Սսի ժողովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սսի եկեղեցական ժողովներ, գումարվել են XIII–XIV դդ., Կիլիկյան Հայաստանի Սիս մայրաքաղաքում, կրոնաեկեղեցական և քաղաքական կարևոր խնդիրների լուծման համար։ Կայացել է ութ ժողով՝ Առաջինը (1204 թվական), Երկրորդ ժողովը (1243 թվական),Երրորդ ժողովը (1251թվական), Չորրորդ ժողովը (1289 թվական),Հինգերորդ ժողովը (1307 թվականի մարտի 19), վեցերորդ ժողովը (1309 թվական), Յոթերորդ ժողովը (1345 թվական), Ութերորդ ժողովը(1361 թվական)։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Կիրակոս Գանձակեցու` վրացական բանակն արշավանքների ժամանակ իր հետ ամենուր քահանաներ և վրան էր տանում, ուր ամեն օր պատարագ էին մատուցում և եկեղեցական պաշտամունք կատարում, իսկ հայերի շրջանում այդ սովորույթը վաղուց վերացել էր, որի պատճառով նրանք նախատում էին Վիրքի հայերին։ Այս պատճառով Զաքարեն դիմում է Մխիթար Գոշին, և որոշում են խնդրագիր ուղարկել Կիլիկիայի հայոց թագավոր Լևոն Մեծագործին (1198-1219) ու հայոց Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին։ Հավանաբար պատարագի վրան ունենալը Զաքարեի համար հայոց եկեղեցում այլ նորամուծություններ ևս կատարելու պատճառ էր։ Սա կարելի է հիմնավորել Զաքարեին ուղարկված պատասխան թղթի մի հատվածի միջոցով, որտեղ նշվում է, որ մեծ սպարապետը հետաքրքրվում է օտարի լծի ժամանակաշրջանում խեղաթյուրված քրիստոնեական կարգերով։ Զաքարեն առաջին անգամ թուղթն ուղարկել է 1198 թվականին և Հովհաննես Սսեցու օրոք արդեն երկրորդ անգամ է դիմել Լևոն թագավորին։ Լևոն թագավորը Սսում հավաքում է իր իշխանության տակ գտնվող եպիսկոպոսներին ու վարդապետներին, որոնք պատվիրում են Զաքարեին չշեղվել ուղղափառ հավատից և, Աստվածաշնչին ու առաքելական կանոններին համապատասխան, շարադրում են պատասխան նամակը։ Իսկ պատարագի համար նախատեսված վրանը Զաքարեին ուղարկվեց Հռոմկլայում գտնվող Հովհաննես կաթողիկոսի կողմից[1]։

Ժողովների ժամանակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սսում գումարվել է ութ եկեղեցական ժողով։ ժողովի կանոններից մի քանիսն ընդունվել էին ի կատարումն Հռոմի պապի պահանջի, ինչը կարող էր գայթակղության քար դառնալ հայ-հռոմեական եկեղեցական մերձեցմամբ շահագրգիռ ուժերի համար։ Այս փոփոխությունների իրականացումը հանձն առնելով՝ Հովհաննես Զ-ն, այդուհանդերձ, խիստ մտահոգ էր Կիլիկյան Հայաստանում լատինամետ տարրի հնարավոր աշխուժացմամբ, ուստի վճռեց Հայոց եկեղեցին, հատկապես նրա կիլիկյան հատվածը, որտեղ գտնվում էր հայրապետական աթոռը, հուսալիորեն պաշտպանել Հռոմի կաթոլիկ եկեղեցու հնարավոր ազդեցությունից՝

  • Առաջինը (1204 թվական) կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցու նախաձեռնությամբ քննարկել և ընդունել է հիմնականում ծիսական հարցերին վերաբերող ութ կանոն։ Ընդունված ութ կանոնները թույլատրում էին.
  1. Սուրբ Պատարագը մատուցել նաև բացօթյա` վրանի տակ` ինչպես վրացիները ։
  2. Ավետումը տոնել ապրիլի 6-ին, Վերափոխումը` օգոստոսի 15-ին, Խաչվերացը` սեպտեմբերի 14-ին` ինչպես վրացիները։
  3. Պատկերներին հարգանք մատուցել։
  4. Սուրբ Պատարագներ մատուցել ոչ միայն ննջեցյալների համար, այլ նաև ապրողների համար` ինչպես վրացիները, հույները և ասորիները։
  5. Արգելել հայ կրոնավորներին միս ուտել` վրացիների մեղադրանքը կարճելու համար։
  6. Պատվիրել հայ կրոնավորներին վանքերում ապրել ու սեփականություն չունենալ։

Զաքարե Բ Մեծ Երկայնաբազուկի խնդրանքով թույլատրվել է, որ հայկական բանակում զինվորներն ունենան շրջիկ եկեղեցի և սեղան։ Պատմագրության մեջ միասնական կարծիք չկա Սսի Առաջին եկեղեցական ժողովի գումարման թվականի շուրջ։ Հիմնական շրջանառվող տարբերակներն են` 1204 թվական և 1207 թվական, անգամ շրջանառվում է 1208 թվական տարբերակը։ Սկզբնաղբյուրներում չի հիշատակվում ժողովի հրավիրման ստույգ թվականը, այլ նշվում է, երբ Լևոն թագավորի ու Հովհաննես Զ Սսեցու միջև տեղի ունեցավ ընդհարում, և Դավիթ Արքակաղնեցին նշանակվեց կաթողիկոս, որի օրոք էլ տեղի ունեցավ ժողովը։ Զաքարե ամիրսպասալարը ցանկանում էր Հայոց եկեղեցում որոշ բարեփոխումներ և նորամուծություններ կատարելու միջոցով դադարեցնել վրաց վարդապետների կողմից Հայոց եկեղեցու հասցեին հնչող մեղադրանքներն ու կարգավորել երկու եկեղեցիների միջև հարաբերությունները։ Սակայն այդ փորձերը որևէ արդյունքի չհանգեցրին[2]։

