Սուադ Դերվիշ
Սուադ Դերվիշ թուրքերեն՝ Suat Derviş | |
---|---|
Ծնվել է | 1905[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 23, 1972 |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Feriköy Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Երկեր | Ֆոսֆորային Ջևրիե |
Մասնագիտություն | գրող, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, վիպասան և քաղաքական ակտիվիստ |
Ամուսին | Nizamettin Nazif Tepedelenlioğlu? և Seyfi Cenap Berksoy? |
Կուսակցություն | Թուրքիայի կոմունիստական կուսակցություն (1920) |
Սուադ Դերվիշ (թուրքերեն՝ Suat Derviş, 1905[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 23, 1972, Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող, գրող և քաղաքական ակտիվիստ, Սոցիալիստ կանանց ասոցիացիայի հիմնադիրներից մեկը[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տարբեր աղբյուրների, Սուադ Դերվիշը ծնվել է 1904 կամ 1905 թվականին Ստամբուլում, արիստոկրատների ընտանիքում[3]։ Սուադի հայրը՝ Իսմայիլ Դերվիշը, աշխատել է որպես գինեկոլոգ և դասավանդել Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում[2]։ Սուադի մայրը՝ Հեսնա-խանումը, ստրուկի դուստր էր, որը գտնվում էր օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի շքախմբում։ Սուադը ուներ Համիեթ անունով քույրիկ, որը երաժշտական կրթություն էր ստացել գերմանական մի քանի կոնսերվատորիաներում։ Երեխա ժամանակ Սուադը փարաջա էր հագնում[3]։
Դերվիշը մասնավոր կրթություն է ստացել երաժշտության և գրականության բնագավառում, սովորել է նաև գերմաներեն և ֆրանսերեն։ 1919-1920 թվականներին նա քրոջ հետ ապրել է Գերմանիայում, որտեղ սովորել է Բեռլինի համալսարանում[2][4]։ Գերմանիայում գտնվելու ընթացքում Սուադը հոդվածներ է գրել Թուրքիայի մասին գերմանական ամսագրերի, այդ թվում՝ Berliner Zeitung-ի համար։ 1920 թվականին լույս է տեսել իր առաջին գիրքը՝ «Սև գիրք» (Kara Kitap)[2]: 1920-1933 թվականների ընթացքում տպագրվել են նրա գրած ևս տասը գրքեր[2]։ Նազիմ Հիքմետի հետ համատեղ աշխատանքը «Resimli Ay» ամսագրում մեծ ազդեցություն է ունեցել Սուադի վրա[5]։ Սուադի վաղ շրջանի աշխատանքները վերաբերում էին այնպիսի թեմաների, ինչպիսիք են կանանց հոգեբանությունը, գենդերային և դասային խնդիրները։ Սուադի գրած զգալի թվով ստեղծագործությունների գործողությունները տեղի էին ունենում այնպիսի քաղաքներում, որոնք բնորոշ չէին այդ ժամանակվա ստեղծագործություններին։ Քննադատներից մեկի կարծիքով «Սուադ Դերվիշն ավելի օբյեկտիվ և ժամանակակից է, քան Խալիդե Էդիբը, բայց ոչ պակաս ներթափանցող»[2]։ Գրքեր գրելուց բացի, Սուադն աշխատել է նաև որպես լրագրող։ Այն իրադարձությունների թվում, որոնց մասին նա նյութեր է գրել, եղել է նաև Լոզանի կոնֆերանսը, որտեղ որոշվում էր Թուրքիայի ճակատագիրը[2]։ Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից են համարվում թուրքերեն լեզվով գրված առաջին գոթական վեպերը[6]։
