Jump to content

Զեյթուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյթուն (այլ կիրառումներ)
Քաղաք
Զեյթուն
Զեյթունը Մեծ եղեռնի նախաշեմին, 1902 թվական
Վարչական տարածքԹուրքիա
ԵրկրամասԶեյթունի գավառակ
Առաջին հիշատակումXV դարասկիզբ
Այլ անվանումներԳեղ, ԵՆի, Շեհիր, Զեթոն, Յուլիուպոլիս, Սուլեյմանի, Ուլն, Ուլնի[1]
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն17200 մարդ (1880)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունզեյթունցի
Ժամային գոտիUTC+3
Զեյթուն (Թուրքիա)##
Զեյթուն (Թուրքիա)

Զեյթուն, քաղաք Կիլիկիայում, Զեյթունի գավառում, Զեյթունի գավառի կենտրոնը։ Գտնվում է Մարաշից 38 կմ հյուսիս–արևմուտք, դժվարամատչելի լեռնային վայրում, Ջահան (Պիռամոս) գետի հովտում։ Մինչև 1920 թ.-ը մտնում էր Հալեպի վիլայեթի Մարաշ սանջակի մեջ, իսկ 1980 թ.-ի դրությամբ Մարաշ վիլայեթի մեջ։ Ներկայումս քաղաքը վերանվանվել է Սուլեյմանլըի։

Անվանման ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունն իր անունն ստացել է թուրքերեն «զեյթուն» (ձիթենի) բառից, որը փոխառված է հայերեն «ձեթուն» բառից։ Այս պտղի ծառերը մեծ չափով աճում են քաղաքի շուրջը և տաք ձորերում։ Երկրորդ անունը՝ Ուլնիա, կոչել են Զեյթունի տեղում բյուզանդական Ուլնիա բնակավայրի անունով։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունը հյուսիսից շրջապատված է Չըրըգ, Բերիտ, Սաղ Դաղ, Աղաջ–Առ, Յոթնեղբայր, արևելքից՝ Պերզինկա, Մավլ, Ավագ, հարավից՝ Կյուվրտին, իսկ արևմուտքից՝ Մոլախդերե լեռներով։ Այս լեռները, քաղաքի շուրջը կազմելով բնական պատնեշ, Զեյթունը դարձնում են դժվարամատչելի թշնամիների համար։

Զեյթունով են հոսում Ջահան գետի վտակները, որոնք սկիզբ են առնում Տավրոս լեռնաշղթայից։

Գետերը հարուստ են ձկներով (կարմրախայտ և այլն)։

Կլիման բարեխառն է, տաք ու առողջարար։ Աճում են պտղատու ծառեր, ձիթենի, նռնենի, թզենի, խաղող, հացահատիկներից՝ ցորեն, գարի, եգիպտացորեն։

Օգտակար հանածոներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտակար հանածոներից կան երկաթ, արծաթ։ Կան նաև հանքային ջրեր։

Զեյթունի 1862 թվականի ապստամբության ղեկավարներն են, ձախից՝ աջ կանգնած են. իշխան Ղազար Շովրոյան, քահանա Տեր Մովսես Խաչուկենց և իշխան Աստվածատուր Ենիտունյան։

Բագրատունիների անկումից հետո (1045 թ.) Զեյթունի տարածքում Անիից գաղթած յոթ հայ ընտանիք բնակություն են հաստատել Շեհիրճոկում՝ տալով նրան «Անի–ձոր» անունը։ Տարածքը 1080–1375 թթ.-ին մտել է Կիլիկիայի հայկական պետության մեջ։ Բնակչությունն ավելացել է Շիրակից գաղթած հայերով, իսկ հիմնական զանգվածը եկել է Կիլիկիայից, հայկական պետության անկումից հետո (1375 թ.)։

Գավառի և ավանի Զեյթուն անունն առաջին անգամ հիշատակվում է XV դարի սկզբին, երբ Կիլիկիայի մեծ մասին տիրում էր Զյուլ–Կադիրների ցեղը։ XV դարի մինչն XVI դարի սկիզբը եղել է Զյուլ–Կադիրների և Կարաման ցեղի տիրապետության տակ։

1517 թ.-ին Զեյթունն ընդունել է թուրքական հպատակությունը՝ պարտավորվելով հարկ վճարել Բարձր Դռան (5000 ղուրուշ)։ 1626–1627 թթ.-ին թուրքական սուլթան Մուրադ IV-ը, Ջալալների շարժումից վախենալով, Զեյթունի հայերին իր կողմը գրավելու նպատակով, նրան տվեց կիսանկախության հրովարտակ (ֆերման), ըստ որի նրանք միայն 15000 ղուրուշ հարկ պետք է վճարեին։