  • Երկրորդ ժողովը (1243 թվական) կաթողիկոս Կոստանդին Ա Բարձրբերդցու գլխավորությամբ սահմանել է քսանհինգ կանոն՝ ընդդեմ աշխարհականների և հոգևորականության մեջ տարածված չարաշահումների, կենցաղային ու եկեղեցական ախտերի (մերձամուսնության, ամուսնաթողության, ապօրինի կենակցության արգելում, պահքերի, աշխարհականների և եկեղեցականների կենցաղի կանոնավորում)։
  • Երրորդ ժողովը (1251թվական) Հռոմի պապի առաջարկով քննել է Սուրբ Հոգու բխման խնդիրը։ Դեռ 1250 թվականին Հռոմի պապը դիմել էր հայերին՝ առաջարկելով ընդունել «Filioque»-ի վարդապետությունը, ըստ որի՝ Ս. Հոգին բխում է ոչ միայն Հայր Աստծուց, այլև՝ Որդի Աստծուց։ Որոշվեց մերձամուսնությունների թույլատրելի պորտերի աստիճանը, սահմանելով այն 6 (մինչ այդ թույլատրելի էր 4-ը), փեսան պետք է 14 տարեկանից մեծ լիներ, իսկ հարսը` 12, դատապարտվում էր պոռնկութունը, շնությունը։ 1251 թվականի ժողովը, չկարողանալով վերջնական եզրակացության գալ, դիմել է արևելյան վարդապետներին, որոնք մերժել են ընդունել այն։
  • Սսի չորրորդ ժողովում (1289 թվական) Հեթում Բ թագավորը և Գրիգոր եպսիսկոպոս Անավարզեցին (կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցի) Կոստանդին Բ Կատուկեցի կաթողիկոսին գահընկեց են արել՝ Հռոմի պապ Նիկողայոս IV-ի լատինադավանություն ընդունելու առաջարկին ընդդիմանալու համար։
  • Հինգերորդ ժողովը (1307 թվականի մարտի 19) քննել է Եվրոպայից ռազմական օգնության դիմաց լատինադավանություն ընդունելու՝ Կղեմես V պապի պահանջը։ Թագավորահայր Հեթումի (Հեթում Բ), Լևոն Դ թագավորի և նորընտիր կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու ճնշմամբ ընդունվել է Կաթոլիկ եկեղեցու դավանանքը, ծեսը և Հռոմի պապի գերիշխանությունը։ Ըստ նոր ընդունված կանոնների, Հայ եկեղեցին փաստորեն միանում էր Կաթոլիկ եկեղեցուն։ Ժողովուրդը և արևելյան վարդապետներն ընդվզել են և չեն ենթարկվել նոր որոշումներին, ուստի Կիլիկիայի հոգևոր ու աշխարհիկ իշխանությունն երը նախապես նույնիսկ որոշումների իր ագործում չեն պահանջել։ Ապա եղել են նաև արևելյան վարդապետների գրավոր բողոք-հերքումներ, եկեղեցականների և աշխարհականների բազմամարդ ժողովներ՝ առանց թագավորի ու կաթողիկոսի ներկայության։
  • 1308 թվականի Ադանայի և Սսի վեցերորդ եկեղեցական ժողովները (1309 թվական) չեղյալ են հայտարարել 1307 թվականի (հինգերորդ) «իշխանաժողովի» որոշումները, ընդունվել են Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ապահովող կանոններ։ Նոր թագավոր Օշինը, չկարողանալով վերահաստատել նախորդի որոշումները, ժողովականներին ենթարկել է հալածանքների՝ բանտարկության և աքսորի (միայն 500 հոգևորական աքսորվել է Կիպրոս, որտեղ մեծ մասը զոհվել է), վերահաստատել է տվել Սսի 1307 թվականի եկեղեցական ժողովի որոշումները։
  • Յոթերորդ ժողովը (1345 թվական) գումարվել է կաթողիկոս Մխիթար Ա Գռներցու օրոք։ Ժողովը, Եվրոպայից ռազմ. օգնություն ստանալու հույսով, թեև ձևականորեն, ընդունել է Կաթոլիկ եկեղեցու հետ միանալու Հռոմի պապի առաջարկը։

Սակայն ակնկալած օգնությունը չստանալու պատճառով, ինչպես նաև բուն Հայաստանի հոգևորականության դիմադրության շնորհիվ, ժողովի որոշումները չեն իրագործվել։

  • Արևմուտքի և Հռոմի պապերի սին ու անիրականանալի խոստումներից և միարարական քաղաքականությունից դժգոհ Կոստանդին Դ թագավորի և Մեսրոպ Ա Արտազեցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 1361 թվականի ութերորդ ժողովը չեղյալ է հայտարարել Սսի 1307 թվականի և Ադանայի 1316 թվականի ժողովների որոշումները, վերացրել նորամուծությունները, վերահաստատել Հայ եկեղեցու անկախությունն ապահովող դավանական և ծիսական ավանդական կանոնները[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գանձակեցի, Կիրակոս (1961). Պատմություն Հայոց, աշխատասիր.` Կ. Մելիք-Օհանջանյանի, Երևան. էջ 167.
  2. Չամչյան, Մ․. Պատմութիւն Հայոց, հ. Գ,. էջ 179.
  3. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Հայկական հանրագիտարան , Երևան. 2002. էջեր 920–921. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)