր պաշտոնական նորամուտը «Կադիսում» նշում է 1982 թվականի սեպտեմբերի 5-ին «Ռեալ Մուրսիա» դեմ խաղում, որն ավարտվում է 1:1 հաշվով։ Արդեն այդ նորամուտային խաղում Գոնսալեսը հեղինակում է իր առաջին գնդակը նոր թիմի կազմում և փրկում է ակումբին պարտությունից[16]։ Իր առաջին մրցաշրջանը Իսպանիայում ֆուտբոլիստն ավարտում է 33 հանդիպումներում հեղինակած 15 գոլերով, իսկ «Կադիսը» Սեգունդայից բարձրանում է Լա Լիգա։ Իր առաջին հանդիպումը Իսպանիայի բարձրագույն առաջնությունում Գոնսալեսն անցկացնում է 1983 թվականի սեպտեմբերի 11-ին ընդդեմ հենց այն «Ռեալ Մուրսիայի»[17], որի դեմ խաղում Գոնսալեսը նշել էր իր նորամուտը Իսպանիայում։ Սակայն այս անգամ «Կադիսը» զիջում է հակառակորդին 1:3 հաշվով[18]։

Սալվադորում Գոնսալեսը գնդակը լավ վարելու իր կարողության շնորհիվ ստացել էր «կախարդ» մականունը, իսկ Իսպանիայում նրա մականունը փոքր-ինչ փոխվում է. Գոնսալեսին արդեն «դիմում էին» «կախարդանք» մականվամբ (Մախիկո (մագիա))։ «Կադիսում» Մախիկոն իր հրաշալի գոլերի և տեխնիկայի շնորհիվ շատ արագ ճանաչում է վաստակում իսպանացի երկրպագուների շրջանում, սակայն Գոնսալեսը նաև աչքի էր ընկնում իր անկարգապահությամբ։ Խորխեն սովոր էր երկար քնել և ակտիվ գիշերային կյանք վարել[19]։ Նա պարբերաբար տարատեսակ գիշերային խնջույքների էր հաճախում։ Սակայն սպորտային պաշտոնյաները և երկրպագուները ինչպես կարգն է մոտենում էին ֆուտբոլիստին հանդուրժողականությամբ, քանի որ Գոնսալեսը համատեղում էր այդ ամենը արդյունավետ ֆուտբոլով։ Բացի դրանից, բանը հասել էր նրան, որ ակումբը դիմել էր ՖԱՍ-ի առաջատար Մանուել Արմանդո Մոնեդերոյի օգնությանը և Սալվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Խոսե Ռամոն Ֆլորեսին։ Նրանք խոսեցին Գոնսալեսի հետ իր պահվածքի մասին և ազդեցին նրա վրա։ Գոնսալեսի համար նշանակվում է հատուկ թիմային օգնական, որը արթանցնում էր նրան առավոտյան մարզումներին գնալու համար[20]։ Նաև ակումբը տուգանում էր Գոնսալեսին բարձր չափով իր պահվածքի համար։ Ի սկզբանե ակումբը պատժում էր Մախիկոյին խաղերից և մարզումներից բացակայելու համար, սակայն «Կադիսի» երկրպագուները դեմ էին այդպիսի պատժամիջոցներին, քանի որ ցանկանում էին տեսնել իրենց կուռքին խաղադաշտում։ Անձամբ Գոնսալեսը նկարագրել է պահը այսպես.

Ես ընդունում եմ, որ ես սուրբ չեմ, ես սիրում եմ գիշերը և խմիչքի ձգողությունը հաղթում է և՛ ինձ, և՛ իմ մորը։ Ես գիտեմ, որ ես անպատասխանատու եմ և վատ պրոֆեսիոնալ և հնարավոր է, որ ես իմ կյանքը ապարդյուն եմ ծախսում։ Ճշմարտությունը այսպիսին է. ես չեմ սիրում ֆուտբոլը ընդունել որպես աշխատանք։ Դա երբեք այդպես չի լինի։ Ես ուղղակի խաղում եմ հաճույքի համար[13]:

