Թոմաս Փեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Փեյն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 29 (փետրվարի 9), 1737[1][2]
ԾննդավայրԹետֆորդ, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էհունիսի 8, 1809(1809-06-08)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԳրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԳերեզմանՆյու Ռոշել
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի թագավորություն, ԱՄՆ,  Մեծ Բրիտանիայի թագավորություն,  Ֆրանսիայի թագավորություն,  Ֆրանսիայի թագավորություն,  Ֆրանսիա և  ԱՄՆ
Կրոնդեիզմ
ԿրթությունThetford Grammar School?
ԵրկերCommon Sense?, The Age of Reason? և Rights of Man?
Մասնագիտությունփիլիսոփա, քաղաքական գործիչ, գրող, ձեռնարկատեր, լրագրող, արձակագիր և հրապարակախոս
ԱմուսինMary Lambert? և Elizabeth Ollive?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԱնդամությունԱմերիկական փիլիսոփայական ընկերություն և Pennsylvania Abolition Society?
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Paine Վիքիպահեստում

Թոմաս Փեյն (Paine, հունվարի 29 (փետրվարի 9), 1737[1][2], Թետֆորդ, Breckland, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունիսի 8, 1809(1809-06-08)[1][2][3][…], Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հասարակական և քաղաքական գործիչ։ XVIII դարի լուսավորականության հեղափոխական թևի ներկայացուցիչ։ 1774 թվականին մեկնել է Հյուսիսային Ամերիկա, որտեղ շուտով դարձել է անգլիական գաղութների անկախության համար պայքարի մարտիկ։ «Առողջ բանականություն» (1776 թ.) պամֆլետում պաշտպանել է ժողովրդի ինքնիշխանության գաղափարը և հեղափոխության իրավունքը, ապացուցել Մեծ Բրիտանիայից հյուսիս-ամերիկյան գաղութների անջատման անհրաժեշտությունը և անկախ հանրապետության ստեղծումը։ Պամֆլետի գաղափարներն իրենց արտահայտությունն են գտել Անկախության դեկլարացիա 1776 թվականի մեջ։ Թոմաս Ջեֆերսոնի հետ հանդես է եկել հանուն ստրկության վերացման։ 1777-1779 թվականներին եղել է կոնգրեսի արտաքին գործերի կոմիտեի քարտուղար։ Ողջունել է Ֆրանսիական բուրժուական մեծ հեղափոխությունը։ «Մարդու իրավունքները» (1791-1792 թթ.) տրակտատում պաշտպանել է Մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիայի հեղափոխական սկզբունքները։ Փեյնը մեկնել է Ֆրանսիա, ընտրվել Կոնվենտի անդամ, սակայն, ընդհարվելով յակոբինյանների հետ, 1793 թվականի վերջին բանտարկվել է (շուրջ 1 տարի)։ XVIII դարի ամերիկյան հասարակական-քաղաքական շարժման արմատական-դեմոկրատական ուղղության առավել հետևողական ներկայացուցիչ Փեյնի հայացքներն անմիջական ազդեցություն են ունեցել Մեծ Բրիտանիայում չարտիստական շարժման գաղափարախոսության ձևավորման վրաː

Քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեյնը հաստատում է մարդու ի բնե տրված ազատության ու հավասարության գաղափարները. «Բոլոր մարդիկ իրենց սեռով միասնական են և, հետևաբար, բոլորն էլ ծնվում են հավասար և ունեն հավասար բնական իրավունքներ»։ Դրանք են՝ խոսքի ազատություն, հավասարություն, երջանկության իրավունք և այլն։ Մարդու բնական իրավունքները նա համարում է քաղաքացիական իրավունքների միակ աղբյուրն ու հիմքը։ Բնական իրավունքների հիման վրա ստեղծվում է քաղաքացիական իրավունքը, որը չպետք է հակասի մարդու բնածին իրավունքներին։ Քաղաքացիական են այն իրավունքները, որոնք պատկանում են անձին՝ իբրև հասարակության անդամի։

Փեյնը համանմանություն է հաստատում մարդու և սերունդների իրավունքների միջև։ Ինչպես «մարդը սեփականության իրավունք չունի այլ մարդու հանդեպ», ճիշտ այդպես էլ «որևէ սերունդ սեփականության իրավունք չունի հաջորդ սերնդի նկատմամբ»։ Այստեղից նա բխեցնում է, որ յուրաքանչյուր սերունդ «պետք է լիազորված լինի՝ լուծելու իրեն վերաբերող բոլոր հարցերը»։ Տվյալ սկզբունքը տարածվում է ողջ ազգի վրա. «Եթե ազգը որոշում է անել ինչ-որ բան, նա դրա իրավունքն ունի»։

