Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոստա Ռիկայի պատմություն, 4 միլիոն բնակչություն ունեցող երկրի պատմություն։ Կոստա Ռիկան զբաղեցնում է Կենտրոնական Ամերիկայի մի նեղ շերտ, որը գտնվում է երկու օվկիանոսների միջև: Սկզբում երկիրը բնակեցված է եղել բնիկ հնդիկ բնակչությամբ, այնուհետև, Եվրոպայից ներգաղթի շնորհիվ Կոստա Ռիկան դարձել է իսպանական գաղութ՝ մինչև 19-րդ դարում անկախության ձեռքբերումը։ Առաջին եվրոպացի վերաբնակիչները եղել են Իսպանիայից ներգաղթյալներ, իսկ ներգաղթի երկրորդ ալիքը տեղի է ունեցել անկախությունից հետո, երբ արտագաղթել են հարևան Ճմայկայից: Խառնվելով տեղի բնակչության հետ՝ նոր վերաբնակիչները ստեղծել են իրենց ազգը՝ կոստառիկացիներին կամ, ինչպես իրենք իրենց առավել հաճախ անվանում են՝ տիկոսներին: Կոստա Ռիկայի պատմության վրա ազդել է նրա ժողովուրդը, աշխարհագրական դիրքը և արտաքին աշխարհի հետ հարաբերությունները:

Նախակոլումբիական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստա Ռիկայի հնդկացիները կարողանում էին պատրաստել հսկայական քարե գնդեր

Նախակոլումբիական ժամանակաշրջանում Կոստա Ռիկայի մեծ մասը բնակեցված է եղել հուեթար ու բրիբրի ցեղերի կողմից։ Ըստ որոշ տարեգրությունների՝ հուեթարիները բաժանվել են երկու մեծ խմբի՝ «արևմտյան» և «արևելյան» հուեթարիների, որոնց միջև բնական սահմանը Վիրիլյա գետն է եղել։ Նշանավոր նախակոլումբիական վայրերից են եղել նախապատմական քարե գնդերը՝ հայտնաբերված Նիկոյա թերակղզում և Գուայաբոյի հնագիտական ​​վայրը։

Գաղութային դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եվրոպացին, որը ոտք է դրել այս երկիր, Քրիստափոր Կոլումբոսն է եղել․ Նա 1502 թվականին իջել է արևելյան ափին: Նա, հույս ունենալով այդ տարածքում ոսկի հայտնաբերել, այն անվանել է Կոստա Ռիկա, իսպաներենից թարգմանաբար՝ «Հարուստ ափ»։

Իսպանական գաղութացումը սկսվել է մոտ 1530 թվականին։ Իսպանացիների բնակեցումը և այս գաղութի տնտեսական զարգացումը ընթացել է շատ դանդաղ՝ մասամբ երկրի կլիմայական պայմանների հետ կապված դժվարությունների, մասամբ էլ՝ անգլիացի և հոլանդացի ծովահենների արշավանքների պատճառով, որոնք 16-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի կեսերը հարձակվել են իսպանացիների վրա։ Անգլիացիները նաև կազմակերպել են միսկիտո հնդկացիների արշավանքները՝ ներկայիս Նիկարագուայի արևելյան ափից դեպի Կոստա Ռիկա:

1560-1570 թվականներին հուեթար ցեղը դեռ ամբողջությամբ չի նվաճվել իսպանացիների կողմից։ Արևմտյան հուեթարների հողերը տարածվել են մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը։ Նրանց տիրակալն է եղել Գարաբիտոն, իսկ արևելյանների տիրակալը՝ Էլ Գուարկոն։

