Նիկոլայ Կարամզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Նիկոլայ Կարամզին
Karamzin by Tropinin (1818, Tretyakov gallery).jpg
Ծնվել է դեկտեմբերի 1 (12), 1766[1][2]
Ծննդավայր Կարամզինկա, Simbirsk Governorate, Ռուսական կայսրություն
Վախճանվել է մայիսի 22 (հունիսի 3), 1826[1][2] (59 տարեկանում)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ[3]
Մասնագիտություն լեզվաբան, բանաստեղծ, պատմաբան, գրող և թարգմանիչ
Լեզու ռուսերեն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Անդամակցություն Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ամուսին Եկատերինա Կարամզինա
Զավակներ Եկատերինա Մեշչերսկայա, Ալեքսանդր Կարամզին և Անդրեյ Կարամզին
Նիկոլայ Կարամզին Վիքիքաղվածքում
Nikolai Karamzin Վիքիպահեստում

Նիկոլայ Կարամզին Միխայլովիչ (ռուս.՝ Николай Михайлович Карамзин, դեկտեմբերի 1 (12), 1766, գ. Միխայլովկա (այժմ՝ Օրենբուրգի մարզի Բուգուլուկի շրջանում) - մայիսի 22, 1826, Պետերբուրգ), ռուս գրող, հրապարակախոս, պատմաբան։

Գրական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամզինը գլխավորել է ռուսական գրականության սենտիմենտալիստական (տես Սենտիմենտալիզմ) ուղղությունը։ Հիմնադրել և հրատարակել է «Մոսկովսկի ժուռնալ» («Московский Журнал», 1791—1792) ամսագիրը, որտեղ տպագրել է նաև իր «Լիոդոր», «Թշվառ Լիզան» (հայերեն հրտ.1858), «Բոյարի աղջիկ Նատալյան» վիպակները, բանաստեղծությունները, քննադատական հոդվածներն ու գրախոսությունները։ Կարամզինը հրատարակել է նաև «Վեստնիկ Եվրոպի» («Вестник Европы», 1802-1803) ամսագիրը, որտեղ լույս է տեսել նրա «Մարֆա մարզպանուհին կամ Նովգորոդի նվաճումը» (1803) պատմական վիպակը։ Կարամզինը զգալի դեր է կատարել ռուսական, հրապարակախոսության և գրական լեզվի զարգացման գործում։ 1790-ական թթ. կեսերից աշխատել է «Ռուսական պետության պատմության» (հ. 1-12, 1816-1829) վրա, որը, կարևոր աշխատություն լինելուց բացի, խոշոր երևույթ էր ռուսական գեղարվեստական արձակում։

Աշխարհայացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամզինի աշխարհայացքը ձևավորման բարդ և հակասական ուղի է անցել։ Երիտասարդական տարիներին մերձեցել է Ն. Ի. Նովիկովին շրջապատող մասոնների հետ, հետաքրքրություն ցուցաբերել լուսավորական գաղափարախոսության նկատմամբ, սակայն Ֆրանսիական բուրժուական հեղափոխությունից հետո, որի հանդեպ բացասական վերաբերմունք է դրսևորել, վերջնականապես ձևավորվել է որպես հետադիմական ազնվականության գաղափարախոս և ինքնակալության պաշտպան։

Պատմագիտական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամզինի պատմագիտական հայացքները հիմնականում հենվում էին պատմության ռացիոնալիստական և պրագմատիստական ըմբռնման վրա։ Ըստ նրա՝ պատմական առաջադիմության հիմքը լուսավորության և խավարամոլության պայքարն է, որի ընթացքում վճռական դերը պատկանում է մեծ մարդկանց։ Ռուսաստանի պատմությունը նույնացրել է ռուսական պետության և ինքնակայության պատմության հետ՝ հանդես գալով միապետական-պահպանողական, ճորտատիրական կարգերի պաշտպանության դիրքերից՝ ընդդեմ ժողովրդների ազատագրական շարժումների։ Նորովի է մեկնաբանել պատմության մի շարք հարցեր, կիրառել է պատմա-համեմատական մեթոդը, ռուսաց պատմությունը փորձել է սերտորեն շաղկապել ընդհանուր պատմության հետ։

Կարամզինը և հայերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարամզինը իր ստեղծագործություններում հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի անցյալի, հայ-ռուսական հարաբերությունների և հայ ժողովրդի վիճակի նկատմամբ։ «Ռուս ճանապարհորդի համակները» ուղեգրական նոթերում գրել է Հայոց թագավոր Լևոն Զ-ի մասին, «Վեստնիկ Եվրոպի» ամսագրում նյութեր է տպագրել Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող հայերի ծանր վիճակի մամին։ «Ռուսական պետության պատմությունը» աշխատության մեջ բազմաթիվ հետաքրքիր և կարևոր տվյալներ է հաղորդել Կիևի և Մոսկվայի հայկական գաղութների մասին, լուսաբանել է հայ-ռուսական տնտեսական և մշակութային կապերը, ռուսական սկզբնաղբյուրներից հետաքրքիր նյութեր է քաղել հայերի ու Հայաստանի մասին և գիտականորեն մեկնաբանել դրանք։

Ռուսական պատմագրության մեջ Կարամզինը առաջինն է արժեքավորել Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» որպես աղբյուր նաև սլավոնների պատմության համար։

Դեռևս 1826 թվականին Խաչատուր Աբովյանը թարգմանել է «Ռուս ճանապարհորդի նամակները» նոթերի՝ Լևոն Զ-ին վերաբերող մասը, հետագայում՝ նաև մի շարք բանաստեղծություններ։

Կարամզինի աշխատանքները առցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Карамзин Николай Михайлович // Карамзин Николай Михайлович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978)
  2. 2,0 2,1 Բրիտանիկա առցանց հանրագիտարան
  3. Карамзин Николай Михайлович // Карамзин Николай Михайлович, Карамзин Николай Михайлович // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb12204456g Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 300 CC-BY-SA-icon-80x15.png