Les Trois Rois (հյուրանոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

«Les Trois Rois» հյուրանոց («Երեք թագավորներ» հյուրանոց), Շվեյցարիայի ամենահին լյուքս դասի հյուրանոցներից մեկը, անմիջապես Հռենոսի ափին[1], Բազել քաղաքի Միջին կամուրջի մոտ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբեմն հյուրանոցի անվանումը թարգմանվում է որպես երեք կայսրերի (արքաների) հյուրանոց։ Ըստ Ավետարանի անունը վերաբերում է Արևելքի երեք իմաստուն թագավորներին, ովքեր նվերներ են բերել մանուկ Հիսուսին։ Սակայն, ըստ լեգենդի, նրա պատմության մեջ եղել են դեպքեր, երբ երեք եվրոպացի թագավորները հանդիպել են այդտեղ։

Այդ հյուրանոցի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են 1681 թվականով, որտեղ խոսվում է «արքայական իջևանատան և երեք կայսրերի մոտ» (Herrenherberge und Gasthof zu den drei Königen) հյուրանոցի մասին։

19-րդ դարի կեսերին այն իրենից ներկայացնում էր 16-րդ դարի եռահարկ շինություն, որը վեր էր խոյանում ավելի ուշ շրջանի անկանոն շինությունների վերևում։ Նոր դարաշրջանը փոփոխություններ էր պահանջում. հյուրերի մեջ կապտաարյունները դադարեցին գերիշխող դեր խաղալ, բայց բուրժուազիայի շրջագայությունների թիվը զգալիորեն ավելացավ։ Կահավորանքի չափից դուրս շքեղությունն առաջացրել էր Բազելի համեստ բնակիչների դժգոհությունը։ Շենքն իր ներկայիս տեսքը ստացել է 1844 թվականին՝ Հիասքանչ դարաշրջանի ոճով (ֆր.՝ Belle Époque) խոշոր վերակառուցումից հետո՝ ճարտարապետ Ամադեա Մերիանի նախագծով, ով լուծում էր գտել հյուրանոցի շքեղության սահմանի և զուսպ քաղաքաբնակների ճաշակի միջև։ Հյուրանոցի տարածքն ընդլայնելու համար սեփականատերերին անհրաժեշտ էր եղել գնել մոտակա բանկի շենքը։

160 տարի անց կրկին հյուրանոցը հիմնանորոգման անհրաժետություն էր առաջացել։ Խոշոր արդյունաբերող Թոմաս Շտրաումանը 2004 թվականին գնել էր Trois RoisRichemont խմբից և որոշել էր հնարավորինս ճշգրիտ վերականգնել 1844 թվականի կարգավիճակը։ Հյուրանոցի պատմական տեսքի վերականգնումը նոր սեփականատերերի՝ Տ. Շտրաումանի և Ուրսուլա Յունգի համար առաջնահերթ խնդիր էր։ Ընդ որում չէր օգտագործվել շենքի ֆրագմենտների քանդման մեթոդը, ռեստավրատորները կիրառել էին «սոխագլուխ գմբեթների մաքրման» մեթոդը վերականգնելով պատմական շերտերը։ Այդ մեթոդով աշխատելով, մասնավորապես, նրանք հայտնաբերել էին մուտքի որմնանկարներն ու բնօրինակ պաստառները։ Այդ ամենը հիմք էր հանդիսացել շենքի արտաքին տեսքի վերականգնման համար։

2006 թվականի մարտի 20-ին հյուրանոցը վերաբացվեց Les Trois Rois անվամբ (նախկինում գերմաներեն տարբերակը ավելի հաճախ էր օգտագործվում, քանի որ գերմաներենը Բազելում գերակշռող լեզու էր)։ Կապի և սպասարկման տեխնոլոգիաների ոլորտում վերջին գյուտերը թաքցվել են պատմական պատերի հետևում, որպեսզի չխախտեն «արքայական» շքեղ միջավայրը։ Հազարավոր ընտիր մանրուքները ստեղծում են Les Trois Rois-ի անհատականությունը։

Drei-König-Weglein պատմական անունը պահպանվել է հյուրանոցի հյուսիսում գտնվող առափնյա հատվածում, թեև տարածքի ժամանակակից զարգացումն այլևս թույլ չի տալիս հյուրանոց մտնել այդ առափնյա մասից։