Նա հիմնավորում է ժողովրդական ինքնիշխանության գաղափարը։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, իսկ օրենսդրական իշխանության ստեղծումը՝ նրա բնական, անօտարելի իրավունքը։ Այստեղից նա բխեցնում է ժողովրդի հեղափոխության և քաղաքական այն կարգի ոչնչացման իրավունքը, որը չի համապատասխանում հասարակության շահերին և նպատակներին։ Դա դիտվում է իբրև հասարակական առաջընթացի դրսևորում։

Փեյնը առաջիններից մեկն է, որ հստակ տարբերակում է հասարակությունը և պետությունը։ «Հասարակությունը ստեղծվում է մեր պահանջմունքներով, իսկ կառավարությունը՝ մեր արատներով... Հասարակությունը բոլոր վիճակներում բարիք է, կառավարությունը, նույնիսկ ամենալավը, սոսկ անհրաժեշտ չարիք է, իսկ վատագույնը՝ անտանելի չարիք»։ Հետևաբար՝ պետությունը հասարակության արդյունք է։ Եթե մարդիկ չունենային արատներ և իրենց փոխհարաբերությունները կառուցեին արդարության սկզբունքի վրա, ապա կառավարությունները հարկավոր չէին լինի։ «Եթե խղճի պատվիրանները լինեին հստակ որոշակի և անշեղորեն կատարվեին, ապա մարդը որևէ այլ օրենսդրի կարիք չէր ունենա, բայց քանի որ այդպես չէ, մարդը հարկադրված է մասնակիորեն հրաժարվել իր սեփականությունից, որպեսզի ապահովի մնացածի պաշտպանության միջոցները»։

Փեյնի համաձայն՝ որքան կատարյալ է քաղաքացիական հասարակությունը, այնքան այն ինքնակառավարվող է և պետության հովանավորության կարիք գրեթե չի զգում։ Հենց մարդկանց բնական փոխօգնությունից են «կախված պետական կառավարման ուժը և կառավարողների երջանկությունը»։ Նա համոզված է, որ քաղաքացիական հասարակության մեջ ոչ այն բանի համար, որ ավելի վատը դառնա...կամ ունենա պակաս իրավունքներ, քան նախկինում, այլ այդ իրավունքներն, «օրենքները» արտահայտում են համընդհանուր շահեր և իրենց նշանակությամբ ու ազդեցության ուժով առավել բարձր են, քան կառավարության հաստատած օրենքները։ Քանի որ անհատը միշտ չէ, որ ի վիճակի է օգտվել իր բնական, մանավանդ՝ անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող իրավունքներից, «նա իրավունքը հանձնում է հասարակությանը, որի մասն է կազմում՝ նախընտրելով հասարակության ուժը սեփականից։ Հասարակությունը ոչինչ չի պարգևում նրան։ Յուրաքանչյուր մարդ սեփականատեր է իր հասարակության մեջ»։

Որքանով կառավարության կոչումը քաղաքացիների անվտանգության և ազատության ապահովումն է, Փեյնի քաղաքական իդեալը ժողովրդավարական հանրապետությունն է՝ համընդհանուր ընտրական իրավունքով, լայն ու հավասար ներկայացուցչությամբ։ Նա առաջին հերթին անընդունելի է համարում իշխանության միապետական ձևը, որի առաջացումն իսկ առնչվում է բռնությանը, իշխանության բռնազավթմանը։ Մարդկանցից ոչ ոք չի կարող մյուսների նկատմամբ առավելություն, բնածին իրավունք ունենալ։ Միաժամանակ Փեյնը քննադատում է ունեցվածքային անհավասարության ծայրահեղության դրսևորումները, պահանջում վերացնել «շքեղության» և «աղքատության» հակադրությունները, մարդկանց մեծամասնությանը ապահովել սեփականությամբ։

Փեյնը հիմնավորում է խաղաղության գաղափարը, իսկ այն կառավարությունները, որոնք չեն պահապանում խաղաղությունը, պետք է տապալվեն։ Բացի այդ, նա արդարացնում է հանուն անկախության պատերազմները՝ որպես արդարացի պատերազմներ։ «Եթե որևէ երկիր հարձակման և թշնամու ներխուժմանն է ենթարկվել, և վտանգվել է նրա իսկ գոյությունը, ապա ժողովուրդը պետք է ոտքի ելնի՝ հանուն իր պաշտպանության և փրկության, բայց բոլոր այլ տեսանկյուններից ու այլ պատճառներով պատերազմը դատապարտելի է և նողկալի»։ Փեյնի իրավաքաղաքական հայեցակարգը լայնորեն տարածվեց ու զարգացավ ազատամտական քաղաքական ուսմունքներում և կարևոր դեր խաղաց ԱՄՆ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության նախապատրաստման գործում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]