Եղիշե Չարենցի տուն-թանգարան
Եղիշե Չարենցի տուն-թանգարան | |
---|---|
Տեսակ | հուշային թանգարան |
Երկիր | Հայաստան[1] |
Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
Հասցե | Մաշտոցի պողոտա 17, Երևան, Հայաստան |
Հիմնադրվել է | 1964 |
Տնօրեն | Ժաննա Մանուկյան |
Կայք | charents.am |
Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում։ Հիմնադրվել է 1964 թվականին Երևանի այն բնակարանում, որտեղ 1935-1937 թվականներին ապրել է Չարենցը։ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՍՍՀ նախարարների խորհրդի 1964 թ. փետրվարի 8-ի որոշմամբ հիմնադրվեց Ե. Չարենցի տուն-թանգարանը։ Տասը տարվա հավաքչական աշխատանքներից հետո այն իր դռները բացեց 1975 թ. հունվարի 30-ին։ 1987 թվականին Չարենցի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ շենքը ենթարկվեց մասնակի փոփոխության և Հայաստանի կառավարության որոշմամբ թանգարանի տարածքն ընդլայնվեց։ Թանգարանն ընդգրկում է 626.3 քմ տարածք, այդ թվում՝ չարենցյան ժամանակների նմանությամբ վերականգնված հուշատունը։ Ե. Չարենցի տուն-թանգարանի հիմնական ֆոնդում ցուցակագրված է 8000-ից ավելի ցուցանմուշ։
Մյուս հարկաբաժիններում ցուցադրվում են Չարենցի և նրա ժամանակակիցների հետ առնչվող իրեր, լուսապատճեններ, գեղանկարներ և այլն։ Թանգարանի այժմյան ցուցադրության հեղինակը Ռոբերտ էլիբեկյանն է, նախկին ցուցադրությունը հեղինակել էր Կամո Նիգարյանը։ Թանգարանի ամենանվիրական հատվածը հուշատունն է՝ մեմորիալ բնակարանը։ Բնակարանը կահավորված է արևելյան ու եվրոպական իրերի համադրումով։ Աշխատասենյակի նկարագիրը պատկերված է Չարենցի «Հերոսի հարսանիքը» դրամայում (1937 թ.). «Տեսարանը՝ սենյակ, գրասեղան, սեղանի լամպ՝ կարմիր թավշյա լուսամփոփով։ Վառված է միայն այդ լամպը և նրա լույսով կիսաղոտ կերպով լուսավորված սենյակում, բացի սեղանից, ուրվագծվում են գրադարակներ, Ջիոտտոյի հայտնի ֆրեսկոյի մի մասի արտատպությունը, որը ներկայացնում է Դանտեին և Պետրարկային՝ դրախտում։ Դիմացի պատին, այսինքն գրասեղանի ետևը՝ չինական պաննո, դեղին թավշի վրա դրված հսկայական բրոնզյա Բուդդայի գլուխը՝ դեղին, պսպղուն այտերով, ծուռ ու նշաձև աչքերով և հեգնական շրթունքներով»։ Պահպանվել է սենյակի կահավորանքը՝ գրասեղանի, թախտի, գաղտնապահարանի, Աբգար աղայից ժառանգած գորգերի, չինական պաննոյի, Բուդդայի բրոնզե արձանիկների, «Ունդերվուդ» գրամեքենայի, Լեոնարդո դա Վինչիի, Ֆրա Անջելիկոյի, Ջիոտտոյի գործերի վերատպությունների համադրումով[4]։
Ցուցասրահներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին ցուցասրահ՝ ներկայացվում են Չարենցի ծննդավայր Կարսին առնչվող նյութեր` լուսանկարներ, գեղանկարներ, կենցաղային իրեր և այլն։
- Երկրորդ ցուցասրահ՝ նախատեսված է թանգարանի միջոցառումների և ժամանակավոր ցուցահանդեսների համար։
- Երրորդ ցուցասրահ՝ ներկայացնում է Չարենցի կյանքն ու գործունեությունը։
- Հուշատուն։
Հուշատան մաս կազմող՝ Չարենցի աշխատասենյակի և հյուրասենյակի պատերը զարդարված են չինական համապատկերներով, որոնցում ներկայացված են չինական հեքիաթների դրվագներ։