Հատկանշական է, որ Գոնսալեսի կարիերայի լավագույն խաղերից մեկը ուղիղ կապ ունի անկարգապահության հետ։ Դա Ռամոն դե Կարասնի տիտղոսի (մինչմրցաշրջանային գավաթային մրցաշար Իսպանիայում) խաղարկության կիսաեզրափակչի խաղն էր, որի ժամանակ «Կադիսն» իր դաշտում հյուրընկալել էր կատալոնյան «Բարսելոնային»[21]։ Խորխեն ուշանում է այդ խաղից և չի կարողանում խաղը մեկնարկել թիմի հիմնական կազմի հետ, սակայն երկրորդ խաղակեսից հետո նա, փոխարինում կատարելով, մտնում է խաղադաշտ։ Նրա փոխարինման ժամանակ «Կադիսը» պարտվում էր 0:3 հաշվով։ Կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստին հաջողվում է երկու գոլ հեղինակել և դառնալ երկու գոլային փոխանցման հեղինակ։ Արդյունքում անդալուզյան ակումբը այդ խաղում հաղթում է կատալոնյան գռանդին 4:3 հաշվով[22]։

1983-84 մրցաշրջանում «Կադիսի» Սեգունդա տեղափոխվելուց հետո Գոնսալեսը սկսում է տեղափոխման առաջարկներ ստանալ «Պարի Սեն-Ժերմենից» և «Ֆիորենտինայից», սակայն նա որոշում է մնալ իսպանական ակումբում[23][24]։ 1984 թվականին «Բարսելոնայի» մարզիչ Սեսար Լուիս Մենոտին հրավիրում է նրան մասնակցելու ԱՄՆ կատարելիք շրջագայությանը։ Սակայն ակումբը այդպես էլ պայմանագիր չի առաջարկում նրան հնարավոր է Կալիֆորնիայի հյուրանոցներից մեկում պատահած դեպքի պատճառով, որի ժամանակ Գոնսալեսը ակտիվացրել էր հրշեջային ազդանշանիչը, որպեսզի համարում մենակ մնա աղջկա հետ[25]։

1984 թվականին «Կադիսի» մարզիչը փոխվում է. Դրագոլյուբու Միլոշևիչին փոխարինելու է գալիս Բենիտո Խոանետը, որը ցանկություն չուներ համակերպվել Գոնսալեսի բնավորության հետ։ 1984-85 մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մարզչի հետ առաջացած հերթական վիճաբանություններից և կռիվներից հետո Գոնսալեսը լքում է «Կադիսը» և համալրում «Ռեալ Վալյադոլիդի» կազմը։ Նոր ակումբի կազմում Գոնսալեսի անձնական կյանքը խորապես վերահսկվում էր, իսկ անձամբ ֆուտբոլիստը այդ ամենը ընդունում էր որպես թիմի տնօրինության կողմից իր նկատմամբ հետապնդում, ինչի հետևանքով լքում է իր նոր թիմը։ Նա փորձում էր իր համար աշխատանք գտնել Մեքսիկայում և ԱՄՆ-ում, սակայն ապարդյուն։ Արդյունքում 1987-88 մրցաշրջանում Գոնսալեսը նախընտրում է վերադառնալ «Կադիս»։ Ըստ նոր պայմանագրի՝ ֆուտբոլիստի բացակայությունները կրճատելու նպատակով նշանակված էր ընդամենը 700 դոլար աշխատավարձ ամեն խաղի համար[26]։ 1986 թվականի սեպտմեբերի 14-ին «Կադիս» վերադառնալուց որոշ ժամանակ անց Գոնսալեսը սանտադերական «Ռասինգի» դեմ խաղում հետ-տրիկի հեղինակ է դառնում[27]։

