Բասենի ճակատամարտ (1204)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բասենի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | 1204 թվական |
---|---|
Մասն է | Հայաստանի ազատագրումը Զաքարյանների կողմից |
Վայր | Բասենի դաշտ |
Արդյունք | Հայ-վրացական ուժերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Զաքարյանների իշխանապետություն Վրաց թագավորություն | Իկոնիայի սուլթանություն |
Հրամանատարներ | |
Զաքարե և Իվանե Զաքարյաններ, Դավիթ Սոսլան | Ռուքն ադ-Դին Սուլեյման Բ |
Կողմերի ուժեր | |
| |
թվապես գերազանցում էին հայ-վրացական ուժերին | |
Ռազմական կորուստներ | |
թեթև | ծանր |
Ընդհանուր կորուստներ |
Բասենի ճակատամարտ, ռազմական բախում հայ-վրացական զորքերի և Իկոնիայի սուլթանության միջև, որը տեղի է 1204 թվականին[1] (այլ աղբյուրներում՝ նաև 1205 թվական[2])։ Հայ-վրացական միացյալ բանակը 1195 թվականին սկսում է ազատագրել հայոց տիրույթները։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին հայ իշխանների՝ Զաքարյանների կողմից, որոնք վրաց արքունիքում մեծ կշիռ ունեին։ 1195 թվականին Գանձակ և Շամքոր քաղաքների միջև տեղի է ունենում ճակատամարտ, որտեղ հայ-վրացական ուժերը հաղթանակ են տոնում հակառակորդի նկատմամբ, որից հետո ազատագրվում են նաև Արագածոտն, Գեղարքունիք, Շիրակ գավառները[3]։
Օգտվելով Բյուզանդիայի թուլությունից, որը առաջացել էր Խաչակրաց չորրորդ արշավանքի հետևանքով՝ Իկոնիայի սուլթանությունը ձգտում էր իր դիրքերը ամրապնդել Փոքր Ասիայում և հաջողության հասնել Զաքարյանների իշխանապետության հանդեպ, որը առաջ էր շարժվում Արաքսի հոսանքին հակառակ և նպատակ ուներ ազատագրել նաև Վանանդը՝ Կարս կենտրոնով։ Այս ամենի հետևանքով Ռուքն ադ-Դին Սուլեյման Բ-ն պատերազմ է հայտարարում հայ-վրացական ուժերին։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ-վրացական կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրացական արքունիքում սկսել էին մեծ դիրք գրավել հայ իշխանները, որոնք սելջուկ-թյուրքերի արշավանքների ժամանակ արտագաղթել էին Վրաստան։ Սարգիս Զաքարյանը առաջինն էր, որը կարևոր պաշտոն ստացավ վրաց արքունիքում՝ ամիրսպասալար, որը վրաց զորքերի գերգույն հրամանատարն էր։ Նրա որդիներից Զաքարեն ժառանգել հոր պաշտոնը, իսկ Իվանեն դարձավ աթաբեկ, որի պարտականությունն էր թագաժառանգների դաստիարակումը։ 1195 թվականին սկսվում է հայ-վրացական ուժերի կողմից Հայաստանի ազատագրումը․ այդ գործողության հրամանատարներն էին Զաքարե և Իվանե Զաքարյանները։
Հայ-վրացական ուժերը կարողանում են Շամքորի ճակատամարտում հաղթանակ տանել Գանձակի ամիրայության նկատմամբ, որի հետո շարժվում են դեպի Արագածոտն, որի կենտրոնը Ամբերդն էր։ Ամբերդի գրավմամբ ամբողջանում է Արագածոտնի ազատագրումը, որից հետո ազատագրվում է նաև Գեղարքունիքը։ Չեզոքացնելով Հայաստանի հարավից և հարավ-արևելքից եկող սպառնալիքները՝ Զաքարյան եղբայրները 1199 թվականին սկսում են Շիրակի ազատագրումը, որի ընթացքում գրավվում է Անին։ Անին գրավելուց հետո՝ 1201 թվականին, Զաքարյանները սկսում են արշավանքը դեպի Կոտայք, որի հետևանքով ստեղծվում է նոր հենադաշտ Արարատյան դաշտը ազատագրելու համար։ 1203 թվականին հայկական ուժերը սկսում են Արարայան դաշտի ազատագրումը և գրավում Դվինը[3]։
Իկոնյան կողմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչակրաց երրորդ արշավանքից և Կիլիկիայի Լևոն Ա թագավորի դեմ մարտերից հետո Իկոնիայի սուլթանությունը փոքր-ինչ թուլացել էր, սակայն այն դեռևս իր դիրքերն էր պահպանում Փոքր Ասիայում։ Սակայն Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո՝ 1204 թվականին, Բյուզանդական կայսրության արևմտյան շրջաններում ստեղծվեց Լատինական կայսրությունը, որի պատճառով Բյուզանդական կայսրությունը թուլացավ, իսկ Իկանիայի սուլթանությունը գործողությունների ազատություն ստացավ։ Իկանիայի սուլթան Ռուքն ադ-Դին Սուլեյման Բ-ն որոշեց իր ուժերը տեղափոխել արևելք և պատերազմ սկսել արևելքում հզորացող հայ-վրացական դաշինքի դեմ։ Զաքարյան իշխանապետությունը սկսել էր Արաքսի հոսանքին հակառակ առաջ շարժվել և պատրաստվում էր ազատագրել Վանանդը՝ Կարս կենտրոնով։
