Jump to content

Հատակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հատակում
ռուս.՝ На дне
Պիեսի առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1903)
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդրամա
Ձևպիես
ՀեղինակՄաքսիմ Գորկի
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1902
ԿերպարներLuka?, Satine? և Boobnoff?
Հրատարակվել է1903
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/gorki/nachtasy/nachtasy.html
ՎիքիքաղվածքՀատակում
 The Lower Depths

«Հատակում։ Պատկերներ» (ռուս.՝ На дне. Картины), Մաքսիմ Գորկու պիեսը, որ գրվել է 1901 թվականի վերջին և 1902 թվականի սկզբին և պատկերում է չքավորների օթևանատան մի խումբ բնակիչների։ 1904 թվականի հունվարին պիեսն արժանացել է Գրիբոեդովյան մրցանակի։ Նախնական վերնագրերը եղել են՝ «Առանց արևի» (ռուս․՝ «Без солнца»), «Օթևանատուն» (ռուս․՝ «Ночлежка»), «Հատակ» (ռուս․՝ «Дно»), «Կյանքի հատակում» (ռուս․՝ «На дне жизни»)[1]։ Վերջական տարբերակն առաջարկել է Լեոնիդ Անդրեևը[2]։ Սկսած Մոսկվայի գեղարվեստական թատրոնում կայացած պրեմիերայից (1962 թվականի դեկտեմբեր)՝ բեմադրվել է աշխարհի տարբեր երկրների թատերական բեմերում։

Պիեսի գործողությունները ծավալվում են Միխայիլ Իվանովիչ Կոստիլյովին պատկանող օթևանատանը՝ քարանձավ հիշեցնող մի նկուղում, որը լուսավորվում է միայն մի փոքր պատուհանով։ Այնտեղ բնակվում են սոցիումի ամենաստորին շերտը ներկայացնող բարոյալքված մարդիկ՝ չքավորներ, գողեր, մարմնավաճառներ, սևագործ բանվորներ։ Ոմանք հուսահատորեն փորձում են դուրս պրծնել, մյուսները հույսները բոլորովին կտրել են։ Նրանց հարաբերությունները բավական բարդ են, և մշտապես ծագում են տարբեր վեճեր։ Օթևանատան մյուս բնակիչներն են Սատինը (խաղամոլ և խաղանենգ), Դերասանը (թատրոնի նախկին դերասան), Բարոնը (ազնվական, որը վատնել է իր ամբողջ կարողությունը) և այլք։ Բանվոր Կլեշչն (ռուս․՝ Клещ, թարգմ․՝ Տիզ) սպասում է իր հիվանդ կնոջ մահվանը, որ ազատություն ձեռք բերի։

Օթևանատանը հայտնվում է թափառաշրջիկ Ղուկասը (ռուս․՝ Лука)։ Նա խղճում և մխիթարում է բնակիչներին, խոստանում հաշտություն իրականության հետ։ Ղուկասը Վասկային ու Նատալյային առաջարկում է հեռանալ ու սկսել նոր կյանք։ Վասիլիսան խանդից մշտապես ծեծում է քրոջը։ Ծագած կոնֆլիկտը վերածվում է օթևանատան բնակիչների ծեծկռտուքի, որի ընթացքում Վասկան պատահաբար սպանում է Կոստիլյովին։ Նրան ձերբակալում են։ Ծեծկռտուքից հետո՝ ամենալարված պահին, Ղուկասն անհետանում է՝ իրեն հավատացած մարդկանց թողնելով առանց հույսի։ Կլեշչի կինը մահանում է, բայց նա մնում է առանց փողի ու առանց հույսի։ Դերասանը, իմանալով Ղուկասի հեռանալու մասին, ինքնասպանություն է գործում։ Բարոնից իմանալով Դերասանի ինքնասպանության մասին՝ Սատինն ասում է․ «Պչացրեց երգը․․․ Հիմա՛ր․․․» (ռուս․՝ «Эх… испортил песню… дурак!»)։

Իվան Մոսկվինը Ղուկասի և Վասիլի Կաչալովը Բարոնի դերում, Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն, 1902
  • Միխայիլ Իվանով Կոստիլյով – օթևանատան տեր, 54 տարեկան
  • Վասիլիսա Կարպովնա – նրա կինը, 26 տարեկան
  • Նատաշա – Վասիլիսայի քույրը, 20 տարեկան
  • Մեդվդեև – նրանց քեռին, ոստիկան, 50 տարեկան
  • Վասկա Պեպել – 28 տարեկան
  • Անդրեյ Միտրիչ Կլեշչ – փականագործ, 40 տարեկան
  • Աննա – նրա կինը, 30 տարեկան
  • Նաստյա – աղջիկ, 24 տարեկան
  • Կվաշնյա – պելմեններ վաճառող, մոտ 40 տարեկան
  • Բուբնով – խաղամոլ, 45 տարեկան
  • Բարոն – 33 տարեկան
  • Սատին – մոտ 40 տարեկան
  • Դերասան – մոտ 40 տարեկան
  • Ղուկաս – թափառաշրջիկ, 60 տարեկան
  • Ալյոշկա – կոշկակար, 20 տարեկան
  • Ծուռ Զոբ, Թաթար – կեռաբեռնակիրներ
  • մի քանի բոսյակներ

Թատերական բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին բեմադրության ազդագիրը

Պիեսի բեմադրությունը կայսերական թատրոններում արգելված է եղել։ Այն թույլատրվել է բեմադրել միայն Մոսկվայի գեղարվեստական թատրոնում, որտեղ պիեսի առաջին բեմադրությունը 1902 թվականի դեկտեմբերի 18-ին ռեժիսորներ Կոնստանտին Ստանիսլավսկու (որը կատարել է կենտրոնական դերերից մեկը՝ մարմնավորելով Սատինին) և Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի կողմից։ Մինչև առաջին բեմադրության 60-ամյակը (18 դեկտեմբերի, 1962 թվական) պիեսը ՄԳԱԹ-ում ներկայացվել է 1451 անգամ[1]։

Առաջին բեմադրության նկարիչը եղել է Վիկտոր Սիմովը, իսկ դերերում հանդես են եկել Գևորգ Բուրջալյանը (Կոստիլյով), Ելենա Մուրատովան (Վասիլիսա), Մարիա Անդրեևան (Նատաշա), Վլադիմիր Գրիբունինը (Մեդվեդև), Ալեքսեյ Խառլամովը (Պեպել), Ալեքսանդր Զագարովը (Կլեշչ), Մարգարիտա Սավիցկայան (Աննա), Օլգա Կնիպպեր-Չեխովան (Նաստյա), Մարիա Սամարովան (Կվաշնյա), Վասիլի Լուժսկին (Բուբնով), Կոնստանտին Ստանիսլավսկին (Սատին), Միխայիլ Գրոմովը (Դերասան), Վասիլի Կաչալովը (Բարոն), Իվան Մոսկվինը (Ղուկաս), Ալեքսանդր Ադաշևը (Ալյոշկա), Նիկոլայ Բարանովը (Ծուռ Զոբ), Ալեքսանդր Վիշնևսկին (Թաթար)։

Նախահեղափոխական և խորհրդային շրջանի հետագա բեմադրություններին մասնակցել են (ժամանակագրական կարգով)՝ Նիկոլայ Խմելյով, Իոսիֆ Ռաևսկի (Կոստիլյով), Շևչենկո (Վասիլիսա), Նիկոլայ Ալեքսանդրով, Եվգենի Կալուժսկի, Նիկոլայ Բատալով, Ալեքսեյ Գրիբով, Վլադիմիր Գոտովցև (Մեդվեդև), Լեոնիդ Լեոնիդով, Իլյա Սուդակով, Բորիս Դոբրոնրավով, Սերգեյ Յարով (Պեպել), Սոֆիա Գեացինտովա, Ալլա Տարասովա, Պոպովա (Նաստյա), Իստրին, Միխայիլ Տարխանով, Վասիլի Տոպորկով, Վսևոլոդ Վերբիցկի (Բուբնով), Սերաֆիմ Սուդբինին, Նիկոլայ Մասալիտինով, Նիկոլայ Պոդգորնի, Ռիչարդ Բոլեսլավսկի, Վլադիմիր Երշով, Մարկ Պրուդկին (Սատին), Ալեքսանդր Գեյրոտ, Վլադիմիր Երշով, Վսևոլոդ Վերբիցկի, Պավել Մասալսկի (Բարոն), Ալեքսանդր Արտյոմ, Ալեքսանդր Շախալով, Վասիլի Օռլով, Վիկտոր Սինիցին, Իլյա Սուդակով, Վ․ Պոպով (Դերասան), Միխայիլ Տարխանով, Շիշկով, Ալեքսեյ Գրիբով (Ղուկաս)։

1902 թվականի բեմադրություն, գործողություն I,
Սատին՝ Կ․ Ստանիսլավսկի,
Ղուկաս՝ Ի․ Մոսկվին,
Բարոն՝ Վ․ Կաչալով,
Նաստյա՝ Օ․ Կնիպպեր,
Վասկա Պեպել՝ Լ. Լեոնիդով