Եղիշե Չարենցի գրադարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի անձնական գրադարանը գտնվում է թանգարանի հուշային մասում։ Ըստ բանաստեղծի դուստր Արփենիկ Չարենցի՝ 1930-ական թվականներին գրադարանում եղել է մոտ 6000 գիրք։ Չարենցի ձերբակալությունից հետո գրքերի մեծ մասը ոչնչացվել է։ Այժմ գրադարանում կա 1422 գիրք։ Գրադարանը ներառում է հայերեն, ռուսերեն, օտար լեզուներով հազվագյուտ արժեքավոր գրքեր տարբեր մասնագիտությունների, արվեստի տարբեր ճյուղերի, կրոնների վերաբերյալ[4]։
Չարենցը գրադարանում ունեցել է հայերենով ընտիր գրականություն՝ Մովսես Խորենացի, Փավստոս Բուզանդ, Գրիգոր Նարեկացի, Նահապետ Քուչակ, Ներսես Շնորհալի, Սայաթ-Նովա, Լեո, Հովհաննես Թումանյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, Միսաք Մեծարենց, Բահաթուր Բահաթրյան և այլն, ուսումնասիրել է հին հունական, եվրոպական, ռուս գրականություն, լինելով հին արևելքի արվեստի ու գրականության գիտակ՝ անձնական գրադարանը հարստացրել է Ավրելիուսի, Մարսել Պրուստի, Ասվագոշայի, Լուիջի Պիրանդելլոյի, Կոնստանտին Բալմոնտի, Ֆրեյդի, Շտեյների, Բելիի, Նիկոլայ Գոգոլի, Պուշկինի, Շպենգլերի, Թագորի ստեղծագործություններով[4]։
Գրքերի շարքում իրենց առանձնակի տեղն ունեն «Старые годи» հանդեսի 1907-1916 թթ. 25 հատորները[4]։
Անձնական գրադարանում շատ գրքեր կրում են բանաստեղծի ինքնագրերը, լուսանցքներում առկա են Չարենցի ձեռքով արված նշումներ, որոնք արտահայտում են բանաստեղծի վերաբերմունքը գրքերի հանդեպ։ Չարենցի անձնական գրադարանում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Համլիկ Թումանյան, Ավետիք Իսահակյան, Գարեգին Բես, Խաչիկ Դաշտենց, Մ. Մազմանյան, Ռ. Թերլեմեզյան, Ա. Բելի, Ա. Գատով, Յու. Յանովսկի և ուրիշ հեղինակների մակագրություններով գրքերը։
Ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտասահմանյան շրջագայությունից բերված ցուցանմուշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։ Տուն–թանգարանում հատկապես ուշագրավ են Եղիշե Չարենցի արտասահմանյան ճանապարհորդությունից (1924-1925 թթ.) բերված իրերը, արվեստի յուրօրինակ նմուշները։ Չարենցի տան հյուրասենյակում են գտնվում ինը փայտափորագրությունները՝ Տոյոկունիների շարքը։
Չարենցը և եգիպտական դիմակը
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին արված Մարտիրոս Սարյանի հայտնի դիմանկարը, որ ներկայացվել է նաև Վիեննայի ցուցահանդեսում։ Նկարի համար անհրաժեշտ է եղել ընդամենը երկու հանդիպում՝ մեկական ժամով։ 1932 թվականի երկերի հրատարակության ժամանակ Եղիշե Չարենցն օգտագործեց իբրև իր «Երկերի» նկար։ Ետևում երևում է կապույտ թաշկինակի վրա եգիպտական դիմակով նկարը, որ Սարյանը մեկնաբանում է իբրև «հմայիլ, ճակատագրի, հավերժանալու մարդկային ձգտման խորհրդանիշ»։ Նկարի բնօրինակը գտնվում է ԳԱԹ-ում, իսկ Հենրիկ Սիրավյանի արտանկարը՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։
«Մահաթմա Չարենց» գեղանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուբեն Զարյանը իր հուշերում գրում է. «Մի օր Չարենցը խնդրեց Բաժբեուկ Մելիքյանին՝ նկարել իրեն հնդկական ձևով, ծալապատիկ նստած։ Այս շրջանում Հնդկաստանի մասին շատ էր կարդում, խոսում էր Գանդիի մասին, անդրադառնում էր բուդդիզմին, իոգերին, խոսում էր նրանց ուսմունքից։ Հաճախ էլ նայում էր Բուդդայի արձանիկին, և կարծես մոռացած, թե մարդ կա շուրջը՝ խոսում էր վերացած, հոգով և մտքով տեղափոխված Գանգեսի ափերը։ Մյուս օրը եկա՝ նկարն ավարտված էր և արդեն պատից կախված, տակն էլ խոշոր տառերով գրված՝ «Մահաթմա Չարենց»[4]։ Չարենցի նկարի վերևում գրված է.
