Թուրք-թաթարական խռովություններ
Թուրք-թաթարական խռովություններ | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թաթարների շուկան Երևանում | |||||||||||||
| |||||||||||||
Հակառակորդներ | |||||||||||||
Հայաստանի Առաջին Հանրապետություն | թուրքեր կովկասյան թաթարներ | ||||||||||||
Հրամանատարներ | |||||||||||||
Պաշտպանության նախարարներ՝ Հովհաննես Հախվերդյան Քրիստափոր Արարատյան Ռուբեն Տեր-Մինասյան և այլոք |
Շարուր-Նախիջևանում՝ Խալիլ բեյ, Զանգիբասարում՝ Մահմեդ բեյ, Բեյուք-Վեդիում՝ Մուստաֆա բեյ, Օլթիում՝ Բիմբաշի Ջաֆար և այլոք | ||||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||||
30 հազար[1] | Շարուր-Նախիջևանում՝ 10 հազար, Զանգիբասարում՝ 5 հազար, Բեյուք-Վեդիում՝ 4 հազար |
Թուրք-թաթարական խռովություններ, Հայաստանի առաջին հանրապետությունում բնակվող մուսուլմանների՝ կովկասյան թաթարների և թուրքերի ընդվզումը հայոց պետության կենտրոնական իշխանության դեմ 1919-1920 թվականին։ Դրանք հրահրվում էին Քեմալական Թուրքիայի և Մուսավաթական Ադրբեջանի կողմից, որոնք ցանկանում էին վերացնել հայոց անկախությունը, գրավել Հայաստանի տարածքները և ունենալ անմիջական սահմանային կապ։ Հակահայկական խռովությունների օջախներ էին Վեդին, Զանգիբասարը (Մասիսի շրջան), Շարուր-Նախիջևանը, Արդահանը, Սուրմալուն և այլն։
1918 թվականի վերջին, երբ ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, օսմանյան բանակի հեռացման ժամանակ Հայաստանում մնացին որոշ զորահրամանատարներ, որոնք պետք է հավաքագրեին տեղի մուսուլմաններին և խռովություններ բարձրացնեին։ Խռովարարները չէին ենթարկվում հայկական օրինական իշխանություններին. հալածում էին հայ խաղաղ բնակչությանը, փակում ճանապարհներ, կատարում ահաբեկչական գործողություններ։ Երևանում հավատարմագրված Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցիչ Խան Թեքինսկին վարում էր բացահայտ հետախուզական գործունեություն ընդդեմ Հայաստանի։
1919 թվականի կեսերին թուրք-թաթարական խռովությունը ստացավ բացահայտ ռազմական բնույթ։ Նրանք ստեղծում էին տեղական «անկախ հանրապետություններ», որոնք ունեին սեփական ղեկավար խորհուրդներ։ Այդպիսի հանրապետություններից էին Կարսի տարածքում ստեղծված Արևմտյան Կովկասի հանրապետությունը, Նախիջևանի, Շարուրի, Սուրմալուի, Զանգիբասարի և Վեդիբասարի տարածքներում ստեղծված Արևելյան Կովկասի կամ Արաքսյան հանրապետությունը։ Այս ինքնահռչակ հանրապետությունները բաժանվում էին ավելի փոքր վարչաքաղաքական մարզերի[2]։
Այս հանրապետությունները հաճախ անհարմարություններ էին պատճառում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, քանի որ գտնվում էին կարևոր նշանակություն ունեցող ճանապարհների վրա։ Իրավիճակը ստիպեց հայկական իշխանություններին դիմել վճռական քայլերի, որոնք ուղղված էին տարաձայնությունների հարթմանը։ Սկզբում փորձ արվեց այն լուծել խաղաղ ճանապարհով, սակայն թուրքերը և թաթարները դա ընդունեցին որպես հայկական կողմի թուլություն։ Հայկական բանակի առաջ խնդիր դրվեց օր առաջ ճնշել երկրի հիմքերը թուլացնել փորձող ազգային փոքրամասնությունների ռազմական ապստամբությունը։ 1920 թվականի ամռանը հայկական բանակը հիմնականում լուծել էր իր առաջ դրված խնդիրը և ճնշել էր հակառակորդի խռովությունները։ Հայաստանի իշխանությունը այդ ժամանակ տարածվում էր Ղարաբաղից մինչև Օլթի։ Այս ապստամբությունների ճնշումը նպաստեց Հայաստանի առաջին հանրապետության հիմքերի ամրապնդման և կայացման գործում։
