Վիքիպեդիա:Երեք հետշրջման կանոն
|
|
Կարճ ասած՝ Խմբագրական պատերազմները վնասում են Վիքիպեդիայի բնականոն գործունեությունը։ Այն մասնակիցները, որոնք 24 ժամվա ընթացքում նույն էջում կատարել են երեքից ավելի հետշրջում, կարող են արգելափակվել։ |
Երեք հետշրջման կանոնը (3Հ) պարտադիր է Վիքիպեդիայի բոլոր մասնակիցների համար։ Այն նպատակ ունի կանխարգելելու խմբագրական պատերազմները։
Մասնակցին արգելվում է 24 ժամվա ընթացքում նույն հոդվածում (կամ էջում) կատարել որևէ այլ մասնակցի գործողությունների երեքից ավելի լրիվ կամ մասնակի հետշրջում։ Ընդ որում, սա չի նշանակում, թե երեք հետշրջում կատարելը թույլատրելի է կամ խրախուսելի։ Այս համատեքստում «հետշրջում» է համարվում մեկ այլ մասնակցի կատարած ցանկացած գործողության չեղարկումը։
Այս կանոնը խախտող մասնակիցը կարող է արգելափակվել մինչև 24 ժամ ժամկետով՝ առաջին խախտման դեպքում, և ավելի երկար ժամկետով՝ կրկնակի կամ պարբերական խախտումների պարագայում։
Սահմանված սահմանափակումը վերաբերում է անհատ մասնակցին, այլ ոչ թե լոկ մասնակցային հաշվին։ Միևնույն անձին պատկանող տարբեր հաշիվներից կատարված հետշրջումները գումարվում են և դիտարկվում որպես մեկ մասնակցի գործողություն։ Տարբեր մասնակիցների դեպքում սահմանափակումը կիրառվում է յուրաքանչյուրի նկատմամբ առանձին։
Սահմանված սահմանափակումը կիրառվում է յուրաքանչյուր էջի համար առանձին։ Օրինակ, եթե մասնակիցը 24 ժամվա ընթացքում կատարել է երեք հետշրջում մի էջում և ևս երեքը՝ մեկ այլ, ապա ձևականորեն նա կանոնը չի խախտել։ Սակայն նման գործողությունները կարող են դիտարկվել որպես նախագծի բնականոն գործունեության միտումնավոր խաթարում։
Այս կանոնի նպատակը խմբագրական պատերազմների կանխումն է։ Այն չպետք է ընկալվի որպես «օրական երեք հետշրջման իրավունք» կամ հետշրջումը որպես նորմալ աշխատաոճ ընդունելու թույլտվություն։ Կանոնը սահմանում է միայն այն բացարձակ առավելագույն շեմը, որը չի կարելի հատել ոչ մի պարագայում։ Այնուամենայնիվ, մասնակիցը կարող է արգելափակվել նույնիսկ եթե չի գերազանցել այդ շեմը, բայց նրա վարքագիծն ակնհայտորեն վնասում է նախագծին։
Ցանկացած փորձ՝ շրջանցելու կանոնի իմաստը (օրինակ՝ ամեն օր կատարելով ուղիղ երեք հետշրջում, կամ երեքական հետշրջում միմյանց հետ փոխկապակցված տարբեր էջերում, ինչպես նաև խմբակային համաձայնեցված հետշրջումները), ստեղծում է բացասական վերաբերմունք տվյալ մասնակիցների նկատմամբ և կարող է հանգեցնել արգելափակման։ Ադմինիստրատորները կարող են հաշվի առնել նախկին արգելափակումների պատմությունը և արգելափակել մասնակցին խմբագրական պատերազմի համար՝ չսպասելով «3 հետշրջման» ձևական լրանալուն։
