«Ghostbusters», 1984 թվականի երգ, որը ձայնագրել է Ռեյ Փարքեր կրտսերը՝ որպես Բիլ Մյուրեյի, Դեն Էյքրոյդի, Հարոլդ Ռամիսի և Էռնի Հադսոնի մասնակցությամբ համանուն ֆիլմի գլխավոր թեմա։ 1984 թվականի հունիսի 16-ին երգը «Billboard Hot 100»-ում զբաղեցրել է 68-րդ հորիզոնականը և արդեն օգոստոսի 11-ին զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ մնալով այնտեղ հաջորդ երեք շաբաթվա ընթացքում, ինչպես նաև 1984 թվականի սեպտեմբերի 16-ին զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «UK Singles Chart»-ում՝ մնալով այդ հորիզոնականում երեք շաբաթ։ 2008 թվականի նոյեմբերի 2-ին երգը կրկին մտել է «UK Singles Chart»՝ զբաղեցնելով 49-րդ հորիզոնականը։
Երգը Օսկարի 57-րդ մրցանակաբաշխության ժամանակ անվանակարգի է առաջադրվել որպես ֆիլմի լավագույն երգ, սակայն մրցանակը ստացել է Սթիվի Ուանդերը«I Just Called to Say I Love You» երգի համար։ Երգի գործիքային տարբերակի համար Փարքերն արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ Լավագույն գործիքային փոփ կատարում անվանակարգում[2]։
Ի սկզբանե ֆիլմի գլխավոր թեմայի ստեղծման համար պրոդյուսերները ծրագրել էին ներգրավել Լինդսի Բաքինգեմին, որը Հարոլդ Ռամիսի «Արձակուրդներ» ֆիլմի համար գրել էր «Holiday Road» երգը, բայց նա հրաժարվել է, քանի որ չէր ցանկանում ստանալ սաունդթրեք գրող երաժշտի պիտակ[3]։
Փարքերի խոսքով՝ ֆիլմի պրոդյուսերները դիմել են իրեն՝ խնդրելով կարճ ժամկետում գրել ֆիլմի գլխավոր սաունդթրեքը։ Խնդիր էր նաև ֆիլմի վերնագիրն, որը, թվում էր, դժվար է ներառել տեքստում։ Այնուամենայնիվ, գիշերը նա տեսել է տեղական ինչ-որ ընկերության էժանագին գովազդ, որը հիշեցրել է նրան, որ ֆիլմում կա գովազդային տեսարան. դա ոգեշնչել է նրան գրել կեղծ գովազդային ջինգլ[3]։ Երգչի պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը սկզբում դեմ էր այս երգին, քանի որ կարծում էր, որ այն կարող է վնասել Ռեյի՝ որպես ռոմանտիկ կատարողի կերպարին։ Սակայն ֆիլմի պրոդյուսեր Ջո Մեջակը կարողացել է համոզել նրան[4]։
Տեսահոլովակը նկարահանել է Այվան Ռայթմանը, որը նկարահանել է նաև ֆիլմը։ Սյուժեի համաձայն՝ դերասանուհի Սինդի Հարելի մարմնավորած երիտասարդ աղջկան հետապնդում է Փարքերի պատկերած ուրվականը, և նա կանչում է որսորդների ծառայություն։ Գործողությունը տեղի է ունենում բնակարանի սև ֆոնի վրա, տան ինտերիերը լուսավորված է նեոնային լամպերով։ Տեսահոլովակում հայտնվում են նաև ժամանակի մի քանի աստղեր՝ Չևի Չեյզը, Այրին Քարան, Ջոն Քենդին, Մելիսա Գիլբերտը, Ջեֆրի Թեմբորը, Ջորջ Վենդտը, Ալ Ֆրանկենը, Դենի Դե Վիտոն, Քարլի Սայմոնը, Փիթեր Ֆալկը և Թերի Գարը։ Տեսահոլովակի վերջում Փարքերն ու ֆիլմի գլխավոր հերոսները որսորդական համազգեստով պարում են Նյու Յորքի փողոցներում։ Նմանատիպ պար է կատարվում «Իսկական Ուրվականների որսորդները» մուլտֆիլմի եզրափակիչ տիտրերում և «Ghostbusters: the Video Game» խաղի թրեյլերում։
