Սյունիքի բարձրավանդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սյունիքի բարձրավանդակ
Вид на крепость Качахакаберд из селения Колатак,2.JPG
Տեսակբարձրավանդակ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
ԲԾՄ3118 մետր
ԼեռնաշղթաՀայկական լեռնաշխարհ
Կոորդինատներ: 39°35′2.4684000999922″ հս․ լ. 46°10′33.8052001″ ավ. ե. / 39.584019000027772961° հս․. լ. 46.176057000028° ավ. ե. / 39.584019000027772961; 46.176057000028

Սյունիքի բարձրավանդակ, Արևելյւն Ղարաբաղի բարձրավանդակ, Ղարաբաղի բարձրավանդակ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում՝ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև։ Բլրաթմբային սարահարթ է, միջին բարձրությունը՝ 2800-3200 մ, առավելագույնը՝ 3616 մ (Գժասար)։ Կազմված է կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենի լավաների հզոր շերտով[1]։

Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ (հյուսիսում)։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550 մ) հրաբխային զանգվածները։ Շատ են քարացրոնները, կան հնագույն սառցապատման հետքեր, փոքր ու փակ գոգավորություններ։ Վերջիններից շատերը վերածվել են լճերի՝ Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ, Սև և այլն[2]։

Սյունիքի բարձրավանդակում հյուսիսից-արևելքում կարճ, բարձրադիր ու ծալքաբեկորավոր լեռնաճյուղերով միանում է Արցախի լեռնաշղթային։ Հարավ-արևմուտքում ու հարավում լանջերը զառիթափ իջնում են դեպի Սիսիանի, Եռաբլրի, Գորիսի, Հագարիի լավային սարավանդները։ Կան բազալտի, անդեզիտաբազալտի, վանակատի, պեռլիտի, խարամի հանքավայրեր։ Սյունիքի բարձրավանդակից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարի, Թարթառ գետերը։

Լավ է արտահայտված կլիմայի ու հողաբուսական ծածկույթի վերընթաց գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -2 °C է, բարձրադիրում՝ -14 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20 °C և 12 °C, տարեկան տեղումները՝ 400-800 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է։ Գետահովիտներում կան անտառապուրակներ, Իշխանասար, Ծղուկ, Ծիծեռնակաքար, Բագենք լեռնազանգվածներում՝ լեռնատունդրային կղզյակներ։ Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի, ծխախոտի մշակությամբ։ Լեռնամարգագետնային գոտում փարթամ արոտավայրեր են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 112 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 641 — 804 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png