Առաջնորդվեք ողջամտությամբ և մի՛ ներքաշվեք խմբագրական պատերազմների մեջ։ Փոխանակ համառորեն հետշրջելու ուրիշի խմբագրումները, փորձեք քննարկել տարաձայնությունները քննարկման էջում։ Եթե տվյալ խմբագրումն իսկապես ենթակա է չեղարկման, հավանական է, որ դա կանի մեկ այլ մասնակից, ինչը հենց կփաստի տվյալ հարցում կոնսենսուսի առկայությունը։ Հաճախ շատ ավելի արդյունավետ է դիմել ադմինիստրատորներին կամ այլ մասնակիցների՝ էջի պաշտպանության կամ միջնորդության խնդրանքով, քան ինքնուրույն շարունակել հետշրջումները։ Կանոնի ակնհայտ խախտումների մասին հարկավոր է հայտնել ադմինիստրատորների տեղեկատախտակին։
Ի՞նչ է համարվում հետշրջում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս կանոնի համատեքստում «հետշրջում» է համարվում այլ մասնակցի (կամ մասնակիցների) գործողությունների լրիվ կամ մասնակի չեղարկումը, մասնավորապես՝
- խմբագրման չեղարկումը,
- բովանդակության մի մասի հեռացումը կամ հեռացված բովանդակության վերականգնումը,
- էջի վերանվանման չեղարկումը,
- ջնջված էջի վերստեղծումը։
Հաշվի են առնվում 24 ժամվա ընթացքում նույն էջում կատարված բոլոր տեսակի հետշրջումները։ Սովորաբար, նույն էջում մի քանի հաջորդական խմբագրումների միաժամանակյա հետշրջումը դիտարկվում է որպես մեկ հետշրջում։
Բացառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ կանոնի նպատակը խմբագրական պատերազմների դեմ պայքարն է, այն հետշրջումները, որոնք ակնհայտորեն կապված չեն նման պատերազմների հետ, խախտում չեն համարվում։ Այդ բացառություններն են.
- Սեփական խմբագրումների հետշրջում. սեփական խմբագրումների, ինչպես նաև սեփական բոտերի կատարած գործողությունների չեղարկումը։
- Պարզ և ակնհայտ վանդալիզմի չեղարկումը. օրինակ՝ անիմաստ տեքստի, հայհոյանքների/վիրավորանքների հեռացումը։ Այս բացառությունը վերաբերում է միայն այնպիսի դեպքերին, որտեղ վանդալիզմն ակնհայտ է ցանկացած անկողմնակալ ընթերցողի համար։ Այն չի տարածվում այն իրավիճակների վրա, երբ վանդալիզմն ակնհայտ է միայն տվյալ հոդվածի ակտիվ խմբագիրների կամ նյութին քաջածանոթ մասնակիցների համար։ Նման կամ ավելի բարդ դեպքերում հարկավոր է դիմել Վիքիպեդիա:Ադմինիստրատորների տեղեկատախտակին (ԱՏ)։
- Իրավական և տեխնիկական մաքրում. հետշրջումներ, որոնք կապված են հեղինակային իրավունքների ակնհայտ խախտումների հեռացման, սպամի կամ ոչ ազատ նյութերի ջնջման հետ։
- Ապրող մարդկանց մասին նյութեր. բացահայտ զրպարտչական կամ վիճելի այն նյութերի հեռացումը, որոնք վերաբերում են ապրող անձանց և հաստատված չեն վստահելի աղբյուրներով։
- Արգելափակման շրջանցում. արգելափակման մեջ գտնվող և այն շրջանցող մասնակիցների կատարած ներդրման հեռացումը։
- Անձնական տիրույթ. մասնակցի կողմից իր անձնական էջում կամ դրա ենթաէջերում կատարված հետշրջումները (բացառությամբ սեփական քննարկման էջի), եթե այդ հետշրջումները չեն վերականգնում հեղինակային իրավունքի խախտումներ, զրպարտչական, ակնհայտ վիրավորական կամ Վիքիպեդիայի կանոններով արգելված այլ անընդունելի բովանդակություն։