«Ինձ
Դու դեռ անփորձ ես, վոգով, դեռ թույլ ես, Չարե՛նց.-
Վարժի՛ր վոգիդ, յեղի՛ր մոգ, իոգ ու արեգ,
Ինչպես Գա՛նդին Մահաթմա՝ հնդիկն հանճարեղ...
25.I. 1936.»
Գծանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Աղավնի Մեսրոպյանը՝ Կոմիտաս վարդապետի սանուհին և Չարենցի մտերմուհին, 22 րոպեում նկարում է Չարենցին։ Նկարում Եղիշե Չարենցը կիսադեմով է, թասակով։ Նկարի վրա Չարենցի ստորագրությունն է։ Նկարի աջ անկյունում նկարչուհու մակագրությունն է. «Աղավնի ‖-1937 (նկ. 22 րոպե) «Բռազնիկի» առթիվ…. Յերևան, Նոր բնակարան»[4]։
Չարենցի պատեֆոնը
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թ. Չարենցի ձերբակալությունից հետո բանաստեղծի կինը՝ Իզաբելլա Կոդաբաշյանը, երեխաների ապրուստը հոգալու համար որոշում է վաճառել որոշ իրեր։ Նա խնդրում է ընտանիքի բարեկամ Ռեգինա Ղազարյանին վաճառել Չարենցի պատեֆոնը՝ ինը ձայնապնակներով։ Ռեգինան այդ խնդրանքով դիմում է Անժելա Մկրտումյանին, որի տանը բնակվում էր։ Բանաստեղծի ձերբակալությունից մի քանի ամիս անց աքսորվում է նաև կինը։ Երևանից Մոսկվա է մեկնում Ռեգինա Ղազարյանը, և պատեֆոնը մնում է Անժելա Մկրտումյանի մոտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Երևան է վերադառնում Ռեգինան։ Հետաքրքրվելով պատեֆոնի ճակատագրով՝ տեղեկանում է, որ Անժելան մահացել է, և պատեֆոնը, որպես քրոջ իր, գտնվում է նրա եղբոր՝ Ալբերտ Մկրտումյանի մոտ։ Պատեֆոնի պատկանելության մասին Ռեգինայի բացատրությունները և այն վերադարձնելու խնդրանքները մնում են անպատասխան։ 1999 թ. սեպտեմբերի մի օր Չարենցի պատեֆոնը հայտնվում է Երևանի «Վերնիսաժ»-ում։ Այն վաճառքի էր հանել Ալբերտ Մկրտումյանը։ «Վերնիսաժ»-ում շրջելիս Ռեգինա Ղազարյանի բարեկամներից Հրանտ Բաբանյանը պատահաբար տեսնում է պատեֆոնը և վաճառողից տեղեկանում, որ այն Չարենցինն է։ Հ. Բաբանյանը Ռեգինայից պարզում է վաճառողի հայտարարության հավաստիությունը, գնում է պատեֆոնը և նվիրում Ռեգինա Ղազարյանին։ Վերջինս էլ պատեֆոնը հանձնում է Եղիշե Չարենցի տուն-թանգարանին[4]։
Բուդդայի արձանիկների հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցը ուսումնասիրել է բուդդայական ուսմունքը և իր տանը կան Բուդդայի՝ տարբեր չափերով արձանիկներ։
Բուդդայի գլուխը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդայի գլուխը Չարենցը գնել է Թիֆլիսից։ Քանդակը փայտե պատվանդանի վրա է՝ կիսափակ աչքերով, շուրթերը ժպտուն-հեգնական, ականջները՝ երկար-ակոսավոր բիլթերով, հոնքամիջին խոշոր խալով և գանգուր, գագաթին գմբեթարդ ելուստե սանրվածքով։ Այս քանդակը միշտ եղել է Չարենցի աշխատասենյակում, գրասեղանի ետևի պատվանդանի վրա[4]։
Թանգարանի տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նվարդ Բաղդասարյան (1975-1983 թթ.), թանգարանի հիմնադիր տնօրենը։ Նրա պաշտոնավարման վերջին տարում թանգարանի տարածքը վերափոխվել և ընդարձակվել է։ Նախագծի հեղինակ, ճարտարապետ Կարեն Ալեքսանյան, ցուցադրության պլանի հեղինակներ՝ տնօրեն Նվարդ Վարդանյան, բանասիրական գիտությունների թեկնածու՝ Անահիտ Չարենց։
- Էմմա Բուդաղյան (1983-1989 թթ.), մշակութաբան, արվեստաբան, թանգարանի երկրորդ տնօրենը։
