Ֆրանսահայ գրականություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Ֆրանսահայ գրականություն, Ֆրանսիայում է ձևավորվել Կարոտի գրականությանն ընդդիմադիր գրական ուղղությունը։ Շահան Շահնուրը և նրա կողքին ստեղծագործող համեմատաբար երիտասարդ սերունդը, առաջադրելով նոր հայացք, նոր վերաբերմունք ազգային գրականության զգացական ավանդույթի նկատմամբ, համարձակվել են կասկածի տակ դնել այդ ուղղության հեռանկարայնությունը՝ իբրև գեղարվեստական արտացոլման եղանակ։ Այդ տեսանկյունից շրջադարձային է Շ. Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը (1929 թվական) և «Յարալէզներուն դաւաճանութիւնը» (1933 թվական) պատմվածքների ժողովածուն։ Վեպի խորագրի ծրագրային արժեքների շնորհիվ 1930-ական թվականներից հայ գրականության մեջ ծավալվել է Նահանջի գրական շարժումը։ Շարժման թելադրանքով Փարիզում ստեղծվել է «Մենք» գրական խմբակը, որի նպատակը համախմբելն էր բոլոր նրանց, ովքեր փորձում էին սթափ հայացքով քննել Սփյուռքում կատարվող իրադարձությունները, հայ ազգային ինքնության կորստյան վտանգները։ Շարժումն առաջադրել է պատմության և անցյալի, հիշատակների բեռից, հայրենի եզերքին կառչած մնալու սևեռումից ազատագրման պահանջը, որը, իհարկե, չէր նշանակում ազգային ավանդույթների ուրացում։ Սփյուռքահայ գրականության մեջ կենսական է դարձել իրապաշտական մոտեցումը, հայ մարդը հանդես է գալիս օտար միջավայրի բարքերի և քաղաքակրթության յուրացմամբ, հայեցի տեսանելի ու անտես բարդույթներով։
Օտար ափերում հաստատված տարագիր հայ մարդու հոգեկան փոթորկումներն են պատկերել Զարեհ Որբունին («Փորձը», 1929 թվական, «Եվ եղև մարդ», 1964 թվական, «Ասֆալթը», 1972), Վագգեն Շուշանյանը («Ամրան գիշերներ», 1930 թվական, «Գարնանային սիրոյ հեզ նամակներ», 1930 թվական, «Դառն հացը», 1939 թվական), Փայլակ Միքայելյանը («Արե՜լ, արե՜լ», 1933 թվական), Հրաչ Ձարդարյանը («Մեր կեանքը», 1934 թվական), Լասը (Լուիզա Ասլանյան, «Հարցականի ուղիներով», 1936 թվական) և ուրիշներ։
Նահանջի շարժումն արտացոլվել է նաև չափածո խոսքում, ուշագրավ գործեր են ստեղծել Նիկողոս Սարաֆյանը («Անջրպետի մը գրատւմը», 1928 թվական, «14», 1933 թվական, «Տեղատոտւթիւև և մակընթացութիւն», 1939 թվական), նշանավոր «Անդաստան» հանդեսի խմբագիր Բյուզանդ Թոփալյանը («Այգահանդէս», 1930 թվական, «Արևագալ», 1937 թվական, «Հրախաղութիւն», 1952 թվական), Հարութ Կոստանդյաևը («Օրերի իմաստութիւնը», 1935 թվական, «Բանաստեղծութեամբ...», 1974 թվական), Սեման (Գեղամ Աթմաճյան, «Զրահատր գարուն», 1936 թվական), Միսաք Մանուշյանը («հմ երգը» ժողովածուն լույս է տեսել հետմահու՝ 1946 թվականին) և ուրիշներ։
Թեև «Փարիզի տղաքը», ինչպես անվանել են ֆրանսահայ գրողներին, իրապաշտական զգացողություններով գիտակցաբար հակադրվել են «հիշատակների» շարունակությանը, այնուհանդերձ, նրանց մի մասին նաև խորթ չէին կարոտի բարոյահոգեբանական հիմնարար սկզբունքները։ Նշանակալի գործերով հանդես են եկել Վ. Շուշանյանը, Բ. Թոփալյանը, Շավարշ Նարդունին և ուրիշներ։
19-րդ դար
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեռ 19-րդ դարի վերջերից Ֆրանսիայում հաստատվել էին հայ գրողներ։ Վիթխարի է Արշավ Չոպանյանի դերը ֆրանսահայ գրական կյանքի կազմակերպման գործում, հայ գրականությունը ֆրանսիացի ընթերցողին ներկայացնելու առաքելության մեջ («Վարդենիք Հայաստանի», 1918-1929 թվականներ)։ Փարիզում նա հրատարակել է նաև «Անահիտ», «Ապագա» պարբերականները։ Այնտեղ էին համախմբվել Տիգրան Կամսարականը, Լևոն Բաշալյանը, Զապել Եսայանը, Վահրամ Թաթուլը, Վահան Մալեգյանը, Ռուբեն Որբերյանը, Ահարոն Տատուրը։ 1920-ական թվականներին քաղաքական հանգամանքների բերումով այնտեղ է հանգրվանել