Մարզիչների մի քանի փոփոխումնրից հետո ակումբի ղեկն իր ձեռքը վերցրեց Վիկտոր Էսպարագոն, որը կարողանում է հարմար մոտեցում գտնել Գոնսալեսի նկատմամբ։ 1987-88 մրցաշրջանում Մախիկոն «Կամպ Նոուում» գրավում է «Բարսելոնայի» դարպասը։ 2011 թվականի հունվարին enbocadegol.com կայքը հրապարակում է իսպանական լիգայի պատմության լավագույն 50 գոլերին վերաբերող հոլովակը, որում Գոնսալեսի գոլը զբաղեցնում է առաջին հորիզոնականը[28]։ Այդ մրցաշրջանում ֆուտբոլիստը ընդհանուր հաշվարկով դառնում է տասը գոլի հեղինակ, իսկ իր ակումբն զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը, որը ֆուտբոլային ակումբի պատմության մեջ ամենաարդյունավետն էր։ Բացի դրանից հաջորդ մրցաշրջանում ակումբը հասնում է մինչև Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ, որտեղ «Մադրիդի Ռեալին» զիջում են 4:0 ընդհանուր հաշվով։ Սակայն Գոնսալեսի վրա նշանակված բռնաբարության հոդվածով դատը[29] (տես Անձնական կյանք և կյանքը կարիերան ավարտելուց հետո բաժինը) և ընկերոջ մահը բացասական կերպով են անդրադառնում Գոնսալեսի հետագա ֆուտբոլային կարիերայի վրա։ «Կադիսի» կազմում անցկացրած իր վերջին երկու մրցաշրջանների ժամանակ Գոնսալեսը 22 խաղերում հեղինակում է ընդամենը 5 գոլ։ Արդյունքում Մախիկոն լքում է ակումբը 1991 թվականի հունիսի 6-ին՝ 33 տարեկան հասակում։ Ընդհանուր հաշվարկով Գոնսալեսը «Կադիսի» կազմում անցկացրած 194 խաղերում հեղինակում է 58 գոլ (73 գոլ, եթե հաշվենք նաև գոլերը Իսպանիայի գավաթի խաղարկությունում) և Կադիսի պատմության լավագույն ռմբարկուների շարքում զիջում է միայն Պակո Բաենե[30]։