16-րդ դարում իսպանացի վերաբնակիչները բնակություն են հաստատել Կոստա Ռիկայի Կենտրոնական սարահարթում, որտեղ մինչ այդ, ինչպես նաև ամբողջ երկրում, հնդկացիների բնակչությունը փոքրաթիվ է եղել կամ իսպառ բացակայել է։ Հանքային ռեսուրսներով երկրի աղքատությունը և կլիմայական պայմանները հանգեցրել են նրան, որ Իսպանիայից հիմնականում աղքատ ներգաղթյալներն են հաստատվել Կոստա Ռիկայում, ինչի պատճառով էլ ստեղծվել են ոչ թե մեծ պլանտացիաներ, ինչպես՝ Ամերիկայի այլ իսպանական գաղութներում, այլ փոքր կամ միջին ֆերմերային տնտեսություններ: Այս փոքր տնտեսություններում աճեցվել են ցորեն, եգիպտացորեն, շաքարեղեգ, ծխախոտ, լոբի, կակաո և որոշ այլ կուլտուրաներ։ Այս ժամանակահատվածում գրեթե ոչ մի սև ստրուկ չի բերվել Կոստա Ռիկա՝ փոքր ֆերմաների աղքատության պատճառով, բայց մի շարք սևամորթներ և մուլատներ, որոնք հիմնականում փախուստի դիմած ստրուկներ են եղել կամ ծովահեններ, բնակություն են հաստատել երկրում: 1563 թվականին իսպանացիները հիմնել են Կարտագո քաղաքը, որը մինչև անկախությունը եղել է գաղութի մայրաքաղաքը։ 19-րդ դարի սկզբին իսպանական գաղութներում սկսվել են ազատագրական պատերազմներ։

Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանցիսկո Մորազան Կեսադա՝ Կենտրոնական Ամերիկայի ֆեդերացիայի և Կոստա Ռիկայի նախագահ

1814 թվականին Գուանակաստե նահանգը, որը նախկինում պատկանել է Նիկարագուային, կամավոր միացել է Կոստա Ռիկային։ 1825 թվականի հուլիսի 25-ին այդ միացումը հաստատվել է տեղական հանրաքվեով, իսկ այդ օրը դարձել է ազգային տոներից մեկը։

1821 թվականի սեպտեմբերի 15-ին Կոստա Ռիկան հռչակել է իր անկախությունը։ Շուտով այն դաշնություն է կազմել Գվատեմալայի, Հոնդուրասի, Նիկարագուայի և Էլ Սալվադորի հետ և միացել Մեքսիկայի առաջին կայսրությանը։

1823 թվականին Իտուրբիդե կայսրության փլուզումից հետո Կոստա Ռիկան և նրա հարևան հանրապետությունները ստեղծել են անկախ, դաշնային պետություն։ Համաձայն 1824 թվականի սահմանադրության՝ այս պետական ​​միավորը ստացել է Կենտրոնական Ամերիկայի Միացյալ Նահանգներ անվանումը։ Քաղաքական տարաձայնությունները, որոնք սկսվել են դաշնության ստեղծումից գրեթե անմիջապես հետո, Կոստա Ռիկային՝ մյուս հանրապետությունների հետ, դրել են ծայրահեղ ծանր դրության մեջ։ Հիմնական պայքարը պահպանողական տարրերի՝ իսպանացի խոշոր հողատերերի (որոնք դաշինք են կնքել կաթոլիկ եկեղեցու հետ), ազատականների (որոնք պատկանել են ինտելեկտուալ էլիտային) և հողատեր կրեոլների միջև է եղել, ովքեր հանդես են եկել աշխարհիկ պետության և շուկայական տնտեսության օգտին:

Փխրուն դաշնությունը դատապարտված է եղել փլուզման։ Վերջին նախագահ Ֆրանցիսկո Մորասանը 1841 թվականին վերադարձել է Հարավային Ամերիկայից մի խումբ համախոհների հետ, իջել է Կոստա Ռիկայում և 1842 թվականի հուլիսի 10-ին Հիմնադիր ժողովում իրեն հռչակել է Կոստա Ռիկայի նախագահ։ Այստեղից նա հույս է ունեցել վերադարձնել դաշնությունը իր սկզբնական տեսքին։ Սակայն արդեն սեպտեմբերի 14-ին Մորասանը գահընկեց է արվել, սեպտեմեբերի 15-ին դատապարտվել, իսկ հաջորդ օրը գնդակահարվել է Սան Խոսե կենտրոնական հրապարակում։

Անկախություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին ընդունվել է Առաջին սահմանադրությունը։ 1856 թվականին ամերիկացի արկածախնդիր Ուիլյամ Ուոքերը, որը գրավել էր իշխանությունը Նիկարագուայում և իրեն նախագահ հռչակել, որոշել է հարձակվել Կոստա Ռիկայի վրա։ Նրա ճանապարհը փակել է կամավորներից հապճեպ հավաքված զինվորական ջոկատը։ Կոստա Ռիկացիները վռնդել են Ուոքերին իրենց տարածքից և հետապնդել նրան մինչև Նիկարագուայի Ռիվաս քաղաք, որտեղ էլ տեղի է ունեցել հայտնի ճակատամարտը, որում աչքի է ընկել ազգային հերոս Խուան Սանտամարիան։

1859-1870 թվականներին փոխվել են մի քանի նախագահներ։ 1871 թվականին նախագահ Թոմաս Գուտիերեսը ընդունել է Նոր սահմանադրություն, որը վերացրել է մահապատիժը և խրախուսել օտարերկրյա ներդրումները։ Ամերիկյան United Fruit ընկերությունը սկսել է ընդլայնվել դեպի Կոստա Ռիկա՝ գնելով հողատարածք: Այս ընկերությունը Կոստա Ռիկայում բացի սուրճից կազմակերպել է նաև բանանի, կակաոյի, արքայախնձորի և այլ մշակաբույսերի արտահանման մեծ արտադրություն։ Ընկերությունը նաև կառուցել է երկաթուղիների ցանց Կոստա Ռիկայում՝ կապելով արևմտյան ափը արևելյան ափի հետ։ Երկաթուղիների կառուցման համար աշխատուժի սակավության պատճառով Ճամայկայից՝ Լիմոն նավահանգստի միջոցով զանգվածաբար երկիր են սկսել գալ սևամորթները՝ ստեղծելով հատուկ մշակույթ երկրի արևելքում։

1927 թվականի ամռանը Նիկարագուայում սկսվել է ազգային-ազատագրական պատերազմ, իսկ 1928 թվականից Կոստա Ռիկայի կամավորները կռվել են գեներալ Աուգուստո Սանդինոյի բանակում[1]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներին երկրում թափ են հավաքել ձախակողմյան շարժումները։ Մյուս կողմից, հիտլերամետ կողմնորոշման կողմնակիցները ստեղծել են Կոստա Ռիկայի նացիստական ​​կուսակցությունը։ 1941 թվականի դեկտեմբերի սկզբին՝ Փերլ Հարբորի վրա Ճապոնիայի հարձակումից հետո, Կոստա Ռիկան (ինչպես նաև՝ Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը) պատերազմ է հայտարարել Առանցքի երկրներին, բայց չի մասնակցել ռազմական գործողություններին։ Միևնույն ժամանակ, նացիստական ​​շարժումը Կոստա Ռիկայում խստորեն ճնշվել է։

1948-1949 թվականներին Կոստա Ռիկայում քաղաքացիական պատերազմ է եղել, որից հետո, 1949 թվականի նոյեմբերի 7-ին ընդունված Սահմանադրությունն արգելել է խաղաղ ժամանակ մշտական ​​պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն ու պահպանումը․ փոխարենը երկիրը պաշտպանելու համար ստեղծվել է «քաղաքացիական գվարդիա»։

