Սովորել է Փարիզի կենդանի արևելյան լեզուների ազգային ուսումնարանում։ Մալրոի ուղևորությունները Հարավ-Արևելյան Ասիա (1923-1927), որտեղ նա ծանոթացավ չին հեղափոխականների հետ, նրան մտորել տվեցին 20-րդ դարի արևմտյան քաղաքակրթության ճգնաժամի մասին («Արևմուտքի գայթակղությունը», 1926 թվական, «Եվրոպական երիտասարդությանը», 1927 և նյութ՝ առաջին վեպերի («Նվաճողները», 1928, «Թագավորական ճանապարհ», 1930, «Մարդկության գոյության պայմանները», 1933) համար։
Մալրոն 1930-ական թվականներին մասնակցել է ֆաշիզմի դեմ ուղղված միջազգային շարժմանը՝ ի պաշտպանություն մշակույթի, սակայն չի բաժանել ոչ մարքսիզմի, ոչ էլ կոմունիստների գաղափարախոսությունը, որոնց հետ համագործակցում էր։ 1935 թվականին հրատարակել է հիտլերյան զնդաններում տառապողներին նվիրված «Արհամարհանքի տարիներ» վիպակը։ Իսպանիայում ազգային-հեղափոխական պատերազմի (1936-1939) ժամանակ եղել է հանրապետությանը պաշտպանող օտարերկրացի կամավոր օդաչուների էսկադրիլիայի հրամանատար (պատերազմի առաջին տարին պատկերված է «Հույս» (1937) գործում)։ 1943 թվականին Ֆրանսիայում ներգրավվել է դիմադրության շարժման մեջ, գլխավորել պարտիզանական միավորում, որը շուտով վերածվել է բանակային բրիգադի։ Դեռևս 30-ական թթ. վերջերից նկատվել է, որ Մալրոն սկսել է հեռանալ հեղափոխական հումանիզմից («Ալտենբուրգի ընկուզենիները», 1943). այդ պրոցեսն իր վերջնակետին է հասել 1948-ին՝ «Կոչ մտավորականներին» ճառով, որը մշակույթի մեջ «սառը պատերազմի» մանիֆեստ էր։ 1959-1969 թվականներին Մալրոն եղել է Ֆրանսիայի մշակույթի նախարարը։ Որպես գրող այլևս հանդես չի եկել, բայց տպագրել է արվեստի, փիլիսոփայության վերաբերյալ բազմաթիվ աշխատություններ («Լռության ձայները», 1953 և այլն), ինչպես նաև հուշագրություններ («Հակամեմուարներ», 1967, «Կաղնին այն ծառն է, որ կարում են...», 1971)։
Մալրոն XX դ. ֆրանսիական գրականության ճանաչված վարպետներից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 163)։