XVI–XVIII դարերում Զեյթունը կառավարվեց ռազմական դեմոկրատիայի սկզբունքով։ Գավառը ղեկավարում էին չորս իշխանական տներ՝ Շովրոյանները, Յաղուբյանները, Ենի–Դունյանները և Սուրենյանները։ Այս տների անունով կոչվել են Զեյթունի չորս թաղերը, որոնց նրանք տիրում էին ժառանգական իրավունքով։ Ամբողջ գավառին վերաբերող հարցերը լուծում էր իշխանական խորհուրդը, որտեղ վերջին խոսքն ասելու իրավունքը վերապահված էր ավագ իշխանին և Զեյթունի արքեպիսկոպոսին։ Մինչև XIX դարի 2-րդ կեսը Զեյթունի վրա թուրքական տիրապետությունը անվանական էր, գավառի հայերը պաշտպանում էին իրենց կիսանկախ վիճակը, արգելում օտարների մուտքը իրենց սահմանները։

1865 թ.-ին Զեյթունում հաստատվեց թուրքական կառավարությունը և իշխանական իրավունքները վերացան[1]։

Չնայած Մուրադ IV-ի տված հրովարտակին, շրջակա թուրքերը, հատկապես Մարաշի կառավարիչները, միշտ ջանացել են ասպատակել, իրենց ենթարկել գավառը։ Նման փորձեր կատարվել են 1780, 1808, 1819, 1829, 1835 թթ.-ին, բայց միշտ ավարտվել են լեռնականների հաղթանակով։ Ըմբոստ, հաղթանդամ, քաջակորով զեյթունցիները դարեր շարունակ զենքի ուժով պաշտպանել են իրենց արտոնյալ վիճակը, հաճախ հրաժարվել չնչին հարկատվությունից։

Թուրքիան չէր հաշտվում Զեյթունի կիսանկախ վիճակի հետ և 1860-ական թթ․-ին ձեռնարկում է վերացնելու գավառի անկախությունը, հիմնահատակ կործանելու Զեյթունը։ 1862 թ.-ին բռնկվեց Զեյթունի ապստամբությունը թուրքերի դեմ, որն ավարտվեց հաղթանակով։ Չնայած դրան, Աբդուլ Մեջիդ սուլթանը հասավ գավառի կիսանկախության վերացման, իսկ բնակիչները ենթարկվեցին ծանր հարկահանության։ Ի պատասխան թուրքերի բռնության, 1878 թ.-ին բռնկվեց նոր ապստամբություն՝ Ենի–Դունյան տոհմի Պապիկ իշխանի գլխավորությամբ։ Շուրջ երկու տարի տնող կռիվներն ավարտվեցին փոխադարձ զիջումներով։ Զեյթունի համայնքը շարունակեց իր գոյությունը, բայց քաղաքին հսկող բարձունքում թուրքերը զորանոց կառուցեցին և սկսեցին հետևել լեռնականներին։ Զեյթունցիները 1895–1896 թթ.-ին անձնազոհ դիմադրություն ցույց տվեցին համիդյան ջարդարարներին։ Ինքնապաշտպան ական կռիվները գլխավորում էին 75-ամյա իշխան Ղազար Շովրոյանը և հնչակյան գործիչ Աղասին։ Այդ կռիվները վերջացան եվրոպական պետությունների հյուպատոսների միջամտությամբ։ 1780–1909 թթ.-ին Զեյթունը 41 անգամ դիմակայել է թուրք, զորքերին՝ հերոսական էջեր գրելով հայ ազատագրական պայքարի պատմության մեջ։

1915 թ.-ի մարտին Զեյթունի հայությունը բռնությամբ տեղահանվեց և քշվեց Դեյր-էլ-Զորի անապատը, իսկ քաղաքը հրդեհվեց։ Բնակիչների մի մասը կոտորվեց, փրկվածները տարագրվեցին տարբեր երկրներ։ Թուրքիայի պարտությունից հետո Ֆրանսիան գրավեց Կիլիկիան։ Վերապրող 1500 զեյթունցիներ վերադարձան իրենց բնակավայրերը։ 1921 թ.-ին, երբ Ֆրանսիան Կիլիկիան հանձնեց Թուրքիային, Զեյթունը վերջնականապես դատարկվեց հայերից։

Մեծ եղեռնից վերապրող զեյթունցիները 1930-ական թթ․ Երևանի հյուսիսային մասում հիմնադղրեցին Նոր Զեյթուն թաղամասը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ պատմական աղբյուրների սկզբում Զեյթունում բնակվել են հույներ և մի քանի տուն հայեր։ Հայերը սկզբում գաղթել են Անիից և Ուլնիայից։ 1045 թ.-ի Բագրատունիների թագավորության անկումից հետո հայերը թիվը արագ տեմպերով աճել է, իսկ հույներինը նվազել[1]։

