Jump to content

Մասիս (թերթ, Կ.Պոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)
Մասիս
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել էփետրվարի 2, 1852
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել է1908

«Մասիս», հասարակական-քաղաքական և գրական թերթ։ Հրատարակվել է 1852-1908 թվականներին (1884 թվականից շաբաթաթերթ), Կ. Պոլսում։

Խմբագիրներ՝ Կարապետ Ութուճյան, Արփիար Արփիարյան, Գրիգոր Զոհրապ, Հ. Ասատուր, Սիպիլ, Մ. Շամտանճյան, Տ. Արփիարյան, Ենովք Արմեն։

1878-1880 թվականներին տպագրել է հայկական հարցին նվիրված բազմաթիվ հոդվածներ։ Համակրել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությանը Թուրքիայում, նրա օգնությամբ ակնկալել բարենորոգումների իրականացումն Արևմտյան Հայաստանում։ Առանձնակի ուշադրություն է դարձրել Կ. Պոլսի պատրիարք Ներսես Վարժապետյանի գործունեությանը հայկական ինքնավարության և բարենորոգումների հարցում։

Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն, հաշտվողական դիրք գրավել թուրք կառավարության, հայ հոգևորականության և հարուստ դասի նկատմամբ։ Ա. Արփիարյանի և Գ. Զոհրապի խմբագրության տարիներին (1884-1893) ձեռք է բերել շեշտված դեմոկրատական ուղղություն, արձագանքել հայ ժողովրդին հուզող քաղաքական և տնտեսական խնդիրներին, քննադատել սուլթանական կառավարության և նրան աջակցող օտար պետությունների հայահալած քաղաքականությունը, լայն տեղ հատկացրել գրական-քննադատական նյութերին, համախմբել արևմտահայ ռեալիստական արձակի գրեթե բոլոր ներկայացուցիչներին։ Թարգմանաբար ներկայացրել է նաև ռուս, և եվրոպական գրականությունը (Պուշկին, Լերմոնտով, Ա. Դյումա, Հյուգո և ուրիշներ)։ Դարավերջին, համիդյան կոտորածների և քաղաքական ներքին կացության խստագույն պայմաններում «Մասիսը», հեռանալով ավանդույթներից, հիմնականում տպագրել է մանր լուրեր, գիտական կարճառոտ հոդվածներ, տեղեկություններ և այլն։ Տարբեր տարիների պարբերականին աշխատակցել են Հակոբ Պարոնյանը, Տիգրան Կամսարականը, Լևոն Բաշալյանը, Երվանդ Օտյանը, Մկրտիչ Աճեմյանը, Վահան Մալեզյան, Սիպիլը, Արշակ Չոպանյան, Արտաշես Հարությունյանը, Եղիա Տեմիրճիպաշյան, և ուրիշներ։

Եվրոպական, մասնավորապես՝ անգլիական մամուլից արտատպել է հայկական հարցին Թուրքիայում մեծ տերությունների քաղաքականությանը վերաբերող հոդվածները և տեսությունները։ «Մասիս»-ը արտացոլել է հայ հասարակության հիասթափությունը Բեռլինի կոնգրեսի (1878) արդյունքներից և, կիսելով պատրիարքի կարծիքը, ազգային ինքնավարության նախապայման համարել հայերի տնտեսական և մտավոր զարգացումը[1][2]։

Անդրադառնալով Ռուսաստանի հանդեպ Արևմտյան Հայաստանի բնակչության քաղաքական համակրանքի խնդրին՝ «Մասիս»-ն այն բացատրել է թուրքական դարավոր բռնություններով, միաժամանակ քննադատել ցարական կառավարության քաղաքականության այն միտումները, որոնց համաձայն արևմտյան Հայաստանի ինքնավարությունը կխըթաներ Արևելյան Հայաստանի ազատագրական տրամադրությունները։ «Մասիս»-ը փորձել է ապացուցել, որ Արևմտյան Հայաստանի ինքնավարությունը չի հակադրվի Թուրքիայի շահերին, քանի որ պատնեշ կհանդիսանա ռուսական ծավալապաշտական ձգտումների դեմ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՄԱՍԻՍ». Վերցված է 2023 թ․ հունվարի 13-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 268