Ուկիյո-է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կացուշիքա Հոքուսայ, «Հարավային քամի. պարզ օր»: Գունավոր փորագրություն փայտի վրա, 1823-1831
Տոսյուսայ Սյարակու, Կաբուկի թատրոնի դերասան Օտանի Օնիձին Յակկո Էդոբեյի դերում, 1974

Ուկիյո-է (ճապ.՝ 浮世絵, բառացի` փոփոխական աշխարհի նկարներ, կերպարներ), ուղղություն ճապոնական կիրառական արվեստում, որ զարգացում է ապրել Էդո դարաշրջանում (1603-1868):

«Ուկիյո» բառը բառացի նշանակում է «լողացող աշխարհ», համահունչ է բուդդիստական «սգո աշխարհ» եզրույթին, բայց գրվում է այլ հիերոգլիֆներով: Ի սկզբանե «ուկիյո» եզրը բուդդայականության մեջ կիրառվել է «անցավոր աշխարհ, տխրության տանջավայր» նշանակությամբ, սակայն Էդո դարաշրջանում, քաղաքային հատուկ թաղամասերի ի հայտ գալով, որտեղ ծաղկում էր կաբուկի թատրոնը, և գտնվում էին գեյշաների ու կուրտիզանուհիների տները, եզրը վերաիմաստավորվում է և մասամբ սկսվում է հասկացվել «սիրո աշխարհ, վայրկենական հաճույքի աշխարհ» իմաստով:

Ուկիյո-է ոճի փորագրությունները քսիլոգրաֆիայի հիմնական տեսակն է Ճապոնիայում: Արվեստի այս ձևը 17-րդ դարի երկրորդ կեսին լայն տարածում է ստացել Էդո քաղաքային մշակույթում (այժմ` Տոկիո):

Սկզբնական շրջանում փորագրությունները եղել են սև-սպիտակ. օգտագործվել է միայն ստվերաներկ: 18-րդ դարի սկզբից որոշ աշխատանքներ գունավորել են ձեռքով վրձնի միջոցով: 18-րդ դարում Սուձուկի Հարունոբուն ներդրել է բազմագույն տպագրության տեխնիկան նիսիկի-է-ի (դիպակե նկարներ) պատրաստման համար:

Ոկիյո-է փորագրությունները գնային առումով հասանելի են դարձել դրանց զանգվածային արտադրությունից հետո: Դրանք նախատեսված են եղել հիմնականում քաղաքային բնակչության համար, որոնք կարող էին իրենց թույլ տալ գումար ծախսել նկարների վրա:

Ոկիյո-է-ին բնորոշ են առօրեական կյանքի նկարները, որոնք համահունչ են այդ շրջանի քաղաքային գրականությանը: Փորագրություններում պատկերված են գեյշաներ (բիդզին-գա), սումոյի մարզիկներ և կաբուկի թատրոնի հանրաճանաչ դերասաններ (յակուսյա-է): Ավելի ուշ հանրաճանաչ է դարձել բնանկարային փորագրությունը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուձուկի Հարունոբու, «Երկու կանայք շքապատշգամբում»: Գունավոր փորագրություն փայտի վրա, 1750

Ուկիյո-է ոճը ծագել է 16-րդ դարի վերջում ուրբանիզացման մակարդակի աճի հետ, ինչի հետևանքով ձևավորվել է վաճառականության ու մանր արհեստագործների խավը: Նրանք սկսում են պատմություններ գրել ու դրանք ձևավորել նկարներով: Նման ժողովածուները կոչվում էին էխոն (ճապ.՝ 絵本, բառացի` նկարների գիրք):

Նման արվեստի օրինակներից է Հոնամի Կոեցուի «Իսե-մոնոգատարի» («Պատմություն Իսեի մասին») գիրքը` հրատարակված 1608 թվականին: Նման գրքերում ձևավորման համար լայնորեն կիրառվում էր ուկիյո-է-ն:

Ավելի ուշ փորագրությունները սկսել են տպագրել որպես ինքնուրույն ստեղծագործություններ` կակեմոնո (ճապ.՝ 掛け物 նկարով թղթագլան) և ցուցապաստառներ կաբուկի թատրոնի համար:

18-րդ դարի կեսին մշակվել է բազմագույն տպագրության տեխնոլոգիա, որն ստացել է նիսիկե-է անվանումը (ճապ.՝ 錦絵 դիպակե նկարներ, հայտնի են էդո-է անվանումով):

Վան Գոգ «Տանգի հայրիկի դիմանկարը» կտավ, յուղաներկ, 1887-1888, Ռոդենի թանգարան: Ուկիյո-է արվեստի ազդեցության օրինակ արևմտյան մշակույթում

