Լիտվական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիտվական գրականության հնագույն հուշարձանները գրված են հին բելառուսերենով, լատիներենով։ Առաջին գեղարվեստական գործերը (լիտվերեն) ստեղծվել են 16-րդ դարում «Ա. Մաժվիդաս», «Կատեխիզիս», 1547)՝ Ռեֆորմացիայի շարժման և հումանիստական գաղափարների տարածման շրջանում։ 17-րդ- 18-րդ դարերում գրականության զարգացմանը խանգարել են քաղաքական, սոցիալական և մշակութային անբարենպաստ պայմանները։ Լիտվական գրականությունը հաջողությամբ զարգացել է Արևելյան Պրուսիայի՝ լիտվացիներով բնակեցված մասում։ Այնտեղ է ստեղծագործել Լիտվական գեղարվեստական գրականության հիմնադիր Դոնելայտիս Քրիստիոնասը։ 19-րդ դարի առաջին կեսի գրականության աշխուժացումը կապված է դեմոկրատորեն տրամադրված գրողներ Դ. Պոշկայի (1757-1830), Ս. Ստանյավիչյուսի (1799-1848), Ս. Դաուկանտասի (1793-1864), Ա. Ատրազդասի (1763-1833) և ուրիշների ստեղծագործության հետ։ Բարձր գեղարվեստականությամբ աչքի է ընկել Ա. Բարանաուսկասի «Անիկշչյայի անտառը» (1860) պոեմը։ Լիտվական գրականության զարգացման վրա բացասականորեն է անդրադարձել լիտվական մամուլի արգելումը (1864-1904) ցարական իշխանությունների կողմից։ 19-րդ դարի երկրորդ կեսի 20-րդ դարի սկզբի գրականությունը կրել է ազգային և սոցիալական ազատագրության գաղափարների կնիքը։ Ռոմանտիզմի ակնառու ներկայացուցիչն է բանաստեղծ Մայրոնիսը, որը մեծ ազդեցություն է գործել Լիտվական պոեզիայի հետագա զարգացման վրա։ Քննադատական ռեալիզմի գծերը բնորոշ են Վ. Կուդիրկայի (1858-1899), Պ. Վայչայտիսի (1876-1901) և ուրիշների ստեղծագործությանը։ Դրանք հատկապես ցայտուն են արտահայտված ժեմայտեի, Լազդինու Պելեդայի (Իվանաուսկայտե քույրերի կեղծանունը) և Յո. Բիլյունասի (1879-1907) պատմվածքներում։ 20-րդ դարի սկզբներին գրականության մեշ ակտիվացավ գաղափարական-գեղագիտական տարբեր ուղղությունների (քննադատական ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ) պայքարը, աչքի ընկան արձակագիրներ Վ. Կրեվեն (1882-1954), Վայժգանտասը (1869-1933), Ա. Վենուոլիսը (1882-1957), բանաստեղծներ Լ. Գիրան (1886-1946), Վ. Միկոլայտիս-Պուտինասը (1893-1967), Բ. Մտրուոգան (1896-1947), Կ. Բինկիսը (1893-1942) և ուրիշներ։ Ձևավորվեց նաև պրոլետարական գրականությունը։ Բուրժուական տիրապետության տարիներին գրական ասպարեզ մտան երիտասարդ գրողներ (Պ. Ցվիրկա, Ա. Վենցլովա, Կ. Կորսակաս, ծն. 1909 թվական, և ուրիշներ), որոնք դատապարտում էին ֆաշիզմը և ցույց տալիս հասարակարգի սոցիալական հակասությունները։ Սովետական կարգերի հաստատումից (1940) հետո լիտվական գրականության զարգացումն ընթանում է սոցիալիստական ռեալիզմի ուղիով։ Մեծ ներդրում ունեն արձակագիրներ Ցվիրկան, Վենուոիսը, Ցու. Բալթուշիսը, Ե. Սիմոնայտիտեն (ծն. 1897 թվական), Ցու. Պաուկշտյալիսը (ծն. 1899), Ցո. Ավիժյուսը (ծն.1922) և ուրիշներ։ Պոեզիան ներկայացված է Լիտվական Գիրայի, Ս.Ներիսի, Վ. Մոնտվիլայի, Ա. Վենցլովայի, Վ. Միկոլայտիս-Պուտինասի, Թ. Տիլվիտիսի, Է. Մեժելայտիսի և այլոց բանաստեղծություններով ու պոեմներով։ Դրամատուրգիայում աչքի են ընկնում Յու. Գրուշասը, Կ. Մայան (ծն. 1932), Ցու. Մարցինկյավիչյուսը (1930)։ Մեծ հաջողությունների են հասել գրականագիտությունն ու գրաքննադատությունը (Կ. Կորսակաս, Վ. Գալինիս, Վ. Կուբիլյուս)։ 19-րդ դարում վերջին Լիտվական մամուլում տպագրված Ա. Կրիշչյուկայտիս-Այշբի հայ գրականության մասին հոդվածին հաջորդեցին լիտվերեն առաջին թարգմանությունները հայ պոեզիայից։ Գրական կապերն ավելի սերտացան սովետական շրջանում։ Լիտվական մոտիվներով բանաստեղծություններ գրեցին Ա. Գրաշին, Ս. Կապուտիկյանը, Գ. էմինը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 633 CC-BY-SA-icon-80x15.png