Վերադարձ Սալվադոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կադիսից» հեռանալուց հետո Գոնսալեսն առաջարկ է ստանում իտալական «Ատալանտայից», սակայն նախընտրում է վերադառնալ ՖԱՍ։ Երկրպագուները հույս ունեին, որ Գոնսալեսը կօգնի ակումբին դառնալ երկրի լիգայի չեմպիոն, սակայն 1992-93 մրցաշրջանում ակումբը պարտվում է փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչում։ Հաջորդ մրցաշրջանում ակումբը հասնում է մինչև մրցության եզրափակիչ, իսկ մեկ տարի անց ի վերջո չեմպիոն է դառնում՝ «Լուիս Անխել Ֆիրպոյի» դեմ եզրափակիչ խաղում հաղթելով 4:3 ընդհանուր հաշվով։ 1984 թվականից սկսած դա թիմի առաջին չեմպիոնական տիտղոսն էր։ 1995-96 մրցաշրջանում ՖԱՍ-ը պաշտպանում է չեմպիոնական տիտղոսը՝ այս անգամ նույն մրցակցին հաղթելով արդեն 2:1 ընդհանուր հաշվով։ Ավելի ուշ Գոնսալեսի ակումբը ևս երկու անգամ հասնում է մինչև մրցության եզրափակիչ, սակայն հաղթել չի հաջողվում։ Մախիկոն ավարտում է իր կարիերան 2000 թվականին 42 տարեկան հասակում՝ ՖԱՍ-ի կազմում խփելով 73 գոլ։ Այդ արդյունքով Գոնսալեսը ակումբի պատմության լավագույն ռմբարկուների շարքում չորրորդն է։ Ակումբը ցմահ առանձնացնում է նրա 10 համարի մարզաշապիկը (այսինքն Գոնսալեսից հետո ոչ ոք չուներ 10 համարի մարզաշապիկը կրելու հնարավորությունը)[31]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնսալեսը Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը անցկացրել է 1976 թվականի դեկտեմբերի 1-ին 1978 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում, որն ավարտվում է 1-1 հաշվով։ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի մրցության որակավորման փուլում Գոնսալեսը գոլերի հեղինակ է դառնում Պանամայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած երկու խաղերում (երկրորդ խաղում հետ-տրիկ է ձևակերպում), իսկ Սալվադորը կենտրոնամերիկյան շրջանի խմբում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով միայն Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականին։ Արդյունքում երկու հավաքականներն էլ դուրս են գալիս մրցության եզրափակչային փուլ։ Այդ փուլում ֆավորիտ էր համարվում Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականը, սակայն նույն թվականի նոյեմբերի 6-ին կայացած խաղում Սալվադորի հավաքականը իրենից ավելի անվանի թիմին հաղթում է անսպասելի 1:0 հաշվով։ Գոլը հեղինակում է Էվեր Էռնանդեսը, սակայն դարպասի գրավման հարցում զգալի ներդրում է ունենում հենց Գոնսալեսը։ Նա շրջանցում է երկու ֆուտբոլիստների և հարված է կատարում մրցակցի դարպասի ուղղությամբ, դարպասահը հասնում է գնդակին և հեռացնում, սակայն անրադարձից հետո կատարաց հարվածով Էվերը գրավում է մրցակցի արդեն դատարկ դարպասը։ Մրցության վերջում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած հավաքականները ստանում են հնարավորություն 1982 թվականի աշխարհի առաջնությունում մասնակցություն ունենալու համար և այդ հավաքականներից մեկը հենց դառնում է Սալվադորի ազգային հավաքականը։ Այդ աշխարհի առաջնությունը Սալվադորի հավաքականի համար իր պատմության մեջ դեռևս երկրորդն էր։ Մրցության շրջանակներում Գոնսալեսը մասնակցություն է ունենում խմբային փուլի բոլոր խաղերին այդ թվում նաև Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ կայացած խաղին, որում Սալվադորի հավաքականը 10-1 հաշվով ոչ թե հաղթում այլ ուղղակի ջախջախում է մրցակցին։ Արդյունքում անգամ այդ ավելի քան վստահ հաղթանակն էլ չի փրկում Սալվադորին և հավաքականը իր խմբում զբաղեցնելով երրորդ հորիզոնականը դուրս է մնում առաջնության հետագա պայքարից[13]։

Լինելով «Կադիսի» ֆուտբոլիստ, Գոնսալեսը շատ քիչ էր հրավիրվում ազգային հավաքական, այդ շրջանում նա հավաքականի կազմում մասնակցում է ընդամենը 6 հանդիպման։ ՖԱՍ վերադառնալուց հետո նա հավաքականի կազմում մասնակցություն է ունենում 1994 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին, որի շրջանակներում գոլերի հեղինակ է դառնում Նիկարագուայի, Կանադայի և Բերմուդի ֆուտբոլի ազգային հավաքականների դեմ խաղերում, սակայն հավաքականը դուրս է մնում «ֆուտբոլային տոնակատարության» հետագա պայքարից։ 1993 թվականից հետո Գոնսալեսը այլևս չի հրավիրվում ազգային հավաքական, սակայն հինգ տարի անց նա հավաքականի հետ մեկնում է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության մասնակցելու։ Այս մրցաշարի շրջանակներում, փետրվարի 9-ին նա հավաքականի կազմում մանսակցություն է ունենում իր վերջին պաշտոնական հանդիպմանը, որը ընթանում է Յամայկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։ Այդ խաղում Սալվադորի ազգային հավաքականը պարտվում է 2-0 հաշվով և արդյունքում խմբային փուլում հավաքելով ամենաքիչ միավորները լքում է առաջնությունը[32]։

Ընդհանուր հաշվարկով Գոնսալեսը իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության 31 ընտրական խաղի[33] և 31 խաղերի էլ տարբեր մրցություններում և արդյունքում հեղինակել է 21 գոլ[34]։

