Վրացագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վախթանգ VI

Վրացագիտություն, կովկասագիտության ճյուղերից։ Ուսումնասիրում է վրաց ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը, կենցաղը, լեզուն, գրականությունն ու արվեստը։ Վրացագիտության անդրանիկ հրապարակումները կատարվել են XVII դարում։

Վրացերեն գրականությունը և լեզուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քերականական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1629 թվականին Հռոմում լույս է տեսել Ս․ Պաոլինիի «Բառգիրք վրացական և իտալական» աշխատությունը՝ վրաց ազգի Ն․ Իրբախի հեղինակակցությամբ (ընդգրկում է շուրջ 3000 բառային միավոր)։ 1670 թվականին Ֆ․ Մ․ Մաջիոն կազմել է վրաց խոսակցական լեզվի քերականություն, որով նպատակ ուներ դյուրացնել կաթոլիկ քարոզիչների առաքելությունը Վրաստանում։ Վերոհիշյալ աշխատությունների գիտական արժեքը առանձնապես նշանակալի չէ, բայց նրանք խթանել են Վրացագիտության հետագա զարգացումը բուն Վրաստանում։ Ս․ Օրբելիանին XVIII դ․ սկզբին ավարտել է «Բառգիրք վրաց» բացատրական բառարանը, առանձին դեպքերում տալով և թարգմանական բացատրություններ (հայերեն, իտալերեն, թուրքերեն)։ Վրաց թագավոր Վախթանգ VI-ի հորդորով վրաց լեզվի քերականություն պատրաստելու փորձ է կատարել Զ․ Շանշովանին (Շանշոյան)։ XVIII դ․ 2-րդ կեսին քերականագիտական գործեր է ձեռնարկել Անտոն Ա կաթողիկոսը Ղայթմազաշվիլու (Ղայթմազյանի) աշխատակցությամբ։ Վրացագիտության այս առաջնեկների ձևավորմանը նպաստել են հայագիտական առկա հրատարակությունները՝ Երեմիա Մեղրեցու բառարանը, Աստվածաշնչի 1666-ի հրատարակությունը, Սիմեոն Ջուղայեցու և Մխիթար Սեբաստացու քերականությունները են, Վախթանգ VI-ի անվան հետ է կապվում ազգային ինքնաճանաչման զարթոնքը, որի մշակութային արտահայտություններից մեկն էր «կրթյալ արանց» մասնաժողովի ստեղծումն ու «Նոր Քարթլիս ցխովրեբայի» կազմումը։

Շոթա Ռուսթավելի

Տեքստաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացագիտական ուսումնասիրությունների ծավալմանը օժանդակել է Թիֆլիսում Վախթանգի ջանքերով հիմնված տպարանը, որտեղ 1712 թվականին լույս է տեսել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորի» անդրանիկ հրատարակությունը՝ Վախթանգ VI-ի խմբագրությամբ ու մեկնաբանություններով։ Այս աշխատանքը հիմք է դրել վրացագիտական տեքստաբանությանը։ Վրաստանի անցյալի ու աշխարհագրության, ազգագրության ու էթնիկ, պատմության հարցերի ամփոփ և համագո ուսումնասիրությունը տրված է Վախուշտիի «Վրաստանի թագավորության նկարագրություն» երկում, որը XVIII դ․ Վրացագիտության նվաճումներից է։

Վրացագիտության երկրորդ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրացագիտության հետազոտությունների երկրորդ շրջանն սկսվում է ակադեմիկոս Մ․ Բրոսսեի գիտական գործունեությամբ։ Նա ի մի է հավաքել օտար աղբյուրներում եղած Վրաստանին վերաբերող տեղեկությունները, համադրել դրանք «Քարթլիս ցխովրեբայի» ձեռագրական հիշատակարանների, վիմագիր աղբյուրների, դրամագիտական նյութերի ու վավերագրերի վկայություններին և քննարկել Վրաստանի պատմության, մատենագրության ու մշակույթի ամենաբազմազան հարցեր, ֆրանսերենից է թարգմանել ու ծանոթագրել վրացական աղբյուրներ։ Պետերբուրգը դարձել էր վրացագիտական ուսումնասիրությունների հիմնական կենտրոն։ Այստեղ էին հաստատվել նաև Վրաստանյան նախանձախնդիր Հովհան (Իոանե) և Թեյմուրազ արքայազները։ Մ․ Բրոսսեի խմբագրությամբ 1840 թվականին Պետերբուրգում լույս է տեսել Դ․ Չուբինովի (Չուբինաշվիլի) եռալեզու բառարանը (վրացերեն-ռուսերեն-ֆրանսերեն)։ Նույն տարիներին Թիֆլիսում բավական արդյունավետ վրացագիտական աշխատանք է կատարել Պ․ Իոսելիանին։ Ռուսաստանում Մ․ Բրոսսեի գործը շարունակել են նրա կրտսեր ժամանակակիցներ Ա․ Ցագարելին (Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր) և Ա․ Խախանաշվիլին (Մոսկվայի Լազարյան ինստիտուտի պրոֆեսոր)։ Բացի վրացական բնագրերի հրատարակություններից (վավերագրեր, վարքեր են) նրանք փորձել են քննության առնել վրաց մատենագրության պատմության առանձին հարցեր, ինչպես նաև հետամուտ էին Վրաստանից դուրս գտնվող վանական կենտրոնների (Երուսաղեմ, Սինա, Աթոս) ձեռագրական հավաքածուների նախնական հետազոտությանը։ Ա․ Խախանաշվիլին անդրադարձել է նաև հայոց պատմությանը՝ «Հայերի կացությունը վրաց թագավորության մեջ» (հոդվածում)։ XIX դ․ վերջին տասնամյակներից Վրաստանում սկզբնավորվել է հնագիտական հետախուզությունը (Ռուսական հնագիտական ընկերության ազդեցությամբ)։ Դ․ Բաքրաձեի նկարագրական բնույթի աշխատությունները հետաքրքրություն են առաջացրել երկրի պատմության նկատմամբ, նույնը մասամբ փորձել է կատարել Մ․ Զանաշվիլին։ Այս շրջանում լայնորեն ծավալվել է բանահավաքչական-բանագիտական աշխատանքը․ Պ․ Ումիկաշվիլու, Զ․ Ճիճինաձեի, Կ․ Դվարամաձեի, Սկանդար-Նովայի և այլոց ջանքերով գրի են առնվել ու ժողովածուներով հրատարակվել վրաց բանահյուսության տարբեր ժանրերի բազմապիսի նմուշներ։

