Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պաղեստինը Օսմանյան կայսրության կազմում, պատմական փուլ, որի ընթացքում Պաղեստինը գտնվել է Օսմանյան կայսրության կազմում: Պատմական այս փուլը տևել է 1516 թ.-ից մինչև 1917 թվականը: Հենց այս ժամանակահատվածում էականորեն մեծացավ հրեաների թվաքանակը` ի հաշիվ եվրոպական երկրներից տեղի ունեցած տեղափոխության:

Օսմանյան ուժերի կողմից Պաղեստինի գրավում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 13-րդ դարի վերջում թուրք-մուսուլմանների կողմից: Այն ստեղծվել է Անատոլիական սարահարթի տարածքում: 14-15-րդ դարերի ընթացքում Օսմանյան կայսրությունը այնքան հզորացավ, որ կարողացավ մեկը մյուսի հետևից գրավել նորանոր տարածքներ և դառնալ աշխարհակալ տերություն: Մասնավորապես նրանք հաջողության հասան Բալկանյան թերակղզու տարածքում, որը գրեթե ամբողջությամբ գրավեցին, ինչպես նաև Փոքր Ասիայում և կարողացան հասնել մինչև Իրանական բարձրավանդակ: 1453 թվականին թուրք-օսմանները գրավեցին Կոնստանդնուպոլիս քաղաքը և դրանով իսկ վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը: Պարսկական բանակի նկատմամբ Չալդիրանի սարահարթում ջախջախիչ հաղթանակ տանելուց հետո օսմանյան բանակը ուղղվեց մամլուքների դեմ, որի նկատմամբ նրանք նույնպես հաղթանակներ տարան:

Պաղեստինի տարածքը գրավվեց սուլթան Սելիմ Ա Ահեղի կողմից: 1516 թվականի օգոստոսի 24-ին Մարջ Դեբեկեի մատույցներում` Հալեպից հյուսիս ընկած տարածքում տեղի ունեցած ճակատամարտում մամլուքների բանակը ջախջախիչ պարտություն կրեց[1]: Իսկ 1517 թվականին Սելիմը փայլուն հաղթանակ կարողացավ տանել մամլուքների նկատմամբ Կահիրե քաղաքի մատույցներում և նրանց հեռացրեց պատմության թատերաբեմից[2]:

Գրեթե 400 տարի Պաղեստինը մասն էր կազմում Օսմանյան կայսրության: Օսմանյան կայսրությունն ներառում էր նաև Հարավարևելյան Եվրոպայի զգալի մասը, Միջին Ասիան, Մերձավոր Արևելքը, Եգիպտոսը և Հյուսիսային Աֆրիկան[3]:

Իշխանական մարմիններ ու վարչական կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրությունը Պաղեստինը գրավելուց հետո դեռ 50 տարի զբաղված էր հզորացմամբ և նորանոր տարածքների նվաճմամբ: Կառավարման սկզբնական շրջանում Օսմանյան կառավարիչներն ամեն ինչ անում էին տարածքը շենացնելու ու բարեփոխումներ անելու համար, և մեծ ծախսեր էին անում բնակիչների համար կայուն սոցիալական վիճակ ստեղծելու համար: Կայսրությունում մուսուլմանական կրոնն առանձնացված չէր կառավարությունից, բացի այդ կային ինչպես կրոնական, այնպես էլ իշխանական հոգևոր մարմիններ[4]:

Կայսրության տարածքը բաժանված էր վարչական մարմինների` պրովինցիաների, որոնք հետագայում կոչվեցին վիլայեթներ: Վիլայեթները ղեկավարվում էին բեյլերբեյների կամ վալիների կողմից: Հետագայում այդ պաշտոնը սկսեցին զբաղեցնել վեզիրները: Նրանք հետագայում կոչվեցին փաշաներ: Վիլայեթները բաժանվում էին առանձին շրջանների, որոնք կոչվում էին սանջակներ: Սանջակները ղեկավարվում էին սանջակ-բեյերի կողմից[5]: Չնայած այն հանագամանքին, որ Պաղեստինի տարածքը գտնվում էր կայսրության կենտրոնական հատվածում, այնուամենայնիվ այն կարևոր տարածք չէր համարվում և հեռու էր սուլթանների ուշադրությունից: Կայսերական իշխանությանը ոչ մի տեսակի վտանգ չէր սպառնում 16-17-րդ դարերում: Միակ լուրջ խնդիրը առևտրական քարավանների վրա ավազակախմբերի հարձակումներն էին[6]:

Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում պրովինցիայի և վարչական շրջանների սահմանները բազմաթիվ անգամներ փոփոխությունների ենթարկվեցին: Սկզբնական շրջանում Դամասկոսի պրովինցիան, որի մեջ մտնում էր նաև Պաղեստինը, բաժանվում էր 11 սանջակների: 11 սանջակներից 5-ը Պաղեստինյան հողեր էին` Ցֆատ, Լեջուն, Շհեմ, Երուսաղեմ և Գազա: 17-րդ դարի սկզբին Դամասկոսի պրովինցիայի մի մասն առանձնացավ և ձևավորվեց Սիդոնի վարչական շրջանը, որի մեջ ներառված էին Լիբանանյան լեռները, Գալիլեյան և Միջերկրածովյան շրջանները[7]:

1800-1831 թվականներին Պաղեստինի տարածքը բաժանվեց 2 էյալեթների: Արևելակենտրոնական լեռնային շրջանը, որը գտնվում էր հյուսիսում` մինչև Հևրոն ընկած տարածքը, հարավում հասնում էր մինչև Երուսաղեմ, ներառված էր Դամասկոսի էյալեթի կազմում, իսկ Գալիլեյան և ափամերձ շրջանները մտնում էին Սիդոնի կազմի մեջ: Նեգևի զգալի մասն այդ ժամանակահատվածում գտնվում էր օսմանյան սուլթանների վերահսկողությունից դուրս:

1832 թվականին Պաղեստինի տարածքը նվաճեց Իբրահիմ փաշան: Վերջինս Եգիպտոսի Մուհամեդ Ալի թագավորի 1-ին խորհրդականի որդին էր և զորքերի գլխավոր հրամանատարը: Պաղեստինի հյուսիսային սահմանը ձգվում էր մինչև Սիդոն: Այն համարվում էր Դամասկոսի կենտրոնական պրովինցիան: Եգիպտացիները, որոնք իշխեցին Պաղեստինում 8 տարի (1832-1840 թվականներին), իրականացրեցին եվրոպական մի քանի բարեփոխումներ[8]:

Պրովինցիայի բնակչություն և ժողովրդագրական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության կազմում բնակվող հրեաները և քրիստոնյաները ունեին «զիմմի» կարգավիճակ, այսինքն՝ նրանք ունեին կրոնական և քաղաքացիական ազատություններ, բայց իրավունք չունեին զենք կրել, ծառայել բանակում, ձի հեծնել, ինչպես նաև նրանք պարտավորված էին վճարել մի շարք հարկեր[9]: Այդ ժամանակահատվածում հրեաները հիմնականում ապրում էին արտասահմանից իրենց երկիր ուղարկված օգնությունների հաշվին: Միջնադարում հրեական խոշոր համայնքներ կային Երուսաղեմում և Ցֆատում, իսկ ավելի փոքր համայնքներ կային Նաբլուսում և Հևրոնում[10]:

1800 թվականին Պաղեստինի բնակչությունը չէր գերազանցում 300.000, որից միայն 5000-ն էր հրեա (սեֆարադներ): Հրեական հիմնական համայնքները տեղակայված էին 4 խոշոր քաղաքներում: Քրիստոնեական խոշոր համայնքները` մոտ 25.000, գտնվում էին Երուսաղեմում, Նազարեթում և Բեթղեհեմում: Քրիոտոնեական ուղղություններից տիրապետող էին հիմնականում հայ առաքելականությունը, ուղղափառությունը և կաթոլիկությունը: Բնակչության զգալի մասը մուսուլման էր, հիմնականում՝ սունիներ[8]:

19-րդ դարի վերջում Երուսաղեմը կրկին դարձավ հրեաների կարևորագույն կենտրոնը: Ցֆատը, որը նույնպես պայքարում էր հոգևոր կենտրոն դառնալու համար, զգալիորեն տուժեց 1837 թվականի երկրաշարժի պատճառով: Վերջինս խլեց մոտ 2000 մարդու կյանք, և երբեմնի խոշոր քաղաքը անկում ապրեց:

1841 թվականին Պաղեստինը և Սիրիան նորից հայտնվեցին Թուրքիայի վերահսկողության տակ: Այդ ժամանակահատվածում հրեաների քանակը կրկնակի աճել էր, մինչդեռ քրիստոնյաների և մուսուլմանների հարաբերակցությունը մնացել էր նախկինի նման[8]:

1880 թվականին Պաղեստինի բնակչությունը հասավ 450 հազարի, որից 24 հազարը կազմում էին հրեաներ: Հրեաների մեծամասնությունը բնակվում էր 4 հիմնական քաղաքներում. Երուսաղեմ, որտեղ հրեաները կազմում էին 25 հազարանոց բնակչություն ունեցող քաղաքի գրեթե կեսը, Ցֆատ` 4 հազար, Տվերի` 2.5 հազար, Հևրոն` 800, Յաֆֆա` 1 000, Հայֆա` 300: 19-րդ դարի վերջում Երուսաղեմը դարձավ Պաղեստինի կարևորագույն քաղաքը[8]:

Հրեական ներգաղթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոդոր Գերցլ, հանդիսանում է քաղաքական սիոնիզմի հեղինակը

Արտասահմանում ապրող հրեաների շրջանում միշտ էլ եղել է հայրենիք վերադառնալու և մայր հողում ապրելու ձգտումը: Նրանց նպատակն էր վերադառնալ Սիոն լեռան մոտ: Սկսած 12-րդ դարից` խաչակրաց արշավանքներից հետո, հրեաների մոտ նոր շունչ առավ հայրենիք և սուրբ հwղ վերադառնալու ձգտումը: 1492 թվականին ներգաղթի նոր փուլ նկատվեց` պայմանավորված Իսպանիայից հրeաների արտաքսումով: Ներգաղթյալները հիմնականում տեղավորվեցին Ցֆատում:

Պաղեստինի` Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած տարիներին տեղի ունեցան ներգաղթի երեք խոշոր փուլեր։

  • 18-րդ դարի սկզբին տեղի ունեցավ հրեաներին հայրենիք վերադարձնելու առաջին լուրջ փորձը` հայրենադարձության առաջին ալիքը: Արդյունքում Երուսաղեմում զգալիորեն մեծացավ քրիստոնյա բնակչության թվաքանակը: Հայրենադարձության կազմակերպիչը 1770-ական թվականներին հայրինիք վերադարձած Եհուդա Հասիդն էր, ում նախաձեռնությամբ բազմահազար հրեաներ վերադարձան Երուսաղեմ: Մինչև նրանց վերադառնալը Երուսաղեմում բնակվում էր 1200 հրեա, որոնցից 200-ը աշքենազներ էին: Սակայն վերադառնալուց անմիջապես հետո Հասիդը մահացավ: Նրա հետևորդների և պարտքերով ծանրաբեռնված աշքենազների միջև առաջացան տարաձայնություներ` աշքենազների սինագոգիայի այրման հետ կապված, և աշքենազների մեծ մասը հեռացավ քաղաքից: Այդ միջադեպից հետո հայրենադարձներ տեղավորվում էին Հևրոն, Ցֆատ և Տֆերիա քաղաքներում[8]:
  • Հաջորդ ալիքը, որը կոչվում է «Առաջին ալիա» (եբր.՝ עלייה‎), սկսվեց 1881 թվականին, երբ հրեաները ստիպված փախուտի դիմեցին Արևմտյան Եվրոպայի տարբեր երկրներից[11]: 19-րդ դարի վերջին ի հայտ եկավ քաղաքական սիոնիզմի ուսմունքը, որի նպատակն էր ստեղծել հրեական պետականություն Իսրայելի տարածքում: Տեսության հիմնադիրը Թեոդոր Գերցլն է[12][13]: 1896 թվականին Գերցլը հրապարակեց իր «Հրեական պետականություն» գիրքը (գերմ.՝ Der Judenstaat), որում ներկայացրեց իր պատկերացումները հրեական պետականության մասին: 1897 թվականին նա գլխավորեց Առաջին համահրեական կոնգրեսը[14]:
  • Երկրորդ ալիան (1904-1914 թվականներին) սկսվեց Քիշինովյան ջարդերից հետո: Գրեթե 40 հազար հրեաներ վերադարձան Պաղեստին[11]: Վերադարձածների մեծ մասը օրթոդոքս եկեղեցու հետևորդներ էին[15]: Երկրորդ ալիքի ժամանակ վերդարձածների մեջ կային նաև սոցիալիստներ, որոնք ստեղծեցին կիբուցի շարժումը[16]:

Կայսրության անկում և Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության օր օրի թուլացումը և անկումը 18-րդ դարի վերջին բերեցին նրան, որ պրովինցիան գրեթե դադարեց ենթարկվել կենտրոնական մարմիններին, իսկ եվրոպական երկրները ավելի ու ավելի սկսեցին միջամտել պետության ներքին գործերին:

1799 թվականին Պաղեստին ներխուժեց Նապոլեոն Բոնապարտը: Ֆրանսիացիները մեկը մյուսի հետևից գրավեցին Գազան, Ռամլան, Լոդոմը և Յաֆֆան: Սակայն ֆրանսիական աշխարհակալը չկարողացավ գրավել Ակկոյի ամրությունը և ստիպված եղավ վերդադառնալ Եգիպտոս[8]:

19-րդ դարի վերջին Եգիտոական պրովինցիայի տիրակալ Մուհամեդ Ալին դարձավ գրեթե անկախ և այլևս չէր ընդունում սուլթանի գերիշխանությունը: Վերջինս 1832 թվականին գրավեց Սիրիան և Պաղեստինը` պարտության մատնելով թուրքական բանակին Կոնիի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Այնուամենայնիվ Թուրքիան կարողացավ վերականգնել այդ տարածքների նկատմամբ իր վերահսկողության իրավունքը Մեծ Բրիտանիայի և Ավստրիայի օգնությամբ[17]:

1838 թվականին բացվեց առաջին ոչ ծովափնյա հյուպատոսարանը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները այն բացեցին Երուսաղեմում: Հաջորդ 20 տարիների ընթացքում արևմտյան գերտերությունները իրենց հյուպատոսարանները բացեցին նույն քաղաքում[8][18]:

1839 թվականին կայսրությունում ընդունվեց թանզիմաթի (բարենորոգումներ) հրովարտակը: Բարենորոգումները շարունակվեցին հաջորդ 3 սուլթանների կառավարման ժամանակ` Աբդուլ Մեջիդ, Աբդուլ Ազիզ Առաջին, Աբդուլ Համիդ: Այս բարենորոգումները ազդեցին նաև Պաղեստինի բնակիչների վրա[19]: Նոր օրենքները հնարավորություն տվեցին ունենալ մասնավոր սեփականություն, նպաստեցին գյուղատնտեսական ապրանքների տեսականու մեծացմանը, բնակչության թվաքանակի մեծացմանը, ինչպես նաև կյանքի որակի բարելավմանը[20]: Եվրոպական գերտերությունները շարունակում էին մեծացնել իրենց ազդեցությունը Թուրքիայի կառավարման համակարգում:

Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև առաջացած դիվանագիտական կոնֆլիկտները` քրիստոնեական ժառանգությանը տիրելու համար, Ղրիմի պատերազմի պատճառ հանդիսացան: Զգալիորեն մեծացավ նաև զբոսաշրջիկների թվաքանակը. 1880 թվականին պրովինցիայի բնակչությունը հասավ 450 հազարի[8]:

Վալտեր Լակերը իր հուշերում գրում է, որ 19-րդ դարի միջնամասում Պաղեստինը գտնվում էր անկումային վիճակում[18]: Լյուբարսկին, անդրադառնալով 19-րդ դարի վերջին պրովինցիայի վիճակին, նշում է, որ նահանգի վատ վիճակի պատճառը կապված է տեղական վարչական մարմինների վատ և անփույթ աշխատանքի հետ: Նա գրում է , որ մեծ թվաքանակի հասնող կաշառքները, որոնք վճարվում են տեղական չինովնիկներին, սպանում են ցանկացած նախաձեռնություն, իսկ սեփականատերերին դարձնում են անպաշտպան: Նա որպես օրինակ ներկայացնում է Երուսաղեմի նորագույն ջրամատակարարման համակարգի կառուցման փորձը` պատճառաբանելով, որ այն կաշառքները, որոնք տրվել էին ծրագրի իրականացման համար, կիսով չափ էին զիջում հենց նախագծի արժեքին[21]:

Առաջին համաշխարհային պատերազմը իր հերթին նույնպես զգալի վնասներ հասցրեց Պաղեստինին: Թուլացան հարաբերությունները մատակարարների հետ, որի արդյունքում մեծացավ անապահով բնակչության թվաքանակը և շատերը մատնվեցին սովի: Սուլթանը պատերազմի մեջ մտավ որպես Գերմանիայի դաշնակից և արդյունքում պարտություն կրեց:

1917 թվականին բրիտանական բանակը հարավից ներխուժեց Պաղեստին և իր տիրապետության տակ վերցրեց Բեեր-Շևան, Գազան և Յաֆֆան: 1917 թվականի դեկտեմբերի 11-ին գեներալ Էդմունդ Ալեբիի գլխավորած բանակը ներխուժեց Երուսաղեմ: Երկրի հյուսիսային շրջանները մինչև 1918 թվականի սեպտեմբեր շարունակեցին մնալ թուրքական բանակի տիրապետության տակ: Հետագայում Պաղեստինն ամբողջությամբ անցավ Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ: Այսպիսով ավարտվեց օսմանյան, ավելի ուշ նաև թուրքական տիրապետության ժամանակահատվածը Պաղեստինում [8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Розен, 1998, էջ 12
  2. Йосеф Дрори. Иерусалим под властью Айюбидов и Мамлюков. — Тель-Авив: Открытый университет Израиля, 1998. — Т. 7. — С. 68. — 181 с. — (Иерусалим в веках).
  3. «Palestine: The Crusades» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 19 сентября 2007 
  4. Розен, 1998, էջ 15-17
  5. Розен, 1998, էջ 18-19
  6. Розен, 1998, էջ 59
  7. Розен, 1998, էջ 19
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 Израиль. Земля Израиля (Эрец-Исраэль). Исторический очерк՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  9. Турция՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Лакер, 2000, էջ 65
  11. 11,0 11,1 «Immigration»։ Jewish Virtual Library (անգլերեն)։ The American-Israeli Cooperative Enterprise։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 12 июля 2007  The source provides information on the First, Second, Third, Fourth, and Fifth Aliyot in their respective articles. The White Paper leading to Aliyah Bet is discussed here.
  12. Kornberg, 1993: «How did Theodor Herzl, an assimilated German nationalist in the 1880s, suddenly in the 1890s become the founder of Zionism?»
  13. Herzl, 1946, էջ 11
  14. «Chapter One: The Heralders of Zionism» (անգլերեն)։ Jewish Agency for Israel։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 12 июля 2007 
  15. Stein, Leslie (2003), The Hope Fulfilled: The Rise of Modern Israel, Greenwood Press, pp. 88, ISBN 0275971414 
  16. Romano, 2003, էջ 30
  17. Розен, 1998, էջ 138-139
  18. 18,0 18,1 Лакер, 2000, էջ 66
  19. Барталь, 1998, էջ 155
  20. «Palestine: Ottoman rule» (անգլերեն)։ Britannica Online Encyclopedia։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-29-ին։ Վերցված է 2012-9-1 
  21. Любарский Г. А. Палестина, её настоящее и будущее. — Варшава, 1900. — С. 53-55. — 185 с.