Լուի Ժուվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Ժուվե
ֆր.՝ Louis Jouvet
Ծնվել էդեկտեմբերի 24, 1887(1887-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԿրոզոն[4]
Մահացել էօգոստոսի 16, 1951(1951-08-16)[4][1][2][…] (63 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ, թատրոնի տնօրեն և կինոռեժիսոր

Լուի Ժուվե (ֆր.՝ Jules Eugène Louis Jouvet, 24 դեկտեմբերի, 1887, Կրոզոն, Ֆինիստեր – 16 օգոստոսի, 1951, Փարիզ), ֆրանսիացի ռեժիսոր, կինոյի և թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ժուվեն ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 24-ին Կրոզոնում։ Մանկությունն անցկացրել է Բրետանում։ Տասնչորս տարեկանում կորցրել է հորն ու հետագայում դաստիարակվել է դեղագործ հորեղբոր մոտ Արդեններում։ 1904 թվականից Լուի Ժուվեն Փարիզում սովորել է դեղագործություն, սակայն ազատ ժամանակն անցկացրել է թատրոններում։ Երեք անգամ քննություն է հանձնել Դրամատիկական արվեստի բարձրագույն կոնսերվատորիա ընդունվելու համար, սակայն անհաջող։ 1913 թվականին իր ընկերոջ՝ Շառլ Դյուլենի հետ աշխատանքի է ընդունվել Ժակ Կոպոյի «Հին աղավնատուն» (ֆր.՝ Le théâtre du Vieux-Colombier) թատրոնում, որտեղ աշխատել է որպես ռեժիսոր, բեմանկարիչ և դերասան (նա կակազել է, սակայն վարպետորեն թաքցրել է իր այդ թերությունը հատուկ արտասանության (վանկ-վանկ) շնորհիվ, որը հետագայում հայտնի է դարձել)։

1914-1917 թվականներին Լուի Ժուվեն որպես բժիշկ եղել է Առաջին համաշխարհային պատերազմի տարբեր ռազմաճակատներում։ 1922 թվականին սկսել է ինքնուրույն աշխատել Ելիսեյան դաշտերում գտնվող թատրոնում։ 1923 թվականին նա հաջողությամբ բեմադրել է Ժյուլ Ռոմենի «Կնոք կամ Բժշկության հաղթանակը» պիեսը։ 1927 թվականին սկիզբ է առել նրա բազմամյա համագործակցությունը գրող Ժան Ժիրոդուի հետ։

Թատրոն Ատենեյ

1927 թվականի հուլիսի 6-ին Գաստոն Բատիի, Շառլ Դյուլենի ու Ժորժ Պիտոևի հետ միասին Լուի Ժուվեն ստեղծել է «Չորսի համաձայնություն» ռեժիսորական քառյակը (գոյություն է ունեցել մինչև 1940 թվականը), որի նպատակն էր բեմ վերադարձնել թատերական ներկայացման քնարականությունն ու ժամանակակից հեղինակներին։ 1930-1932 թվականներին Լուի Ժուվեի անձնական քարտուղարն է եղել Ժան Անույը[5]։

1935 թվականից Լուի Ժուվեն ղեկավարել է «Ատենեյ» թատրոնը (ներկայում կրում է նրա անունը)։ Նրան առաջարկել են գլխավորել «Կոմեդի Ֆրանսեզը», սակայն նա հրաժարվել է։ 1941 թվականին օկուպացված Ֆրանսիայից նա իր թատերախմբի հետ մեկնել է Լատինական Ամերիկա և վերադարձել 1944 թվականի վերջին[6]։

1950 թվականին Լուի Ժուվեն պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1951 թվականին բեմադրել է Ժան Պոլ Սարտրի «Սատանան և տեր Աստվածը» դրաման, աջակցել է Ժան Լուի Բառոյին ու Ժան Վիլարին։

Լուի Ժուվեն մահացել է ինֆարկտից 1951 թվականի օգոստոսի 16-ին՝ Գրեհեմ Գրինի «Իշխանություն և փառք» պիեսի փորձի ժամանակ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոի Ժուվեն նկարահանվել է 32 ֆիլմում, այդ թվում՝ Անրի Ժորժ Կլուզոյի, Ժան Ռենուարի, Մարսել Կառնեի, Մարկ Ալեգրեի, Ժյուլեն Դյուվիվեի ֆիլմերում։

  • 1933 – Կնոք / Knock — բժիշկ Կնոք
  • 1935 – Հերոսական կերմեսա / La Kermesse héroïque, ռեժիսոր՝ Ժակ Ֆեյդեր — Կապելլան
  • 1936 – Հատակում / Les Bas-fonds, ռեժիսոր՝ Ժան Ռենուար — Բարոն
  • 1937 – Մադմուազել բժիշկ / Mademoiselle Docteur, ռեժիսոր՝ Գեորգ Պաբստ — Սիմոնիս
  • 1937 – Այլուրեքություն / L’alibi, ռեժիսոր՝ Պիեռ Շենալ — կոմիսար Կալաս
  • 1938 – Մարսելյոզ / La Marseillaise, ռեժիսոր՝ Ժան Ռենուար — Ռեդերեր
  • 1938 – Հյուսիսային հյուրանոց / Hôtel du Nord, ռեժիսոր՝ Մարսել Կառնե — Էդմոն, Ռայմոնդայի հովանավորը
  • 1938 – Մալթայական տուն / La Maison du Maltais, ռեժիսոր՝ Պիեռ Շենալ
  • 1939 – Օրվա ավարտին / La Fin du jour, ռեժիսոր՝ Ժյուլեն Դյուվիվե — Սեն Քլեր
  • 1947 – Օրֆևր ծովափ / Quai des Orfèvres, ռեժիսոր՝ Անրի Ժորժ Կլուզո — Անտուան
  • 1950 – Միկետան ու նրա մայրը / Miquette et sa mère, ռեժիսոր՝ Անրի Ժորժ Կլուզո — Մսյո Մոնշաբոն, թատրոնի տնօրեն
  • 1951 – Կնոք / Knock, ռեժիսոր՝ Գի Լյոֆրանկ – բժիշկ Կնոք
  • 1951 – Սիրո պատմություն / Une histoire d’amour, ռեժիսոր՝ Գի Լյոֆրանկ – տեսուչ Էռնեստ Պլոնշ

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Réflexions du comédien. — Paris: Librairie théâtrale, 1941 (բազմիցս վերահրատարակվել է)
  • Témoignages sur le théâtre. — Paris : Flammarion, 1952.
  • Le comʹedien désincarné. — Paris : Flammarion, 1954.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Жуве Луи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Prolific French playwright Jean Anouilh (1910—1987)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.
  6. Denis Rolland, Louis Jouvet et le Théâtre de l’Athénée : " Promeneurs " de rêves en guerre de la France au Brésil, L’Harmattan, 2000.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Loubier J.-M. Louis Jouvet, le patron. — Paris: Ramsay, 2001.
  • Финкельштейн Е. Картель четырёх, французская театральная режиссура между двумя войнами. — Л.: Искусство, 1974.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ժուվե» հոդվածին։