Սսի կաթողիկոսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սսի կաթողիկոսարան, Ամենայն Հայոց կաթողիկոսության նստավայրը 1293-1441 թվականներին Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսում։ 1292 թվականին, երբ Եգիպտոսի մամլուքները գրավել են Հռոմկլան, թալանել ու ավերել են Հռոմկլայի կաթողիկոսարանը, գերել Հայոց կաթողիկոս Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն և տարել Կահիրե, Գրիգոր Է Անավարզեցին հայոց կաթողիկոսական ընդհանրական աթոռը տեղափոխել է Սիս և կաթողիկոսանիստ դարձրել քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նախկին եպիսկոպոսանիստ սուրբ Գրիգոր Լուսավորիչ եռախորան եկեղեցին (կից պահպանվում են Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսների տապանաքարեր)։

Սիսը նախքան կաթողիկոսության տեղափոխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիս

Սիսն ունեցել է մի քանի եկեղեցիներ ու վանքեր։ Հայոց թագավոր Լևոն Բ Մեծագործի օրոք (1198-1219) հիմնվել են սուրբ Էջմիածին կաթողիկեն, սուրբ Մարինե և սուրբ ստվածածին (այստեղ է ամփոփվել Լևոն Բ-ի մարմինը) եկեղեցիները։ Հայոց թագավոր Հեթում Ա-ի օրոք (1226-1269) կառուցվել է արքունական սուրբ Սոփի (սուրբ Սոփիա) եկեղեցին, որի արտաքին ճակատին երկաթագիր տառերով փորագրված են եղել Հեթում Ա, Լևոն Գ և այլ թագավորների անունները։ Եկեղեցում զետեղվել է առյուծի և արծվի պատկերաքանդակներով զարդարված թագավորական մարմարե գահը։ Սուրբ Սոփի եկեղեցին 1266 թվականին ավերել և հրկիզել են Եգիպտոսի սուլթանության զորքերը։ Կիլիկիո կաթողիկոս Կիրակոս Ա Աջապահյանը 1810-1822 թվականին նորոգել է այն, վերանվանել սուրբ Գրիգոր Լուսավորիչ և աթոռանիստը փոխադրել այնտեղ (հյուսիսարևմտյան կողմում պահպանվել են կաթողիկոսների տապանաքարերը)։ Սսի հայկական եկեղեցիներից աղբյուրներում հիշատակվում են նաև սուրբ Հռիփսիմեն, սուրբ Հակոբը, սուրբ Հոգին, սուրբ Նշանը, սուրբ Սիմեոնը, սուրբ Նիկողայոսը, սուրբ Ստեփանոսը (կոչվել է նաև Գունդստաբլի եկեղեցի), սուրբ Մերկեռիոսը, սուրբ Պողոս-Պետրոսը, սուրբ Աթանագինեն, Գավիկաթա վանքը։ Միջնադարյան հայ դպրության և երաժշտագիտության կենտրոն Դրազարկի վանքից բացի Սսի մերձակայքում հիշատակվում են նաև Տեր Պողոսի վանքը և գրչության կենտրոն Մեծքարի (Մեծայր) վանքը, որտեղ 1175 թվականին ամփոփվել է Մլեհ իշխանապետի աճյունը։ Սսի բարեգործական հիմնարկներից հայտնի էր Զաբել թագուհու հիվանդանոցը, որի հիմնադրման (1241) մասին մարմարե քարի վրա պահպանվել է թագուհու արձանագրությունը։

Սսում եկեղեցիներ են ունեցել հույները, ջենովացիները, վենետիկցիները, խաչակիր ասպետները և ասորիները։ Իգնատիոս Բ Ասորին 1244 թվականին Սսում հիմնել է կաթողիկոսարան՝ սուրբ Պարսամա և սուրբ Աստվածածին եկեղեցիներով։ Սսի արվարձաններից մեկում գործել է ասորական սուրբ Պաքսեմատի վանքը։

Կրթամշակութային կենտրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսը, հատկապես Հայոց կաթողիկոսությունն այդտեղ հաստատվելուց հետո, եղել է համահայկական մշակույթի խոշոր կենտրոն։ Կաթողիկոսարանում և մասնագիտացված բարձրագույն դպրոցներում (վարդապետարան-համալսարաններ), որոնցից մեծահամբավը եղել է Ներսես Լամբրոնացու հիմնադրած համալսարանը, կրթվել և գործել են ժամանակի նշանավոր հայ գիտնականներ, հոգևորականներ, Հայոց կաթողիկոսներ։ Հավաքվել, ուսումնասիրվել, բազմացվել և պատկերազարդվել են հազարավոր ձեռագրեր, ստեղծվել նորերը, թարգմանվել (հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն և այլն) աստվածաբանական, գրական, պատմական արժեքավոր երկեր։ Սսի կաթողիկոսարանը սկզբնական շրջանում ծաղկում են ապրել Կիլիկյան Հայաստանի վանքերը, վարդապետարանները, գրչության և մանրանկարչության կենտրոնները (Դրազարկ, Սկևռա, Ակներ, Մեծքար և այլն)։ Սսում են գումարվել դավանական, համապետական և համազգային նշանակություն ունեցող ժողովներ, որոնցից վերջին չորսը (1307, 1309, 1345, 1361)՝ Սսի կաթողիկոսարանի գոյության շրջանում։

Սսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սսի կաթողիկոսի գահ

Սրվել են դավանական վեճերը Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավանական կարգերն անաղարտ պահելու կողմնակիցների և լատինամետ կիլիկյան հոգևորականության ու լատինադավանների միջև։ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության հարցում հակասություններն ավելի են խորացել կիլիկյան հոգևորականության և արևելյան վարդապետների միջև վերջիններս խիստ քննադատել են Սսի Հայոց կաթողիկոսների և լատինամետ հայ հոգևորականների քաղաքականությունը եկեղեցիների միության հարցում։ Այդ շրջանի Հայոց կաթողիկոսներից ոմանք (Գրիգոր Է Անավարզեցի, Կոնստանդին Գ Կեսարացի, Մխիթար Ա Գռներցի և ուրիշներ) նահանջել են Հայ եկեղեցու ծիսադավանական դիրքերից՝ հուսալով Հայ եկեղեցին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու, լատինական ծիսադավանական նորամուծությունների և Արևմուտքին եկեղեցական լուրջ զիջումների գնով շահել կաթոլիկ Եվրոպայի և Հռոմի պապի քաղաքական աջակցությունը իսլամադավան պետությունների ու արտաքին թշնամիների դեմ Կիլիկյան Հայաստանի մղած պայքարում։ Կաթոլիկ եկեղեցին, օգտվելով դրանից, խոստումներից բացի ոչինչ չձեռնարկելով, լատինամետ հայ հոգևորականների և Հայոց արքունիքի, ինչպես նաև միարարական շարժման (տես Ունիթորություն) միջոցով փորձել է իր ազդեցության տակ գցել Հայ եկեղեցին, ինչը նաև լուրջ սպառնալիք էր Հայոց պետականության համար Կիլիկյան Հայաստանում։ Արևմուտքից քաղաքական աջակցության ակնկալիքներով Սսի կաթողիկոսարանի լատինամետ քաղաքականությանն աջակցել, հաճախ էլ որպես նախաձեռնող է հանդես եկել Կիլիկիայի Հայոց արքունիքը։

Վերջինս 1307 թվականի Սսի և 1316 թվականի Ադանայի եկեղեցական ժողովների լատինադավան որոշումները փորձել է բռնի ուժով պարտադրել ժողովրդին, բայց, հանդիպելով ժողովրդի և արևելյան վարդապետների անզիջում դիրքորոշմանը, ոչ մի արդյունքի չի հասել։ Արքունիքի և Սսի կաթողիկոսարանի քաղաքականությանը և հատկապես 1307 թվականի Սսի ժողովի որոշումներին ընդդիմացել է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և 1311 թվականին խզել հարաբերությունները Սսի կաթողիկոսարանի հետ։ Կիլիկյան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների քաղաքականության դեմ անհաշտ պայքար են ծավալել նաև Սյունյաց վարդապետներն ու իշխանները։ Ստեփանոս Օրբելյանի գլխավորությամբ Գրիգոր Է Անավարզեցուն գրած նշանավոր թղթում նրանք քննադատել են Հայոց կաթողիկոսի լատինամետ քաղաքականությունը և հորդորել չհեռանալ հայրենի սրբագործված ավանդներից։ Չնայած Սսի Հայոց կաթողիկոսներից ոմանք (Կոնստանդին Դ Լամբրոնացի, Հակոբ Բ Անավարզեցի, Մեսրոպ Ա Արտազեցի) ընդդիմացել են լատինամետությանը, այնուամենայնիվ հոգևորականության ազդեցիկ մասին, լատինադավան թագավորներին և իշխաններին հաջողվել է խարդավանքների, ճնշումների, գահընկեցությունների միջոցով չեզոքացնել նման փորձերը։

Սսի կաթողիկոսարանի վիճակն ավելի է վատթարացել Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) և Սսի վրա թուրքմեն ամիրա Ռամազանի արշավանքներից (1404) հետո։ Հայոց կաթողիկոս Կարապետ Ա Կեղեցին, Կիլիկիայի կառավարիչ, զորավար Կոստանդին Կիլիկեցին և Սսի կառավարիչ պարոն Կարապետը, ձգտելով Սսի բնակիչներին փրկել կոտորածներից, նրանց բոլոր իշխանների հետ գաղթեցրել են Կիպրոս և Եվրոպա։ Քաղաքում մնացած Հայոց կաթողիկոսը և փոքրաթիվ բնակիչները, չկարողանալով դիմագրավել Ռամազանի զորքերին, 1404 թվականի հունիսի 6-ին անձնատուր են եղել։ 1441 թվականի Էջմիածնի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ Կիլիկիայում մեկուսացած և հայ ժողովրդի համար քաղաքական ու հոգևոր-կրոնական երբեմնի կենտրոնի նշանակությունը կորցրած, տնտեսապես քայքայված Մայր աթոռը Սսից տեղափոխվել է բուն Հայաստան և վերահաստատվել իր նախնական վայրում՝ Վաղարշապատում։ 1446 թվականից Սսի կաթողիկոսարան դարձել է նորահաստատ Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ կենտրոնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։