Պատվիրակության այցը Վրաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև բացահայտ պատերազմի հայտարարումը Ռուքն ադ-Դինը պատվիրակություն ուղարկեց Թամար թագուհու մոտ, որի դեսպանը իր հետ բերում էր վիրավորական նամակ՝ ուղղված Թամար թագուհուն։ Ինչպես իրեն հրամայված էր, դեսպանը իրեն ոչ կոռեկտ է պահում և փորձում հայ-վրացական ուժերին դրդել պատերազմի․ Զաքարեն, չհանդուրժելով նման պահվածք, հարվածում է դեսպանին և նա ընկնում է «ինչպես մահացած»։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակ չկորցնելով՝ Զաքարեն սկսում է զորահավաք իրականացնել։
Այս ամենից հետո հայ-վրացական ուժերը շարժվում են դեպի Բասենի դաշտ, որտեղ բանակել էր հակառակորդը։
Զաքարեի հրամանով հայ-վրացական ուժերը փորձում են հանկարծակիի բերել հակառակորդին, որի համար որոշվում է անաղմուկ մոտենալ և հանկարծակի գրոհ իրականացնել։ Այս ամենը հաջողությամբ չի պսակվում, քանի որ հակառակորդը պատահականության հետևանքով տեղեկանում է Զաքարեի մտադրությանը, սակայն հանկարծակի գրոհը որոշ չափով տալիս է իր արդյունքը։ Մինչև գլխավոր ուժերի հետ ընդհարման մեջ մտնելը հայ-վրացական ուժերին հաջողվում է ջաղջախել հակառակորդի առաջապահ գնդերը։ Գլխավոր ուժերի դեմ կռիվը մի քանի ժամ շարունակ ընթանում էր հավասար պայմաններում, որի ընթացքում հակառակորդը կարողանում է խոցել հայ և վրաց մի շարք հեծյալ ազնվականների ձիերը, որոնց թվում էր նաև Իվանե Զաքարյանը, սակայն նրանք շարունակում են մարտը վարել հետևակի կազմում։ Իրենց զորավարին պաշտպանելու համար մի շարք հայ մարտիկներ խմբվում են Իվանեի շուրջ, որի հետևանքով իրարանցում է սկսվում դաշնակից զորքերի կենտրոնական մասում։ Այս ամենը խոչընդոտում է հետիոտն մարտնչողների ազատ գործողություններին։ Տեսնելով այս ամենը՝ հակատռակորդը փորձում է հակագրոհել դաշնակից ուժերի կենտրոնական մասով և հաջողության հասնել դրա միջոցով։
հակառակորդի հակագրոհը կասեցնելու նպատակով հայ-վրացական բանակի կենտրոնական մասում մարտնչող հեծյալներից շատերը իջնում էին ձիերից և միանում հետիոտն կռվողներին, որի նպատակն էր միահամուռ ուժերով հակառակորդի հակագրոհի կանխումը։ Նույն պահին դաշնակից ուժերի երկու թևերի հրամանատարները՝ Զաքարե շահնշահը և Դավիթ Սոսլանը (Թամար թագուհու երկրորդ ամուսին), սկսում են զորաթևերի հեռացումը կենտրոնից, որով աջակցում էին հետևակի մարտակարգի ձևավորող վերախմբավորմանը։ Այս ամենի հետևանքով կենտրոնական մասը փոքր-ինչ թուլանում է, ինչից օգտվում է սուլթանական զորքը և ուժեղացնում ճնշումը կենտրոնի վրա։ Սա նպաստում է, որ հայ-վրացական դաշնակից ուժերի զորաթևերը հայտնվեն սանդղաձև դարձած մարտակարգի առաջ քաշված դիրքում և հնարավորությւոն են ստանում երկու կողմից թևանցում կատարել՝ աքցանի մեջ վերցնելով թվային գերակշռություն ունեցող հակառակորդի զորքը։
Հայտնվելով աքցանի մեջ՝ թյուրքական ուժերի մեջ մասը չի կարողանում մարտակարգ ձևավորել և ակտիվ մասնակցույթուն ունենալ կռվին, որի հետևաքնով սկսվում է թյուրքական բանակի ջախջախումը, որը երկար ժամանակ է պահանջում։
Մեծացնելով հաջողությունը՝ հայ-վրացական բանակի երկու թևերի հրամանատարները սկսում են իրականացնել ամբողջական շրջափակման գործողություն, որը խուճապային տրամադրություններ է ստեղծում թյուրքական ուժերի մոտ, որոնց մոտ արդեն սկսված անկանոն նահանջը շուտով վերափոխվում է բացահայտ փախուստի։ Սկսվում է հառակորդի հետապնդումը, որի իրականացման համար ճակատաարտի ընթացքում ձիերից իջած հեծյալները ներից հեծնում են սեփական նժույգները և մինչև ուշ գիշեր իրականացնում հակառակորդի հետապնդում։ Այսպիսով հայ-վրացական դաշնակից բանակը Զաքարե և Իվանե եղբայրների, Դավիթ Սոսլանի ղեկավարությամբ կարողանում է հաղթանակ տանել թվապես իրեն գերազանցող ուժերի դեմ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՎԱՀՐԱՄՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ» (PDF). lraber.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020-28-01-ին.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 75–83.
- ↑ 3,0 3,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 58–70.