Շիզոտիպիկ անձնային խանգարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիզոտիպիկ անձնային խանգարում
Տեսակ հիվանդություն[1]
Ենթադաս Անձնային խանգարում[1] և Schizophrenia-spectrum disorders
Բուն պատճառ C92632[1]
Բժշկական մասնագիտություն հոգեբուժություն
MedlinePlus 001525
MeSHID D012569
Disease Ontology DOID:10646
NCI Thesaurus C92632[1]

Շիզոտիպիկ անձնային խանգարում , անձնային խանգարում, որը բնութագրվում է սոցիալական մեկուսացման պահանջմունքով, սոցիալական իրավիճակներում անհանգստությամբ, տարօրինակ վարքով, հայացքներով և ոչ ավանդական հավատալիքներով։ Առաջին անգամ ներառվել է DSM-3-ում։ Այսպիսի խանգարմամբ մարդիկ չափազանց մեծ անհարմարություն են զգում ուրիշների հետ սերտ հարաբերություններում, դրա համար էլ խուսափում են ձևավորել դրանք։ Շիզոտիպիկ անձնային խանգարմամբ մարդիկ բավական տարօրինակ տպավորություն են թողնում։ Շրջապատողներին նրանք անսովոր և անմիտ են թվում։ Նրանց արտասովորությունն արտահայտվում է արտաքին տեսքում, հագուստում, մաներաներում, վարքի ոճում, միջանձնային հարաբերությունների առանձնահատկություններում։ Նրանց բնորոշ է մոգական մտածողությունը, հաճախակի ծագող տարօրինակ գաղափարները. օրինակ՝ նրանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իրենց վրա ուղղակի ուշադրություն չեն դարձնում, բայց որոշ ժամանակ անց այս մտքերը կորցնում են ակտուալությունը, և նրանք տեղափոխվում են ինչ-որ այլ բանի։ Բնութագրական են տարբեր պատրանքային ընկալումները, ընկալված ինֆորմացիայի ֆանտաստիկ վերամշակումը։

Շիզոտիպիկ անձնային խանգարման դեպքում մարդկանց հետ հաղորդակցությունը կարող է խախտվել։ Նրանց մոտ հաճախ առաջանում են հուզական վիճակներ, որոնք դրսևորվում են զայրույթի անսպասելի աֆեկտներով, կասկածանքով։ Նրանց բնորոշ է արտահայտված սնահավատությունը։ Այս մարդկանց ներաշխարհը լցված է տարբեր ֆանտազիաներով, նրանում առկա են երևակայական հարաբերություններ մտածված և իրական մարդկանց հետ։ Աչքի են ընկնում խոսակցության յուրահատուկ ոճով, որն այնքան էլ հասկանալի չէ շրջապատողներին։ Դիմացիններն ուշադրություն են դարձնում նրանց վարքի անադեկվատությանը, կարող են կատարել դժվար կանխատեսելի արարքներ, որոնք զայրացնում են։

Շիզոտիպիկ անձնային խանգարումը բնութագրվում է միջանձնային հարաբերությունների դեֆիցիտով, մտածողության ձևավորման առանձնահատկություններով, արտաքին տեսքով և վարքով։ Խանգարումն ախտորոշվում է 18 տարեկանից մի շարք հատկանիշների հիման վրա, որոնցից 5-ի առկայությունը բավական է ախտորոշման համար։