- Լիլիթ Հակոբյան (1989-2016 թթ.), թանգարանի նախկին աշխատակից։ Նրան աշխատանքային երկարամյա կենսափորձի և մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար շնորհվել է «Հայաստանի Մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը։
- Անահիտ Ասատրյան (2016-2020 թթ.), բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, Գրողների միության անդամ։
- Ժաննա Մանուկյան (2020 թ.-ից մինչ օրս), թանգարանային փորձագետ, մշակութաբան, մշակութային-հասարակական գործիչ, Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) անդամ։
Միջոցառումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը կազմակերպում է բազմաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ ցուցահանդեսներ, գրական-երաժշտական երեկոներ, դասախոսություններ, թեմատիկ դասեր, համերգներ, հանդիպումներ, շնորհանդեսներ, պոեզիայի օրեր, չարենցյան ընթերցումներ, կրթական ծրագրեր և այլն։ Թանգարանն անցկացնում է թեմատիկ դասախոսություններ, ժամանակավոր ցուցահանդեսներ։
Չարենցի սենյակը «Ինտուրիստ» հյուրանոցում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Չարենցի տուն-թանգարանի հետ համատեղ «Ռոյալ Գոլդեն Թուլիփ Երևան» (նախկինում՝ «Ինտուրիստ») հյուրանոցում բացվել է Չարենցի սենյակը։ Այդ սենյակում 1928 թվականից մինչև 1935 թվականը բնակվել է Չարենցը։ Չարենցը բնակվել է սկզբում երկրորդ հարկի 21 համարում։ Նրա պատշգամբը նայում էր Աստաֆյան, այժմյան Աբովյան փողոցին։ Այստեղ է գրել «Գիրք ճանապարհի» բանաստեղծությունների ու պոեմների ժողովածուն։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի վկայագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականին թանգարանի ֆոնդերը հարստանում են. «International Star Registry» ներկայացուցչության կողմից թանգարանին հանձնած մի վկայագրով, ըստ որի՝ մեկ աստղ երկնքում կոչվել է «Եղիշե Չարենց» անունով։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից թանգարանին հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ֆեդերիկո Մայորի ուղերձը՝ Չարենցի ծննդյան 100-ամյակի առթիվ։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը գտնվում է Երևանի նախկին Սունդուկյան 6, այժմ՝ Մաշտոցի պողոտայի թիվ 17 շենքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Չարենց 115. Երևան: «Աստղիկ գրատուն» հրատարակչություն. 2012. էջ 120. ISBN 978-9939-840-07-9.
- ↑ «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Եղիշե Չարենց». Ժամ Ամսագիր. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Եղիշե Չարենցի տուն թանգարան, Երևան, «Պերա Պրինտ» ՍՊԸ, 2008, 104 էջ, ISBN 978-99941-874-0-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պատրաստվում է գրողի ծննդյան 124-ամյակին Արխիվացված 2023-06-11 Wayback Machine
- Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի սաները Եղիշե Չարենցի տուն թանգարանում
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/174 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եղիշե Չարենցի տուն-թանգարան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 673)։ |