Ճապոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ճապոնիզմի ոճով փայտե կամուրջ Կլոդ Մոնեի այգում, Ժիվերնի

Ճապոնիզմ (ֆր.՝ Japonisme), ուղղություն 19-րդ դարի եվրոպական արվեստում: Ձևավորվել է ճապոնական գունավոր փորագրության` ուկիյո-է-ի և կիրառական արվեստի ազդեցությամբ[1]: Ճապոնական արվեստում մոտիվները, տեխնիկան, գույների արտահայտումը արտացոլվել են այնպիսի վարպետների արվեստում, ինչպիսիք են Էդուարդ Մանեն, Պոլ Գոգենը, Վան Գոգը և այլ իմպրեսիոնիստներ: Ճապոնիզմը նշանակալի ազդեցություն է թողել նաև մոդեռնի և կուբիզմի վրա[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1855 թվականին Ճապոնիան արտաքին աշխարհի համար բացելուց հետո ճապոնական մեծ քանակությամբ ապրանքներ ու արվեստի ստեղծագործություններ ներմուծվում են Եվրոպա` արագ արժանանալով շատերի ուշադրությանը: Լոնդոնի և Փարիզի համաշխարհային ցուցահանդեսների ժամանակ ներկայացվում են ճապոնական գունավոր փորագրությունը և արհեստագործական տարբեր իրեր` հախճապակի, կիմոնո, շիրմա և այլն:

Ժիվերնիի իր այգում 1883 թվականին Կլոդ Մոնեն կառուցում է ճապոնիզմի ոճով փայտե կամուրջ:

Նշանակալի է ճապոնական փորագրության ազդեցությունը Վինսենթ վան Գոգի արվեստի վրա: Իր երեք նկարներում Վան Գոգը կրկնօրինակել է ճապոնական գունավոր փորագրությունները կամ յուղաներկով վերարտադրել է դրանք իր կտավներում: Այդ աշխատանքները ցուցադրում են նկարչի` ճապոնական մշակույթի գաղտնիքները յուրացնելու ցանկությունը: Ճապոնական փորագրության հիման վրա Վան Գոգը, ուսումնասիրելով Կացուշիքա Հոքուսայի 15-հատորանոց մանգան, զարգացնում է կետ-գիծ կառուցվածքով իր ռիթմիկ գեղանկարչությունը, որ հետո կիրառում է նաև յուղաներկով աշխատանքներում:

Փորագրություն Կացուշիքա Հոքուսայի մանգայից

Մինչև Վան Գոգը իմպրեսիոնիստները ճապոնական գունավոր փորագրության մեջ փնտրում էին պատկերի արտահայտման անհրաժեշտ եղանակներ: Նրանք կիրառում էին կոմպոզիցիայի տարբեր ձևեր, օրինակ` առանձին կանգնած, կարծես շրջանակով առանձնացված պատկերի կիրառումը նկարում, նկարի առջևի պլանում կանգնած պատկերը, նկարի ոչ համաչափ կառուցումը, խորքում խիստ ընդգծված անկյունագծերը, պատկերի կտրտվածությունը ծառերի օգնությամբ և այլն: Հոքուսայի գունավոր ուրվանկարների շարքը (օրինակ, սրբազան Ֆուձիի 100 նկար) նախատիպ են ծառայել Սեզանի և Մոնեի համանման շարքերի համար:

Մեծ Բրիտանիայում ճապոնիզմի կարևոր ներկայացուցիչ էր այնտեղ ապրած ու ստեղծագործած ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը: Նա ճապոնական արվեստին նմանակելու գործում այնքան հեռու է գնացել, որ արժանանանալով անգլիական գեղարվեստական լրագրության խիստ քննադատությանը, դատական գործընթաց է սկսել` տանելով հաղթանակ:

Առանց ճապոնիզմի ազդեցության` դժվար է պատկերացնել նաև մոդեռն ուղղության զարգացումը` զարդապատկերների պատկերմամբ, սկահակների ու պնակների ինքնատիպ ձևերով: Այսպես, Գուստավ Կլիմտը, ով ուներ ճապոնական կիմոնոյի և Նո թատրոնի վարագույրների հարուստ հավաքածու, իր նկարների համար մշակել է զարդապատկերային վերացական նախշերով կտավներ:

Ուկիյո-է[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներից ուկիյո-է ուղղությունը, որ փայտե սալիկների վրա ճապոնական փորագրություն է, դարձավ արևմտյան շատ նկարիչների ոգեշնչման աղբյուրը[3]: Ուղղությունը ձևավորվել է 17-րդ դարում որպես ճապոնական գեղանկարչական դպրոց[4]: Ուկիյո-է-ի փորագրությունները ստեղծվել են ոչ թանկ հուշանվերների պահանջարկը բավարարելու համար: Չնայած դրանք թանկ չէին, բայց նորարական էին: Դրանք հազվադեպ էին ստեղծվում մեկ պատվիրատուի պահանջով. ավելի շուտ ստեղծվում էին Ճապոնիայի առևտրական շուկան բավարարելու համար: Փորագրությունները արևմուտք էին հասցնում հոլանդացի առևտրականները, և միայն 1860-ական թվականներին Եվրոպայում դրսևորվեց մեծ հետաքրքրություն ուկիյո-է-ի նկատմամբ: Արևմտյան նկարիչներին գրավում էր գույնի ու կոմպոզիցիայի կիրառումը փորագրություններում: Ուկիյո-է-ի տպագիր հրատարակություններում ներկայացվում էին ոչ համաչափ կոմպոզիցիաներ[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ono, Ayako (2003). Japonisme in Britain: Whistler, Menpes, Henry, Hornel and nineteenth-century Japan. New York: Routledge Curzon. p. 1.
  2. "Japonism". The Free Dictionary. Retrieved 7 June 2013.
  3. Bickford, Lawrence (1993). "Ukiyo-e Print History". Impressions: 1. JSTOR 42597774 – via JSTOR.
  4. "Defining Ukiyo-e". Impressions. Japanese Art Society of America. 1: 6. 1976. JSTOR 42597582 – via Jstor.
  5. Ono, Ayako (2003). Japonisme in Britain: Whistler, Menpes, Henry, Hornel and nineteenth-century Japan. New York: Routledge Curzon. p. 45.
  6. «George Hendrik Breitner - Girl in White Kimono»։ Rijksmuseum, Amsterdam։ Վերցված է 12 May 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]