Բասենի ճակատամարտ (1204)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասենի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Բասենի ճակատամարտ
Թվական1204 թվական
Մասն էՀայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից
ՎայրԲասենի դաշտ
ԱրդյունքՀայ-վրացական ուժերի հաղթանակ
Հակառակորդներ
Զաքարյանների իշխանապետություն
Վրաց թագավորություն
Իկոնիայի սուլթանություն
Հրամանատարներ
Զաքարե և Իվանե Զաքարյաններ, Դավիթ ՍոսլանՌուքն ադ-Դին Սուլեյման Բ
Կողմերի ուժեր
թվապես գերազանցում էին հայ-վրացական ուժերին
Ռազմական կորուստներ
թեթևծանր

Բասենի ճակատամարտ, ռազմական բախում հայ-վրացական զորքերի և Իկոնիայի սուլթանության միջև, որը տեղի է 1204 թվականին[1] (այլ աղբյուրներում՝ նաև 1205 թվական[2])։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ գավառները[3]։

Օգտվելով Բյուզանդիայի թուլությունից, որը առաջացել էր Խաչակրաց չորրորդ արշավանքի հետևանքով՝ Իկոնիայի սուլթանությունը ձգտում էր իր դիրքերը ամրապնդել Փոքր Ասիայում և հաջողության հասնել Զաքարյանների իշխանապետության հանդեպ, որը առաջ էր շարժվում Արաքսի հոսանքին հակառակ և նպատակ ուներ ազատագրել նաև Վանանդը՝ Կարս կենտրոնով։ Այս ամենի հետևանքով Ռուքն ադ-Դին Սուլեյման Բ-ն պատերազմ է հայտարարում հայ-վրացական ուժերին։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-վրացական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանգել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։

Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները 1199 թվականին սկսում են Շիրակի ազատագրումը, որի ընթացքում գրավվում է Անին։ Անին գրավելուց հետո՝ 1201 թվականին, Զաքարյանները սկսում են արշավանքը դեպի Կոտայք, որի հետևանքով ստեղծվում է նոր հենադաշտ Արարատյան դաշտը ազատագրելու համար։ 1203 թվականին հայկական ուժերը սկսում են Արարայան դաշտի ազատագրումը և գրավում Դվինը[3]։

Իկոնյան կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչակրաց երրորդ արշավանքից և Կիլիկիայի Լևոն Ա թագավորի դեմ մարտերից հետո Իկոնիայի սուլթանությունը փոքր-ինչ թուլացել էր, սակայն այն դեռևս իր դիրքերն էր պահպանում Փոքր Ասիայում։ Սակայն Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո՝ 1204 թվականին, Բյուզանդական կայսրության արևմտյան շրջաններում ստեղծվեց Լատինական կայսրությունը, որի պատճառով Բյուզանդական կայսրությունը թուլացավ, իսկ Իկանիայի սուլթանությունը գործողությունների ազատություն ստացավ։ Իկանիայի սուլթան Ռուքն ադ-Դին Սուլեյման Բ-ն որոշեց իր ուժերը տեղափոխել արևելք և պատերազմ սկսել արևելքում հզորացող հայ-վրացական դաշինքի դեմ։ Զաքարյան իշխանապետությունը սկսել էր Արաքսի հոսանքին հակառակ առաջ շարժվել և պատրաստվում էր ազատագրել Վանանդը՝ Կարս կենտրոնով։

Պատվիրակության այցը Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև բացահայտ պատերազմի հայտարարումը Ռուքն ադ-Դինը պատվիրակություն ուղարկեց Թամար թագուհու մոտ, որի դեսպանը իր հետ բերում էր վիրավորական նամակ՝ ուղղված Թամար թագուհուն։ Ինչպես իրեն հրամայված էր, դեսպանը իրեն ոչ կոռեկտ է պահում և փորձում հայ-վրացական ուժերին դրդել պատերազմի․ Զաքարեն, չհանդուրժելով նման պահվածք, հարվածում է դեսպանին և նա ընկնում է «ինչպես մահացած»։

