Պորտալ:Օսմանյան կայսրություն/Ներածություն
Օսմանյան կայսրություն (օսման.՝ دولت عليه عثمانیه, Devlet-i ʿAlīye-i ʿOsmānīye; ժամանակակից թուրքերեն. Osmanlı İmparatorluğu կամ Osmanlı Devleti), նաև հայտնի որպես Թուրքական կայսրություն, Օսմանյան Թուրքիա, կայսրություն՝ հիմնադրված 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի (ներկայիս Բիլեջիքի նահանգ) մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից: 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն: Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը:
16-րդ և 17-րդ դարերում Սուլեյման I-ի գահակալման ժամանակ կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի մի մասին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն: 17-րդ դարի սկզբին կայսրությունն իր տիրապետության տակ ուներ 32 պրովինցիա և մեծ թվով կախյալ երկրներ: Նրանցից շատերը միաձուլվեցին Օսմանյան կայսրությանը, մյուս մասը տարբեր միջոցներով ձեռք բերեց իր անկախությունը դարերի ընթացքում։ Օսմանյան կայսրությունը՝ Կոնստանդնուպոլիս մայրաքաղաքով և Միջերկրական ծովի ավազանի վերահսկողությամբ, վեց դար շարունակ եղել է կապող օղակ Արևելքի և Արևմուտքի համար: Կայսրության վաղեմի հզորությունը աստիճանաբար թուլացավ Սուլեյման I-ից հետո: Կայսրությունը շարունակեց ունենալ մրցունակ և ուժեղ տնտեսություն, հասարակություն և ռազմական ներուժ 17-րդ և 18-րդ դարերում: Սակայն երկարատև խաղաղ պայմանների պատճառով (1740-1768) օսմանյան զինված ուժերի մարտունակությունն անկում ապրեց և ավելի թույլ էր իր եվրոպական մրցակից Հաբսբուրգների և Ռուսական կայսրություններից: Օսմանցիների պարտությունները 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին ստիպեց նրանց բարեփոխումներ իրականացնել՝ մոդեռնիզացնելով պետությունը, որը կոչվեց Թանզիմաթ: Բարեփոխումների արդյունքում օսմանյան բանակը դարձավ առավել մարտունակ՝ չնայած տարածքային կորուստների՝ հատկապես Բալկաններում, որտեղ ստեղծվեցին մի քանի անկախ պետություններ: Կայսրությունը դաշինք կնքեց Գերմանիայի հետ 20-րդ դարի սկզբին` հույս ունենալով խուսափել դիվանագիտական մեկուսացումից, որը առաջ էր եկել տարածքային կորուստներից հետո և այսպիսով, Կենտրոնական ուժերի կողմից միացավ Առաջին համաշխարհային պատերազմին: Մինչ կայսրությունը կռվում էր արտաքին թշնամիների դեմ, երկրի ներսում նույնպես իրավիճակը պայթյունավտանգ էր․ ապստամբություններ սկսվեցին հատկապես արաբական տարածքներում: Այս ժամանակ Օսմանյան կայսրությունը որոշեց ազատվել քրիստոնյա փոքրամասնություններից` կազմակերպելով հայերի, ասորիների և պոնտական հույների ցեղասպանությունները: