Այխմանը Երուսաղեմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այխմանը Երուսաղեմում
անգլ.՝ Eichmann in Jerusalem և բասկ.՝ Eichmann Jerusalemen‎
Պատկեր:Eichmann in Jerusalem. Images.jpg
ԵնթավերնագիրA Report on the Banality of Evil և Gaizkiaren hutsalkeriari buruzko txostena[1]
ՀեղինակՀանա Արենդտ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
ԹեմաՀոլոքոստ, Օտտո Ադոլֆ Այքման և war crimes trial?
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԵվրոպա
Հրատարակումներ կամ թարգմանություններԱյքմանը Երուսաղեմում
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվ1963

Այքմանը Երուսաղեմում. հաշվետվություն չարության տափակության մասին (անգլ.՝ Eichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil)[2][3], Հանա Արենդտի վերլուծական երկը Ադոլֆ Այքմանի և 1961 թվականին Երուսաղեմում կայացած նրա դատավարության մասին, որտեղ Արենդտը ներկա էր որպես The New Yorker հանդեսի թղթակից: Ադոլֆ Այքմանը նախկին ՍՍ օբերշտուրմբանֆյուրեր (փոխգնդապետ) էր, որը ղեկավարել է գեստապոյի IV-B-4 բաժինը, որը պատասխանատու էր «Հրեաների խնդրի վերջնական լուծման» համար[4][5]:

Որքան էլ զավեշտալի հնչի, գրքում տեղ են գտել շատ զվարճալի մանրամասներ: Արդեն դատավարության ընթացքում Արենդտը շրջանառության մեջ է դրել Banality of Evil – չարության տափակություն արտահայտությունը` ոչ միայն նկատի ունենալով Այքմանի նման «անհամ և ճղճիմ» մարդկանց, որոնք կազմում էին բնաջնջման նացիստական մեքենան, այլ Հոլոքոստի` որևէ ինքնատիպությունից զուրկ և սարսափով համակված հանցավոր պատմության ամենակենցաղային առօրեականությունը: Օրինակ, գլխավոր դատախազ Գիդեոն Հաուզներն իր «Վեց միլիոնը մեղադրում են»[6] պատմական ելույթից առաջ ետնաբեմում սկանադալ էր բարձրացրել և դատական կառավարչին սպառնում էր, որ եթե իր կնոջն ու դստերը դատին մասնակցելու թույլտվություն չտան, ապա մեկ ուրիշը թող ելույթ ունենա իր փոխարեն:

«Այքմանը Երուսաղեմում» էսսեն 20-րդ դարի բարոյագիտության վերաբերյալ ամենաքարկոծված գիրքն է, սակայն դասվում է 20-րդ դարի քաղաքական մտքի դասականների շարքում: Պատասխանատվությունը նպատակներից տարանջատելու Հանա Արենդտի փորձերը գրեթե ոչ ոք ճիշտ չի ընկալել իր ժամանակին: Դրանք տարակուսանք և զայրույթ են առաջացրել նույնիսկ նրա ամենամտերիմների մոտ: Այդ պատճառով հետագա բարոյագետներից շատերը բավարարվում են վագոնիկի խնդրով[7][8]:

1963 թվականին գրքի լույս տեսնելուց հետո Արենդտի «հրեա ընկերները նրա հետ իրենց հարաբերությունները խզեցին՝ չգնահատելով ծաղրն ու հեգնանքը և 30 տարուց ավելի Իսրայելում բոյկոտեցին նրան[9]: Իր նախկին ընկերերից մեկին՝ գիրքը հրեաների համախմբվածության խախտում համարած և քննադատած Գերշոմ Շոլեմին ուղղված հայտնի նամակում Արենդտը գրել է.

