Ավարտել է ծննդավայրի Գևորգյան վարժարանը, 1923-1924 թթ. սովորել է Սալոնիկի (Հունաստան) ամերիկյան «Անաթոլիա» քոլեջում։ 1926-1927 թվականներին Սալոնիկում խմբագրել է «Աշխատանք» կոմունիստական թերթը։ Ընդհատակում շարել և լույս է ընծայել Վ. Ի. Լենինի ճառը կոմերիտմիության անելիքների մասին, ինչպես նաև «Նոյեմբերի 7-29» գրքույկը։ 1927 թվականի վերջերին Հունաստանից եկել է Խորհրդային Հայաստան՝ սովորելու։ Ավարտել է ԵրևանիԽաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական և օտար լեզուների ինստիտուտները։ 1930-1932 թվականներին խմբագրել է «Ավանգարդ» թերթը և «Երիտասարդ բոլշևիկ» ամսագիրը, 1933 թվականին՝ «Բանվորական Երևան» օրաթերթը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Ղրիմի և Անդրկովկասի զինվորական թերթերի, նաև «Սովետական Հայաստան» օրաթերթի և ՀՀԳ-ի (այժմ՝ Արմենպրես) ռազմաճակատային թղթակիցը։ 1962 թվականից «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիրն է։ Հրատարակել է «Լեռնաշխարհի դուստրը» (1947 թ.), «Հետախույզներ» (1950 թ.), «Հայրենի լեգենդներ» (1957 թ.), «Երևան» (1960 թ.), «Պրոլոմյան հովտաշուշաններ» (1969 թ.), «Անդալուզյան լեռներում» (1966 թ.), «Կոմիտասյան ղողանջներ» (1969 թ.), «Լուսաշխարհ հանիմ զիմ գութան» (1974 թ.) գրքերը, «Իմ կյանքի ճանապարհին» (1984 թ.), «Գնդակահարեք, ես ոչինչ չգիտեմ /վիպակներ/» (1985 թ.) գրքերը։ Ստեփան Կուրտիկյանի «Եղեռնապատում» շարքը 1965 թվականին արժանացել է Թեքեյան մշակութային միության (Բեյրութ) առաջին կարգի մրցանակին։
Յան Դրդա, Համր բարիկադ (պատմվածքների ժողովածուի մեջ մտնող «Գերագույն սկզբունքը», «Մեղվաբույծը» և «Մանկասպանը» գործերը թարգմանել է Ս. Կուրտիկյանը), Ե., Հայպետհրատ, 1950, 182 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 35)։