Յան Լույկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յան Լույկեն
Bowyer Bible Volume 1 Print 7. Portrait of Jan Luyken. Bronen.gif
Ծնվել էապրիլի 16, 1649(1649-04-16)[1][2][3][4][5]
ԾննդավայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6]
Վախճանվել էապրիլի 5, 1712(1712-04-05)[1][7][2][3][4][5] (62 տարեկանում)
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6]
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[8]
Մասնագիտությունփորագրիչ, բանաստեղծ, նկարիչ և գրող
ԶավակներCaspar Luyken
Jan Luyken Վիքիպահեստում

Յան Լույկեն (հոլ.՝ Jan Luyken, ապրիլի 16, 1649(1649-04-16)[1][2][3][4][5], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6] - ապրիլի 5, 1712(1712-04-05)[1][7][2][3][4][5], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[6]), հոլանդացի հանրահայտ նկարիչ, փորագրիչ և բանաստեղծ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Լույկենը փորագրանկարներ է ստեղծել նաև «Նավաստու Աստվածաշունչը» անունով հայտնի գրքի համար:

Յան Լույկենը դպրոցի ուսուցիչ Կասպեր Լույկենի (1606-1668) և Էսթեր Կորսի (1610—1667) հինգերորդ զավակն էր: Դպրոցն ավարտելուց հետո Յանն աշխատանքի է ընդունվել նկարչական արվեստանոցում՝ որպես ենթավարպետ, զուգահեռաբար ընդգրկվելով հակակղերական երիտասարդ բանաստեղծների միություն: 1669 թվականից նա սկսեց յուրացնել փորագրության արվեստը: Դրանից երկու տարի անց հրապարակվեց նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Հոլանդական Լիրա» («De Duytse Lier»): 1672 թվականին Յանն ամուսնացավ: Իսկ հաջորդ տարում մկրտվեց մեննոնականների (բողոքականության ճյուղ) եկեղեցում և որոշ ժամանակ հաճախեց նրանց հավաքներին՝ Ամստերդամի մոտ: Սակայն կյանքի 26-րդ տարում Լույկենի մոտ տեղի ունեցավ կրոնական հայացքների մեծ շրջադարձ, որից հետո նա թողեց մեննոնականների եկեղեցին և հարեց Յակոբ Բյոմեի հետևորդների միաբանությանը:

Ամուսնությունից տասը տարի անց, երբ նրա ընտանիքում ծնվել էր հինգ երեխա, որոնցից չորսը չապրեցին մինչև հասունության տարիք, վախճանվեց Լույկենի կինը: Նկարիչը վաճառեց տունը և տեղափոխվեց վարձու բնակարան: Միակ ժառանգը՝ ավագ որդի Կասպերը (1672-1708), նույնպես սովորել էր փորագրության արվեստը և աշխատում էր հոր հետ՝ մինչև իր վաղաժամ մահը 36 տարեկան հասակում: Կասպերի այրին ու որդին մնացին Յանի խնամքին և ապրում էին նրա հետ:

Ավելի ուշ Լույկենն անցավ ճգնակեցության: Հեղինակեց միստիկական ու պանթեիստական գաղափարներով պոեմներ և զբաղվեց քարոզչությամբ: Ժամանակակիցների նկարագրությամբ Լույկենը խաղաղասեր ու աստվածավախ մարդ էր, որի կյանքը չէր հակասում իր քարոզածին: Հայտնի է, որ իր եկամուտների մեծ մասը նա նվիրաբերում էր կարիքավորներին:

Մովսեսը և այրվող մորենին, (օֆորտ), 1697 թ.:

Նա աշխատել է ավելի քան հարյուր հրատարակչի հետ, բացի դրանից, իր ամբողջ կյանքի ընթացքում ստեղծել է 3336 փորագրանկար, պատկերազարդել շուրջ 500 գիրք՝ գիտության ամենատարբեր բնագավառների վերաբերյալ՝ աշխարհագրություն, կենսաբանություն, բնական գիտություններ, քիմիա, նավաշինություն, հնագույն պատմություն և Աստվածաշունչ: Բացի դրանից նա պատկերազարդել է նաև իր հեղինակած 12 գրքերը:

1681 թվականին Լույկենը մասնակցեց Յոհաննես վան Քյոլենի ընկերության հրատարակած հնգհատոր քարտեզագրական ատլասի, իսկ 1685 թվականին՝ «Մարտիրոսների հայելին» գրքի երկրորդ վերահրատարակման պատկերազարդումներին: Այս վերջինում տեղ էին գտել Լույկենի փորագրանկարներից 104-ը: Անաբապտիստների շրջանում «Մարտիրոսների հայելին» (կամ «Արյունոտ թատրոն») գիրքը համարվում է ամենանշանակալին՝ Աստվածաշնչից հետո: 1694 թվականին հրապարակվեց «Մարդկության արհեստներ» («Het Menselyk Bedryf») գիրքը, որտեղ Լույկենն իրատեսորեն պատկերել էր տարբեր մասնագիտությամբ մարդկանց՝ շրջապատված իրենց աշխատանքային գործիքներով՝ աստղագուշակ, բժիշկ, թամբագործ, ապակեգործ, կոշկակար, մսագործ, մանածագործ և շատ ուրիշներ:

Լույկենը վախճանվեց 1712 թվականի ապրիլի 5-ին՝ գտնվելով հարսի ու թոռան խնամքի ներքո: Թաղման ծախսերը հոգաց նրա հրատարակիչներից մեկը (հուղարկավորությունը տեղի ունեցավ 4-րդ կարգի գերեզմանոցում, որ ամենաէժանն էր):

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիա մարգարեին կերակրող ագռավները, 1697 թ.:

Ամստերդամի կենտրոնական հատվածում փողոցներն անվանակոչված են Հոլանդական Ոսկեդարի առավել հայտնի նկարիչների անուններով, որոնցից մեկն էլ կրում է հենց Յան Լույկենի անունը: Այդ փողոցում առաջին շենքը Հոլանդիայի Պետական թանգարանն է, որը գտնվում է Jan Luijkenstraat 1 հասցեում և որտեղ պահպանվում է փորագրանկարչության աշխատանքների խոշոր հավաքածու: 19-րդ դարի առաջին կեսին նրա կրոնական թեմաներով բանաստեղծությունները համարվում էին օրթոդոքսալ և մեծ ժողովրդականություն էին վայելում պիետիստների (պիետիզմ՝ բողոքականության շարժումներից մեկը) շրջանում: 20-րդ դարասկզբին լույս տեսած «Ռեֆորմատորներ» գրքում ցույց էր տրված Լույկենի բանաստեղծությունների հակակղերական բնույթը, որը, սակայն, բնավ չնվազեցրեց դրանց հանդեպ ընթերցողի հետաքրքրությունը: Լույկենի պատկերազարդած գրքերը մինչև 18-րդ դարը վերահրատարակվել են 3-7 անգամ: Դրանցից մի քանիսը հրատարակվել են նաև 20-րդ դարում: Կրոնական թեմաներով փորագրանկարները վերարտադրվել են նաև 18-րդ դարում Չինաստանից Եվրոպա ներկրված ճենապակու վրա: 19-րդ դարում Լույկենի արվեստը բարձր էր գնահատում ֆրանսիացի գրող Շարլ Հուիսմանը. իր «Ընդհակառակը» վեպում նա Լույկենին անվանում է հանճար: Լույկենի փորագրանկարների հանդեպ ուշադրությունը չի նվազում նաև ժամանակակից ուսումնասիրողների շրջանում, քանի որ նա հաստատեց հոլանդական հոգևոր գրականության նոր չափանիշներ, որոնց հիմքում ընկած է կերպարվեստի կաթողիկեական ու բողոքական մտածողությունների միահյուսումը: 20-րդ դարավերջին Լույկենի օֆորտներն օգտագործվեցին պատկերների ստացման եղանակների հետազոտական աշխատանքներում:

«Հայոց այբուբենը» փորագրանկարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Լույկենի «Հայոց այբուբենը» փորագրանկարը, 1690 թ.:

Յան Լույկենի փորագրանկարներից պահպանվել է նաև «Հայոց այբուբենը» (Armenisch Alphabet) աշխատանքը, որը կատարվել է 1690 թվականին: Այդ թվականին Ամստերդամում հրատարակվել է աշխարհի հնագույն այբուբենների մասին պատմող պատմագիտական շարք, որի համար էլ, ի թիվս այլ ժողովուրդների այբուբենների, Լույկենը ստեղծել է նաև հայկական այբուբենի փորագրանկարը: Ուշագրավ է, որ պատկերում ներկայացված են նաև հայկական տառերի լատինատառ հնչյունային տառադարձությունները, որպեսզի եվրոպացի ընթերցողներն իմանան, թե տառերից որն ինչ հնչյունի է համապատասխանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]