Մարիա Անդրեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա
MariyaAndreeva.jpg
Ծնվել էհուլիսի 4, 1868(1868-07-04)
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 8, 1953(1953-12-08) (85 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մոդել և դերասանուհի
Ամուսին(ներ)Մաքսիմ Գորկի
Երեխա(ներ)Yuri Zhelyabuzhsky?
Պարգևներ և մրցանակներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինի շքանշան

Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա (ռուս.՝ Мария Фёдоровна Андреева, հուլիսի 4, 1868(1868-07-04), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 8, 1953(1953-12-08), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դերասանուհի, հասարակական և քաղաքական գործիչ, Մաքսիմ Գորկու քաղաքացիական կինը (1904 թվականից մինչև 1921 թվականը):

Մարիա Անդրեևայի դերասանական փառքը, որը հանդիսատեսը և թատերական քննադատները գնահատել են նրբագեղ հուզականության, բանաստեղծականության և հմայիչ կանացիության համար, կապվում է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի հետ: Այստեղ Մարիան առաջին անգամ խաղացել է Կ. Ս. Ստանիսլավսկու հետ և 1898 թվականից մինչև 1905 թվականը յոթ ամենաարգասաբեր թատերաշրջաններն է անցկացրել: Պրոլետար գրողով տարվելը ընդհատել է նրա դերասանական բեմական կարիերան, և հաջորդող յոթ տարիները Անդրեևան Գորկու հետ անցակցրել է արտասահմանում: 1913 թվականի սկզբին վերադառնալով նախահեղափոխական Ռուսաստան՝ դերասանուհին փորձել է բեմ վերադառնալ, սակայն կրկին հիմնավորվել Մոսկվայի գեղարվեստական թատրոնում և վերադարձնել հանդիսատեսի շրջանում երբեմնի ունեցած հաջողությունները նա չի կարողանում:

Անդրեևայի հասարակական-քաղաքական գործունեությունը սկսվել է 1899 թվականին, երբ նա հարեց սոցիալ-դեմոկրատներին և մարքսիստական գաղափարախոսությանը, 1904 թվականին դարձավ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ: Ունենալով գործնական և առևտրային տաղանդ՝ Մարիա Ֆեոդորովնան, որպես բոլշևիկյան կուսակցության ֆինանսական գործակալ, հեղափոխական գործունեության նպատակով միջոցներ հավաքագրելու գործում խոշոր հաջողությունների հասավ, որի համար Լենինը նրան տվեց կուսակցական «ընկեր Ֆենոմեն» մականունը[1]: Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մարիա Անդրեևան թատերա-գեղարվեստական ոլորտում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, եղել է Պետրոգրադի Դրամատիկական Մեծ թատրոնի ստեղծման նախաձեռնողներից մեկը (այստեղ էլ ավարտել է իր դերասանական կարիերան): Տիրապետելով եվրոպական մի քանի լեզուների՝ Մ. Ֆ. Անդրեևան Խորհրդային կառավարության հանձնարարականով մի քանի տարի աշխատել է Գերմանիայում, որտեղ պետության համար հայթայթել է կոշտ վալյուտա՝ լինելով Բեռլինում խորհրդային առևտրաներկայացուցչության գեղարվեստա-արդյունաբերական վարչության ղեկավարը: Մարիա Անդրեևայի բազմաբովանդակ գործունեության ավարտական փուլը դարձավ Մոսկվայի Գիտնականների տունը, որը նա ղեկավարել է 18 տարի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիա Յուրկովսկայան ծնվել է 1868 թվականի հուլիսի 4-ին Սանկտ-Պետերբուրգում, Ալեքսանդրինյան թատրոնի գլխավոր ռեժիսոր Ֆեոդոր Ալեքսանդրովիչ Ֆեոդորով-Յուրկովսկու 1842—1915) և դերասանուհի Մարիա Պավլովնա Յուրկովսկայայի (բեմական՝ Լելևա, ծնունդով՝ Լիլիենֆենդ) ընտանիքում, ծնողները աղքատ ազնվականներ էին[2]: Ընտանիքում երեք քույր և մեկ եղբայր էին, Մարիան ավագն էր[3]: Ավարտել է գիմնազիան և դրամատիկական դպրոցը, սովորել է կոնսերվատորիայում[4]: Դեռևս վաղ մանկությունից կարմրաշագանակագույն մազերով և գերբնական գեղեկցկությամբ օժտված աղջնակին նկարել են Կրամսկոյը և Ռեպինը (երեք անգամ), 15 տարեկանում բալետային կազմվածքով նրբագեղ օրիորդը դարձել է Պուշկինի «Քարե հյուր»-ի՝ Ռեպինի հեղինակած նկարազարդումներում դոննա Աննայի բնորդուհին[5]:

Թատրոնի բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ սիրողական բեմ է բարձրացել 18 տարեկանում Կազանում, ռեժիսոր Մեդվեդևի անտրեպրիզայում: Արդեն այդ տարիներից քննադատները առանձնացնում էին սկսնակ դերասանուհու թավշյա ձայնը (համեմատում էին «անտառային առվակի արծաթե ղողանջի» հետ), վառ խառնվածքը, նազանիությունը և փաղաքուշ զգացմունքայնությունը: Վաղ ամուսնանալով «հարուստ և կայացած մարդու», խոշոր երկաթուղային պաշտոնյա Անդրեյ Ժելյաբուժսկու հետ, միասին վերջինիս աշխատանքի հետ կապված գործերով, ուղևորվել է Վրաստան, ուր 1886 թվականից հանդես է եկել Թիֆլիսյան թատրոնում, երգեցողություն է սովորել և նույնիսկ մասնակցել է օպերային ներկայացումների: Կովկասում անցկացրած անհոգ երիտասարդության տարիների մասին Անդրեևան հիշում է՝ «Փորձերն ուղեկցվում էին ճաշերով և պարերով, ներկայացումներից հետո դարձյալ ճաշում և պարում էինք, հանդիսատեսը մեր հարազատներն ու ծանոթներն էին: Շատ ուրախ էր լինում. երբ հետաքրքիր դեր էր պատահում, հաճելի էր լինում այն խաղալ և հաջողության հասնելը, մի խոսքով՝ ամեն ինչ նման էր շատ ազատ ժամանակ ունեցող ապահովված մարդկանց տոնակատարություններին»: Ընդհանուր առմամբ Մարիա Ֆեոդորովնան Թիֆլիսում անցկացրել է հինգ տարի, և այստեղ ամուսնու անվամբ իրեն կոչել է Անդրեևա բեմական կեղծանվամբ[5][6]:

Վերադառնալով Մոսկվա՝ խաղացել է Արվեստի և գրականության ընկերությունում, որը ղեկավարում էր Կոնստանտին Ստանիսլավսկին և որտեղ փորձերը ոչ թե զվարճանք էին, այլ՝ լուրջ գործ: Դերասանական վարպետությանը տիրապետալու նպատակով Անդրեևան մասնավոր դասեր է առել դերասանուհի Ն. Մ. Մեդվեդևայի՝ Մ. Ն. Երմոլովայի ուսուցչուհու մոտ: Առաջին անգամ պրոֆեսիոնալ բեմ է դուրս եկել Մոսկվայում 1894 թվականի դեկտեմբերի 15-ին Ա. Օստրովսկու «Լույս է տալիս, բայց չի ջերմացնում» պիեսում, ուր նրա խաղընկերն է եղել Ստանիսլավսկին: Քննադատների կողմից հիշվել է նաև Յուդիտի դերը Գուցկովի «Ուրիել Ակոստա» պիեսում, որտեղ գլխավոր դերում ևս Ստանիսլավսկին էր: Մարիա Ֆեոդորովնան դրական գնահատանքի է արժանացել իր «անկեղծության, չափի զգացողության, բանաստեղծականության և թովիչ կանացիության» համար[5]: Ընկերությունում եղած երեք տարիների ընթացքում խաղացել է 11 դեր[5]: Հետագայում Ստանիսլավսկին և Անդրեևան միասին խաղացել են Մոսկվայի գեղարվեստական թատրոնի բեմում. այս թատրոնի հետ են կապված դերասանուհու յոթ լավագույն, ամենաարդյունավետ տարիները (1898-1905), ռեժիսոր-ռեֆորմատորը նրան դասական և ռոմանտիկ ռեպերտուարում էր հարմար գտել: Անդրեևային հաջողություն բերեցին շեքսպիրյան Հերոյի («Շատ աղմուկ ոչնչից») և Օլիվիայի («Տասներկուերորդ գիշեր») կերպարները: Ինչպես նշում են քննադատները՝ մեծ հնարամտությամբ, «ջրանկարային նրբությամբ և քնարականությամբ» Անդրեևան Հաուպտմանի «Ջրասույզ զանգը» և «Միայնակները» (Կետեի դերով դերասանուհին բեմ է բարձրացել 73 անգամ) պիեսներում մարմնավորել է տառապյալ կնոջ կերպարները: Թատերագետ Ս. Գլագոլը, մեկնաբանելով «Ջրասույզ զանգ»-ի բեմադրությունը, նշել է ՝ «Տիկին Անդրեևան, հրաշալի ոսկեծամ փերին, մեկ՝ չար է, ինչպես վանդակում փակված գազանիկ, մեկ՝ բանաստեղծական և եթերային, ինչպես հեքիաթային անուրջ»: Քննադատ Ս. Վասիլևը տպավորված է դերասանուհու Օլիվիայի կերպարով՝ «նա այնքան նրբագեղ ու գեղեցիկ էր, այնքան համապատասխան էր շեքսպիրյան կերպարին՝ ինքնաբերաբար արժանի նկարչի վրձնին»: Դերասանուհուն հատուկ և բնական էին դերերը Չեխովի պիեսներից՝ Իրինան՝ «Երեք քուրեր»-ից, Անյան՝ «Բալենու այգին» պիեսից: 1902-1903 թվականների թատերաշրջանի խաղացանկում նրա կարևոր դերերից էին՝ Գորկու պիեսներից Նատաշան, Լիզան («Հատակում», «Արևի երեխաները»): Մոսկվայի գեղարվեստական թատրոնում ունեցած վեց թատերաշրջանների ընթացքում Անդրեևան խաղացել է 15 գլխավոր դերեր Չեխովի, Գորկու, Օստրովսկու, Հաուպտմանի, Իբսենի, Շեքսպիրի պիեսներում: Ռիգայի՝ Կ. Ն. Նեզլոբինի թատրոնի անտրեպրիզայում Անդրեևան խաղացել է Մարիա Լվովնայի դերը «Հովեկներ»-ում: Անդրեևայի դերասանական տաղանդով հիացել են խստապահանջ հանդիսատեսը և թատերագետները. որպես կրքոտ և գրավիչ անհատ Մարիա Ֆեոդորովնան հայտնվել է մոսկովյան բոհեմի ուշադրության կենտրոնում: Ստանիսլավսկին, վստահելով և համակրելով Անդրեևային, պատվիրել է նրան զբաղվել նաև թատրոնի գործնական և ֆինանսական հարցերով, ինչը դերասանուհուն հովանավորների հետ հարաբերություններ կառուցելու անգնահատելի փորձառություն պարգևեց: Մի քանի տարի անց, երբ հանգամանքների և ինտրիգների բերումով թատրոնում գլխավոր դերերում առաջ քաշվեց Օլգա Կնիպպերը, Անդրեևայի համար ամենակարևոր իրադարձությունները կապվում են նրա անձնական կյանքի հետ[5]:

Առաջին ամուսինը պետական խորհրդական Անդրեյ Ժելյաբուժսկին էր, Մոսկվա-Կուրսկ և Մուրմանսկյան երկաթուղու տեսուչ, գեղարվեստական նուրբ ճաշակի տեր մի մարդ, Արվեստի և գրականության ընկերության և Ռուսաստանի թատերական միության կառավարման անդամ: Ժելյաբուժսկին 18 տարով մեծ էր Մարիայից, համակերպվող և բավականաչափ կարողության տեր էր, 1888 թվականին որդու՝ Յուրիի և 1894 թվականին դստեր՝ Եկատերինայի ծնվելուց հետո այդքան էլ անմեղ չլինելով՝ առանձնապես չի խոչընդոտել երիտասարդ կնոջ ռոմանտիկ հետաքրքրությունները: Վերջինիս առաջին սիրավեպը եղել է որդու դասատուի՝ Դմիտրի Լուկյանովի հետ. ընտանեկան հանգամանքների մասին տասնամյակներ անց դերասանուհին գրել է՝ «Դեռևս 1896 թվականին ես արդեն դադարել էի Անդրեյ Ալեքսեևիչ Ժելյաբուժսկու կինը լինելուց: Մեր բաժանումը նրա նախաձեռնությունն էր: Ես նրան ասել էի, որ համաձայն եմ նրա հետ համատեղ նույն տանն ապրել որպես իմ երեխաների մայր և տնտեսուհի՝ հանուն երեխաների»: Շուտով բուռն սիրավեպը, որը հայտնի էր ոչ միայն թատերական շրջանակներում, Անդրեևային կապում է ամուսնացած միլիոնատեր Սավվա Մորոզովի հետ:

Մաքսիմ Գորկու հետ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900 թվականի գարնանը Սևաստոպոլում, ուր Մոսկվայի գեղարվեստական թատրոնը (ՄԳԹ) մեկնել էր ներկայացնելու Ա. Պ. Չեխովի «Չայկա»-ն, Անդրեևան ծանոթանում է Գորկու հետ, որի պիեսներում նա փայլում էր: «Ինձ գրավեց նրա տաղանդի գեղեցկությունն ու հզորությունը»՝ հիշել է Անդրեևան: Նրանց առաջին հանդիպման տարում լրանում էր երկուսի 32 տարին. ղրիմյան հյուրախաղերից սկսած գրողն ու դերասանը ավելի հաճախ էին հանդիպում, Գորկին առավել շատ տպավորվել էր Անդրեևայի՝ «Հատակում» պիեսում մարմնավորած Նատաշայի կերպարից. «Եկավ ամբողջովին արցունքոտ, ձեռքերը սեղմեց և շնորհակալություն հայտնեց: Այդ ժամանակ առաջին անգամ ամուր գրկեցի և համբուրեցի նրան հենց այնտեղ՝ բեմի վրա, բոլորի ներկայությամբ»: 1903 թվականի վերջին Մարիա Ֆեոդորովնան հեռանում է ընտանիքից, իր համար բնակարան է վարձում՝ դառնալով Գորկու քաղաքացիական կինը և գրական քարտուղարը[6][7]:

Իլյա Ռեպին, Մարիա Ֆեոդորովնա Անդրեևայի նկարը (1905 թվական)

Սոցիալ-դեմոկրատներին Անդրեևան միացավ դեռևս 1899 թվականին. ստեղծագործող մտավորականության շրջանակներում լայնորեն տարածված մարքսիստական գաղափարախոսությանը Մարիան ծանոթացել է Մոսկվա եկած վտարանդի ուսանող-ազատամիտ Պյոտր Կրասիկովը (ընդհատակյա մականունը՝ Իգնատ): վերջինիս ազդեցության ներքո Անդրեևան գերմաներենից թարգմանել և ինքնուրույն ուսումնասիրել է Կ. Մարքսի «Կապիտալ»-ը: Մտերմանալով բոլշևիկների հետ, որոնց շատ ձեռնտու էր տարատեսակ աշխարհիկ կապեր ունեցող բարձր հասարակության տիկնոջ ներկայությունը, Անդրեևան սկսել է կատարել մոսկովյան սոցիալ-դեմոկրատական կենտրոնի հանձնարարականը՝ ոչ լեգալ գրականության պահպանման և փոխադրման վերաբերյալ, միացել է Կարմիր Խաչի աշխատանքներին: Օգտագործելով իրավապահ մարմիններում անհրաժեշտ ծանոթությունները, մուտք ունենալով ղեկավարական ցանկացած աշխատասենյակներ՝ Անդրեևան զբաղվել է ընդհատակյա գործիչների լեգալացմամբ, ապահովել է նրանց փաստաթղթերով և տեղավորել է աշխատանքի: Անդրեևայի՝ Վսպոլնյան N 16 նրբանցքում գտնվող բնակարանում ոստիկանությունից թաքնվել են Նիկոլայ Բումանը և Լեոնիդ Կրասինը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Fitzpatrick անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. «Фёдоров Федор Александрович (Юрковский; 1842-1915) — режиссёр»։ Ռուսաստանի պետական գրականության և արվեստի արխիվ (ՌՊԳԱԱ) ֆոնդ: 83 Պահեստային: 84 ամսաթիվ: 1820 - 1962։ Վերցված է 2014-11-23 
  3. Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա, նամակագրություն, հիշողություններ, հոդվածներ, Մոսկվա, 1961, Էջ 709 (Անվանական)
  4. Хлызов Валерий։ «Դերասանուհի, ծնված մկան նշանի տակ»։ Проза.ру — Ժամանակակից արձակի ազգային սերվեր։ Վերցված է 2014-11-23 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Իովլեվա Տատիանա։ «50 հայտնիներ աղբյուր»։ ModernLib.Ru։ Վերցված է 2014-11-23 
  6. 6,0 6,1 Մարիա Ֆեոդորովնա Անդրեևա, Նամակագրություն, Հիշողություն, Հոդվածներ, Մոսկվա, 1961
  7. Պավլով Միխաիլ (2012-07-17)։ «Սավվա Մորոզովայի ճակատագրական սերը»։ Առաջին ալիք։ Վերցված է 2016-01-09 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Таланов А. В. Большая судьба: (о М. Ф. Андреевой). — М.: Политиздат, 1967.
  • Саенко М. И. Феномен: Сцены из жизни Марии Андреевой : В 2 ч. / Отв. ред. Н. Мирошниченко. — М. : ВААП-Информ, 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]