Jump to content

Արշավիր Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արշավիր Մելիքյան
Ծնվել էհունվարի 28 (փետրվարի 9), 1879[1]
ԾննդավայրԶառիթափ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 27, 1937(1937-11-27) (58 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան (1901)[1] և Ցյուրիխի համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս, գրականագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԳայանյան օրիորդաց դպրոց[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Արշավիր Միքայելի Մելիքյան (հունվարի 28 (փետրվարի 9), 1879[1], Զառիթափ, Շարուր-Դարալագյազի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 27, 1937(1937-11-27), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, հրապարակախոս, գրականագետ, պրոֆեսոր (1932), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934), ԽՄԿԿ անդամ (1906Թիֆլիսիի պարբերականներում հանդես է եկել «Ար.մե-ն», «Ա. Մ.», «Պատոիկ», «Գավառացի» ստորագրություններով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1879 թվականի հունվարի 28-ին (հին տոմարով) Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի Փաշալու գյուղում (այժմ՝ Զառիթափ, Վայոց ձորի մարզ)։։

1899 թվականին ավարտել է Երևանի արական գիմնազիան, 1899-1901 թվականներին սովորել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1900 թվականին օգոստոսին իր դիմումի համաձայն փոխադրվել է նույն համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ։ Խարկովում ընդգրկվել է ուսանողական հեղափոխական շարժումների մեջ և դարձել ուսանողական ելույթների ակտիվ կազմակերպիչներից մեկը։ Ուսանողական տարիներին Արշավիր Մելիքյանը հանդես է եկել որպես ինտերնացիոնալիստ։

1901 թվականի մարտի 20-ին Մելիքյանը հեռացվել է համալսարանից։ Նույն թվականի ապրիլին նրան հաջողվել է նորից վերականգնել իր ուսանողական իրավունքները, սակայն նոյեմբերի 30-ին նորից հեռացվել է համալսարանից և աքսորվել Կովկաս, որտեղ գտնվում էր ոստիկանության խիստ հսկողության տակ։ 1902 թվականին Մելիքյանը մասնակցում է Պետերբուրգում տեղի ունեցած ուսանողական համագումարին, որտեղ ծանոթացել է Ստեփան Շահումյանի հետ[2]։

1903 թվականի հոկտեմբերի 17-ի փաստաթուղթը ցույց է տալիս, որ Մելիքյանն ավարտել է Ցյուրիխի համալսարանի Փիլյան և Նյուշատելի (Շվեյցարիա) ակադեմիայի գրականության ֆակուլտետները։ Խարկովում գործուն մասնակցություն է ունեցել ուսանողների հեղափոխական ելույթներին, կապվել տարբեր կազմակերպությունների հետ։ 1901 թվականին, իբրև «անբարեհույս ուսանող», հեռացվել է Խարկովի համալսարանից և արտաքսվել Կովկաս։ 1902 թվականին Պետերբուրգում մասնակցել է ուսանողական համառուսաստանյան համագումարին։ 1903 թվականին մեկնել է Շվեյցարիա։

Տարագրության մեջ սերտ կապեր է հաստատել Վլադիմիր Լենինի, Գեորգի Պլեխանովի, Անատոլի Լունաչարսկու, Ռոզա Լուքսեմբուրգի, Կարլ Լիբկնեխտի, Ավգուստ Բեբելի և ուրիշների հետ։

1911 թվականին վերադարձել է Երևան, աշխատանքի անցել Գայանյան դպրոցում, ծավալել հրապարակախոսական լայն գործունեություն, հանդես եկել դասախոսություններով ու հոդվածներով՝ նվիրված մարքսիստական փիլիսոփայությանը, սոցիոլոգիայի, գրականության և արվեստի հարցերին։ 1913 թվականին նրա ջանքերով Երևանում լույս է տեսել «Խոսք» թերթը, որի 17-րդ համարից հետո Մելիքյանը բանտարկվել է՝ մեղադրվելով թերթին հակակառավարական ուղղություն տալու մեջ։ 1918-1919 թվականներին Մելիքյանին հաջողվել է վերստին հրատարակել թերթը՝ այս անգամ որպես ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպության օրգան։ 1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի անդամ, որպես ընդիմմության գործիչ։

Մելիքյանը Հայաստանում «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից է։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919 թվականի սեպտեմբերի և 1920 թվականի հունվարի անլեգալ խորհրդակցություններին, ընտրվել Արմենկոմի առաջին կազմում։ 1920 թվականին մեկնել է Մոսկվա, հանդիպել Վլադիմիր Լենինի հետ և նշանակվել ժողկոմխորհի արտասահմանյան մամուլի ռեֆերենտ։ 1921 թվականին մի շարք կուսակցական աշխատողների հետ ուղարկվել է Թիֆլիս, որտեղ լայն ագիտացիոն աշխատանք է ծավալել, գրել բազմաթիվ հոդվածներ «հայ հասարակական մտքի զարգացման» և «անցյալի ժառանգության մարքսիստական վերագնահատման վերաբերյալ»։

1924-1932 թվականներին դասախոսել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվան կոմունիստական համալսարանում (1932 թվականից՝ պրոֆեսոր]։

Մեծ դերակատարում ունի մարքսիստ հեղինակների երկերը հայերեն թարգմանելու և հրատարակելու գործում։

  • Ընտիր երկեր, Մելիքյան, Արշավիր Միքայելի, Օհանյան, Հ.Վ., Մանուկյան, Գ.Հ., Աղայան, Ծատուր Պավելի, Սիմոնյան, Հրաչիկ Ռուբենի, ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտ։ Երևան։ Հայաստան, 1982[5]։
  • Դիալեկտիկական մատերիալիզմ, Ասլանյան, Հայկազ Գաբրիելի. Մելիքյան, Արշավիր Միքայելի, Պետական համալսարան Հ. Ս. Խ. Հ., Երևան։ Պետհրատ, 1930[6]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 388.
  2. «Աղայան , Ծ. Պ. (1969) Լենինյան գաղափարների աննկուն պրոպագանդիստը և խոշոր տեսաբանը (Արշավիր Մելիքյանի ծննդյան 90-ամյակին). Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 1 . pp. 21-39» (PDF).(չաշխատող հղում)
  3. «Arshavir Melikyan St./ Արշավիր Մելիքյան փող., Վայոց ձորի մարզ)». Mapio.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  4. «Գրիգորյան Գևորգ Ստեփանի - Ջոտտո | Արշավիր Մելիքյան - Շտեմարան - Հավաքածու - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Մելիքյան, Արշավիր». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  6. «Կոհա առցանց քարտարան, Մելիքյան, Արշավիր Միքայելի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշավիր Մելիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 388