«Ghostbusters» երգի թողարկումից հետո Հյուի Լյուիսը մեղադրել է Փարքերին գրագողության մեջ և հայց է ներկայացրել դատարան՝ ասելով, որ երգը շատ նման է իր «I Want a New Drug» երգին։ Ավելի վաղ «Ghostbusters»-ի պրոդյուսերները նրան հրավիրել էին ֆիլմի սաունդթրեքը ստեղծելու, սակայն նա ստիպված էր հրաժարվել «Հետ դեպի ապագա» ֆիլմի երաժշտության վրա աշխատելու պատճառով[5][6]։ Կողմերը կարողացել են պայմանավորվել դատարանից դուրս։ Հաշտության համաձայնագրի պայմանները, մասնավորապես, որ «Columbia Pictures»-ը Լյուիսին փոխհատուցում է վճարել, գաղտնի են մնացել մինչև 2001 թվականը, երբ Հյուին այդ մասին պատմել է «VH1»-ի «Behind the Music»-ի թողարկման ժամանակ։ Հետագայում Փարքերը դատական հայց է ներկայացրել Լյուիսի դեմ գաղտնիությունը խախտելու համար[7]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
Սիքվելի թողարկման համար ձայնագրվել է «Run-D. M. C.» խմբի մասնակցությամբ երգի տարբերակը։ Որպես ստանդարտ սինգլ թողարկվել է ձայներիզով և 7-դյույմանոց սկավառակով, ինչպես նաև 12-դյույմանոց սկավառակով և CD-ով՝ որպես մաքս-սինգլ «Back from Hell» ալբոմի «Pause» երգով։
Տեսահոլովակը սկսվում է կադրերով, թե ինչպես են Սիգուրնի Ուիվերը և Էննի Փոթսը լիմուզինից դուրս գալիս բազմության առջև՝ «Run-D.M.C.»-ի մասնակիցների ուղեկցությամբ, որոնք հագնված են որսորդների համազգեստ, հետագայում նրանք կատարում են երգը բեմից՝ լեթ-լեցուն դահլիճի առջև։ Բիլ Մյուրեյը, Դեն Այքրոյդը և Էռնի Հադսոնը տեսահոլովակում հայտնվում են որպես անվտանգության աշխատակիցներ։
Ֆիննական «The Rasmus»ռոք խումբը ձայնագրել է երգի քավերը, որն ընդգրկվել է նրանց առաջնաելութային «Peep» ալբոմում և 1996 թվականին «Extended pack «3rd»»-ում, ինչպես նաև 2001 թվականի «Hell of a Collection» ժողովածուում։
Սինգլը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը ֆիննական հիթ-շքերթում՝ դառնալով «Peep» ալբոմի լավագույն երգը։ Երգը հաճախ կատարվում է համերգների ժամանակ և հին երկրպագուների շրջանում համարվում է դասական։ Այս կոմպոզիցիայի համար տեսահոլովակ չի նկարահանվել, բայց կա 1996 թվականի համերգային կատարման ձայնագրությունը, որը սխալմամբ ընկալվում է որպես պաշտոնական տեսահոլովակ։
2005 թվականին մտացածին մուլտհերոս «Mickael Turtle»-ը ձայնագրել է օրիգինալ կոմպոզիցիայի քավերը, որը 2005 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայում հասել է 5-րդ հորիզոնական, իսկ 2006 թվականի հունվարին Շվեյցարիայում՝ 23-րդ[35]։
Ghostbusters (I’m Not Afraid)-ը ամերիկյան «Fall Out Boy» ռոք խմբի և հիփ-հոփ կատարող Միսի Էլիոթի երգի քավերն է, որը թողարկվել է 2016 թվականի հունիսի 23-ին որպես «Ուրվականների որսորդները» կինոֆրանշիզայի «վերբեռնման» սաունդթրեք։