Սիան Կաան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիան Կանից)
Սիան Կաան
ՏեսակՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային արգելոց
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
ՎարչատարածքԿինտանա Ռոո
Մակերես528 000 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Սիան Կաան (իսպ.՝ Sian Ka’an), կենսոլորտային արգելոց Ռիվիերա Մայա շրջանում, Մեքսիկայի Կինտանա Ռոո նահանգում։ Կազմակերպվել է շահույթ չհետապնդող և հասարակական կազմակերպության կողմից՝ տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման նպատակով։ 1986 թվականի հունվարից ունի ազգային պարկի կարգավիճակ, իսկ 1987 թվականից[2]՝ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցուցակում է։ Մայա հնդկացիների լեզվով, որոնց քաղաքակրթությունը գտնվում էր Յուկատան թերակղզում, Sian Ka’an նշանակում է «այնտեղ, որտեղ սկսվում է երկինքը» կամ «դրախտի դարպասներ»[3]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիան Կաան արգելոցը գտնվում է թերակղզու արևելյան ափին, ձգվում է հյուսիսից հարավ 120 կմ և զբաղեցնում է Կարիբյան ծովի ափերի Մեքսիկայի գրեթե մեկ երրորդը։ Պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը 5280 կմ² է[4]։ 1994 թվականին արգելոցից հարավ՝ Ուիմիլի մոտակայքում, ավելի քան 800 կմ հողատարածք կցվել է արգելոցին։

Սիան Կաան վայրի բնության արգելոցը ներառում է արևադարձային անտառներ, մանգրային՝ մշտադալար բուսականություն և ճահճուտներ, ինչպես նաև Կարիբյան ծովափնյա ջրերը՝ արգելապատնեշներով։ Տարածաշրջանում միջին տարեկան տեղումները կազմում են 1120-1220 մմ, որի մոտ 70%-ը թափվում է մայիսից հոկտեմբեր։ Ջրի մեծ մասը թափանցում է Յուկատան և ավազոտ հողեր կազմող կրաքարային ապարների մեջ, որոնց ջրատարը տեղ-տեղ անցնում է սենոտների միջով։ Արգելոցի մեծ մասը բաղկացած է խոնավ տարածքներից, որոնք հեղեղվում են անձրևային սեզոնի ընթացքում։

Արգելոցն ունի երեք հիմնական ոլորտ, որտեղ մարդու գործունեությունը սահմանափակվում է և որտեղ իրականացվում են գիտական հետազոտություններ։ Դրանք են․ Մմայայի քաղաքակրթության հնագույն գյուղակ Մույիլի կենտրոնական գոտին (Zonas Nucleares of Muyil), Կուլեբրա կղզին (Cayo Culebras) և Ուայմիլ հնագիտական հուշարձանը (Uaymil): Ընդհանուր առմամբ, Մայաների քաղաքակրթության 23 հնագիտական տեղանքներ են գտնվում արգելոցի սահմաններում։ Արգելոցի բնակչությունը կազմում է 2 հազար մարդ, որոնց մեծ մասն ապրում է ափամերձ Պունտա Ալլեն և Պունտա Հերերո ձկնորսական գյուղերում։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավալուսան Սիան Կան արգելոցում

Սիան Կաան բնության արգելոցը պարունակում է աշխարհի երկրորդ ամենամեծ, 110 կմ երկարությամբ Մեքսիկաամերիկյան առափնյա խութը, որը ձգվում է Յուկատանի արևելյան ափի երկայնքով դեպի հարավ՝ Բելիզի և Հոնդուրասի ափերի մոտ։ Սիան Կաանի լողափերում ծովային կրիաների մի քանի հազվագյուտ տեսակներ են ապրում։ Ծովափնյա դյուներում, որոնք պաշտպանում են տարածքը ծովային փոթորիկներից, աճում են ծովային խաղող, փշաքեղ, ծովափնյա սուրիանա, Sesuvium portalacastrum, այգածաղիկ և շատ ուրիշ բույսեր։

Ճահճուտները շատ կենդանիների տեսակների համար ծառայում են որպես կարևոր կենսամիջավայր՝ մեղմելով նաև փոթորիկների հետևանքները։ Մանգրաներում աչում են կարմիր, սև և սպիտակ մշտադալար ծառեր, ինչպես նաև ուղղաձիգ կոնոկարպուս։ Թթվածնով աղքատ առափնյա հողերում, որոնք ամեն տարի հեղեղվում են ջրով, աճում են խոտեր ու եղեգ, որոնց բարձրությունը հազվադեպ է գերազանցում 3 մետրը։

Արգելոցի կենդանական աշխարհը շատ բազմազան է և ներառում է 336 հայտնի թռչունների և 103 հայտնի կաթնասունների տեսակներ։ Բացի այդ, ավելի քան մեկ միլիոն թռչուններ ձմեռելու համար թռչում են Սիան Կաան։ Արգելոցի փետրավոր բնակիչների թվում են գորշ հավալուսնը, կանաչ ձկնկուլը, հրաշագեղ ֆրեգատը, մեծ երկնագույն տառեղը, սպիտակ ամերիկյան տառեղը, ամերիկյան սպիտակ իբիսը և ջրարծիվը։

Արգելոցում ծովային կենդանիների շարքում կան զրահակիրների ընտանիքի ներկայացուցիչներից խիտոն, տարպոն, էպինեֆելուս, կլոր տրախինոտ, շնաձուկ-դայակ, մուրճագլուխ շնաձուկ, սև շնաձուկ և խութային (ճառագայթալողակ) պերկես։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մույիլ նեղուց

Արգելոց կարելի է մուտք գործել բնակելի վայրերում գտնվող հինգ կետերից՝ Պուլտիկուբ, Սանտա Տերեսա, Չումպոն, Չունյաշչե և Չակ Մոոլ բնակավայրերով։ Բացի բնական գեղեցկությունից, զբոսաշրջիկներին գրավում են հնագիտական տեղանքները Մայաների հնագույն քաղաքների տարածքում, որտեղ հայտնաբերվել են մինչև 2,3 հազար տարվա պատմություն ունեցող արտեֆակտներ։ Հնագույն ժամանակներում Սիան Կաանի ամենահյուսիսային մասում՝ լճակների և ջրանցքների տեղով հավանաբար անցել է Թուլումից Մույիլ առևտրային ուղին։ Արգելոցի բնակչությունը մինչև 12-րդ դարի կեսերը արտադրում էին չիկլե (բնական կաուչուկ) և զբաղվում ձկնորսությամբ։

Սիան Կաանի ձկնորսների համար զբոսաշրջությունը եկամտի մեկ այլ աղբյուր է, զբոսաշրջիկներին վարձակալած նավերով տեղափոխում են դիտելու զանազան խութերն ու ծովածոցերը։ 2000 թվականին արգելոց են այցելել 36 հազար զբոսաշրջիկներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.unesco.org/new/en/natural-sciences/environment/ecological-sciences/biosphere-reserves/latin-america-and-the-caribbean/mexico/sian-kaan/
  2. «About Sian Ka'an». web.archive.org. 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Sian Kaan Biosphere Reserve». mexicanroutes.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  4. Centre, UNESCO World Heritage. «Sian Ka'an». UNESCO World Heritage Centre (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիան Կաան» հոդվածին։