1955 թվականի հունվարի 11-22-ը նախկին նախագահ Ռ. Ա. Կալդերոն Գվարդիան և նրա կողմնակիցները ռազմական ներխուժում են կազմակերպել Կոստա Ռիկա։ Նրան աջակցել են Կուբայի բռնապետ Բատիստան և տարածաշրջանի այլ բռնապետեր։ Քաղաքացիական գվարդիայի ստորաբաժանումները հետ են մղել ռազմական ներխուժումը, և Կոստա Ռիկայի նախագահ Խոսե Ֆիգերես Ֆերերը դիմել է Ամերիկյան պետությունների կազմակերպությանը, որից հետո ներխուժումը դադարել է:

1961 թվականի ապրիլի 17-18-ի մարտերում ԱՄՆ-ի կողմից վարժեցված «2506 բրիգադի» պարտությունից հետո Պլայա Ժիրոն խնդիր է ունեցել կուբացի էմիգրանտների զինված խմբերի՝ «գուսանոների» հետ (որոնց տեղակայումը ԱՄՆ տարածքում խախտել է ԱՄՆ-ի չեզոքության օրենքը)։ 1963 թվականին Կոստա Ռիկայում տեղակայվել են Գուսանոյի զինյալների երկու ուսումնական ճամբարներ: Երկու ճամբարներն էլ գտնվել են ջունգլիներում՝ գնդապետ Վիկո Սթարկի Խիմենեսին պատկանող հողերում[2]:

1965 թվականի մարտից մինչև 1967 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Կոստա Ռիկան եղել է Կենտրոնական Ամերիկայի պաշտպանության խորհրդի անդամ[3]։

1970-ականներին երկիրը տնտեսական անկայունություն է ապրել սուրճի գների անկման և նավթի գների աճի պատճառով: 1979 թվականին Կոստա Ռիկայի նախագահ Ռոդրիգո Կարազո Օդիոն սկզբում աջակցել է Նիկարագուայի սանդինիստներին։ Շուտով Կոստա Ռիկայում հայտնվել են առաջին ձախակողմյան պարտիզանական խմբերը, որոնք, ըստ երևույթին, ոգեշնչված են եղել սանդինիստների հաջողություններով: Հակառակ ծայրահեղ աջ միտումը համախմբվել է Կոստա Ռիկայի Ազատության Շարժման մեջ, որը ձևավորել է գրոհային զորքեր՝ կոմունիզմի և սանդինիզմի դեմ պայքարելու համար:

1982 թվականին Կոստա Ռիկայի կառավարությունը հայտարարություն է արել, որ միջազգային հարաբերություններում երկիրը բարիդրացիության և «մշտական ​​չեզոքության» քաղաքականության կողմնակիցն է։

1990 թվականին Ռաֆայել Կալդերոնը, որի հայրը նախկինում նախագահ է եղել, ընտրվել է երկրի նախագահ։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Չինչիլյա, պատմության մեջ երկրի առաջին կին նախագահը

2009 թվականի մարտի 19-ին Կոստա Ռիկայի նախագահ Օսկար Արիասը, որը նախկինում համարվել է տարածաշրջանում Միացյալ Նահանգների հավատարիմ «ավիակիրներից» մեկը, հայտարարել է, որ երկիրը վերականգնում է իր՝ 50 տարի առաջ ընդհատված հարաբերությունները շնորհազրկված Կուբայի հետ[4]։

2010 թվականի փետրվարի 7-ին ընտրվել է Լաուրա Չինչիլան, և մայիսի 8-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի պատմության մեջ առաջին կին նախագահը դառնալով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Р. Е. Лещинер. Никарагуа. М., "Мысль", 1965. стр.23
  2. У. Хинкл, У. Тернер. Рыба красного цвета. История одной тайной войны / пер. с англ. М., "Прогресс", 1983. стр.170-172
  3. Большая Советская Энциклопедия. / под ред. А. М. Прохорова. 3-е изд. Т.13. М., «Советская энциклопедия», 1973. стр.267-271
  4. [www.apn-spb.ru/publications/article5142.htm Глеб Таргонский «Латиноамериканские семинары»]
  5. Präsident übergibt Amt an Chinchilla(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]