- Փոխհամաձայնեցված խմբագրումներ. խմբագրումներ, որոնք կատարվել են քննարկման բոլոր կողմերի միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա։ Նման խմբագրումների ամփոփման մեջ պետք է հստակ նշվի այդ հանգամանքը և հղում կատարվի այն էջին, որտեղ կայացվել է որոշումը։ (Եթե համաձայնությունը ձեռք է բերվել այլ էջում, խստորեն հանձնարարվում է դրա տեքստը պատճենել տվյալ հոդվածի քննարկման էջում)։
Այս գործողություններից յուրաքանչյուրը կարող է վիճելի լինել, ուստի բացառություններից օգտվեք միայն ակնհայտ իրավիճակներում։ Եթե ունեք կասկածներ, մի՛ կատարեք հետշրջում. փոխարենը դիմեք ադմինիստրատորների կամ փորձառու խմբագիրների օգնությանը։ Նկատի ունեցեք, որ վանդալիզմի կամ հեղինակային իրավունքի խախտման դեպքերում խախտողների արգելափակումը կամ էջերի պաշտպանությունը շատ ավելի արդյունավետ միջոցներ են, քան անվերջ հետշրջումները։
Գործողություններ կանոնի խախտման դեպքում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սույն կանոնը խախտած մասնակիցները կարող են արգելափակվել մինչև 24 ժամ ժամկետով՝ առաջին խախտման համար, իսկ հետագայում՝ ավելի երկար ժամկետով, եթե նման վարքագիծը կրկնվի կամ խորանա։ Ադմինիստրատորները, որոշում կայացնելիս, կարող են կիրառել արգելափակման աճող սանդղակ նախկինում նմանատիպ խախտում արած մասնակիցների համար, ինչպես նաև որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկել միաժամանակ մի քանի էջերում խմբագրական պատերազմների մասնակցությունը կամ էթիկայի նորմերի խախտումը։ Այն դեպքերում, երբ կանոնը խախտվել է մի քանի մասնակիցների կողմից, ադմինիստրատորները պետք է բոլորի նկատմամբ կիրառեն միևնույն չափանիշները։
Բացի այդ, սույն կանոնի ամրապնդման համար անհրաժեշտ է.
- Կանոնի դրույթները պարզաբանել այն մասնակիցներին, որոնք գուցե ծանոթ չեն Վիքիպեդիայի կանոնակարգերին։
- Փորձառու մասնակիցները պետք է դրական ազդեցություն ունենան խախտողների վրա՝ սեփական օրինակով ցուցադրելով խմբագրման հետ կապված բարդ իրավիճակներում կառուցողական վարքագծի մոդել։
Ինչպես կանխել կանոնի խախտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն մասնակիցները, ովքեր գտնվում են կանոնի խախտման եզրին, կարող են խուսափել դրանից հետևյալ կերպ.
- Ներգրավվել հոդվածի քննարկման էջում ընթացող երկխոսության մեջ (կամ նախաձեռնել նման քննարկում)։
- Խորհրդատվության համար դիմել որևէ չեզոք մասնակցի։
Ես խախտել եմ «Երեք հետշրջման կանոնը»։ Ի՞նչ անել։
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե դուք սխալմամբ եք խախտել կանոնը և այժմ գիտակցում եք դա, կամ եթե մեկ այլ մասնակից ձեզ զգուշացրել է այդ մասին, խորհուրդ է տրվում ինքնուրույն չեղարկել ձեր վերջին հետշրջումը և էջը վերադարձնել «նախկին» տարբերակին, նույնիսկ եթե այն ձեզ դուր չի գալիս։ Ընդհանուր առմամբ, սա կարող է հիմք հանդիսանալ ձեր արգելափակումը կանխելու համար, թեև չի կարող դա լիարժեք երաշխավորել։