Չկարողանալով հասնել իրենց նպատակին՝ թուրքերը և թաթարները սկսեցին հեռանալ Հայաստանի տարածքից։ Նրանց գյուղերում բնակեցվեցին ցեղասպանությունից փրկված կամ Ադրբեջանից տեղահանված հայ գաղթականները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թյուրքալեզու ցեղերը Հարավային Կովկասում բնակություն են հաստատել 17-18-րդ դարերից սկսած։ Սեֆյան Պարսկաստանը ձգտում էր ամայացնել Հայաստանը և նրանց փոխարեն այնտեղ բնակեցնել իր իշխանությանը հավատարիմ թյուրքալեզու և քրդալեզու ցեղեր։ Աստիճանաբար հայերի տոկոսը խսիտ նվազեց. 19-րդ դարի սկզբին ժամանակակից Հայաստանի տարածքում (Սյունիքից և Լոռի-Տավուշից բացի՝ 26000 կմ2) բնակվում էր 34 հազար հայ և 64 հազար մուսուլման։ Աստիճանաբար հայերի ներգաղթի և թյուրքալեզու ցեղերի հեռացման հետևանքով 19-րդ դարի վերջին Արևելյան Հայաստանի բոլոր գավառներում (98000 կմ2) հայ բնակչության թիվը մոտեցավ 900 հազարի, իսկ թյուրքերինը՝ 775 հազար, քրդերինը՝ մոտ 100 հազար[3]։ Հայերի և կովկասյան թաթարների միջև առաջին լուրջ բախումները տեղի ունեցան 1905-1907 թվականներին։ Չցանկանալով Անդրկովկասում թույլ տալ հեղափոխության տարածումը՝ ռուսական իշխանությունները բախումներ հրահրեցին, որը մեծացրեց լարվածությունը երկու ազգերի միջև[4]։
1918 թվականին Խորհրդային Ռուսաստանը դուրս է գալիս Առաջին համաշխարհային պատերազմից, որի արդյունքում Անդրկովկասի սեյմը միայնակ էր մնում թուրքական ներխուժման դեմ։ Անդրկովկաս-Թուրքիա պատերազմը վերաճեց հայ-թուրքական պատերազմի, որի ժամանակ հայկական կողմից մեծ դժվարություններ էին պատճառում կովկասյան թաթարները։ Նրանք բնակվում էին ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհների վրա, հաճախ խոչընդոտում էին հայկական բանակի առաջխաղացմանը[5]։ Սակայն ի վերջո հայերը կարողացան հաղթանակներ տանել և հռչակել Հայաստանի առաջին հանրապետությունը։ Թուրքական զորքերի՝ Հայաստանը լքելու ժամանակ օսմանյան կառավարությունը Հայաստանի տարածքում հրամայեց մնալ մի շարք թուրք սպաների, որոնց նպատակն էր լինելու հավաքագրել մուսուլամանների և խռովություններ բարձրացնել նորանկախ հանրապետության տարածքում։
Ընդհարումներ խռովության նախօրյակին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցանկանալով տիրանալ Հայաստանի նորանկախ հանրապետության մի շարք տարածքների՝ Կարսին, Լեռնային Ղարաբաղին, Զանգեզուրին, Նախիջևանին, Շարուր-Դարալայազին, Սուրմալուին՝ Մուսավաթական Ադրբեջանը և Քեմալական Թուրքիան ձգտում էին ընդվզումներ հրահրել Հայաստանում՝ օգտագործելով իսլամադավան բնակչությանը։ Այդիպիսի բախումները, որոնք դեռևս չէին վերածվել համընդհանուր խռովության, ղեկավարում էին թուրք-թաթարական գործակալները։ Վերոնշայլ տարածքները իր իշխանության տակ պահելու համար Թուրքիան կազմակերպում էր «անկախ հանրապետություններ»՝ դրանք հայտնի էին «շուրաներ» անվամբ։ Մինչև համընդհանուր խռովությունը դրանց թիվը հասնում էր ավելի քան 20-ի։ Այս ինքնիշխան հանրապետությունները հրաժարվում էին ենթարկվել հայկական օրինական իշխանություններին։
Խռովությանը նախապատրաստվելու համար լուրջ դրամական աջակցություն էր ցուցաբերում Մուսավաթական Ադրբեջանը, իսկ Թուրքիան զինում էր խռովարարաներին, նրանց զինվորական ուսում տալիս իր հատուկ պատրաստված սպաների միջոցով։ Ադրբեջանի իթթիհադականները ձգտում էին խռովությունների միջոցով հայկական զինված ուժերին զբաղեցնել ներքին խռովությունները ճնշելով, ինչը թույլ կտար ընթացող պատերազմում հեշտորեն գրավել Զանգեզուրը և շարժվել դեպի Երևան[6]։
