Հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ IV դարում, 221—63 թվականներին եղել է Շու, 908—965-ին՝ Հոու Շու կայսրությունների մայրաքաղաքը։ 1644—46 թվականներին գրավվել է Չժան Այան Չժունի ապստամբ բանակի կողմից։ XVII դ․ 2-րդ կեսից դառնում է Սիչուան նահանգի վարչական կենտրոնը։ Մեր թվարկության սկզբներին Չենդուն հռչակված էր դիպակների արտադրությամբ և երբեմն կոչվել է Ցզինչեն («դիպակների քաղաք»)։ Ճարտարապետական հուշարձաններից հայտնի են Ցինյանգուն («Սև այծի պալատ») պալատը (XIII դար), Բաոգուանսի վանքը, Ուխոուցի տաճարի համալիրը (XVI —XVIII դարեր)։ Չենդուում է Սիչուան նահանգի թանգարանը, Դու Ֆուի տուն-թանգարանը։ Տեղացիները Չանդուն անվանում են նաև Փոքր Պեկին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 713)։