Սիոնիստական շարժումն իրենում կրում է գերմանական ազգայնականության որոշ վատագույն հատկանիշներ:

1965 թվականին լույս է տեսել ռուսերեն առաջին թարգմանությունը որոշ թերություններով[10]: 2002 թվականին գիրքն առաջին անգամ հրատարակվել է եբրայերեն թարգմանությամբ: Բեռլինի՝ դեպի Ռայխստագից ոչ հեռու տեղադրված Հոլոքոստի հուշարձան տանող փողոցը կրում է Հանա Արենդտի անունը:

Բովանդակություն

Ադոլֆ Այքմանը դատավարության ժամանակ 1961

Հանա Արենդտի «Այքմանը Երուսաղեմում» գիրքը «Հոլոքոստի ճարտարապետ» Ադոլֆ Այքմանի նկատմամբ 1961 թվականի դատավարության մասին է: Սա պատմական աշխատություն չէ, այլ բազմաթիվ դեպքերով և օրինակներով մանրամասն դատողություններ է այն պատճառների (հատկապես քաղաքական) մասին, թե ինչու են մարդիկ հրաժարվում խղճի ձայնը լսելուց և իրականության աչքերին նայելուց: Գրքի հերոսները բաժանված չեն դահիճների և զոհերի, այլ այդ ընդունակությունները պահպանածների և կորցրածների: Գիրքը գրված է կոշտ, հիմնականում հեգնական տոնով, բացակայում է զոհերի նկատմամբ ակնածանքը, գնահատականները կտրուկ են: Ահա այս պատճառով շատերին վրդովվեցրել և զայրացրել է այն ու դեռ շարունակում է տարակուսանք առաջացնել: Արենդտը գերմանացիների մասին գրում է.

Գերմանիայի հասարակությունը, որ կազմում էր 80 միլիոն, նույն կերպ պաշտպանված էր իրականությունից և փաստերից, նույն ինքնախաբեությամբ, ստով և հիմարությամբ, որոնք առանցքային դարձան նրա՝ Այքմանի մենթալիտետի համար:

Հեղինակը նույն կերպ անողոք է նաև զոհերի նկատմամբ, հատկապես նրանց, ովքեր որպես հրեական վերնախավի մաս, «մարդասիրական» կամ այլ նկատառումներից ելնելով աջակցել են այդ մոլորեցնող ինքնախաբեությանը:

Հանա Արենդտը շեշտում է, որ Այքմանը կարիերայի սանդուղքով վեր բարձրանալու ցանկությունից բացի այլ նպատակներ չի հետապնդել: Հակասեմիտականության կամ անձի հոգեբանական անլիարժեքության որևէ նշան չուներ Այքմանը[11]: Այքմանի խոսքերը մեջբերելով՝ Արենդտը ցույց է տալիս, որ նա իր կատարած հանցավոր գործողությունները կատարել է առանց ատելության և իր կատարած արարքների նկատմամբ որևէ չափով մեղքի զգացողություն չունի. չէ որ նա «իր աշխատանքն էր կատարում».

...Նա իր պարտականությունն էր կատարում..., նա ոչ միայն հնազանդվել է հրամաններին, այլև հնազանդվել է օրենքին[12]...
- Անգլերեն բնօրինակ, էջ 135

Գրքի ենթավերնագիրը (Չարի տափակություն) վերջին գլխի եզրափակիչ խոսքերն են:

Քննադատություն

1963 թվականի առաջին անգլերեն հրատարակությունից կարճ ժամանակ անց լույս տեսավ ռուսերեն թարգմանությունը: Չնայած գիրքը նվիրված է հրեական պետության ամենաճանաչված դատավարությանը, բայց Իսրայելի պետական լեզվով թարգմանությունը 37 տարի անց է լույս տեսել: Պատճառն այն չէ, որ որակյալ թարգմանիչներ չեն եղել: Այս գիրքը գրված է 20-րդ դարի ամենախոշոր հրեա ինտելեկտուալի կողմից, այնուամենայնիվ հրեական պետության մեջ այն կարդալու ցանկություն ունեցողներ չկային: Գրքում գրվածը չի համընկնում Հոլոքոստի մասին ձևավորված վաղուց արդեն կանոնիկ դարձած կոլեկտիվ հիշողությանը:

2008 թվականին ռուսերեն թարգմանության նախաբանում, հավանաբար ցանկանալով խուսափել որևէ մեղադրանքից, գրքի խմբագիրները որպես վերջաբան ներկայացրել են 5 էջանի գնահատական, որի հեղինակը գրում է, որ «բավական դժվար է համակրանքով վերաբերվել գրքին», որ գիրքը «սաստիկ սխալ ստեղծագործություն է», որ այն «ներծծված է Հոլոքոստի զոհերի նկատմամբ արհամարհանքով», որ հրեաների նկատմամբ «բացարձակ զրպարտչական արտահայտություններ» է թույլ տվել հեղինակը, որ նրա «տեսությունները և պնդումները ոչ միայն ճշգրիտ չեն, այլև չափազանց վիրավորական և խոցող են»: Նման ընդվզումը Արենդտի նման հրեայի դեմ, որն անձամբ հալածվել և գեստապոյի կողմից Ֆրանսիայի համակենտրոնացման ճամբար էր նետվել, մի քանի պատճառներ ունի[13]

Քննադատության պատճառներ

Արենդտը Այքմանին համարում է սովորական մարդ

Արենդտը քայլ առ քայլ ցույց է տալիս, որ Հրեական խնդրի վերջնական լուծման վերաբերյալ գաղափարները առաջադրել և դրա ի կատար ածման գործում առավել մեծ ներդրում են ունեցել Ռայխի բարձրաստիճան պաշտոններ ստացած Հիմլերը (1945 թվականի մայիսին, պատերազմի ավարտից 3 շաբաթ անց ինքնասպան եղած), Հեյդրիխը (1942 թվականի հունիսին մահափորձից ստացած վերքերից մահացած), Մյուլլերը (1945 թվականից հետո նրա ճակատագիրը հայտնի չէ), Շտալեկերը (1942 թվականին խորհրդային պարտիզանից մահացու վերք ստացած) և այլք: «Այքմանը այդպես էլ չի հաջողացրել ՍՍ օբերշտուրմբանֆյուրերից (փոխգնդապետ) բարձր աստիճանի հասնել»: Այքմանը ըստ էության անգրագետ, դատելու նվազագույն ընդունակություններով մարդ է, որը ղեկավարում էր ամենաազդեցիկ ծառայողական դեպարտամենտներից մեկի բաժինը (Կայսերական անվտանգության գլխավոր վարչության (գերմ.՝ RSHA) IV դեպարտամենտի B-4 բաժին[14]):

Մի բան է «դատել հրեաների գլխավոր դահճին, հրեաների հարցի վերջնական լուծման կազմակերպչին և պատասխանատուին, հրեա ժողովրդի բնաջնջման պարագլխին» (գլխավոր դատախազ Հաուզների ճառից) և մեկ այլ բան բաժիններից մեկը ղեկավարող փոխգնդապետին դատելը: Եթե գլխավոր դատախազ Հաուզները իր ճառի երրորդ գլխում Այքմանին անվանում է «անտիսեմիտ, որը դեռ երիտասարդ տարիքից մարդկային կերպարը կորցրել է», Արենդտը նրա մասին գրում է որպես մի մարդու, ով «շնորհակալ լինելու ընդունակություն ուներ. նրա ընտանիքում ծագումով հրեա կար, որը այն անձնական պատճառներից էր, որ նրան թույլ չէր տալիս ատելություն զգալ հրեաների նկատմամբ» (խոսքն Այքմանի խորթ մոր ազգականի մասին է, որը հրեայի հետ էր ամուսնացած, որի վաճառական հայրը 1927 թվականին նրան օգնել էր միջնորդ վաճառողի աշխատանք ստանալու հարցում) և նույնիսկ Վիեննայում, որտեղ 1938-1939 թվականներին նա «նշանակալից» հաջողությունների էր հասել հրեաների էմիգրացիայի գործում, նրա սիրուհին հրեա էր[13]: Այքմանը այնքան զգայուն մարդ էր, որ չէր կարողանում նայել հրեաների զանգվածային սպանության համար նացիստների պատրաստած տեխնիկական սարքերին:

Ես տեսնում էի երիտասարդ մարդկանց, որոնք վերածվել էին սադիստների: Ինչպես կարելի էր նման բան անել: Ուղղակի կրակել կանանց և տղամարդկանց վրա: Դա անհնար էր:
- Այքմանը Երուսաղեմում գրքից Այքմանի խոսքերի մեջբերում

Այս պաթետիկ խոսքերը ասում էր հարյուր հազարավոր հրեաներին ոչնչացման ճամբարներ տեղափոխելու համար անձնական պատասխանատվություն կրող մարդը: Սա ոչ թե մարդկային կերպարով գազան էր, այլ երկրորդ էշելոնի ճշտապահ կատարող պաշտոնյա, որը ճակատագրի բերումով էր հայտնվել այդտեղ... Դարակազմիկ իրադարձությունը սաստիկ լղոզված է ներկայացված, իսկ իրականում խոսքն Իսրայելի պետության 60-ամյա պատմության մեջ միակ մարդու մասին է, որին դատարանը մահապատժի էր դատապարտվել և որի նկատմամբ այդ որոշումը ի կատար է ածվել[13]:

Դատական ողջ գործընթացը կասկածի տակ

Դատախազ Հաուզների «6 000 000-ը մեղադրում են» մեղադրականը համահունչ էր Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնի տեսակետին, որի համար Այքմանին բռնելը և դատելը առաջնահերթ նշանակություն ուներ: Նրա տեսանկյունով Այքմանի նկատմամբ դատը ապացուցում էր, որ Իսրայելի պետության ստեղծումը անհրաժեշտ և արդարացված քայլ է, քանի որ հրեաները պատմության մեջ առաջին անգամ կարողացել էին բռնել և դատել իրենց գլխավոր դահիճին: Վարչապետը կտրականապես հրաժարվել էր միջազգային դատարան հանձնել Այքմանին: Նրա կարծիքով «իրավաքաղաքացիական անլիարժեքության» արտահայտություն կլիներ հանցագործին Միջազգային դատարան հանձնելը:

Հրեա ժողովուրդը կազմակերպված չէր, չուներ սեփական տերիտորիա, սեփական կառավարություն, սեփական բանակ, օրհասական պահին չուներ վտարանդի կառավարություն, որը դաշնակիցներին կներկայացներ հրեա ժողովրդի շահերը...չուներ զենքի պաշարներ, զինծառայություն անցած երիտասարդներ:
- «Այքմանը Երուսաղեմում» գրքից Դավիդ բեն Գուրիոնի խոսքերի մեջբերում

Հանա Արենդտը համաձայն էր սիոնիզմի այս կոնցեպցիայի հետ: Արենդտը «Այքմանին մահապատժի ենթարկելու փաստերը ավելին քան բավարար» էր համարում, «Այքմանի հարցաքննությունների ձայնագրությունները դատարանին ներկայացնելուց հետո մահապատիժը լիովին արդարացված էր նույնիսկ իրավական տեսանկյունից»: Սակայն Արենդտը հակադրվում էր վարչապետ Գուրիոնի պնդմանը, որ Ադենաուերի Գերմանիան ուրիշ է և պատասխանատվություն չի կրում հիտլերյան դարաշրջանի չարագործությունների համար: 1952 թվականին Արևմտյան Գերմանիայի հետ ռազմատուգանքի մասին պայմանագրի ստորագրմանը դեմ էր Իսրայելին հրեա բնակչությունը: Սակայն ԳԴՀ-ի և ԳՖՀ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների նպատակով Ադենաուերի վարչակազմին սիրաշահելու Գուրիոնի գաղափարը ոչ մի կերպ չէր ընդունում Արենդտը:

Ինքնախաբեության փորձը այն աստիճան համատարած էր... որ նույնիսկ հիմա, նացիստկանա վարչակարգի անկումից 18 տարի անց... երբեմն դժվար է չմտածել, որ երեսպաշտությունը գերմանացիների բնավորության բաղկացուցիչ մասն է դարձել:
- 1963

Արենդտը նկատում է, որ պատահական չէ, որ պետական մեղադրյալ Հաուզները իր գիրքը վերնագրել էր ոչ թե որպես Արդարադատությունը Երուսաղեմում, այլ քաղաքական գործընթաց: Սա Հոլոքոստի հիշատակի պատմական բացատրություն ձևավորելու և հրեա քաղաքացիների մոտ արմատավորելու դաստիարակչական և պրոպագանդիստական նպատակ է հետապնդում՝ անհարմար դրության մեջ չդնելով Գերմանիայի կառավարությանը[13]: Արենդտը եզրակացնում է.

Որտեղ էլ, որ ապրել են հրեաները, միշտ էլ ունեցել են առաջնորդներ և գրեթե նրանք բոլորն էլ, չնչին բացառություններով, այս կամ այն կերպ, այս կամ այն պատճառով համագործակցել են նացիստների հետ...Եթե հրեա ժողովուրդը իրականում անկազմակերպ լիներ և առաջնորդներ չունենար, ապա քաոս կտիրեր և տառապանքներ կկրեր, բայց զոհերի ընդհանուր քանակը դժվար թե 4,5-6 միլիոնի հասներ:

Այքմանի դատավարությունը ըստ էության ձեռնտու էր Իսրայելի կառավարությանը, որպեսզի կոծկվեր դրանից մի քանի տարի առաջ եղած սիոնիստական շարժման առաջնորդ Կաստների հրեաներին փրկագնի դիմաց ազատելու, այսպես կոչված «Կաստների գործի» վերքը: Խոսքը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի և այլ շրջանների մի քանի հրեա համայնքային առաջնորդների նացիստների հետ, այդ թվում՝ Այքմանի հետ համագործակցության մասին է: Արենդտը հատկապես խորացել է այդ ուղղությամբ[15][16]:

«Այքմանը Երուսաղեմում» գրքում Արենդտին հաջողվել է ամբողջ խորությամբ մեկնաբանել հրեաների հետ կատարված ողբերգությունը, որի գործում էական նշանակություն է ունեցել նրա հրեա-գերմանական ծագումը[13]:

Մտածողության բարոյականություն

Արենդտը համարում է, որ անշուշտ, Այքմանին պետք էր դատել, սակայն նրա նկատմամբ առաջադրում է մեղադրանք, որ Այքմանը բավարար մտածողություն չուներ և չէր ցանկանում մտածել: Նա զուրկ էր առօրեական գործողություններից վեր կանգնելու և իր արարքների հետևանքները տեսնելու ընդունակությունից: Հետևաբար, եթե Հանա Արենդի գրածը դիտարկել ոչ միայն սոսկ նացիստական վայրագությունների դիրքերից, այլ ավելի լայնորեն, ապա մտքի կամ գաղափարի և դրա կատարման հարաբերակցությունը դառնում է ամենացավոտ և կարևոր խնդիրը: Սակայն 50 տարուց ավելի առաջ գրված այս տեսակետը առ այսօր շատերին բարկացնում է: Քանի որ չարագործությունը բարոյական դատափետման է ենթարկվում: Ըստ բարոյականության չափանիշների սովորաբար մարդկանց բաժանում ենք լավ և վատ, արարքները՝ բարոյապես ընդունելի և անընդունելի: Սակայն Այքմանը լավ ընկեր է, սիրում է իր ընտամիքը: Շատ դեպքերում այս չափանիշները շատ բան են ասում մարդու լավը լինելու մասին: Միաժամանակ նա աներևակայելի չափերի հասնող վայրագություններով հայտնի չարագործ է, որոնք կատարել էր ըստ հրամանի, քանի որ պարտքի զգացողությունը, կարգապահությունը և այլն դա էր պահանջում[17]:

Ճշտապահություն

Հրամանին հնազանդվող ճշտապահ մարդը, որը կատարում է չարագործություն, արդյո՞ք ավելի վատն է դառնում: Մարտի դաշտում հակառակորդին սպանող զինվորը վատն է արդյոք: Պացիֆիստի տեսանկյունից, մարդը չպետք է սպանի հակառակորդին, անգամ մարտի դաշտում, պարզ է, որ բարոյական չափանիշները այս դեպքում կիրառելը բավական բարդ է: Մարդկության պատմությունը միայն պատերազմներից չի կազմված, մասնավորապես զինվորին, նրա համարձակությունը, թշնամուն դիմակայելու ընդունակությունը և այլնը գովերգելուց: Իսկ եթե մարդը սպանել է ոչ թե մեկ խաղաղ բնակիչ, այլ 100, 1000 կամ ավելի, որոնց ընտրել է զուտ ազգային պատկանելության համար համակենտրոնացման ճամբարներում հայտնվածներից: Եթե սպանվում են 10 000, որոնք Հիրոսիմայի խաղաղ բնակիչներ էին, որոնց սպանում է նացիստական Գերմանիայի դաշնակցի դեմ և հանուն կոալիցիայի հաղթանակի պայքարող ամերիկյան օդաչուն իր նետած ատոմային ռումբով: Սա լա՞վ արարք է, բարոյապես չեզո՞ք է: Եթե ո՛չ մեկն է, ո՛չ էլ մյուսը, ուրեմն հավանաբար այն չար արարք է: Իսկ ի՞նչ է չար արարքը: Դա վատ մարդու կատրած վատ կամ չար արարքն է, թե՞ արարքը, որ կատարել է լավ մարդը վատ մարդու հրամանով: Այսինքն մարդը կարող է շարունակել լավը լինել, բայց միաժամանակ վատ արարքներ կատարե՞լ: Այդ դեպքում Այքմանի և ամերիկայն ռմբարկու օդաչուի միջև ինչումն է տարբերությունը[17]:

Մեզնից յուրաքանչյուրը ենթարկվում է որոշակի կարգ ու կանոնի և եթե այդպես չլինի, չեն լինի բյուրոկրատական կազմակերպությունները: Հետևաբար կփլվի ժամանակակից կյանքի ամբողջ համակարգը: Ամեն մի զինվոր գործում է ըստ կանոնակարգի: Եթե այդպես չլինի, ապա կդադարի աներկբա հնազանդությունը, կխարխլվի ցանկացած բանակ: Եթե զինվորն ամեն անգամ մտածի իր ղեկավարի ճիշտ կամ սխալ լինելու մասին, բանակը կփլուզվի և որպես հետևանք կփլուզվեն շատ բաներ, որոնց վրա հենվում է ժամանակակից աշխարհը:

Արենդտը ստիպում է մտածել, թե ինչ է պատասխանատվությունը, ինչ է ճշտապահությունը: Ի՞նչ է նշանակում հրամանին հնազանդվել: Որտե՞ղ և ո՞ր պահից է սկսվում մեր անձնական պատասխանատվությունը: Արենդտը պատասխանը չի տալիս, բայց ստիպում է մտածել, թե մարդը որ պահից պետք է միացնի իր մտածողությունը: Այդ հարցի պատասխանը նրան հանգիստ չի տվել, քանի որ նա գիտեր, որ մտածողությունն ինքնին բարոյական չէ: Մտածողությունը մեզ թույլ է տալիս տեսնել մեր կատարած գործողությունների հետևանքները, սակայն ընդունակ չէ մեր բարոյական ընտրության ճշմարտացիության երաշխավորը լինել: Մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես է այս կամ այն բանը կառուցված, մենք կարող ենք հասկանալ մտքի սլացքը, եթե շարունակենք մտածել: Սակայն մտածողությունը այլ կերպ է կառուցված. այն միանշանակ բարին և բարոյականը ընտրելու հնարավորություն չի տալիս, քանի որ մարդուն աշխարհից ընդհանրապես մեկուսացնելու ընդունակություն ունի:

Դատողություն

Մարդու մտածողության և գործողության հակասությունը հանգիստ չի տվել Արենդտին: «Մտածողության կյանքը» (The Life of the Mind 1978)[18] ծավալուն գիրքը նվիրված է այդ հարցին: Դա Արենդտի կյանքի վերջին գիրքն է, որն անավարտ է մնացել: Այդ գրքում Արենդտը գրում է, որ մտածողությունը նշանակում է մահ կյանքի ընթացքում: Մտածելու համար պետք է կտրվել այն բանից, որ դու կենդանի էակ ես, որ որոշակի պահանջմունքներ ունես, որ ուզում ես ինչ որ բանի հասնել կամ ուզում ես երկարացնել կյանքդ, կամ ինչ-որ լավ բան ունենալ անձամբ քո համար: Դու մտածելու ընթացքում կենտրոնանում ես մտքի ընթացքի վրա, այն քեզ տանում է այնպես, ինչպես մաքուր փիլիսոփայությունը, կամ այնպես ինչպես մաթեմատիկան, կամ ընդհանրապես այն ամեն անարատը, որը դատողություններով պղտորված չէ: Մտածողությունը քեզ հեռացնում է հարազատներից, տնից, ընտանիքից, որտեղ քեզ լավ ես զգում և հանգիստ ես: Արտաքին աշխարհ կրկին վերադառնալու համար խելքի լիովին այլ ընդունակություն է հարկավոր և այդ ընդունակությունը կամքն է[17]:

Կամքն այլ կառուցվածք ունի: Այն միավորում է մեր ցանկությունը մեր գործողությունների արդյունքների հետ: Սակայն երբ մտածողությունը մեզ թույլ է տալիս տեսնել, թե ինչի կհանգեցնեն մեզ այդ արդյունքները, ապա այն որոշակի հակամարտության մեջ կարող է մտնել կամքի հետ: Այդ երկու ընդունակություններից յուրաքանչյուրն իր ինքնատիպ կառուցվածքով հնարավոր չէ պարզապես հաշտեցնել այնպես, ինչպես իր առօրյա կյանքում կցանկանար դրանք հաշտեցնել սովորական մարդը, որն իր առօրեական պատկերացումներն ունի բարոյականության, չարի և բարու մասին:

Արենդտին խորթ չէին այս պատկերացումները: Նա համարում էր, որ մարդու կարևորագույն առանձնահատկությունը այլ մարդկանց հետ ապրելու անհրաժեշտությունն է: Մարդն ապրում է այլ մարդկանց շրջանում, և դա նշանակում է, որ նա շփվում է նրանց հետ, հաղորդակցվում, նա չի մեկուսանում, ինչպես ինչ-որ բան մտածող անաքորետ, ինքն իր համար, իսկ հետո պատրաստի որոշումներով ներկայանում է այն հասարակությանը, որն իրեն սպասում է և նա կամ իր որոշումը փաթաթում է նրանց վզին կամ հիասթափվում է, ինչպես լիրիկական մի հերոս և կրկին վերադառնում է իր անապատը: Այս ամենը լիովին խորթ էին Արենդտին: Նա կարևոր էր համարում «մարդու ներկայությունը ուրշների հետ հաղորդակցության մեջ», ինչպես կասեր նրա ուսուցիչ Յասպերսը: Բայց հենց անհատական մարդկային ընդունակությունների ուսումնասիրությանն էր անցնում, հասկանում էր, որ այդ հարցերը այդքան էլ հեշտ չեն լուծվում:

Նրա աշխատությունը անավարտ է մնացել: «Մտածողության կյանքը» գիրքը պետք է կազմված լիներ երեք մասից՝ Մտածողություն, Կամայնություն և Դատողություն: «Մտածողությունն» ու «Կամայնությունը» գրելուց հետո նա տպագրական մեքենայի մեջ տեղադրել է թուղթը և գրել է «Դատողության» բնաբանը, որից հետո՝ նույն գիշերը մահացել է: Նրա հայացքներն այն մասին, թե ինչ է դատողությունը և ինչպես է հնարավոր մտածողությունն ու կամքը կապել կամ հաշտեցնել երրորդ ընդունակության շրջանակներում, նորագույն ռեկոնստրուկցիաների և մեկնաբանումների առարկա է հանդիսանում: Որոշակիորեն հնարավոր չէ ասել, թե Արենդտը ինչքանով կտա՞ր այդ հարցի լուծումը, եթե չընդհատվեր նրա կյանքը:

Տես նաև

Տեսանյութեր

Ханна Арендт - 2012. Лекция о глубинах зла.

Ծանոթագրություններ

  1. https://www.ehu.eus/ehg/klasikoak/?f=23
  2. Арендт Ханна - Эйхман в Иерусалиме. Банальность зла. Электронная библиотека RoyalLib.com 2008 էլեկտրոնային տարբերակ (ռուս.)
  3. Arendt, Hannah Eichmann in Jerusalem : a report on the banality of evil. (անգլ.)
  4. ОКОНЧАТЕЛЬНОЕ РЕШЕНИЕ ЕВРЕЙСКОГО ВОПРОСА. Американский мемориальный музей Холокоста
  5. Холокост (Шоа)
  6. Хаузнер, Гидеон 6 000 000 обвиняют [Текст] : Речь Израильского генерального прокурора на процессе Эйхмана. 25.10.2012, Рос 3-2/5-588 ISBN 965-320-055-0, ISBN 965-320-187-5 (ռուս.)
  7. Сьюзен Нейман (Susan Neiman)История и вина. 11.09.2013
  8. Michael Otsuka Double Effect, Triple Effect and the Trolley Problem: Squaring the Circle in Looping Cases. Utilitas. 2008, էջ 92−110
  9. Михаэль ДОРФМАН ХОЛОКОСТ – ЭТО СМЕШНО?
  10. Григорий Дашевский Примерное представление о зле: о русском издании "Эйхмана в Иерусалиме" Ханны Арендт. 03.10.2008
  11. Hannah Arendt (1906-1975) Internet Encyclopedia of Philosophy կայքում (անգլ.)
  12. Hannah ArendtEichmann in Jerusalem: A Report on the Banality of Evil
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Алек Д. Эпштейн Ханна Арендт и суд над Холокостом
  14. Gerhard Altmann: Das Reichssicherheitshauptamt. In: LeMO. Deutsches Historisches Museum (գերմ.)
  15. Алек Д.Эпштейн Космополитический национализм Ханны Арендт
  16. Вайц Й. «Дело Кастнера» и процесс Эйхмана и их влияние на израильское общество [1996] // Становление судебной системы и внешнеполитической ориентации Израиля / Под ред. А.Д. Эпштейна. Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. С. 86-125.
  17. 17,0 17,1 17,2 Александр Филиппов Проблема морали у Ханны Арендт.
  18. Hannah Arendt The Life of the Mind, 2 vols., London, Secker & Warburg, 1978