(Ռուքն ադ-Դինը) ուղարկեց թագավորի մոտ դեսպան, և տվեց գիր, որում գրվածը ուներ այս պատկերը... «Աշխարհի բոլոր կողմերի տիրակալից։ Բոլոր կանայք հիմար են, և դու, որ հրամայել ես սուր վերցնել։ Արդ, ուղարկել եմ իմ ամբողջ զորքը, որ ոչնչացնեմ այդ երկրի բոլոր տղամարդկանց»... Եվ երբ եկավ (սուլթանի) դեսպանը ու տարան թագավորի մոտ, Թամարի առաջ, տվեց գիրը և առաջ գալով սկսեց ասել ոչ պատշաճ խոսքեր. «Եթե ձեր թագավորը թողնի իր հավատը, սուլթանը կառնի նրան կնության, իսկ եթե չթողնի հավատը, կլինի սուլթանի հարճը»։ Որովհետև (դեսպանը) խոսքերը ասում էր ամբարտավանությամբ, առաջ եկավ Զաքարիա ամիրսպասալարը և ձեռքով այնպես հարվածեց նրա դեմքին, որ ընկավ ինչպես մահացած ու մնաց։ Երբ քաշեցին ու ...ուշքի եկավ, Զաքարիան ասաց. «Եթե դեսպան չլինեիր, արդար էր, որ նախ լեզուդ կտրվեր, և հետո՝ գլուխդ, լկտի համարձակությանդ համար։ Այժմ ավելորդ է խոսքը։ Այս գիրը տուր Նուքադինին (Ռուքն ադ-Դինին) և ասա. մենք պատրաստ ենք կռվելու և հանդիպելու (քեզ հետ), թող Աստծու դատաստանը լինի։
- «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը», էջ 431-433

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակ չկորցնելով՝ Զաքարեն սկսում է զորահավաք իրականացնել։

Այնժամ կոչեցին Այնկողմի ու Այսկողմի զորականներին՝ Նիկոփսիայից մինչև Դարուբանդ, և հավաքվեցին Ջավախքում։ Առաջամարտիկը ամիրսպասալար Զաքարիա Երկայնաբազուկն էր... Զորքերը շարժվեցին Բասիանի (Բասեն) կողմերը։
- «Թագակիրների պատմությունն ու գովաանությունը», էջ 433

Այս ամենից հետո հայ-վրացական ուժերը շարժվում են դեպի Բասենի դաշտ, որտեղ բանակել էր հակառակորդը։

Եվ (Տոնականի կամ Ճառընտիրի) գրության ավարտման ժամանակ (1204/05 թթ.), Սեբաստիայի սուլթանը, հավաքելով անհուն բազմություն ...հասավ Թեոդոսուպոլիս (Կարին) և այնտեղից կամենում էր անցնել Հայոց և Վրաց աշխարհը։ Եվ նա բոլորովին մոռացել էր Աստծուն և, հույսը դնելով իր նանրության վրա՝ ուզում էր ավարի առնել ամբողջ այդ աշխարհը»։
- Մշո Առաքելոց վանքի Ճառընտրի հիշատակարան

Զաքարեի հրամանով հայ-վրացական ուժերը փորձում են հանկարծակիի բերել հակառակորդին, որի համար որոշվում է անաղմուկ մոտենալ և հանկարծակի գրոհ իրականացնել։ Այս ամենը հաջողությամբ չի պսակվում, քանի որ հակառակորդը պատահականության հետևանքով տեղեկանում է Զաքարեի մտադրությանը, սակայն հանկարծակի գրոհը որոշ չափով տալիս է իր արդյունքը։ Մինչև գլխավոր ուժերի հետ ընդհարման մեջ մտնելը հայ-վրացական ուժերին հաջողվում է ջաղջախել հակառակորդի առաջապահ գնդերը։ Գլխավոր ուժերի դեմ կռիվը մի քանի ժամ շարունակ ընթանում էր հավասար պայմաններում, որի ընթացքում հակառակորդը կարողանում է խոցել հայ և վրաց մի շարք հեծյալ ազնվականների ձիերը, որոնց թվում էր նաև Իվանե Զաքարյանը, սակայն նրանք շարունակում են մարտը վարել հետևակի կազմում։ Իրենց զորավարին պաշտպանելու համար մի շարք հայ մարտիկներ խմբվում են Իվանեի շուրջ, որի հետևանքով իրարանցում է սկսվում դաշնակից զորքերի կենտրոնական մասում։ Այս ամենը խոչընդոտում է հետիոտն մարտնչողների ազատ գործողություններին։ Տեսնելով այս ամենը՝ հակատռակորդը փորձում է հակագրոհել դաշնակից ուժերի կենտրոնական մասով և հաջողության հասնել դրա միջոցով։