Գոնսալեսը հանդես է եկել հարձակվողի դիրքում, նրա ամենաուժեղ կողմերն են եղել իր տեխնիկական կարողությունները, որոնք անգամ անտարբեր չեն թողել Դիեգո Մարադոնային, և շնորհիվ որոնց նա վաստակել է «Կադիսի» երկրպագուների հարգանքը։ Ֆուտբոլիստը օժտված է եղել լավ դրիբլինգով, ռաբոնայի հարվածով և նաև կարող է շրջանցել մրցակիցներին՝ գնդակն անցկացնելով նրանց ոտների արանքով[35]։ Բացի դրանից «Կադիսի» ֆուտբոլիստ Կիկոյի խոսքերով, Մախկին ուներ դաշտը տեսնելու լավ ունակություն և պայծառ անձնավորություն էր, ինչի շնորհիվ դարձել էր թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը[36]։ «Կադիսի» մարզչի կարծիքով՝ Գոնսալեսը կատարելագործում էր Մարադոնայի տեխնիկան[37]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադոր ՖԱՍ

Անձնական կյանք և կյանքը կարիերան ավարտելուց հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի հուլիսին Գոնսալեսը մեղադրվում է 22 տարեկան Կոկի Մարիի դել Կարմենի բռնաբարելու փորձ կատարելու մեջ. ֆուտբոլիստը ժխտում էր իր դեմ ներկայացված մեղադրանքները և վերջնական արդյունքում ընդամենը վճարում է 4 հազար պեսետ փոխհատուցում։ Այս սկանդալը բացասական կերպով է անդրադառնում Գոնսալեսի խաղի վրա[29]։

2001 թվականին Գոնսալեսը մասնակցում է «Կադիսի» բարեգործական խաղին, որը նպատակ ուներ օգնել Սալվադորում տեղի ունեցոծ երկրաշարժից տուժածներին։ 2004 թվականի օգոստոսի 28-ին Գոնսալեսի մարզադաշտում Մախիկոյի մասնակցությամբ տեղի է ունենում հանդիպում «Կադիսի» և Սալվադորի նախկին ֆուտբոլիստների միջև[3][38]։ 2006 թվականին Դիեգո Մարադոնան հրավիրում է սալվադորցուն մասնակցել Սալվադորի և Արգենտինայի ազգային հավաքականների նախկին ֆուտբոլիստների միջև կայանալիք շոուբոլային հանդիպմանը[39][40]։ Ավելի ուշ նա մասնակցում է ևս երկու ընկերական հանդիպման. ՖԱՍ-ի կազմում մասնակցում է «Բոկա Ջունիորսի» դեմ խաղին, իսկ Սալվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ Հունգարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղին[3]։

Կարիերան ավարտելուց հետո Գոնսալեսն աշխատում էր որպես «Հյուստոն Դինամո» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական (Major League Soccer)[41]: Մրցաշրջանի ավարտին վերադառնալով Սալվադոր՝ նա ազատ ժամանակ աշխատում էր որպես տաքսու վարորդ։ 2011 թվականի նոյեմբերին, երբ ավարտվում էր 2014 թվականի աշխարհի առաջնության համար ընթացող ԿՈՆԿԱԿԱՖ-ի ընտրության երկրորդ փուլը, Սալվադորի հավաքականի մարզիչ Ռուբեն Իսրաելը հրավիրում է Մեխիկոյին՝ աշխատելու որպես իր օգնական[42]։

Մախիկոն ամուսնացած է Աննա Մարիա Գոնսալեսի հետ, ով ֆուտբոլիստ Ալֆրեդո Ռուանոյի աղջիկն է։ Զույգն ունի որդի, որը որոշ ժամանակ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ հանդես է եկել «Ատլետիկո Մարտեի» կազմում[43]։ Գոնսալեսը նաև ունի երեխաներ իր նախորդ ամուսնություններից. նրա երեխաներից երկուսն ապրում են Իսպանիայում, իսկ մեկը՝ ԱՄՆ-ում[44]։