Վրաստանյան նոր շրջափուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանյան նոր շրջափուլ է սկսվել ակադեմիկոս Նիկողայոս Մառի գործունեությամբ։ Նա ուսումնասիրել է Վրաստանի քաղաքական, էթնիկ-մշակութային ու դավանական պատմությունը Անդրկովկասի ու քրիստոնյա Արևելքի ժողովուրդների անցյալի սերտ առնչությամբ։ Այդ հիմքի վրա է ձևավորվել «Հայ-վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ» մատենաշարը, որը նոր ընթացք ու ընդգրկում է հաղորդել Վրացագիտությանը։ Նիկողայոս Մառի դպրոցի ներկայացուցիչներից շատերը 1917 թվականին տեղափոխվել են Թիֆլիս և տեղի համալսարանի հիմնադրությամբ ազգային հողի վրա փոխադրել ռուսական արևելագիտության լավագույն ավանդները։ Ակադեմիկոս Ի․ Ջավախիշվիլին գլխավորեց և’ համալսարանը, և’ պատմագիտական միտքը։ Նրա աշակերտներ Ն․ Բերձենիշվիլին, Կ․ Դոնդուան, Մ․ Զանաշիան և ուրիշներ ընդլայնեցին ուսումնասիրվող հարցերի շրջանակը և աճեցրին պատմաբանների նոր սերունդ (Շ․ Մեսխիա, Դ․ Մելիքիշվիլի, Վ․ Գաբաշվիլի, Մ․ Դումբաձե և այլք)։ Մառի ավանդների արժանավոր շարունակողների թվում էին պրոֆեսորներ Ս․ Կակաբաձեն ու Ս․ Ղաուխչիշվիլին։ Վրացական ԽՍՀ ԴԱ պատմության, հնագիտության ու ազգագրության ինստիտուտի ստեղծումով (ակադեմիկոս Ի․ Ջավախիշվիլու անվան) Վրաստանի ու հարևան երկրների անցյալի ուսումնասիրությունն ստացավ ծրագրային բնույթ։ Ազգագրության հետազոտությունների տեղական դպրոցը կազմավորեց ու գլխավորեց Դ․ Չիտաիան։ Պատմագիտական օժանդակ աշխատանքներ են կատարում համալսարանի վրաց ժողովրդի պատմության ամբիոնն ու Պատմության թանգարանը։ Ակադեմիկոս Կ․ Կեկելիձեի գլխավորությամբ ձևավորվեց վրացական մատենագրության պատմության ազգային դպրոցը։ Կ․ Կեկելիձեն ու նրա սաները (Ա․ Բարամիձե, է․ Մետրեելի) մատենագրական երկերի համակողմանի քննությունն ուղեկցեցին բնագրերի գիտական հրատարակություններով։ Այս բնագավառում պատկառելի վաստակ ունեն նաև պրոֆեսորներ Ա․ Շանիձեն և ի․ Աբուլաձեն։ Բնագրերի գիտական ուսումնասիրությունն այժմ հիմնականում իրացվում է Կ․ Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտում։ Վրաց լեզվաբանական միտքը 1920-ական թվականներից հետո ունեցավ երեք հիմնական դպրոց, ակադեմիկոս Ա․ Շանիձեի դպրոցն առավելապես զբաղվում է հին ու նոր վրացերենի քերականության, բառարանների ու ստուգաբանության տեքստային ուսումնասիրությամբ, ինչպես նաև բնագրերի քննական հրատարակությամբ, Ա․ Չիքոբավայի դպրոցը՝ քարթվելական ու կովկասյան լեզուների համեմատական ուսումնասիրությամբ, իսկ Դ․ Ախվլեդիանիի դպրոցը՝ հնչյունաբանությամբ ու տեսական խնդիրների լուսաբանությամբ։ Վրացական լեզվաբանական մտքի կարևորագույն նվաճումներից է ութհատորյա բացատրական բառարանի ստեղծումը։ Վրացագիտական կարևոր հետազոտություններ են կատարվում նաև արվեստի ու ճարտարապետության պատմության բնագավառում։ Բացի առանձին բնագավառների վերաբերյալ մենագրություններից, ստեղծվել է ընդհանրացնող աշխատություն՝ «Վրաց արվեստի պատմություն» (հեղինակ ակադեմիկոս Շ․ Ամիրանաշվիլի)։ Ճարտարապետության պատմության հարցերին են նվիրված ակադեմիկոս Ն․ Չուբինաշվիլու և նրա հետևորդների տասնյակ աշխատություններ։ Վրացագիտության զարգացմանը նպաստել է արևելագիտության տարբեր բնագավառների զարգացումը․ 1920-ական թվականներին տարվում են հայագիտական (Լ․ Մելիքսեթ-Բեկ, Ի․ Աբուլաձե, Վ․ Շիլակաձե, Է․ Դոչանեիշվիլի), իրանագիտական (Դ․ Կոբիձե, Ա․ Գվախարիա, Մ․ Անդրոնիկաշվիլի, Մ․ Թոդուա), թուրքագիտական, (Ս․ Ջիքիա, Ն․ Շենգելիա, Ց․ Աբուլաձե), արաբագիտական (Գ․ Ծերեթելի, Օ․ Ցքիտիշվիլի), բյուզանդագիտական (Ս․ Ղաուխչիշվիլի, Ա․ Ուրուշաձե, Ա․ Ալեքսիձե)և այլ հետազոտություններ։ Վրացագիտական հետազոտություններ են կատարվում բացի Թբիլիսիից, Գորիում, Թելավում, Բաթումում, Սուխումում։ ԽՍՀՄ-ում, Վրաստանից դուրս, վրացագիտական աշխատանքներ են կատարվել և ներկայումս շարունակվում են Մոսկվայում (Գ․ Կլիմով, Գ․ Ծուլաիա), Լենինգրադում (Ռուսուդան Օրբելի, Ս․ Կակաբաձե), Երևանում (Գ․Ղափանցյան, Ս․ Երեմյան, Վ․ Մարտիրոսյան, Պ․ Մուրադյան և այլք)։ ՀԽՍՀ ԴԱ Արևելագիտության ինստիտուտում 1978 թվականից գործում է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժին, որը ծրագրված վրացագիտական աշխատանք կատարելու։ Վրացագետներ կան Բելգիայում (Պ․ Պետերս, ժ․ Դարիտ, Մ․ Վանէսբրոք), Ֆրանսիայում (Բ․ Ութիե, ժ․ Մահե), Իտալիայում (Կ․ Թումանով, Ն․ Ղաուխչիշվիլի)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 507 CC-BY-SA-icon-80x15.png