Ջումհուրիյեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջումհուրիյեթ
Cumhuriyet gazetesi (1938).jpeg
Տեսակօրաթերթ
Լեզութուրքերեն
Հիմնադրվել է1924
ԳրասենյակՍտամբուլ, Թուրքիա
Պարգևներ«Ճիշտ կենսակերպի» մրցանակ
Կայքcumhuriyet.com
Cumhuriyet Վիքիպահեստում

«Ջումհուրիյեթ» (թուրքերեն՝ Cumhuriyet - հանրապետություն) Թուրքիայում հրատարակվող ձախ ուղղվածությամբ ընդդիմադիր օրաթերթ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ լույս է տեսել 1924 թվականի մայիսի 7-ին[2]։ Թերթի հիմնադիր-խմբագիրն է եղել Յունուս Նադին: Թերթը սկսել է հրատարակվել Ստամբուլում և համարվում էր թուրքական նորաստեղծ ռեժիմը լավագույնս ներկայացնող թերթ։ 2015 թվականին 51936 տպաքանակի վաճառքով գրավել է 19-րդ տեղը [3], իսկ 2018 թվականի սեպտեմբերի տվյալներով` 23-րդ տեղը` 35344 տպաքանակով [4]: Կենտրոնական ձախ կողմնորոշման թերթ է, պաշտոնական կայքը` cumhuriyet.com.tr:

Ինչպես նկարագրվում է մամուլի մասին թուրքական գրքերում և հոդվածներում, 1923 թվականին՝ հանրապետության հռչակումից հետո, Թուրքիայում մնացած վերջին օսմանցիները շարունակում էին թերթեր հրատարակել և գրել հոդվածներ, որոնք վատաբանում էին երկրի նոր կարգավիճակը, ինչպես նաև քննադատում հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալին։ Հենց այդ ժամանակ է, որ որոշվում է հրատարակել մի թերթ, որը հնարավորինս մատչելի կներկայացնի քեմալականության առավելությունները և կպաշտպանի հանրապետության գաղափարախոսությունները։ Թերթի անունը կնքել է հենց ինքը՝ Մութաֆա Քեմալը։ Քեմալական շարժմանն աջակցող «Յենի գյուն» (Yeni gün, թարգ.` Նոր օր) թերթի խմբագիր Յունուս Նադին Համիդ Նաբիզադեի և Սերթել Զեքերիայի հետ «Միություն և առաջադիմություն կուսակցության» Ջալալօղլու պողոտայի վրա գտնվող «Վարդագույն ապարանք» (Pembe köşk) կոչվող հին գլխավոր շտաբի շենքում, որտեղ տեղակայված էր նաև Ակոբ Մաթասյանի հայտնի «Մաթասյան տպարան»-ը, հիմնադրում է «Ջումհուրիյեթ» օրաթերթը[5]։ Թերթը, հրատարակման առաջին օրվանից չկորցնելով իր արդիականությունը, պաշտպանել է Մուսթաֆա Քեմալի գաղափարախոսությունները, մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը՝ սատարել Հանրապետական Ժողովրդական կուսակցությանը (թուրք․՝ Cumhuriyet Halk Partisi ): Այն բանից հետո, երբ իշխանության եկավ Ժողովրդավարական կուսակցունթյունը, թերթը սկսեց աջակցել նրանց: Բազմակուսակցական համակարգի շրջանում գլխավոր խմբագիր Նադիր Նադին Ժողովրդավարական կուսակցության կազմում 1950 թվականին անկախ պատգամավոր ընտրվեց [6]:

1924-1945 թվականներին թերթի գլխավոր խմբագիրը Յունուս Նադին էր, երբեմն Զեքերիա Սերթելը, Յակուբ Քադրին, Շյուքրու Քայան ևս նշվում էին որպես գլխավոր խմբագիրներ: Յունուս Նադիի մահվանից հետո մինչև 1991 թվականը գլխավոր խմբագիրը Նադիի որդին` Նադիր Նադին է եղել: 1971 թվականին Թուրքիայի Հանրապետությունում արմատական կադրային փոփոխություններ տեղի ունեցան և թերթի համար դժվար էր ընտրել, թե որ գաղափարի կրողը դառնար, ինչի հետևանքով էլ թերթի վաճառքը նկատելիորեն անկում ապրեց (մոտ 30 տոկոսով)։ 1991 թվականի օգոստոսի 20-ին Նադիր Նադին մահացել է, որից հետո մի կողմից առաջ եկան տնտեսական խնդիրներ, մյուս կողմից էլ թերթի խմբագիրների մեջ տարաձայնություններ առաջացան: 1991 թվականի նոյեմբերի 5-ին ղեկավար Հասան Ջեմալի (լրագրող, քաղաքական գործիչ) քաղաքականությունը հավանության չարժանացնող 80 հոգի թերթից հեռացան: Սրա պատճառով թերթի օրական վաճառքը 1991 թվականի դեկտեմբերին 120.000-ից նվազեց` հասնելով 50.000-ի: Ստեղծված իրավիճակում Հասան Ջեմալը և Օկայ Գյոնենսինը հեռացան Ջումհուրիյեթից: 1992 թվականի ապրիլի 8-ին Իլհան Սելչուկը և իր աջակիցները վերադարձան խմբագրություն: Վերջինս ստանձնեց գլխավոր խմբագրի պաշտոնը: 2008 թվականի մարտի 21-ին Էրգենեքոնի գործի շրջանակներում Սելչուկը ձերբակալվեց և 2 օր տևած հարցաքննությունից հետո մինչև դատական նիստերի սկսվելը ազատ արձակվեց [7]:

Թերթի խմբագրությունը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 17-ը գտնվել է հայտնի Ջաղալօղլու պողոտայում, որը ժամանակին համարվում էր թուրքական մամուլի պողոտա։ Այստեղ են գտնվել ամենահայտնի թուրքական թերթերի խմբագրությունները և տպագրատները։ Այժմ թերը խմբագրատներ ունի ինչպես Ստամբուլում, այնպես էլ Անկարայում և Իզմիրում։

1998 թվականի մայիսի 7-ից «Ջումհուրիյեթ»-ն ունի նաև օնլայն ինտերնետային տարբերակ։

Թերթի առաջին համարներում տպագրվել են Զիյա Գյոքալփի, Ահմեդ Ռեֆիկի, Ֆուադ Քյոփրյուլյուի հոդվածները[8]։ Առաջին համարում ներկայացվել է Յունուս Նադին Մուսթաֆա Քեմալի հետ նրա անցկացրած հարցազրույցը: 1940-ական թվականներին 8 էջանոց թերթը դարձել է 4 էջանոց: Մինչև 1984 թվականը թերթը տպագրվում էր միայն սև ու սպիտակ, ապա այն դարձավ մասամբ գունավոր, իսկ 1990 թվականից թերթը հիմնականում տպագրվում է գունավոր:

Առաջին անգամ փակվել է 1934 թվականի հոկտեմբերի 29-ին 10 օրով: 1940 թվականին երկրի տպագրական քաղաքականությանը չհամապատասխանելու մեղադրանքով փակվել է 90 օրով [9]:

1925 թվականից լույս է տեսել թերթի ֆրանսերեն տարբերակը` Լա Ռեփուբլիք (ֆրանսերեն` La Rèpublique – հանրապետություն) անունով [10]:

2015 թվականի ապրիլի 24-ին Ջումհուրյեթ թերթի պաշտոնական կայքը տեղադրել է հայերենով «Այլևս երբեք» (Bir daha asla) նկարը և գրել. «Մենք սգում ենք 100 տարի առաջ այս հողերում տեղի ունեցած համատեղ ցավը: Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած արհավիրքի ցավը դեռ թարմ է: Ժամանակն է առերեսվել մարդկային գիտակցությանը, խղճին, արդարության զգացումին և ազնվությանը: Այլևս երբեք» [11]:

Մի շարք սյունակագիրներ, լրագրողներ, պարբերականի գլխավոր խմբագիրն ու տնօրենը մեղադրվել են 2016թ-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» և ՔԲԿ խմբավորման հետ կապեր ունենալու, խմբավորումների օգտին քարոզչություն իրականացնելու և ապազգային գործողությունների իրականցման համար պաշտոնական դիրքի չարաշահման համար: Դատական առաջին նիստը եղել է 2017 թվականի հուլիսի 24-ին, իսկ երկրորդը` 2017 թվականի սեպտեմբերի 11-ին: Մեղադրյալները դատապարտվեցին 2-7 տարվա ազատազրկման [12]:

2018 թվականից Ջումհուրիյեթ ֆոնդը գլխավորեց Ալեվ Ջոշկուն, իսկ հրատարակչության նոր գլխավոր ղեկավար ընտրվեց Այքութ Քյուչյուկքայան [13]:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hangi gazete kime ait?»։ www.yeniakit.com.tr։ Վերցված է 28.12.18 
  2. E. Tokmakçıoğlu Türk basın tarihi", Ankara 2011
  3. «Cumhuriyet Gazetesi Haberleri»։ HÜRRİYET - ARAMA (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  4. medyatava@medyatava.com։ «Tiraj | MedyaTava - Yazmadıysa Doğru Değildir»։ www.medyatava.com (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  5. Millî Eğitim Bakanliği, “Türk Basininin Doğuşu Ve Gelişimi”, Ankara, 2011
  6. bcomert (2016-10-31)։ «Cumhuriyet Gazetesi kimin? Cumhuriyet Gazetesi hakkında merak edilenler»։ Sözcü Gazetesi (tr-TR)։ Վերցված է 2018-12-28 
  7. «Cumhuriyet (gazete) - Vikipedi»։ tr.m.wikipedia.org (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  8. «Cumhuriyet Gazetesi kimin? Cumhuriyet Gazetesi hakkında merak edilenler»։ Վերցված է 28․12․18 
  9. bcomert (2016-10-31)։ «Cumhuriyet Gazetesi kimin? Cumhuriyet Gazetesi hakkında merak edilenler»։ Sözcü Gazetesi (tr-TR)։ Վերցված է 2018-12-28 
  10. «Türkçe Bilgi: Cumhuriyet Gazetesi»։ Türkçe Bilgi (թուրքերեն)։ Վերցված է 2018-12-28 
  11. ««Այլևս երբէք»․ Թուրքական «Ջումհուրիյեթ» կայք»։ Analitik.am։ Վերցված է 2018-12-28 
  12. «Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակազմի անդամներին սպառնում է մինչև 43 տարվա ազատազրկում»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2018-12-28 
  13. «Cumhuriyet gazetesinde yönetim değişti, yeni yayın yönetmeni geldi»։ Վերցված է 28.12.18