Պիեսի բեմադրութոյւնը կայսերական բեմում արգելված է եղել, բայց պետերբուրգյան դերասանների մասնակցությամբ անցկացվել է պիեսի երկու ընթերցանություն «դերերով»․ 1903 թվականին Նիկոլայ Կարաբչևսկու տանը և ազնվականական հավաքում (Վասիլիսա՝ Պոլինա Ստրեպետովա, Նատաշա՝ Նադեժդա Մուզիլ-Բորոզդինա, Պեպել՝ Ռոման Ապոլլոնսկի, Նաստյա՝ Մարիա Պոտոցկայա, Բուբնով՝ Ալեքսանդր Սանին, Սատին՝ Մամոնտ Դալսկի, Բարոն՝ Վասիլի Դալմատով, Ղուկաս՝ Վլադիմիր Դավիդով)։

Մինչև 1905 թվականի պիեսի բեմադրությունը թույլատրվել է մեծ կրճատումներով և տեղական իշխանությունների համաձայնությամբ։ Այնուամենայնիվ, տեղի են ունեցել ներկայացումներ 1903 թվականին Վյատկայի դրամատիկական թատրոնում, Կիևի Նիկոլայ Սոլովցովի (ռեժիսոր՝ Իվանովսկի Սատին՝ Եվգենի Նեդելին, Ղուկաս՝ Բորիսվսկի) և Միխայիլ Բորոդայի (ռեժիսոր՝ Սոկոլովսկի, Պեպել՝ Մուրոմցև, Բարոն՝ Լյուդվիգ Լյուդվիգով) թատրոններում, Նիժնի Նովգորոդի թատրոնում (Բասմանովի անտրեպրիզա), պետերբուրգյան թատրոններում՝ Վասիլոոստրովսկի թատրոն, Նեկրասովա-Կոլչիցկայայի թատրոն, Վերա Նեմետիի Նոր թատրոն (Դերասան՝ Պավել Օռլենև), Դոնի Ռոստովի թատրոնում (Պեպել՝ Օրլով-Չուժբինին), Կրասովի ղեկավարած թատերախումբը Թիֆլիսում (ներկայացմանը ներկա է եղել Մաքսիմ Գորկին), Նոր դրամայի ընկերությունը Խերսոնում (ռեժիսոր և Դերասանի դերակատար՝ Վսևոլոդ Մեյերխոլդ

Հետագա տարիներին պիեսը բեմադրել են Ռուսաստանի գավառային ու մայրաքաղաքային բազմաթիվ թատրոններ, այդ թվում՝ Եկատերինոդարի և Խարկովի թատրոնները (1910, ռեժիսոր՝ Նիկոլայ Սինելնիկով), Հանրամատչելի թատրոնը, Պետրոգրադ (1912, ռեժիսոր՝ Պավել Գադեբուրով)։

Բեմադրություններ խորհրդային տարիներին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դրամատիկական դերասանների միության թատրոն, Պետրոգրադ (1917)
  • Մոսկվայի ռազմական թատրոն (1918)
  • Դրամայի ժողովրդական թատրոն Պետրոզավոդսկում (1918)
  • Մոսկվայի Դմիտրովյան թատրոն (1919)
  • 14 հոկտեմբերի, 1919 թվականին, Մաքսիմ Գորկու 50-ամյակի առթիվ – Պետդրամայի թատրոն, հետագայում Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոն (ռեժիսոր՝ Եվտիխի Կարպով, նկարիչ՝ Միխայիլ Բոբիշով, ներկայացմանը ներկա է եղել Գորկին, ներածական խոսքով ելույթ է ունեցել Միխայիլ Կալինինը)
  • Խարկովի ռուսական դրամայի թատրոն (1936, ռեժիսոր՝ Նիկոլայ Սինելնիկով)
  • Մոսկվայի դրամատիկական թատրոն (1939)
  • Լենինգրադի Նոր թատրոն (պրեմիերան կայացել է Խաբարովսկում, 1941)
  • Լենինգրադի Պուշկինի անվան դրամայի թատրոն (1956, ռեժ․՝ Լեոնիդ Վիվիեն, Վլադիմիր Էրենբերգ, Սատին՝ Նիկոլայ Սիմոնով, Ղուկաս՝ Կոնստանտին Սկորոբոգատով)

