Աթաբեկյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթաբեկյաններ
Տեսակարքայատոհմ
ՏիրույթներՋրաբերդ
ԾագումՀասան-Ջալալյաններ
Տիտղոսներմելիք, իշխան
ՀիմնադիրԱթաբեկ Գ Հասան-Ջալալյան
Հիմնում15-րդ դար
Ազգային
պատկանելիություն
Հայ

Աթաբեկյաններ, միջնադարյան հայ ազնվական իշխանական տոհմ, Հասան-Ջալալյանների կրտսեր ճյուղ։ 15-19-րդ դարերում եղել են Ջրաբերդի մելիքները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոհմն առաջացել է 15-րդ դարում։ Տոհմի նահապետն էր իշխան Աթաբեկ Գ Հասան-Ջալալյանը, իշխան Ջալալ Գ Հասան-Ջալալյանի հինգերորդ որդին, ով որպես ժառանգություն ստացավ հայրական տիրույթի հյուսիս-արևելյան մասում գտնվող մի տարածք, Ջրաբերդ ամրոցի մոտակայքում. ըստ որի նա հայտնի է որպես Աթաբեկ Մեծ Ջրաբերդցի։ Տեղափոխվելով այդ տարածք, Չորտանձուտինջուր գետի հովտում իշխան Աթաբեկը հիմնադրեց Կուսապատ գյուղը, որը և դարձավ Աթաբեկյանների տոհմական ոստանը։ Հետագայում տոհմը բազմացել և տարածվել է հյուսիսային Արցախում հիմնելով մի շարք բնակավայրեր, մասնավորապես իշխան-մելիք Հովհաննես (Իվանե) Աթաբեկյանի ջանքերով, դրանցից են Մարտակերտ ավանը, Ներքին Հոռաթաղ, Մոխրաթաղ, Մեհմանա, Ծաղկաշեն և Վարդաձոր գյուղերը։

Աթաբեկյան իշխանական տան մեծ տոհմանիշը (Արծվանիշ)

Ավանդապատումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաբեկյանների տոհմի մասին ավանդապատումներից է Ջրաբերդ ամրոցի հիմնադրումը։ Ըստ դրա, մի անգամ իշխան Աթաբեկը իր թիկնապահներով որսի է գնում Տրտուի անտառներում։ Հեծյալ հետապնդելով որսին, իշխանը կտրվում է իր թիկնապահներից և հասնում է մի բարձր ժայռի, որտեղ ականատես է լինում, թե ինչպես է որսը անհետանում ժայռի մեջ (իրականում, Ջրաբերդի ժայռն ունի ստորգետնյա գաղտնուղի)։ Սպասելով իր թիկնապահների ժամանմանը, իշխան Աթաբեկը տեսնում է մի այլ զարմանալի տեսարան. մի սպիտակ արծիվ Թարթառ գետի ափից ճանկերով քարեր է վերցնում և, ճախրելով, բարձրացնում է ժայռի վրա։ Զարմացած իշխանը բարձրանում է ժայռի գագաթն և տեսնում այդ ժայռի վրա կուտակված քարերը։ Երբ թիկնապահները հասնում են տեղ, իշխանը հրամայում է ժայռի վրա բերդ կառուցել. այդպես հիմնվում է Ջրաբերդը։ Պատմությունից հայտնի է, որ իրականում Ջրաբերդը կառուցված էր դեռևս Արշակունի արքաների օրոք և հիշատակվում է 7-րդ դարից, իսկ ավանդապատումը հիշատակություն է առ այն, որ Ջրաբերդը վերանորոգվել և ամրացվել է՝ հավանաբար իշխան Աթաբեկի կողմից։

Այլ ավանդապատումը Աթաբեկյանների ոստան Կուսապատ գյուղի հիմնադրման մասին է։ Ըստ դրա, իշխան Աթաբեկ Ջրաբերդցին հրամայում է մեկ այլ ամրոց էլ կառուցել Չորտանձուտինջուր գետի ափին։ Հպատակները շինարարությունը սկսում են, սակայն շուտով պատերազմ է սկսվում, և իշխանը մեկնում է մարտի։ Մարտի ժամանակ նա ծանր վիրավորվում է և մահանում։ Այդպիսով, ամրոցի պատերը մնում են կիսատ. արցախյան բարբառով՝ «կուսապատ» (կիսատ պատ), որից և առաջանում է գյուղի անվանումը։

Մեկ այլ ավանդապատում էլ պատմում է Աթաբեկյանների յոթ եղբոր տեղափոխությունը Ջրաբերդից ներկայիս Տավուշի մարզ, որտեղ նրանք հիմնում են յոթ գյուղ՝ Ներքին Ծաղկավան (մինչև 1946 թվականը՝ Մելիքգյուղ), Աչաջուր, Սարիգյուղ, Մովսեսգյուղ, Վազաշեն (մինչև 1970-ական թթ.՝ Լալիգյուղ), Այգեհովիտ և Կոթի։ Սույն ավանդապատումը ժողովրդական հիշատակ է իրականում Արցախից դեպի Տավուշ և Լոռի տեղի ունեցած հայ բնակչության տեղափոխությունների։ Ըստ վերջին մարդահամարի, Աթաբեկյանները իրոք զգալի թիվ են կազմում հիշատակված բնակավայրերում։

