Ասորագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասորագիտություն կամ ասուրագիտություն, գիտությունների ամբողջություն, որն ուսումնասիրում է հին Առաջավոր Ասիայի սեպագիր դպրություն ունեցող ժողովուրդների (շումերներ, բաբելոնացիներ, ասորեստանցիներ և այլն) լեզուն, մշակույթը, պատմությունը։ Մինչև 17-րդ դարը Առաջավոր Ասիայի հնագույն պատմության հիմնական աղբյուրներն էին Աստվածաշունչը, բաբելոնյան պատմագիր Բերոսոսի (մ.թ.ա. 4-3-րդ դարեր) աշխատությունից պահպանված հատվածները և անտիկ հեղինակների վկայությունները։

18-րդ դարի իտալացի ճանապարհորդ Պիետրո դելլա Վալլեն Եվրոպա բերեց Պերսեպոլիսում Դարեհ I-ի պալատի ավերակներում հայտնաբերված սեպագիր արձանագրությունների առաջին գծագրերը։ 1820 թվականին անգլիացի հնախույզ Կլավդիոս Ջեյմս Ռիչը Քույունջի բլրի վրա սկսեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեյի պեղումները։

1842 թվականին Մոսուլում պեղումները շարունակեց ֆրանսիական հյուպատոս Պոլ Բուտան, ով հայտնաբերեց ասորեստանյան Դուր-Շարուկին քաղաքը՝ Սարգոն II պալատով (ժամանակակից Խորսաբադ բլուրը)։

1845-51-ին անգլիացի հնագետ Ա. Լեյարդը պեղեց Ասորեստանի երկու մայրաքաղաքները՝ «Քալաքը» (Կալխու) և Նինվեն։ Քալաքում հայտնաբերվեց մ.թ.ա. 9-6-րդ դարերի հինգ պալատ, իսկ Նինվեում՝ Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալի (մ.թ.ա.669-633) պալատը՝ գրադարանով։ Ասորեստանի սեպագիրը վերցրեցին ուրարտացիները։ Ուրարտուի թագավորներ Իշպուինիի (մ.թ.ա. 825-810) և Մենուայի (մ.թ.ա.810-781) արձանագրությունները երկլեզվյան են՝ ասուրա-ուրարտերեն։

Հուշարձանների կուտակման հետ զուգահեռ ուսումնասիրվում էր նաև հայտնաբերված նյութը։ Ասորագիտության հիմքը դրվեց XIX դարի կեսին Օ. Գ. Լեյարդի (Անգլիա) և Պ. Է. Բոատի (Ֆրանսիա) հնագիտական հետազոտություններով, որոնք Քույունջիկ, Նեմրուդ և Խորասաբադ քաղաքատեղիներում (Իրաք) հայտնաբերեցին մ.թ.ա. 9-7-րդ դարերի ասորեստանյան բազմաթիվ գրավոր և արվեստի հուշարձաններ, ինչպես նաև Հ. Ռոուլինսոնի (Անգլիա) կողմից Բիհիսթունյան եռալեզու (հին պարսկերեն, էլամերեն, բաբելերեն) սեպագիր արձանագրության հայտնաբերումով։ Ասորագիտության մեջ մեծ հաջողությունների են հասել նաև ռուս գիտնականները ([[Վ. Ս. Գոլենիշչև, Բ. Ա. Տուրյան, Մ. Վ. Նիկոլսկի, Վ. Վ. Ստրուվե, Ի. Ի. Մեշչանինով, Ն. Մ. Նիկոլսկի]])։ Մ. Վ. Նիկոլսկին համարվում է ռուս ասորագիտության հայրը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասորեստանյան և պարսիկ սեպագիր արձանագրություն, թրգ. Հ. Սանտալճյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 597