Լիտվական գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Լիտվական գրականության (լիտ.՝ lietuvių literatūra) հնագույն հուշարձանները գրված են հին բելառուսերենով, լատիներենով։
Առաջին գեղարվեստական գործերը (լիտվերեն) ստեղծվել են 16-րդ դարում «Ա. Մաժվիդաս», «Կատեխիզիս», 1547)՝ Ռեֆորմացիայի շարժման և հումանիստական գաղափարների տարածման շրջանում։ 17-րդ- 18-րդ դարերում գրականության զարգացմանը խանգարել են քաղաքական, սոցիալական և մշակութային անբարենպաստ պայմանները։ Լիտվական գրականությունը հաջողությամբ զարգացել է Արևելյան Պրուսիայի՝ լիտվացիներով բնակեցված մասում։ Այնտեղ է ստեղծագործել Լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիր Դոնելայտիս Քրիստիոնասը։ 19-րդ դարի առաջին կեսի գրականության աշխուժացումը կապված է դեմոկրատորեն տրամադրված գրողներ Դիոնիզաս Պոշկայի (1757-1830), Սիմոնաս Ստանյավիչյուսի (1799-1848), Սիմոնաս Դաուկանտասի (1793-1864), Անտանաս Ստրազդասի (1763-1833) և ուրիշների ստեղծագործության հետ։ Բարձր գեղարվեստականությամբ աչքի է ընկել Անտանաս Բարանաուսկասի «Անիկշչյայի անտառը» (1860) պոեմը։
Լիտվական գրականության զարգացման վրա բացասականորեն է անդրադարձել լիտվական մամուլի արգելումը (1864-1904) ռուսական ցարական իշխանությունների կողմից։ 19-րդ դարի երկրորդ կեսի 20-րդ դարի սկզբի գրականությունը կրել է ազգային և սոցիալական ազատագրության գաղափարների կնիքը։ Ռոմանտիզմի ակնառու ներկայացուցիչն է բանաստեղծ Մայրոնիսը, ով մեծ ազդեցություն է թողել լիտվական պոեզիայի հետագա զարգացման վրա։ Քննադատական ռեալիզմի գծերը բնորոշ են Վինցաս Կուդիրկայի (1858-1899), Պրանաս Վայչայտիսի (1876-1901) և ուրիշների ստեղծագործությանը։ Դրանք հատկապես ցայտուն են արտահայտված ժեմայտեի, Լազդինու Պելեդայի (Իվանաուսկայտե քույրերի կեղծանունը) և Յոնաս Բիլյունասի (1879-1907) պատմվածքներում։
20-րդ դարի սկզբներին գրականության մեջ ակտիվացավ գաղափարական-գեղագիտական տարբեր ուղղությունների (քննադատական ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ) պայքարը, աչքի ընկան արձակագիրներ Վինցաս Կրևեն (1882-1954), Վայժգանտասը (1869-1933), Անտանաս Վենուոլիսը (1882-1957), բանաստեղծներ Լյուդաս Գիրան (1886-1946), Վինցաս Միկոլայտիս-Պուտինասը (1893-1967), Բալիս Սրուոգան (1896-1947), Կազիս Բինկիսը (1893-1942) և ուրիշներ։ Նորաստեղծ պետականության տարիներին գրական ասպարեզ մտան երիտասարդ գրողներ (Ցվիրկա, Վենցլովա, Կորսակաս և ուրիշներ)։
Բալթյան հանրապետությունների խորհրդային օկուպացիայից հետո (1940) հետո լիտվական գրականության զարգացումն ընթանում է կենտրոնական մարմինների կողմից պարտադրված սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Մեծ ներդրում ունեն արձակագիրներ Ցվիրկան, Վենուոիսը, Բալթուշիսը, Սիմոնայտիտեն, Պաուկշտյալիսը, Ավիժյուսը և ուրիշներ։ Պոեզիան ներկայացված է Գիրայի, Սալոմեա Ներիսի, Վիտաուտաս Մոնտվիլայի, Անտանաս Վենցլովայի, Վինցաս Միկոլայտիս-Պուտինասի, Թեոֆիլիս Տիլվիտիսի, Էդուարդաս Մեժելայտիսի և այլոց բանաստեղծություններով ու պոեմներով։ Դրամատուրգիայում աչքի են ընկնում Յուոզաս Գրուշասը, Կ. Մայան, Յուստինաս Մարցինկյավիչյուսը։ Մեծ հաջողությունների են հասել գրականագիտությունն ու գրաքննադատությունը (Կոստաս Կորսակաս, Վ. Գալինիս, Վ. Կուբիլյուս)։
19-րդ դարի վերջին Լիտվական մամուլում տպագրված Անտանաս Կրիշչյուկայտիսի՝ հայ գրականության մասին հոդվածին հաջորդեցին լիտվերեն առաջին թարգմանությունները հայ պոեզիայից։ Գրական կապերն ավելի սերտացան սովետական շրջանում։ Լիտվական մոտիվներով բանաստեղծություններ գրեցին Աշոտ Գրաշին, Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 633)։ |