Այս շրջանի նշանավոր նկարիչներն են Կիտագավա Ուտամարոն, Կացուշիքա Հոքուսայը, Ուտագավա Հիրոշիգեն և Տոսյուսայ Սյարակուն: Ուսումնասիրելով եվրոպական նկարչությունը` ճապոնացի նկարիչները նկարներում կիրառել են հեռանկարի պատկերման տեխնիկան, իսկ փորագրության մեջ զարգացել են բնանկարն ու այլ ժանրեր: Հոքուսայը իր փորագրություններում հիմնականում պատկերել է բնապատկերներ: 1831 թվականին հրատարակվել է նրա հանրահայտ «Ֆուձիի 36 տեսարաններ» ժողովածուն (ճապ.՝ 富嶽三十六景):

Մեյձի հեղափոխությունից հետո` 1868 թվականին, երբ բացվեցին Ճապոնիայի սահմանները, երկիր թափանցեցին արևմտյան քաղաքակրթության ձեռքբերումները:

Ուկիյո-է-ն սկսեց աստիճանաբար դուրս գալ նորաձևությունից` իր տեղը զիջելով լուսանկարներին: Այդ շրջանում ուկիյո-է փորագրությունները մեծ համբավ ձեռք բերեցին Եվրոպայում և Ամերիկայում. սկսվեց դրանց զանգվածային գնումը արվեստագետների կողմից:

Ճապոնական փորագրությունները ներշնչանքի աղբյուր են եղել եվրոպացի նկարիչների համար, ովքեր ներկայացնում էին կուբիզմը, իմպրեսիոնիզմը, այնուհետև նաև պոստիմպրեսիոնիզմը: Դրանցով տարված են եղել Վինսենթ վան Գոգը, Կլոդ Մոնեն և այլք: Այս ազդեցությունն անվանում են ճապոնիզմ:

Ուկիյո-է փորագրությունների ժանրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • բիձին-գա - գեղեցկուհիների պատկերում
  • յակուսյա-է - թատրոնի հանրաճանաչ դերասանների դիմանկարներ
  • սյունգա («գարնանային նկարներ») - էրոտիկ փորագրություններ
  • կատյո-գա - թռչուններ և ծաղիկներ
  • ֆուկեյ-գա - բնապատկերներ
  • մուսյա-է - նշանավոր սամուրայների պատկերներ

Ստեղծման գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Փորագրությունը պատրաստման գործընթացում

Ուկիյո-է-ի ստեղծման համար պահանջվել են նկարիչ, փորագրիչ և տպագրիչ: Ուկիյո-է փորագրությունները ստեղծվում էին հետևյալ կերպ. նկարիչը ստվերաներկով բարակ թղթի վրա նկարում էր փորագրության նախնական պատկերը: Փորագրիչն այն ամրացնում էր բալենու, տանձենու կամ տոսախի փայտից պատրաստված տախտակի դիմային հատվածին` կտրելով թղթի սպիտակ հատվածները: Դրա արդյունքում ստացվում էր տպագրության նախնական տարբերակը, բայց ոչնչանում էր նկարը: Այնուհետև պատրաստվում էին մի քանի դրոշմվածքներ, որոնց նկարիչը անհրաժեշտ գույն էր հաղորդում: Փորագրիչը պատրաստում էր անհրաժեշտ քանակությամբ (երբեմն 30-ից ավել) կաղապարներ, որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում էր մի գույնի կամ գուներանգի: Տպագրիչը, նկարչի հետ որոշելով գունային ներկապնակը, բուսական կամ հանքային ծագման ներկը քսում էր կաղապարին և խոնավ բրնձաթերթի վրա տպագրում էր փորագրությունը:

Նշանավոր նկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգատա Ջեկո «Երկինք բարձրացող վիշապ», 1897

Թատերական փորագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իպիցուսայ Բունտյո
  • Իսիկավա Տոյոնոբու
  • Կաբուկիդո Էնկյո
  • Կացուկավա Սյունկո
  • Կացուկավա Սյունսյո
  • Կացուկավա Սյունյեյ
  • Օկումուրա Մասանոբու
  • Օկումուրա Տոսինոբու
  • Սիբակունի
  • Սիկյուսայ Էյրի
  • Սուձուկի Հարունոբու
  • Սյարակու
  • Տորիի Կիյոմասու
  • Տորիի Կիյոմիցու
  • Տորիի Կիյոնագա
  • Տորիի Կիյոնոբու
  • Տորիի Կիյոսիգե
  • Տորիի Կիյոհիրո
  • Ուտագավա Կունիսամա
  • Ուտագավա Տոյոկունի
  • Ուտագավա Տոյոհարու
  • Յամամոտո Ֆուձինոբու

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • А. Савельева Мировое искусство. Мастера японской гравюры. — «Кристалл», 2007. — 208 с. — 10 000 экз. — ISBN 5-9603-0033-8
  • М. В. Успенский Японская гравюра. — Санкт-Петербург: «Аврора», «Янтарный сказ», 2004. — 64 с. — («Библиотека Авроры»). — 5000 экз. — ISBN 5-7300-0699-3