Սելիմի և ուրիշների կողմից կազմակերպվում էին ավազակախմբեր, որոնք Աղբաբայում, Զոդում, Զարիշատում և այլ վայրերում հարձակումներ էին գործում հայկական զորամասերի վրա, գաղտնի ժողովներ գումարում և կոչ անում չընդունել հայկական իշխանությունը։ Թուրք-թաթարական ինքնահռչակ իշխանություններից Շարուր-Նախիջևանի առաջնորդները պնդում էին, որ կարող են 10-հազարանոց զորաբանակ դուրս բերել Հայաստանի դեմ, Զանգիբասարում այդ թիվը հասնում էր 5 հազարի, իսկ Բոյուք-Վեդիում՝ 4 հազարի։ Ընդհարումները նշված վայրերում կազմակերպում էին համապատասխանաբար Խալիլ բեյը, Մահմեդ բեյը, Մուստաֆա բեյը և այլք։
1918 թվականի հունվարի 21-ին Զանգիբասարում խռովարարներից բռնագրավվել էր 1209 հրացան, իսկ 1919 թվականի մայիսի 23-ին՝ «Նագան» տիպի 762 ռևոլվեր, 13124 ժանդարմական հրացան, 10276 «Բրաունինգ» տիպի հրազեն, 30151 եռագիծ հետևակային հրացան, մոտ 3,5 մլն փամփուշտ։ Դրությունը լարված էր նաև Արդահան-Օլթիում. միլիցիայի պետը օգոստոսի 6-ին զեկուցում էր, որ ազգամիջյան հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում[7]։
1918 թվականի օգոստոսի 19-ին Էջիածնի կայարանից քիչ հեռու խոշտանգվում և սպանվում են Հայկական 1-ին միլիցիոն գնդի 4 զինվորներ։ Նույն ժամանակ չոբանքարեցիները հայտարարել էին իրենց անկախ և կազմել 100 հոգանոց ավազակախումբ։ Որոշ ժամանակ անց հայտնաբերվում է նաև Մարգարա գյուղում սպանված 3 հայեր, որոնց թվում 4 տարեկան երեխա[8]։
1919 թվականի փետրվարի 5-ին Հայկական դիվիզիայի պետին ուղղված զեկուցագրում 1-ին ռազամամիլիցիոն գնդի հրամանատար կապիտան Մնացականյանը նշում է, որ իր Իջևանի գումարտակի հրամանատարը իրեն տեղեկացրել է Չարդախլու գլուղի (Ելիզավետպոլի գավառ) բնակիչների պատմածների մասին[9]։ Պարզվեց, որ Ադրբեջանում հավաքագրել են թաթարների զորամասեր, որոնք պետք է հայերից ազատեին Գետաշենից մինչև Բադաքենդ հատվածը։ Երբ հայերը հարցրել են, թե ինչու են նրանք հեռանում, նրանց պատասխանել են, որ այդ վայրերում գարնանը ուժեղ մարտեր են տեղի ունենալու։
Մարտի 3-ին ներքին գործերի նախարարությանը ուղարկված հեռագրում նշվում է, որ Վեդիբասարի շրջանի թաթարները հարձակվել էին Ղամարլուից (Արտաշատ) Դավալու (Արարատ) գնացող հայերի վրա և սպանել 8 հոգու, վիրավորել 1-ին, իսկ 11-ը փախուստի դիմելով փրկվել էին։ Այս հարձակումները հետագայում շարունակվում են[10]։
Ճանապարհը ամեն օր սևին է տալիս անցնող թուրքերով, բոլորն էլ տղամարդիկ և անպայման զինված ընտիր զենքերով... Թեև օրական զինված թուրքեր 100-ով են անցնում անգլիացոց առջևից և թեև անգլիացիք գիտեն թուրքերի այդ սպառնական շարժումը, բայց լուռ ու անտարբեր ականատես էին։ - Ղամարլուի գավառային կոմիսար[11]
|
1919 թվականի ապրիլ-մայիս ամիսներին բրիտանական զորքերի օգնությամբ Հայաստանի հանրապետությունը կարողացավ իր հսկողության տակ վերցնել նախկին Երևանի նահանգն ու Կարսի մարզը։ Նույն թվականի ապրիլի 24-ին հայ-բրիտանական ուժերի մտան Կարս և վերացրին այնտեղի ինքնաշռչակ իշխանությունը, ձերբակալեցին շուրայի անդամներին։ Բրիտանացիների օգնությամբ Հայաստանի գերիշխանությունը ճանաչեց նաև Նախիջևանի իսլամադավան թուրք-թաթարական բնակչությունը, որից հետո՝ մայիսի 20-ին, հայկական ուժերը մտան Նախիջևան։
Անգլիական զորքերի դուրս բերումից հետո սկսեցին համընդհանուր խռովությունները։
Խռովություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ այդ թուրք-թաթարական խռովությունները զսպելու գործում մեծ դեր խաղացած անգլիական զորքերի հեռացումը հանգեցրեց լայնածավալ թուրք-թաթարական խռովությունների, որոնք սկսվեցին Վեդիից և տարածվեցին Օլթիից մինչև Գողթն, նաև Զանգիբասարում ու Վեդիբասարում։ Նախնական շրջանում հայկական իշխանությունները փորձեցին խաղաղ ճանապարհով հանդարտեցնել իսլամադավան բնակչությանը, որոնք ցանկանում էին միանալ ազգակից Ադրբեջանին կամ Թուրքիային, սակայն հայկական կառավարության այս փորձը նրանց կողմից ընդունվեց որպես թուլության նշան։ Վեդին լուրջ կապեր էր հաստատել Արալըխի քրդերի հետ։ Այս հարաբերությունները լուրջ սպառանլիք դարձան Շարուր-Նախիջևանում գտնվող հայկական զորքերի և երկաթուղային հաղորդակցության համար։ Բեյուք-Վեդիից հետո խռովությունները ընդգրկեցին Շարուր-Նախիջևանը։ 1919 թվականի հուլիսի կեսերին Շահթախտ եկավ Խալիլ բեյը։ Նա թուրք սպաների ու 200-300 զինվորների հետ միասին անցավ մուսուլմանական շարժման գլուխ։ Հուլիսի 20-21-ին խռովությունը ընգրկեց ամբողջ Շարուր-Նախիջևանը։ Ջուլֆայի, Նախիջևանի, Շահթախտի ու Բաշ-Նորաշենի սակավաթիվ հայկական զորքերը շրժապատվեցին թաթարական զինված բազմության կողմից և մի քանի օր արյունալի մարտեր տվեցին։ Ի վերջո հուլիսի 25-ին Նախիջևանի հայկական զորքերը, վերցնելով տեղի հայկական բնակչության մի մասին, նահանջեցին Զանգեզուր[12]։
Հայաստանում Ադրբեջանի դեսպան Խան Թեքինսկու՝ Բաքու ուղարկվող հեռագրերը ապացուցում են, որ Ադրբեջանը լայն հովանավորություն էր ցույց տալիս խռովությունների կազմակերպման համար։ 1919 թվականի օգոստոսի 1-ին Խան Թեքինսկին իր հեռագրում ծածկագրով գրում է.
Բոյուք Վեդիի, Շարուրի և Նախիջևանի շրջաներում կռիվներ են տեղի ունենում։ Հայկական գնդերը փախչում են կամ ոչնչացվում։ Մուսուլմանները դեռ չեն ցանկանում գրավել Երևանը։ |
Ապա ադրբեջանական դեսպանը, որը հետախուզական գործունեություն էր ծավալում, Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն ուղղված հեռագրում օգոստոսի 3-ին գրում է.
Անհրաժեշտ է, որ Ադրբեջանը երկու շաբաթվա ընթացքում մաքրի Զանգեզուրը և զորքերը առաջ քաշի մինչև Ղամարլու։ Հայաստանի կոմիսար ամերիկացի գնդապետի[Ն 1] ժամանումից հետո ուշ կլինի։ Եթե իմ առաջարկը ընդունվի, իրագործեք առանց պատերազմ հայտարարելու։ |
1919 թվականի օգոստոսին Էջմիածինը ընկավ լուրջ սպառնալիքի տակ. շրջակա գյուղերում խռովարարների կողմից սպանվեցին 8 հայ։ Ապստամբեց ամբողջ Զանգիբասարը և հրաժարվեց ճանաչել հայերի օրինական իշխանությունը։ Իրավիճակը Կարսում ավելի վերահսկելի էր։ Մինչև ընդհանուր խռովությունը կազմված շուրայի անդամները նախօրոք ձերբակալվել էին հայ-բրիտանական ուժերի կողմից, սկայան ընդհանուր խռովության օրերին այդ շուրան նորից վերակազմվեց, սակայն Կարսի շուրան գործում էր ավելի զգույշ։ Ղեկավարելով Կարսի մարզի մուսուլմաններին՝ այնտեղի շուրան ապստամբական գործողություններ չսկսեց, որպեսզի չգրգռի տեղի հայկական ուժերին։ Կարսի շուրայի անդամները նախընտրեցին հետևել իրադարձություններին և սպասել քեմալականների զորքի հնարավոր ներխուժմանը, որից հետո նրանք առանց մարտերի կազատագրվեին։ Կարսի շուրայի այս սպասողական վճակը նպաստավոր եղավ հայկական իշխանությունների համար։ Հետագայում սակայն ընդվզումնեը իրենց արձագանքը գտան նաև Կարսում, սակայն տեղի իշխանության վարած հաշտարար քաղաքականության հետևանքով դրանք չվերածվեցին արյունահեղության[12]։