Կ․ Պոլսի պատրիարքարանի տվյալներով 1880 թ.-ին Զեյթունն ուներ 17 000 (1600 ընտանիք) հայ բնակիչ և 200 (24 ընտանիք) թուրք բնակիչ։ Զեյթունի գավառն ուներ 28 գյուղ, որտեղ բնակվում էին 17460 հայեր և 8344 մուսուլման բնակիչներ (թուրքեր, քրդեր և լազեր)։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի հայերն զբաղվում էին արհեստագործությամբ (կոշկակարություն, համետագործություն, վառոդի արտադրություն, դարբնություն, ատաղձագործություն), առևտրով, երկրագործությամբ և այգեգործությամբ։ Զեյթունցիները մեծ եկամուտ էին ստանում նաև ջորեպանությունից։ Զինված խմբերով նրանք մյուս գավառներն էին տեղափոխում եկվոր առևտրականների ապրանքները և ստանում վարձատրություն։

Բերիտի լեռան մոտ արդյունահանում էին երկաթ, պղինձ, որի մի մասը օգտագործում էին զենքեր պատրաստելու համար, իսկ մյուս մասը փոխանակում հացահատիկի հետ։ Զեյթունցին հմուտ զինագործ Էր։ Նրանք պատրաստում էին կայծքարով կրակող հրացաններ և վառող։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյթունի տները դասավորված էին շարքերով՝ ընդհուպ իրար կիպ կպած։ Շուկան, իր հարակից կրպակներով հանդերձ, գտնվում էր քաղաքի կենտրոնում[1]։

Ընդհանուր առմամբ Զեյթունն ունեցել է 11 եկեղեցի և 2 ավերակ վանքեր։

Զեյթունում գործում էր չորս եկեղեցի Ս․ Աստվածածին՝ Սուրենյան թաղում, Ս․ Սարգիս՝ Յաղուբյան թաղում, Ս․ Հովհաննես՝ Շովրոյան թաղում և Ս․ Լուսավորիչ՝ Ենի–Դունյան թաղում։ Զեյթունի կաթոլիկ և բողոքական հայերն ունեին մեկական եկեղեցի և վարժարան։

Զեյթունի հայերն ունեին նաև երկու վանք՝ Ս․ Աստվածածին և Ս․ Փրկիչ։

Շուղուր գետակի վրա կար երկու կամուրջ` Կարասի, որը տանում էր դեպի Սուրենյան թաղը և Շուղուրի, որը տանում էր դեպի Յաղուբյան թաղը[1]։

Կրթություն և գրչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի չորս թաղերում գործում էին չորս վարժարան, օրիորդաց դպրոց և նախակրթական։ Զեյթունում կար 2 դպրոց, որտեղ սովորում էին 600 աշակերտներ։

Զեյթունում ընդօրինակվել են բազմաթիվ ձեռագրեր[1]։

Գուղաքաղաքի մոտ գտնում էին Էրեֆե քարայրներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 289
  2. «Սովետական հանրագիտարան», հտ 3, էջ 683-684
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 365 — 992 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Համբարձում Առաքելյան, Զէյթուն (Տեղագր., ազգագր. եւ վարչական տեսութիւն), Թիֆլիս, Ա. հ, 1896, 92 էջ։
  • Զեյթունցի (Սեմերճյան Մ․), Զեյթունի անցյալեն ու ներկայեն, մաս 1–2, Փարիզ, 1903։
  • Ստեփան Ալաջաջյան - «Եղեգները չխոնարհվեցին» (վեպ) , Երևան, 1979
  • Գալստյան Գ․, Մարաշ կամ Գերմանիկ և հերոս Զեյթուն, Նյու–Յորք, 1934։
  • Մելիքսեթյան Վ․, Զեյթունի հերոսամարտերը, Երևան, 1960։
  • Ներսիսյան Մ․ Գ․, Հայ ժողովրդի պայքարը թուրքական բռնապետության դեմ 1850–1870 թթ․, Երևան, 1955, 2002։
  • Զեյթունի պատմագիրք, Բուենոս–Այրես, 1960։
  • Պողոսյան Հայկազ, Զեյթունի պատմությունը, Երևան, 1969։
  • Հայ ժողովրդի պատմություն /ՀՍՍՀ ԳԱ հրատ./, հատ. 5, Երևան, 1974։
  • Սիսեռեան Մ., Պատմութիւն Զէյթունի, Լիբանան, 1996, 696 էջ, - http://www.historyofarmenia.am/images/menus/1188/patmutyun_zeytuni.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զեյթուն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 683