Վերադարձ Թուրքիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին հոր մահից հետո Սուադը վերադարձավ Թուրքիա և ընդգրկվեց մտավորականության շրջանակներում[2]։ 1930 թվականին նա դարձավ Լիբերալ հանրապետական կուսակցության անդամ, որը, ի թիվս այլ բաների, պաշտպանում էր կանանց ընտրական իրավունք տրամադրելը[2]։ 1930-ականներին Սուադը կուսակցության կողմից մասնակցեց տեղական ընտրություններին, բայց հաջողություն չունեցավ[2]։ Լիբերալ հանրապետական կուսակցությունից հետո Սուադը հայտնվեց մարքսիզմի ազդեցության տակ։ 1940–1941 թվականներին հրատարակել է «Yeni Edebiyat» (Նոր գրականություն) թերթը[2]։ Նա շարունակեց զբաղվել լրագրողական գործունեությամբ։ 1936 թվականին նա նյութեր է գրել մի կոնֆերանսի մասին, որի ժամանակ քննարկվում էր Սև ծովի նեղուցների ռեժիմը[2]։ «Cumhuriyet» թերթում աշխատելիս նա հարցազրույց է վերցրել աշխարհի 12 ֆեմինիստներից, այդ թվում՝ Ռոզա Մանուսից[7]։ 1936 թվականին գրել է Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների կարգավիճակի մասին։ Երկու անգամ այցելել է ԽՍՀՄ, 1944 թվականին գրել է «Ինչու եմ ես Խորհրդային Միության ընկերը» գիրքը (թուրքերեն՝ Niçin Sovyetler Birliği’nin Dostuyum?), որը բուռն բանավեճ է առաջացրել Թուրքիայում[2]։
Քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուադ Դերվիշն ամուսնացել էր երեք անգամ[2]։ Սուադի ամուսիններն էին Սելամի Իզզեթ Չեդեսը, Նիզամեթթին Նազիֆ Տեպեդելենլիօղլուն և Ռեշադ Ֆուադ Բարաները[2]։ Բարաներն այդ ժամանակ արգելված Կոմունիստական կուսակցության անդամ էր[2]։ 1944 թվականի մարտի 10-ին Սուադը և իր ամուսինը ձերբակալվեցին «անօրինական կոմունիստական գործունեության» մեղադրանքով, այդ ընթացքում ձերբակալվեցին նաև կուսակցության այլ անդամներ[2]։ Սուադին դատապարտեցին 8 ամսվա ազատազրկման, ձերբակալման պահին նա հղի էր և վիժեց[2]։ Սուադի ամուսինը բանտում էր գտնվում մինչև 1950 թվականը, 1951 թվականին նրան կրկին ձերբակալեցին[2]։ Իր քաղաքական հայացքների և ձերբակալության պատճառով Սուադը դժվարությամբ էր աշխատանք գտնում և հիմնականում հրապարակվում էր կեղծանունով[2]։ 1953 թվականին Սուադը ստիպված եղավ հեռանալ Թուրքիայից[2]։
1953–1963 թվականներին ապրել է տարբեր երկրներում, բայց իր ժամանակի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում[2]։ Սուադի այդ ժամանակահատվածում հրապարակված գործերը սատարում էին կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարին և ջերմորեն ընդունվեցին Ֆրանսիայում, բայց Թուրքիայում արձագանքները ոչ միանշանակ էին, քանի որ այդ ժամանակ թուրք ձախերի մեջ այդ հարցում կոնսենսուս չկար[2]։ 1963 թվականին Սուադը վերադարձավ Թուրքիա և բնակվեց Բարաների հետ մինչև իր մահը, 1968 թվականը[2]։ Նույն թվականին նա հրատարակել է «Ֆոսֆորային Շեւրիէ» վեպը (թուրքերեն՝ Fosforlu Cevriye), որում նկարագրվում էր Ստամբուլում բնակվող մարգինալացված կանանց կյանքը։ «Ֆոսֆորային Շեւրիէ»-ն համարվում է Սուադի ամենահայտնի գործը, 1969 թվականին այս վեպի հիման վրա ֆիլմ է նկարահանվել, 2016 թվականին այն բեմադրվել է թատերական ներկայացմամբ[8]։ 1970 թվականին Սուադը մասնակցեց Սոցիալիստ կանանց ասոցիացիայի ստեղծմանը (թուրքերեն՝ Devrimci Kadınlar Birliği), որի հիմնական նպատակներն էին` կանանց շրջանում հեղափոխական շարժման տարածումը և նրանց ինքնագիտակցության բարձրացումը[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուադ Դերվիշը մահացել է 1972 թվականի հուլիսի 23-ին։ 1990-2000-ականներին նրա կենսագրությունը գրավեց շատ հետազոտողների ուշադրությունը[2]։ Հրապարակվեց Սուադի կենսագրությունը՝ «Bir Kadın Bir Dönem: Suat Derviş»[3]:
Ֆոսֆորային Շեւրիէ
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի մարտի 14-ին Երևանում մի շարք մտավորականներ իրենց զրույցի ժամանակ մեբերումներ են արել «Ֆոսֆորային Շեւրիէ» գրքից[9]։