Գոնսալեսի միջազգային մարզաշապիկը

2003 թվականին Սալվադորի Օրենսդիր հավաքը Խորխե Գոնսալեսին շնորհում է «Արժանի որդի» մրցանակ (իսպ.՝ Hijo Meritísimo) և մայրաքաղաքային Նասիոնալ դե լա Ֆլոր Բլանկա մարզադաշտը վերանվանում է Խորխե «Մախիկո» Գոնսալեսի ազգային մարզադաշտ[45]։ Նույն թվականին երկրի սպորտային մամուլի միության միաձայն որոշմամբ Գոնսալեսը ճանաչվում է «Սալվադորի ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ»[3]։

2006 թվականին սալվադորացի գրող Ջեովանի Գալեասը գրում է մի պիես, որը հիմնված է Խորխե Գոնսալեսի կենսագրության վրա։ Պիեսը կրում է «Սան-Մագո, մարզադաշտի պարոնը» (իսպ.՝ San Mago, patrón del estadio) խորագիրը[46]։

2013 թվականի ապրիլի 22-ին Գոնսալեսը տասը այլ ֆուտբոլիստների հետ ընդգրկվում է մեքսիկական ֆուտբոլի փառքի սրահի կազմում (այդ ֆուտբոլիստների թվում էին նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ֆրանկո Բարեզին, Պաոլո Մալդինին և Ջորջ Վեան)։ Տոնական երեկոն տեղի է ունենում նույն թվականի նոյեմբերի 12-ին[47][48], որի ժամանակ Գոնսալեսը ներկայացնում է իր խոսքը.