հակառակորդի հակագրոհը կասեցնելու նպատակով հայ-վրացական բանակի կենտրոնական մասում մարտնչող հեծյալներից շատերը իջնում էին ձիերից և միանում հետիոտն կռվողներին, որի նպատակն էր միահամուռ ուժերով հակառակորդի հակագրոհի կանխումը։ Նույն պահին դաշնակից ուժերի երկու թևերի հրամանատարները՝ Զաքարե շահնշահը և Դավիթ Սոսլանը (Թամար թագուհու երկրորդ ամուսին), սկսում են զորաթևերի հեռացումը կենտրոնից, որով աջակցում էին հետևակի մարտակարգի ձևավորող վերախմբավորմանը։ Այս ամենի հետևանքով կենտրոնական մասը փոքր-ինչ թուլանում է, ինչից օգտվում է սուլթանական զորքը և ուժեղացնում ճնշումը կենտրոնի վրա։ Սա նպաստում է, որ հայ-վրացական դաշնակից ուժերի զորաթևերը հայտնվեն սանդղաձև դարձած մարտակարգի առաջ քաշված դիրքում և հնարավորությւոն են ստանում երկու կողմից թևանցում կատարել՝ աքցանի մեջ վերցնելով թվային գերակշռություն ունեցող հակառակորդի զորքը։

Հայտնվելով աքցանի մեջ՝ թյուրքական ուժերի մեջ մասը չի կարողանում մարտակարգ ձևավորել և ակտիվ մասնակցույթուն ունենալ կռվին, որի հետևաքնով սկսվում է թյուրքական բանակի ջախջախումը, որը երկար ժամանակ է պահանջում։

Եվ հանկարծ զորքերի այնպիսի բազմություն ջարդվեց, պարտվեց, ցրիվ եկավ, որ թվում էր, թե անծայրածիր անտառը հողով հանդերձ պոկվել էր ու փուլ եկել։ Հազիվ թե որևէ տեղ նման բան եղել է։ Ինչքան աչքը կտրում էր, ամենուր երևում էր անտառի նման զորք փախչող։ «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը», էջ 435

Մեծացնելով հաջողությունը՝ հայ-վրացական բանակի երկու թևերի հրամանատարները սկսում են իրականացնել ամբողջական շրջափակման գործողություն, որը խուճապային տրամադրություններ է ստեղծում թյուրքական ուժերի մոտ, որոնց մոտ արդեն սկսված անկանոն նահանջը շուտով վերափոխվում է բացահայտ փախուստի։ Սկսվում է հառակորդի հետապնդումը, որի իրականացման համար ճակատաարտի ընթացքում ձիերից իջած հեծյալները ներից հեծնում են սեփական նժույգները և մինչև ուշ գիշեր իրականացնում հակառակորդի հետապնդում։ Այսպիսով հայ-վրացական դաշնակից բանակը Զաքարե և Իվանե եղբայրների, Դավիթ Սոսլանի ղեկավարությամբ կարողանում է հաղթանակ տանել թվապես իրեն գերազանցող ուժերի դեմ։

Ինչպես որ հաղթանակը Շամխորի ճակատամարտում լայն հնարավորություններ ստեղծեց Ատրպատականի կուսակալության գերիշխանության տակ գտնվող հայկական տարածքի ազատագրման համար, այնպես էլ հաղթանակը Բասենում ճանապարհ էր բացելու Արևմտյան Հայաստանի, մասնավորապես Շահիարմենների տիրապետության տակ գտնվող տարածքի ազատագրման համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՎԱՀՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ» (PDF). lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020-28-01-ին.
  2. «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 75–83.
  3. 3,0 3,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–70.