Այլ բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը բազմիցս բեմադրվել է Ռուսաստանից դուրս, այդ թվում՝ Բեռլինում (1903, «Օթևանատուն» խորագրով), Ֆինլանդիայի ազգային թատրոնում, Հելսինգֆորսում, Կրակովի թատրոնում, Փարիզում (1905, 1922 – Բարոնի դերը կատարել է Ժորժ Պիտոևը), Տոկիոյում (1924, 1925), Նյու Յորքում (1956), Լոնդոնում (1961) և այլն։

Էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1910-ական թվականներ – Հունգարիա
  • 1921 թվական – Ճապոնիա – «Rojo no Reikon» («Հոգիները ճանապարհին», ռեժ.՝ Մինորու Մուրատա)
  • 1936 թվական – Ֆրանսիա – «Les bas-fonds» («Հատակում», ռեժ.՝ Ժան Ռենուար, դերերում՝ Լուի Ժուվե, Ժան Գաբեն, սցենարը գրել են Եվգենի Զամյատինն ու Ժակ Կոմպանեեցը)
  • 1946 թվական – Հնդկաստան – «Neecha Nagar», պիեսի հարմարեցումը հնդկացիական միջավայրին, որով իր ռեժիսորականա կարիերան սկսել է հնդիկ կինոպրոդյուսեր և ռեժիսոր Չեթան Անանդը։ Ֆիլմն ստացել է Ոսկե արմավենու ճյուղ (մրցանակ լավագույն ֆիլմի համար, որն այդ ժամանակ հայտնի էր որպես Գրան Պրի) Կաննի առաջին կինոփառատոնում 1946 թվականին՝ դառնալով առաջին հնդկական անկախ ֆիլմը, որն արժանացել է միջազգային ճանաչման[3][4][5]։
  • 1947 թվական – Չինաստան – «Yè Diǎn» («Օթևանատուն», ռեժ.՝ Խուան Ցզոլին, Չժոու Սյուանի մասնակցությամբ)
  • 1952 թվական – ԽՍՀՄ – «Հատակում» ֆիլմ-ներկայացում Գորկու անվան ՄԳԱԹ-ում (ռեժիսորներ՝ Անդրեյ Ֆրոլով, Վասիլի Օռլով, Իոսիֆ Ռաևսկի, Մոսֆիլմ)
  • 1956 թվական – Ճապոնիա – «Donzoko» («Ամենից հատակը», ռեժ.՝ Ակիրա Կուրոսավա), գործողությունները ցարական Ռուսաստանի փոխարեն ծավալվում են ֆեոդալական Ճապոնիայում։
  • 1972 թվական – ԽՍՀՄ – Մոսկվայի «Սովրեմեննիկ» թատրոնի «Հատակում» ներկայացման էկրանավորում (ռեժիսորներ՝ Գալինա Վոլչեկ, Լեոնիդ Պչյոլկին, «Էկրան» ՍՄ)
  • 1987 թվական – ԽՍՀՄ – «Առանց արևի» (ռուս․՝ «Без солнца», ռեժ.՝ Յուլի Կարասիկ)
  • 1987 թվական – ԽՍՀՄ – «Հատակում» (ռեժ.՝ Արմեն Պետրոսյան, «Երևան» հեռւստաֆիլմերի ստուդիա)
  • 2014 թվական – Ռուսաստան – «Հատակում» (ռեժ.՝ Վլադիմիր Կոտտ, ժամանակակից մեկնաբանություն)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Театральная энциклопедия. — (Автор статьи — A. Шн.)
  2. Бунин И. А. Заметки: О современниках.
  3. Grand Prix du Festival International du Film (1939–54)
  4. History will never forget Chetan Anand Արխիվացված 2011-07-20 Wayback Machine June 13, 2007.
  5. Maker of innovative, meaningful movies Արխիվացված 2012-11-07 Wayback Machine The Hindu, June 15, 2007.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Державин К. Драматургия М. Горького на русской сцене // Горький и театр. — Л., 1933; «На дне» М. Горького: Материалы и исследования. — М., 1947.
  • Юзовский И. И. Режиссёрские тетради К. С. Станиславского: «На дне» М. Горького // Ежегодник МХАТ. — 1945. — Т. 1. — М., 1948.
  • Станиславский К. С. Режиссёрский экземпляр «На дне» М. Горького // Ежегодник МХАТ. — 1945.
  • Станиславский К. С. Моя жизнь в искусстве // Собрание сочинений. — Т. 1. — М., 1954.
  • Станиславский К. С. Материалы, письма, исследования. — М., 1955.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հատակում հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատակում» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հատակում» հոդվածին։