Դասականների հիշատակումները հյուրանոցի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աուգսբուրգից Կոնստանցով մեկնեցի Բազել, որտեղ մնացի Շվեյցարիայի ամենաթանկ հյուրանոցում։ Սեփականատերը՝ Իմհոֆը, պարզվեց, որ առաջին կարգի կողոպտիչ էր, բայց նրա դուստրերը շատ հյուրընկալ էին և ես երեք օր անընդմեջ խաղացի նրանց հետ»։
- Ջակոմո Կազանովա, 12 հունիսի, 1760
«Սենյակը նեղ էր, կահույքը հնամենի, սպասարկումը բավականին թանկ էր, մի աման ապուրը արժեր երեք ֆրանկ հիսուն սանտիմ։ Միայն պատուհանից բացվող տեսարանն էր հիանալի։ Հենց այդ պատճառով էլ մենք կանգ առանք այդտեղ»։
«Մոտավորապես 8 ժամ։ Անընդհատ անձրև էր գալիս, մեր ժամանումից և հյուրանոցում տեղավորվելուց հետո, որտեղ մենք երկու հոգու համար թանկարժեք սենյակ էիք վերցրել։ Հյուրանոցը շատ լավն էր, այն աչքի էր ընկնում իր խնամվածությամբ և անմիջապես տրմադրություն էր բարձրացնում»։
- Թոմաս Ման, 28 ապրիլի, 1933

Հյուրանոցի հյուրերի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի հյուրերի թվում էր ոչ միայն Կազանովան, այլև Ավստրիայի կայսր Յոզեֆ II-ը։ 1777 թվականի հուլիսի 19-ին նա ժամանում է Բազել և հյուրընկալվում «Երեք կայսրերի» հյուրանոցում։ Ժամանակակիցների պատմելով նրա ժամանման պահին այնքան հետաքրքրասեր մարդիկ էին հավաքվել, որ «հրմշտոցի ընթացքում կոշկակարը տրորել էր կայսեր ոտքը»։ Հյուրանոցում իջևանած մտավոր առաջնորդներից հիշատակվում են Վոլտերն ու Գյոթեն։

Հյուրանոցի նախասրահը մեկ անգամ չէ, որ դարձել է աշխարհի նոր հասարակարգի կառուցվածքի քննարկման վայր։ Այստեղ, մի անգամ, հիանալով Հռենոսով, շվեյցարացի իր աջակիցներին էր սպասում ապագա կայսրը, իսկ այդ ժամանակ պարզապես գեներալ Նապոլեոն Բոնապարտը։

Այստեղ է հանգրվանել նաև Իսրայելի պետության ճարտարապետ-երազատես Թեոդոր Հերցլը Բազելում սիոնիստական կոնգրեսների ժամանակ և հյուրանոցի պատշգամբում 1901 թվականին կախված նրա լուսանկարը դարձել էր հյուրանոցի պատմական այցեքարտերից մեկը։ 20-րդ դարում հյուրանոցում են հանգրվանել նաև այլ նշանավոր հյուրեր, որոնց թվում էին Պաբլո Պիկասոն և Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vom Gasthof Drei Könige zum Hotel Les Trois Rois .... Tram- / Bushaltestelle Schifflände». Roger Jean Rebmann iA "altbasel.ch". Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
  2. «Grossbaustelle Hotel Drei Könige: Seit gut einem Jahr wird das Hotel Drei Könige in Basel, eines der berühmtesten Häuser der Schweiz, saniert und erweitert. Unter Wahrung der alten Bausubstanz soll direkt am Rheinufer ein Luxushotel mit modernstem Komfort entstehen». Neue Zürcher Zeitung. 2005 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hotel Drei Könige Basel. Hôtel des Trois Rois, Bâle. The Three Kings Hotel in Basle. Publicit Viquerat, Yens-sur-Morges 1975.
  • Trier Maximilian, Anne Nagel, Michael Leuenberger. Les Trois Rois. Einblicke in die Geschichte. Mit einem Essay von Andreas Morel. Schwabe, Basel 2006, ISBN 978-3-7965-2282-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Les Trois Rois (հյուրանոց)» հոդվածին։