Սա հնարավորություն է կենտրոնամերիկյան հարևաններին ներկայացնել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են հոնդուրասցի Ֆիլբերտո Իյերվուդը, գվատեմալացի Օսկար «Կանեխո» Սանչեսը, պանամացի Ռոմել Ֆեռնանդեսը և կոստառիկացի Էռնան Մեդֆորդը։ Մենք կենտրոնամերիկացներինս գտնվում ենք մի մակարդակի վրա, սակայն այս դեպքում նրանք հնարավորություն են տվել ինձ ներկայացնել Կենտրոնական Ամերիկան, հպարտ եմ, որ ես սալվադորցի եմ և կորող եմ անել դա[49]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «IFFHS' Players and Keepers of the Century for many countries». RSSSF.
  3. 3,0 3,1 3,2 3,3 elbalóncuzcatleco (2007). La Prensa Gráfica (ed.). «El Mago o El Magico... simplemente Jorge». Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
  4. Durante la década de los 80 – Su paso por el fútbol español (During the 80's – His Spanish football spell); Marca (Իսպաներեն)
  5. «Mágico González y los demás olvidados» [Mágico González and the other forgotten] (Spanish). El País. 2013 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Ros Cayetano (09.02.2003). El País (ed.). «"Respeté al fútbol, pero no me respeté a mí"». Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  7. «1–1: El Murcia empezó fuerte» [1–1: Murcia started strong] (Spanish). Mundo Deportivo. 1982 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Qué fue de... Mágico González, el duende de Cádiz». cadenaser.com. 17.04.2009.
  9. «3–1: ¡Carranza fue una fiesta!» [3–1: Party at Carranza!] (Spanish). Mundo Deportivo. 1983 թ․ մայիսի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Erik Francisco Lugo (25.02.2011). «Copa Interamericana 1979» (անգլերեն). RSSSF. Վերցված է 2011 թ․ հունիսի 4-ին.
  11. «El Salvador final tables». RSSSF.
  12. Nelson Figueroa Rodríguez (11.09.2014). «Mágico González cumple 32 años de su debut con el Cádiz». edhdeportes.com.
  13. 13,0 13,1 13,2 Jhon Guiñan (28/03/2015). «'Mágico' González, el crack que no quiso ser como Messi». goal.com. Վերցված է 28.10.2015-ին.
  14. Fidel Campos (18.11.2013). «Muchas gracias "Mágico"». mediolleno.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 28.10.2015-ին.
  15. «Magico Gonzalez Top 10 Best Soccer Players Ever» (Spanish). YouTube. 2011 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Cádiz - Murcia (1 - 1) 05/09/1982». bdfutbol.com.
  17. «El Murcia, ¡co-lider...!» [Murcia, joint-leader...!] (Spanish). Mundo Deportivo. 1983 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «Cádiz - Murcia (1 - 3) 11/09/1983». bdfutbol.com.
  19. «El retorno de 'Mágico' Gonzalez» [The return of 'Mágico' Gonzalez] (Spanish). El País. 1986 թ․ սեպտեմբերի 16. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «El Futbolero Nostálgico V: El Mágico González». pasedeldesprecio.com. 04.12.2012. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  21. «Magico, still doing it his way». FIFA.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.
  22. José Manuel Salarruepucá (2007). «Homenaje al Mágico González, una Leyenda Viviente». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
  23. «Homenaje» [Homage] (Spanish). Cádiz CF. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2006 թ․ ապրիլի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. «El Mago o El Magico... Simplemente Jorge» [The Wizard or The Magician... Simply Jorge] (Spanish). El Balón Cuscatleco. Վերցված է 2009 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. «Mágico González y los demás olvidados». El Pais. 18.03.2013. Վերցված է 28.10.2015-ին.
  26. «Mágico González». cadizcf.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  27. «Cádiz - Racing de Santander (3 - 0) 14/09/1986». bdfutbol.com.
  28. Edwin Garcia. ««Mágico» González encabeza como el mejor gol de España». lapagina.com.sv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  29. 29,0 29,1 Jorge Mancera (04.12.2014). «El mago centroamericano: Jorge 'Mágico' González». futbolsapiens.com. Վերցված է 28.10.2015-ին.
  30. «Paco Baena». cadizcf.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  31. Ignacio López de Ayala (14.01.2012). «Dorsales retirados en la historia del fútbol». golregate.wordpress.com.
  32. Karel Stokkermans. «CONCACAF Championship, Gold Cup 1998». RSSSF.
  33. Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
  34. «Jorge Alberto González Barillas – International Goals». RSSSF.
  35. El País, ed. (04.02.2003). «El mago hechiza de nuevo» (իսպաներեն). Վերցված է 13.02.2010-ին.
  36. Marca (ed.). «Kiko es su heredero en el fútbol español» (իսպաներեն). Վերցված է 13.02.2010-ին.
  37. «El fútbol sería distinto sin David Vidal» (Spanish). El Día de Córdoba. 2007 թ․ նոյեմբերի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  38. Terra, ed. (29.08.2004). «3-3. Encuentro de estrellas para homenajear al "Mágico" González». Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  39. EFE (29.10.2010). El Mundo (ed.). «Maradona y 'Mágico' González recuerdan viejos tiempos en un partidillo». Վերցված է 2010 թ․ հուլիսի 13-ին.
  40. EFE (13.10.2006). ESPN (ed.). «El Diez y El Mágico juntos». Վերցված է 2008 թ․ մարտի 31-ին.
  41. Javier Alcántara Téllez (15.03.2013). «Jorge "Mágico" González. Genio y figura». conddedeporte.com.
  42. «Rubén Israel». elsalvadorfutbol.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  43. «¿Volverá la magia?» (իսպաներեն). El Diario de Hoy. 2001 թ․ ապրիլի 10.
  44. Rubén Uría (15/03/2011). «El Mago». eurosport.es. Վերցված է 28.10.2015-ին.
  45. «Estadio Nacional "Jorge Mágico González"». indes.gob.sv. 16.07.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 28.10.2015-ին.
  46. Gesell N. Tobías. «"San Mago" patrón del estadio». elsalvador.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 28.10.2015-ին.
  47. El Gráfico. «"El Mágico" González ingresó al Salón de la Fama». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  48. Excélsior. «Los hermanos Tena y 'Bora', serán inducidos al Salón de la Fama». Վերցված է 2013 թ․ ապրիլի 22-ին.
  49. «Quién fué». elmagomasgrande. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 28.10.2015-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մախիկո Գոնսալես» հոդվածին։