Հայաստանի ռելիեֆ
Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում և զբաղեցնում է Կուրի և Արաքսի գետերի միջև ընկած տարածքի մեծ մասը։ Այն զբաղեցնում է 29 740 կմ² տարածք, ընկած է 38°50°-41°18° հյուսիսային լայնության և 43°27°-46°37° արևելյան երկարության միջև։ Ամենաերկար ձգվածությունը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետությունը ուղիղ գծով Կասպից ծովից գտնվում է 200 կմ, Սև ծովից՝ 160 կմ, իսկ Պարսից ծոցից՝ 960 կմ հեռավորության վրա։ Հարևան երկրների հետ ՀՀ պետական սահմանի երկարությունը կազմում է մոտ 1448 կմ։ Հյուսիսում սահմանակից է Վրաստանին, հյուսիս-արևելքից, արևելքից և հարավ-արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին, հարավից՝ Իրանին, իսկ արևմուտքից սահմանակից է Թուրքիային։
Հայաստանի տարածքը կազմում է Հայկական լեռնաշխարհի միայն մի փոքր մասը (ընդամենը 10 %), ունի երկրաբանական բարդ կառուցվածք և բազմազան ռելիեֆ։ Հայաստանը տիպիկ լեռնային երկիր է. ամենացածր կետը հյուսիսում է՝ Դեբեդի կիրճում (ծովի մակարդակից 375 մետր բարձրություն), իսկ ամենաբարձր կետը Արագածի հյուսիսային գագաթն է (4090 մետր)։ Հարաբերական բարձրությունները տատանվում են 1500-2000 մետրից մինչև 3700 մետր, ծովի մակարդակից միջին բարձր բարձրությունը 1850 մետր է։
Հայաստանի հարթավայրերի ընդհանուր տարածքը կազմում է 4720 կմ² կամ նրա տարածքի՝ 15,5 %-ը։
Հանրապետության տարածքի 39 %-ը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա, որտեղ բնակչության համար անբարենպաստ կենսապայմաններ կան։
Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստանի տարածքում առկա են ռելիեֆի ծագման 4 տարբեր տեսակներ՝
- Ծալքաբեկորային լեռների տարածք և Փոքր Կովկասի միջլեռնային հովիտ։ Զբաղեցնում է Հայաստանի հյուսիսարևելյան մասը, հիմնականում Կուր գետի ջրավազանը, դրանք են՝ Վիրահայոցի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունի, Սևանի լեռնաշղթաները և դրանց միջև գտնվող հովիտները և հարթավայրերը։ Առանձնանում է էրոզիական մասնատվածությամբ։ Ամենաբարձր կետը Թեժլեռն է (3101 մ)։
- Հրաբխային ծածկույթով տարածքներ՝ Աշոցքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի զանգվածներ։ Դրանք ծածկված են վերին պլիոցենի և անթրոպոգենի ժամանակաշրջանի երիտասարդ լավաներով։ Ռելիեֆի ձևերը մեղմ են, ունեն թույլ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը Արագածն է (4090 մ)։
- Ծալքավոր լեռների մերձարաքսյան համակարգ. գտնվում է Արաքս գետի ձախ ափին։ Դրանք Ուրծ-Երանոսի, Բարգուշատի, Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաներն են։ Այստեղ նկատվում է ինտենսիվ էրոզիոն մասնատվածություն։ Ամենաբարձր կետը Կապուտջուղ գագաթն է (3904 մ)։
- Արարատյան դաշտ. այն ներառում է Արարատյան հովտի ստորին հողամասը, որը տեկտոնային իջվածք է և ծածկված է լճաբերուկային և ջրաբերուկային նստվածքներով։
Առավելագույն զառիթափությունը բնորոշ է ծալքաբեկորավոր լեռներին, իսկ թույլ թեքությունը՝ հարթավայրերին և հրաբխային սարահարթերին։ Հայկական լեռնաշխարհի վրա անջնջելի հետք է թողել անթրոպոգենի ժամանակաշրջանի հրաբխային գործունեությունը։ Բարդ ռելիեֆի շնորհիվ հանրապետության բնական լանդշաֆտների փոփոխությունը նկատելի է ամենուրեք։ Այստեղ ամեն մի դաշտ, ջրահավաք ավազան և լեռ ունի յուրօրինակ լանդշաֆտ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի երկրաբանական կառուցվածք
- Հայաստանի սեյսմականություն
- Հայաստանի հարթավայրեր
- Հայաստանի լեռներ
- Հայաստանի լեռնաշղթաներ
- Հայաստանի քարանձավներ