Jump to content

Նիկողոս Զորայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նիկողայոս Զորյանից)
Նիկողոս Զորայան
արմտ. հայ.՝ Նիկողոս Զօրայեան
Ծնվել է1821[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 30, 1859(1859-11-30)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մասնագիտությունտնտեսագետ, հրապարակախոս և ուսուցիչ

Նիկողոս Մկրտչի Զորայան (1821[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - նոյեմբերի 30, 1859(1859-11-30)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ տնտեսագետ, հրապարակախոս, մանկավարժ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Մայր վարժարանում, ապա ուսումը շարունակել է ժամանակի հայտնի դեմքերից Ֆիզիկա Պողոսի մոտ։ 1834 թվականից, ուսումը թողնելով անավարտ, զբաղվել է ինքնակրթությամբ։ 1838 թվականին նշանակվել է Պոլսի մաքսատան թարգման, մի քանի տարի աշխատելուց հետո մեկնել է Մանչեստր (1843), Փարիզ (1844-1848), այնտեղից՝ Վենետիկ, ապա՝ ծննդավայրը, 1947 թվականին՝ նորից Փարիզ, որպես Տատյան Հովհաննես ամիրայի թարգման։

Վերադառնալով Պոլիս, ծավալել է մշակութային լայն գործունեություն։ Գրական-հրապարակախոսական ասպարեզ է մտել 1847 թվականի վերջերին, «Բազմավեպ» պարբերականում տպագրելով տնտեսագիտական մի հոդված։ Այնուհետև աշխատակցել է «Հայաստան» թերթին։ Այս պարբերականի էջերում լույս է ընծայել մի շարք աշխատություններ, գերազանցապես տնտեսագիտության, քաղաքատնտեսության հարցերի նվիրված։ Նրա այս կարգի երկերից են «Նկարագիր ազգային դաստիարակության» և «Քաղաքական տնտեսության վրա տեղեկություններ» աշխատությունները, որոնք նախ՝ լույս են տեսել 1848-ին «Հայաստան» պարբերականում, ապա հաջորդ տարի՝ առանձին գրքով։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1848 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս։ Գրել է տնտեսագիտական և մանկավարժական աշխատություններ, որոնցում զարգացրել է նաև մի շարք փիլիսոփայական դրույթներ, քննադատել է բնածին գաղափարների իդեալիստական տեսությունը, նշել զգայության և բանականության կապը։ Հակադրվել է կրոնին, ընդգծել բանականության դերը, որի համար, ըստ նրա, սահման և արգելք չկա։ Հետևելով ֆրանսիացի լուսավորիչների հայացքներին՝ Նիկողայոս Զորայանը նշել Է, որ մարդիկ ի ծնե հավասար են, ուստի հասարակությունը պետք է հոգա բոլորի մասին հավասարապես։ Քաղաքատնտեսության մի շարք կատեգորիաների ու խնդիրների ուսումնասիրությանն է նվիրված նրա «Քաղաքական տնտեսութեան վրայ տեղեկութիւններ» (1849 թվական) երկը, որը նոր երևույթ էր արևմտահայ տնտեսագիտական մտքի պատմության մեջ։ Նա քաղաքատնտեսությունը բնութագրում է որպես հարստության, արտադրության, բաշխման և սպառման օրենքներն ուսումնասիրող գիտություն։ Ապրանքային արտադրությունն ու նրա բնորոշ կատեգորիաները վերլուծելիս՝ Նիկողայոս Զորայանը հիմնականում առաջնորդվել է արժեքի աշխատանքային տեսությամբ և ձգտել տնտեսական տարբեր երևույթները բացատրել մեկ ընդհանուր օրենքով՝ արժեքի օրենքով։ Արժեքի սուբստանցը նա, ինչպես Ադամ Սմիթը և Դավիթ Ռիկարդոն, համարել է աշխատանքն ընդհանրապես՝ հասարակական հարաբերություններից մեկուսի։ Ապրանքի արտադրության համար ծախսված աշխատանքը դիտել է միայն քանակական տեսակետից։ Որպես արժեքի անհրաժեշտ տարրեր, առաջ է քաշել իրի оգտակարությունը, հազգվագյուտությունը, փոխադրելիությունը։ Հասարակական վերընթացը կապելով նյութական արտադրության, հատկապես մեքենական խոշոր արտադրության հետ՝ Նիկողայոս Զորայանը երազել է Արևմտյան Հայաստանը դուրս բերել դարավոր խավարի ու հետամնացության վիճակից, հասցնել եվրոպական զարգացած երկրների մակարդակին։

Իր ապրած ժամանակաշրջանի համար Նիկողայոս Զորայանի հայացքները, հակասականությամբ հանդերձ, առաջադիմական էին և հնչում էիև որպես բուրժուական հարաբերությունների հաստատման կոչ՝ ֆեոդալական, սուլթանական Թուրքիայի դժնդակ պայմաններում, ուր, սոցիալական հարստահարմանը զուգընթաց, այլադավանները (այդ թվում հայ ժողովուրդը) ենթարկվում էին ազգային հալածանքի։

Հայ իրականության մեջ առաջին անգամ նա է քննության առարկա դարձրել տնտեսագիտության հետ կապված հարցերը, օգտագործելով արևմտաեվրոպական քաղաքատնտեսների երկերը։ Նույն այդ թվականներին հրատարակել է «Վարժություն ընթերցանության» գիրքը՝ համաձայն ժամանակի մանկավարժական նոր մեթոդների։ 1852 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա «Ընթերցանությունը» աշխարհաբար լեզվով։ Բացի «Հայաստան» և «Մասիս» պարբերականներից, աշխատակցել է «Բազմավեպ», «Մասյաց աղավնի» և այլ հանդեսների ու թերթերի։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է պետական մաքսատանը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 333.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 703