Այո, Սուադ Դերվիշը։ Գիրքը չգիտես ինչո՛ւ թարգմանվել է նաեւ ռուսերէն։ Նրա մէջ հեղինակը Թուրքիայում տարածուած անբարոյականութեան համար մեղաւորը հայ կանանց է համարում։ Իբր թէ հայ կանայք են անբարոյականութիւն տարածում Թուրքիայում, անբարոյականացնում են թուրք աղջիկներին։ Այդ մեր կրթուած կանայք են որ պրիտոններ են պահում, ըստ այդ վիպակի։ Յայտնի է, որ հայերն են Թուրքիայում թատրոն ստեղծել։ Եւ այդ հայ կանայք հին թատրոնի դերասանուհիներն են... - Հրաչյա Քոչարի մեջբերումը «Ֆոսֆորային Շեւրիէ» գրքից[9]
|
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև գիրքը (թուրքերեն՝ Kara Kitap, 1921)
- Ոչ ձայն, ոչ շունչ (թուրքերեն՝ Ne Bir Ses Ne Bir Nefes, 1923)
- Ոչ մեկը (թուրքերեն՝ Hiçbiri, 1923)
- Ահմեդ Ֆերդի (թուրքերեն՝ Ahmed Ferdi, 1923)
- Բեհիրի թալիբները (թուրքերեն՝ Behire'nin Talibleri, 1923)
- Ֆաթմայի մեղքը (թուրքերեն՝ Fatma'nın Günahı, 1924)
- Արդյո՞ք ես (թուրքերեն՝ Ben mi, 1924)
- Դեպրեսիայի գիշեր (թուրքերեն՝ Buhran Gecesi, 1924)
- Քեզ պես (թուրքերեն՝ Gönül Gibi, 1928)
- Էմինե (թուրքերեն՝ Emine, 1931)
- Ոչ մեկը (թուրքերեն՝ Hiç, 1939)
- Խելագարի պես (թուրքերեն՝ Çılgın Gibi (1934)
- Նիհար ստվեր (թուրքերեն՝ Yalının Gölgesi (1958)
- Ֆոսֆորային Շեւրիէ (թուրքերեն՝ Fosforlu Cevriye, 1968)
- Անկարայի բանտարկյալը (թուրքերեն՝ Ankara Mahpusu, 1968, առաջին անգամ հրատարակվել է Փարիզում 1957 թվականին)
Ստեղծագործություններ ռուսերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дервиш Суад Фосфорическая Джеврие. — Издательство иностранной литературы, 1957. — 200 с.[10]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 Berktay, Fatmagül (2006). «DERVİŞ, Suat (Saadet Baraner) (1905–1972)». In De Haan, Francisca; Daskalova, Krassimira; Loutfi, Anna (eds.). A Biographical Dictionary of Women’s Movements and Feminisms. Будапешт: Central European University Press. էջեր 109–113. ISBN 978-963-7326-39-4.
- ↑ 3,0 3,1 3,2 «Ottoman women in postcards compiled in book». Daily Sabah. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Суад Дервиш». www.booksite.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ Суад Дервиш // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия. 1969—1978.
- ↑ Akdik, Hazel Melek. «Kadın ve korku». Radikal. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Rosa Manus (1881–1942): The International Life and Legacy of a Jewish Dutch Feminist / Everard, Myriam; de Haan, Francisca. — BRILL, 2016. — С. 15. — ISBN 9789004333185
- ↑ «Suat Derviş' in "Fosforlu Cevriye" ROMANINDAN TUNCER CÜCENOĞLU UYARLAMASI». magazinci.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 Հայ գրողների զրոյցը Անաստաս Ի. Միկոյեանի հետ 14 մարտ, 1962, Երեվան
- ↑ «Дервиш, Суад - Фосфорическая Джеврие [Текст] : Роман - Search RSL». search.rsl.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
|
- 1905 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 23 մահեր
- 1972 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Թուրք լրագրողներ
- Թուրք կալանավորներ և ձերբակալվածներ
- Թուրք կին գրողներ
- Թուրք մարքսիստներ
- Թուրք վիպասաններ
- Թուրք ֆեմինիստ գրողներ
- Թուրք ֆեմինիստներ
- Թուրքիայի կալանավորներ և ձերբակալվածներ
- Թուրքիայի կոմունիստներ
- Սոցիալիստ ֆեմինիստներ
- Ֆեմինիստ գրողներ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ
- Թուրքիայի կին քաղաքական գործիչներ
- Թուրք արձակագիրներ