1919 թվականի աշնանը Արդահանը մտնում էր հայկական իշխանության տակ։ Ալեքսանդրապոլից Ախուրյան գետով անջատված Աղբաբայի շրջանը (Ամասիա) ինքնիշխան էր և չէր ենթարկվում հայկական իշխանությանը. հետագայում Ախուրյանից արևմուտք գտնվող դե յուրե հայկական տարածքները բոլորը ինքնիշխան էին։ Զարիշատի շրջանը կառավարվում էր քրդերի և թուրքերի կողմից։ Օլթիում հաստատվել էր եզդի քրդերի իշխանություն։ Կաղզվանը գտնվում էր հայկական իշխանության տակ, սակայն քիչ հեռու՝ մինչև Կողբ, առանձին տեղական իշխանություններ էին հաստատվել։ 1919 թվականի սեպտեմբերին հայկական ուժային կառույցները՝ ՆԳՆ-ն և բանակը սկսում են ճնշել խռովությունները Հայաստանի ամբողջ տարածքում[13]։
1920 թվականի սկզբին Կարսում կային հայկական իշխանության մուսուլման կողմնակիցներ, սակայն գերակշռում էին քեմալականներին և մուսավաթականներին հարողները, որոնք հակահայ գործողություններ էին կատարում։ 1920 թվականի հունվարի կեսին մի քանի ադրբեջանցի սպաներ եկան Զարիշատ, որից հետո սկսվեց հարձակումներ տեղի ունենալ հայ բնակչության վրա։ Իբիշում սպանվեցին 8 հայեր, ապա Զարիշատից դուրս քշվեցին հայ պաշտոնյաները և ուժային կառույցները։ Ապստամբությունը ներառեց Զարիշատը, Աղբաբան և Չըլդըրը։ Փետրվարի կեսերին սկսվեց այդ շրջանների հնազանդեցման գործողությունը հայոց բանակի կողմից։ Գործողությունները ղեկավարում էր Արտյոմ Հովսեփյանը։ Ըմբոստացած շրջանը հնազանդեցվեց, որից հետո մուսուլման ղեկավարները փախան, իսկ շրջանի 25 ներկայացուցիչներ հայտնեցին տեղի իսլամադավան բնակչության հպատակությունը Հայաստանի կառավարությանը։
Կառավարությունը 1920 թվականի հունիսի 23-ին հայտարարություն է տարածում, որտեղ ասվում էր[12].
Զանգիբասարի գրավումից հետո՝ 1920 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի կառավարությունը հրահանգեց պատժիչ գործողություններ իրականացնել Վեդիի անջատողական հայացքներով տոգորված թաթարների հանդեպ, որից հետո երկաթուղու միջոցով վերականգնվեց Ղամարլուի կապը Երևանի հետ։ Թուրք-թաթարական խռովությունները պատժիչ գործողությունների միջոցով ճնշվեցին նաև Շարուր-Նախիջևանում և Զոդ-Բասարգեչարում։ Այս պատժիչ գործողությունների արդյունքում ավարտվեցին թուրք-թաթարական խռովությունները[14]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ նկատի ունի Վիլյամ Հասկելին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կարապետյան Մ., Հայաստանի Հանրապետության բանակը (1918-1920 թթ.), Երան, 1996, էջ 45
- ↑ «Թուրք-թաթարական խռովությունները». armin.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России
- ↑ «Հայ թաթարական ընդհարումներ». armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 128. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 129. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 135. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 131. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 130. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 133. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 134. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ 12,0 12,1 12,2 «Թաթար/ադրբեջանական խռովությունները Հայաստանում 1919-1920 թթ». aniarc.am. Թաթուլ Հակոբյան. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 137. ISBN 978-5-8084-1499-0.
- ↑ Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.». Երևան: «ԵՊՀ» հրատարակչություն. 2011. էջ 138. ISBN 978-5-8084-1499-0.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Հ. Վիրաբյան «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ.», ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011, 128-138 էջեր, (ISBN՝ 978-5-8084-1499-0)
- Թաթուլ Հակոբյան, «Հայերը և թուրքերը»