Աթաբեկյանների տոհմացանկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխան Վանի Աթաբեկյանի անձնական կնիքը

Նշանավոր Աթաբեկյաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթաբեկյանների Ջրաբերդ ամրոցը, Ջրաբերդ

Աթաբեկյաններից են սերում Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի մի շարք ականավոր քաղաքական, զինվորական և մշակությաին գործիչներ։ Տոհմի ամենահայտնի ներկայացուցիչը իշխան Մելիք-Վանի Աթաբեկյանն էր՝ Ջրաբերդի վերջին մելիքը, ով մեծ դեր խաղաց Արցախի Ռուսական կայսրությանը միացնելու գործում։ Սույն տոհմից են նաև.

  • ռուսական ականավոր գեներալ Անդրեյ Աթաբեկյանը (Աթաբեկով)
  • քաղաքական գործիչ Ալեքսանդր Աթաբեկյանը
  • Ռուսական Պետական Դումայի անդամ Հովսեփ Ներսեսի Աթաբեկյանը
  • Հայաստանի առաջիոն Հանրապետության կրթության նախարար Միքայել Աթաբեկյանը
  • ինժեներ Սուրեն Խաչիկի Աթաբեկյանը (Միլի ուղղաթիռների)
  • ԽՍՀՄ գունավոր մետալուրգիայի ինժեներ, տոհմապետ Հրաչ Աթաբեկյանը
  • ակադեմիկոս Հովսեփ Աթաբեկյանը
  • քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը

Տոհմի ներկայիս կացությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս, Աթաբեկյանների իշխանական տունը հայ ազնվական տոհմերի ամենակազմակերպված և ակտիվ տոհմերից է։ Ի միջի այլոց, Աթաբեկյանները պարբերաբար կազմակերպում են տոհմահավաքներ. վերջին երկուսը անց են կացվել 1983 թվի հոկտեմբերի 8-ին Մելիքգյուղում) և 2014 թվի ապրիլի 19-ին Երևանում։ Վերջին տոհմահավաքին Աթաբեկյանների տոհմապետ է ընտրվել իշխան Հրաչ Աթաբեկյանը։

2012 թվի հուլիսի 27-ին, Աթաբեկյաններն այն չորս իշխանական տներից մեկն էին, որոնք նախաձեռներցին Արցախի ավանդական իշխանական տոհմերի՝ Արցախի մելիքությունների դաշինքի վերականգնումը, ստեղծելով Հայոց Մէլիքաց Միությունը[1]։

Աթաբեկյանների տոհմին պատկանող 11 աղացներից մեկը Կուսապատում, Ջրաբերդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայոց Մէլիքաց Միություն».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյանց, Մակար։ Աղվանից երկիր և դրացիք, հատոր Բ, Թիֆլիս, 1907։
  • Ալիշան, Ղևոնդ։ Արցախ։ Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 1993
  • Потто, Василий. Первые добровольцы Карабаха в эпоху водворения русского владычества (мелик Вани и Акоп-юзбаши Атабековы), Тифлис, 1902. isbn=5-86490-108-3. - [http։//armenianhouse.org/potto/docs-ru/volunteers.html http։//armenianhouse.org/potto/docs-ru/volunteers.html]
  • Րաֆֆի. Խամսայի Մելիքությունները։ Երևան, Նաիրի, 1991։
  • Մաղալյան, Արտակ։ Արցախի մելիքական տների տոհմածառերը, «Բազմավէպ», Վենետիկ–Ս. Ղազար, 2004, թիւ 1–4, էջ 93–121, 2005, թիւ 1–4, էջ 153–193, 2006, թիւ 1–4, էջ 262–292։
  • Մաղալյան, Արտակ Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII—XIX դարերում, Երևան, «Գիտություն», 2007, 326 էջ։
  • Մաղալյան, Արտակ. Կուսապատի Աթաբեկյանների դատաստանական գործը, «Բանբեր Հայաստանի արխիվների», 2008, N 1, էջ 3–27։ - [http։//www.armarchives.am/UserFiles/File/Banber%2001-08-.pdf http։//www.armarchives.am/UserFiles/File/Banber%2001-08-.pdf]
  • Магалян, Артак. Судебное дело Кусапатских Атабекянов (1852–1855), «Русский сборник, том XI, Москва, Издательский дом «Регнум», 2012, էջ 68–100։ - [http։//www.iarex.ru/books/book79.pdf http։//www.iarex.ru/books/book79.pdf]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]