  • Հարաբերությունների գաղափարների առկայություն, որոնք զառանցանքային բնույթ չեն կրում։ Դրանք բնութագրվում են հարաբերական անկայունությամբ, օբյեկտների փոփոխությամբ, որոնց նկատմամբ ծագում են, այլ օբյեկտների նկատմամբ տեղափոխվելու հնարավորությամբ։ Այս գաղափարներին կարող է միանալ քննադատական վերաբերմունքը, ինչը բացակայում է զառանցանքային գաղափարների դեպքում։
  • Արտահայտված սոցիալական տագնապ։ Դրսևորվում է ծանոթ կամ անծանոթ մարդկանց հետ հստակ ներկայացված սոցիալական անհարմարավետությունում ուղղակի կամ անուղղակի կոնտակտների դեպքում։
  • Շիզոտիպիկ և շիզոիդ անձանց միավորում են անսովոր տարօրինակ համոզմունքները, հավատալիքները՝ անհամապատասխան տվյալ մշակույթին։ Այս հատկանիշին է վերաբերում նաև մոգական մտածողությունը, որի գործընթացում մեծ նշանակություն է տրվում որոշակի սիմվոլների, որոնց նշանակությունը դուրս է գալիս ընդհանուր ընդունվածի սահմաններից, ունի միայն անձնային ընդունելի բովանդակություն։ Մոգական մտածողությունն էապես տարբերվում է մտածողության մյուս տեսակներից, ունի իր պարամետրերը և պատկերացումները, նշանակալից ազդեցություն է թողնում վարքի, հոգեկանի բովանդակության վրա, ստեղծում ներաշխարհի իր պատկերը և մենթալ դաշտի կառուցվածքը։ Մարդկանց միջև հարաբերությունների, և, առաջին հերթին, իրենց նկատմամբ հարաբերությունների սահմանման ժամանակ մեծ նշանակություն է տրվում նախապաշարմունքներին, կանխազգացումներին։ Սովորական տրամաբանությամբ այդ երևույթները դժվար բացատրելի են։ Այս ամենին վերագրվում է նաև կասկածամտությունը, սնահավատության հակումը, երազատեսության հավատը, այսպես կոչված «վեցերորդ զգայարանը»։ Այսպիսի ապրումները շիզոտիպիկ անձնային խանգարմամբ մարդկանց մոտ կրում է ոչ թե վերացական-տեսական բնույթ, այլ կոնկրետ բնույթ՝ անմիջականորեն հարաբերվելով իրական կյանքին։ Ընդ որում, դրանք այսպիսի մարդիկ չեն օգտագործում իրենց վրա ուշադրություն գրավելու համար, չեն ձգտում անսովոր երևալ, նրանք այդպես ապրում են, զգում, մտածում։
  • Անսովոր ապրումներ՝ կապված ընկալման հետ։ Այսպիսի վիճակներին են դասվում կեղծ պատրանքները (պսևդոհալյունիցաներ)։ Դա մարդու ընդունակությունն է իրական առարկաների ուրվագծերում տեսնելու այլ առարկաների, ֆիգուրաների, մարդկանց, կենդանիների պատկերներ։ Այսպիսի ընկալումները հեշտ են ծագում, և նրանց ուշադրությունը կարող է երկար պահպանվել դրանց վրա, քանի որ հետաքրքիր են։ Կեղծ պատրանքների ապրման պահին առարկաների ինչ-որ ֆրագմենտներ այլ կերպ են ընկալվում, մեծ իմաստներ են գտնում, քան սովորական մարդն է դուրս բերում։

Ընկալման փոփոխության հետ կապված անսովոր ապրումներին են վերագրվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի ներկայությունը. օրինակ՝ տվյալ պահին առկա մարդը։ Ռացիոնալ մակարդակում հասկանալով տեղի ունեցողը՝ նրանք իրավիճակը վեր են ածում յուրահատուկ խաղի՝ փորձելով մարդու հետ կոնտակտի հատուկ ձև։

  • Տարօրինակ, էքսցենտրիկ վարք, որը դրսևորվում է արտաքին տեսքում, հագուստի մեջ, մաներաներում, ինքն իր հետ խոսակցություններում։ Այսպիսի երևույթները տեղի են ունենում առանց իրականությունից լուրջ կտրվելու, ուրիշների հետ կոնտակտների վրա հեշտ տեղափոխելիությամբ, պատասխաններում դժվարությունների բացակայությամբ։
  • Մոտ ընկերների բացակայություն, որոնց նրանք վստահում են։ Այստեղ չեն դասվում ընտանիքի անդամները և բարեկամները։
  • Անսովոր «լեզու»։ Տարօրինակ, անհստակ, չափազանց վերացական, առօրեկան խոսք, որը վերաբերում է ոչ մեծ քանակությամբ թեմաների՝ իրականության հետ չկապված։ Այս ինֆորմացիան հաճախ անհետաքրքիր է շրջապատողներին, ընդ որում նրանց մոտ ասոցիատիվ գործընթացները չեն խախտվում։
  • Իրավիճակում անադեկվատ, նեղացված աֆեկտ, համապատասխան հուզական և միմիկական արձագանքի բացակայություն։ Ցանկալի, սպասվող հույզերը կարող են բացկայել, ընդհանրապես չդրսևորվել կամ կրել անսպասելի բնույթ՝ արտահայտվելով անադեկվատ իրավիճակներում։ Այստեղից էլ տպավորությունը, որ նրանք ձևական են մասնակցում իրենց հետ կատարվող իրադարձություններին։
  • Կասկածամտություն, որը հասնում է պաթոլոգիզացիայի մակարդակի։ Գերզգոնություն, հաճախ ծագող գրգռվողականություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Diagnostic and statistical manual of mental disorders ։ DSM-5. — 5th ed.
  • Короленко Ц.П., Дмитриева Н.В. Личностные и диссоциативные расстройства։ расширение границ диагностики и терапии։ Монография. – Новосибирск։ Издательство НГПУ, 2006. – 448 с.
  • Aaron Beck, Arthur Freeman. Cognitive Therapy of Personality Disorders, 1990.
  • Benjamin,L. (1993) Interpersonal Diagnosis and Treatment of Personality Disorders. New York. Guilford.
  • Clairidge, J., McCreery, C., Mason, O. et al. (1996) The Factor Structure of "Schizotypal" Traits։ A Large Replication Study. British Journal of Clinical Psychology. 35, 105-115.
  • Stone,M. (1985) Schizotypal Personality։ Psychotherapeutic Aspects. Schizophrenia Bull. 11, 576-589.
  • chneider, K. (1966) Klinische Psychopathologie. Stuttgart. Georg Thieme.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]