նաև Ավետիս Ահարոնյանը, որն այլևս չէր ստեղծագործում։ Նորահաս սերնդի մեջ առանձնացել են նաև արձակագիրներ ու թատերագիրներ Նշան Պեշիկթաշլյանը («Ընկեր Շահազար», 1927 թվական, «Երգիծական», 1933 թվական, «Ծաղրանկարներ», 1938 թվական, «Նոր ծաղրանկարներ», 1952 թվական, «Մումիաներ կամ նորագոյն ծաղրանկարներ», 1954 թվական), Պետրոս Զարոյանը («Մեռնողները», 1928 թվական, «Սև և ճերմակ», 1941 թվական, «Մենք ալ հայրենիք ունինք», 1965 թվական), Շ. Նարդունին («Մեղեդինե՜ր, մեղեդինե՜ր», 1933 թվական, «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ», 1938 թվական, «Բանե՜ր, բանե՜ր, ի՛նչ բաներ», 1941 թվական, «Նարդեան բաժակ», 1968 թվական), Կարո Փոլադյանը («Կը հրաժարիմ հայութենէ...», 1949 թվական) և ուրիշներ։
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսահայ գրականության ավանդույթները նորագույն շրջանում պաշտպանել են Զուլալ Գազանճյանը («Կեանքը,քոյրս», 1964 թվական, «Արևածաղկի մը նման», 1975 թվական, «Շարունակելի», 1988 թվական, «Նորատուզ», 1992 թվական), Կարիկ Պասմաճյանը («Լուսատտիկ», 1971 թվական, «Շթաքարեր», 1973 թվական, «Բեղմնափոշի», 1976 թվական, «Վերադառնում եմ իմ սկիզբը», 1978 թվական, «Անաւարտ խաղ», 1980 թվական, «Աւարտախաղ», 2005 թվական), Հիլդա Գալֆայան-Փանոսյանը («Կաթիլ մը», 1980 թվական, «Լեզուէն անդին», 1982 թվական), Գրիգոր Պըլտյանը («Մանտրաներ», 1986 թվական, «էր», 1992 թվական, «Հարուածը», 1998 թվական, «Նշան», 2000 թվական, «Անունը լեգուիս տակ», 2003 թվական, «Երկունք», 2006 թվական), Վահե Պերպերյանը («Յանուն հօր և որդտյ», 1999 թվական, «Նամակներ Զաաթարէն», 2006 թվական), Մովսես Պչաքճյանը («Մինչև վերջինը արևներուն», 2001 թվական, «Լուսատր աչքերով օտարականը», 1993 թվական, «Անցողիկը և անժամանցելին», 2005 թվական) և ուրիշներ։
Համեմատաբար ուշ՝ 1930-ական թվականներից ազգ-մշակութային հաստատություններ են գործել Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Պաղեստինում։
Պոեզիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսահայ բանաստեղծությունը իր խորքում պահելով ազգային ոգին, մեր բանաստեղծությունը հարստացրեց թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով, քանի որ հաղորդակցվեց սոցիալ-քաղաքական նոր խնդիրների ու եվրոպական նորագույն պոեզիայի հետ։
Փարիզահայ բանաստեղծի մեջ հայ մարդու տառապանքին գումարվեց ընդհանրապես մարդու տառապանքը, որ հետևանք էր նաև դարաշրջանի առաջադրած խնդիրների։ Մի քիչ ավելի ուշ, իր սերնդի գրողների մասին փարիզահայ բանաստեղծ Բյուզանդ Թոփալյանը գրեց. «Արդի բանաստեղծին մեջ ներկա հյուլեական դարու մարդը իր ծայրահեղ զգացողությամբ և անանուն տառապանքով։ Եվ արդիական արվեստը արտահայտությունն է ներկա կյանքին։ Դարը կերտած է իր լեզուն և արվեստագետը պետք է ջանա խոսել ապրող մարդկության»։
Նիկողոս Սարաֆյանն ու Բյուզանդ Թոփալյանը ֆրանսահայ նոր բանաստեղծության առավել շնորհալի ու աչքի ընկնող դեմքերն են, առաջինները, որ ազգային բանաստեղծության ավանդների վրա փորձեցին եվրոպական բանաստեղծության պատվաստը դնել։ Նրանք Սեմայի ու Միսաք Մանուշյան հետ սկզբնավորողներն էին նոր գաղափարների, որոնք ասպարեզ էին իջել գրեթե միաժամանակ։ Այս շրջանում իր ինքնատիպ բանաստեղծություններով աչքի ընկավ նաև Հարութ Կոստանդյանը, ոևը, սակայան, բեղուն գրիչ չունեցավ։
Ֆրանսահայ այս սերնդի բանաստեղծներից առաջինը առանձին գրքով հանդես եկավ Նիկողոս Սարաֆյանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վազգեն Գաբրիելյան (1987). Սփյուռքահայ գրականություն. Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ էջ 61-62.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |